Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 19-ի որոշմամբ «Տոնուս» շինարարական ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, դիտորդ խորհրդի նախագահ Հրանտ Ղամբարյանը: Օրենքով սահմանված կարգով, սնանկության գործով կառավարիչի նշանակումից հետո մեկ ամսյա ժամկետում «Տոնուս»-ի հետ բնակարանների առք ու վաճառքի պայմանագիր կնքված քաղաքացիները պետք է դատարան ներկայացնեն իրենց պահանջը եւ դա հիմնավորող փաստաթղթերը, որի արդյունքում կհստակեցվեն արդեն իսկ սնանկ ընկերության պարտավորությունների ծավալները:Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է «Տոնուս»-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը, «մեկ ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կատարվում է նաեւ գույքագրում, «Տոնուս»-ի ֆինանսական վիճակի, սնանկացման պատճառների վերլուծություն, որի արդյունքում ստացած ինֆորմացիան կներկայացվի օգոստոսի 23-ին նշանակված պարտապանների հետ առաջին ժողովի ընթացքում»:Հրանտ Ղամբարյանը նշել է, որ «առողջացման ծրագրի առկայության դեպքում, որը, ըստ օրենքի, կարող է ներկայացնել պարտատերը, պարտապանը կամ կառավարիչը, այն պետք է ներկայացվի մինչեւ պարտատերերի հետ առաջին ժողովը, որի ընթացքում կքննարկվի, իսկ ընդունվելու դեպքում սնանկության գործը կընթանա առողջացման ծրագրի փուլերով: Սնանկության մասին ՀՀ օրենքի համաձայն, առողջացման ծրագրի համար նախատեսված է 24 ամիս: Առողջացման ծրագիր չլինելու դեպքում սնանկության գործը կավարտվի լուծարմամբ, ինչը, կառավարչի խոսքերով, կլինի խնդրի վատագույն լուծումը:Մեր զրուցակիցը նշել է, որ «արդեն իսկ հանդիպումներ են եղել ՀՀ ֆինանսների նախարարության եւ Արցախբանկի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում փորձ է արվում քննարկել հնարավոր բոլոր տարբերակները` առողջացման ուղիներ գտնելու համար»:«Փափազյան փողոցում գտնվող շենքը գրեթե ավարտված է, իսկ Դավիթաշենինը դեռ շատ աշխատանքների կարիք ունի: Պետք է այս ընթացքում հասկանանք` որքա՞ն գումար է անհրաժեշտ շենքերը վերջնական տեսքի բերելու համար եւ որտեղի՞ց պետք է հայթայթենք այն»:Անդրադառնալով այն քաղաքացիներին, ովքեր չունեն բնակարանի առք ու վաճառքի պայմանագրի նոտարական վավերացում` սնանկության գործով կառավարիչն ասել է հետեւյալը. «Եթե չլինի առողջացման ծրագիր եւ գործը գնա լուծարման, ապա այդ քաղաքացիները դառնում են ոչ թե բնակարանի, այլ իրենց վճարած գումարի չափով պարտատեր: Ընկերության ակտիվներն օտարելու դեպքում ստացված գումարը պետք է համապատասխանաբար բաշխվի այդ քաղաքացիների միջեւ»: Հրանտ Ղամբարյանը նշել է, որ «պետության կողմից արվում է հնարավորին ամեն ինչ խնդրի բարեհաջող լուծման համար»` հավելելով, որ «մեզանում արդեն իսկ կա սնանկության նմանօրինակ գործի եւ առողջացման ծրագրի բարեհաջող նախադեպ»: Դավիթաշեն համայնքի 44/4 բազմաբնակարան բնակելի շենքում «Տոնուս»-ի հետ բնակարանի առք ու վաճառքի պայմանագրեր կնքված բնակիչներն այսօր կառավարության շենքի առջեւ կրկին հանդես են եկել բողոքի ակցիայով, որի ժամանակ բնակիչներին հավաստել են, որ «կառավարությունը լինելու է իրենց կողքին` հետամուտ լինելով, որ քաղաքացիների վնասը հասցվի նվազագույնի»: Նշենք, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 14-ի վճռով «Տոնուս» շինարարական ընկերությունը սնանկ է ճանաչվել: Բնակիչների եւ Տոնուսի միջեւ առաջացած խնդրին մանրամասն կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրապարակումներում` Բնակիչներ vs «Տոնուս» ո՞րն է լուծումը եւ Բնակիչներ vs «Տոնուս» ո՞րն է լուծումը: Մաս 2:Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 4898