«Ակադեմիքս Թիմ» բիզնես-խորհրդատվական ընկերության հիմնադիր եւ տնօրեն Լիլիթ Ճուղուրյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալության Banks.am պորտալին- Oրերս լրացավ ձեր ընկերության 4-ամյակը՝ ստացվում է, մուտք գործելով շուկա տնտեսական ճգնաժամի ամենաթեժ շրջանում, Դուք օգտագործեցիք ճգնաժամը որպես կայացման եւ առաջ շարժվելու հնարավորություն: Իրականում դա այդպե՞ս էր, թե՞ կողքից ամեն ինչ շատ ավելի հեշտ է թվում: - Ճգնաժամը որպես հնարավորություն օգտագործելու բանաձեւը, անշուշտ, իրատեսական է: Սակայն, մեր ընկերության դեպքում ճգնաժամը հետեւանք էր՝ գործունեությունը սկսելու համար համապատասխան հիմքերի ձեւավորման, շուկային անհրաժեշտ ծառայությունների սեգմենտի ճշգրտման, նյութերի հավաքագրման եւ մշակման համար: Իսկ նախապատրաստական աշխատանքները սկսվել էին ընկերության հիմնադրումից դեռեւս 1.5 տարի առաջ: Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ շուկան կարիք ունի մարքեթինգի, մերչենդայզինգի եւ բիզնեսի կառավարման ոլորտներում մասնագիտական խորացված ծառայությունների մատուցման եւ կադրերի շարունակական վերապատրաստման: Մեկնարկային եւ ընթացիկ աշխատանքները, բնականաբար, չէին կարող ընթանալ անթերի, ուստի, ինչպես ճիշտ նկատեցիք, կողքից ամեն ինչ ավելի հեշտ է թվում: - Հաճախ կարելի է լսել, որ խորհրդատվության կարիք, որպես կանոն, ունեն սկսնակ եւ/կամ փոքր ընկերությունները: Ինչի՞ մասին է վկայում Ձեր աշխատանքային փորձը՝ արդյո՞ք կայացած եւ խոշոր բիզնես-միավորները այլեւս չունեն բիզնես-խորհրդատուի ծառայության անհրաժեշտություն: - Իմ կարծիքով, գոյություն ունեցող այն տեսակետը, որ բիզնես-խորհրդատվության համար դիմում են որպես կանոն փոքր կամ սկսնակ ձեռնարկությունները, իրականությանը չի համապատասխանում: Մեր փորձը ցույց է տալիս, որ իրականում խորհրդատվության կարիք ունենալով հանդերձ՝ վերջիններս սահմանափակ ֆինանսական միջոցների պատճառով ստիպված են լինում դիմել միայն գործունեության ընթացքում ծագած խնդիրներին լուծումներ ստանալու ակնկալիքով: Հիմնականում մեր ծառայություններից օգտվում են կայացած եւ խոշոր ընկերությունները, քանի որ մրցակցության առերես թվացյալ բացակայության պայմաններում գոյություն ունի կոշտ ներքին մրցակցություն: Չնայած խորհրդատվության կարիք ունեցող խոշոր կամ կայացած ընկերություններից էլ դիմում են միայն նրանք, որոնց ղեկավարները չեն տառապում հայկական իրականությանը բնորոշ «ես ամեն ինչ գիտեմ» բարդույթով:- Իրականացնու՞մ եք արդյոք սպառողական (շարքային սպառողի) կարծիքի մոնիթորինգ՝ ի հայտ բերելու այս կամ այն բիզնես ոլորտի կամ հենց կոնկրետ ընկերության թույլ կողմերը: Չէ՞որ դրա արդյունքում կարող են ձեւավորվել նոր եւ պահանջված խորհրդատվական պրոդուկտներ: - Մենք կարեւորում ենք սպառողական կարծիքի մոնիթորինգի իրականացումը, ավելին՝ ավանդական մարքեթինգային հետազոտություններից բացի, իրականացնում ենք նաեւ գիտական հիմքի վրա ձեւավորված նեյրոմարքեթինգային հետազոտություններ: Նեյրոմարքեթինգը կիրառվում է ամբողջ աշխարհում եւ կոչված է բացահայտել այն գործոնները, որոնք ազդում են գնման (buying decision) որոշում կայացնելու վրա, բացահայտում գնորդի իրական զգացողությունները, ապրումները եւ կարիքները: Ավելին, թույլ է տալիս հստակ գնահատել նաեւ մերչենդայզինգի եւ գովազդի արդյունավետությունը:Այս նորարարական ասպարեզում մենք համագործակցում ենք համաշխարհային մեծ փորձ կուտակած եւ մոնիթորինգի ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ կիրառող շվեդական Tobii Technology ընկերության հետ: Ունենալով նշված ընկերության պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ՝ մեր բոլոր հետազոտություններն իրականացվում են իրենց կողմից մշակած տեխնոլոգիաներով եւ արտադրած սարքավորումներով: Նեյրոմարքեթինգը ոչ այլ ինչ է, քան բարձր ճշգրտության սարքավորումներով մարքեթինգային հետազոտություն, որը բացահայտում է սպառողի արձագանքը ապրանքների դարակաշարերի, ապրանքի լոգոտիպի, պիտակի, փաթեթավորման, գովազդային վահանակների եւ գովազդային հոլովակների նկատմամբ:Նշված հետազոտությունների իրականացման համար օգտագործվում են համապատասխան գործիքներ, որոնցից կարելի է նշել սպառողի ուղեղի, աչքերի, մաշկի ազդակներն արձանագրող բարձր տեխնոլոգիական սարքավորումները: - Անցնենք Ձեր ընկերության կողմից մատուցվող ծառայություններից մեկին, որը, հաշվի առնելով Հայաստանում տարատեսակ առեւտրային ցանցերի բազմազանությունը, պետք է որ խիստ պահանջված լինի: Խոսքս մերչենդայզինգի մասին է. ի վերջո, սա պահանջվա՞ծ պրոդուկտ է: - Ներկայիս շուկայի պայմաններում մերչենդայզինգն իրոք պահանջված պրոդուկտ է, եւ նշված ծառայություններից, որպես կանոն, օգտվում են մանրածախ առեւտրային ցանցերի ներկայացուցիչները՝ սուպերմարկետները, նորաձեւության ոլորտի մասնագիտացած վաճառասրահները, ֆրենչայզ պայմանագրով գործունեություն ծավալող ընկերությունները եւ արտադրողները: Մերչենդայզինգը բնորոշվում է որպես մարքեթինգի ոլորտ, ապրանքն առաջ մղելու, դրա իրացումն ապահովելու հզոր լծակ: Մերչենդայզինգի փիլիսոփայության հիմքում հիմնականում ընկած է վաճառքների ծավալների ավելացումը, որը նշանակում է ունենալ ճիշտ ապրանք ճիշտ տեղում, ճիշտ քանակությամբ, ճիշտ գնով եւ, վերջապես, ճիշտ ժամանակին: Պահանջված են նաեւ մերչենդայզերները: 2010 թ-ին դասախոսել եմ մերչենդայզինգ առարկան Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանողներին: Ավելի քան 4 ամիսների ընթացքում ներկայացրել եմ մերչենդայզինգի հիմունքները, տեսությունը, տեղական եւ միջազգային փորձը՝ համատեղելով պրակտիկ գործնական այցելությունները, դիտարկումները մանրածախ առեւտրի կետերում: Այսօր ուրախությամբ կարող եմ ասել, որ ծրագիրը հաջողված էր, քանի որ մեր իսկ կատարած շարունակական դիտարկումների համաձայն, այդ ուսանողներն ավելի մրցունակ են աշխատաշուկայում: - Ձեր ընկերության հաճախորդների թվում են նաեւ ֆինանսաբանկային կառույցներ. որո՞նք են համագործակցության եզրերը: - Ֆինանսական կառույցների հետ գոյություն ունեցող համագործակցության հիմքում մեծ մասամբ դրված է անձնակազմի մասնագիտական շարունակական վերապատրաստման ծառայությունների մատուցումը՝ մարքեթինգի եւ մենեջմենթի ոլորտներում: Խորհրդատվություն է տրվել սոցիալական մարքեթինգի, գովազդի, մասնավորապես՝ ներքին եւ արտաքին գովազդի ներկայացման արդյունավետ ձեւաչափերի, ինչպես նաեւ նեյրոմարքեթինգի կիրառման վերաբերյալ: Հատկապես կցանկանայի նշել բանկերի հետաքրքրությունը սոցիալական մարքեթինգի նկատմամբ, քանի որ վերջինս անդրադառնում է մասնավոր հատվածի մասնակցությանը երկրի տարբեր ոլորտների սոցիալական խնդիրների լուծմանը:- Հարցազրույցին պատրաստվելիս՝ հանդիպեցի տեղեկատվության ձեր ընկերության կողմից կատարած աշխատանքի մասին, որն ուղղված էր Հայաստանի թանգարաններին: Մանրամասնեք, խնդրում եմ, ինչի՞ մասին է խոսքը: - Վերջերս շուկային առաջարկեցինք մարքեթինգային ծառայությունների նոր փաթեթ՝ նախատեսված մշակութային ոլորտում գործունեություն ծավալող հաստատությունների համար: Դրանք են՝ հանրային, մասնավոր պատկերասրահները եւ թանգարանները, ինչպես նաեւ անհատ արվեստագետները: Կազմակերպվեցին մի շարք խորհրդատվական բնույթի մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Ներկայացվեցին միջազգային պրակտիկայում այսօր կիրառվող մարքեթինգային այն գործիքները, որոնց օգտագործումը կբերի հաստատությունների գործունեության առավելագույն բարելավմանը: Այն է՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը թանգարաններում եւ պատկերասրահներում՝ որպես ցուցանմուշների հետազոտման եւ այցելուների սպասարկման նոր չափանիշ: Ներկայացվեցին մարքեթինգային միջոցառումներ՝ ուղղված տեղական եւ միջազգային այցելուների ներգրավմանը, թանգարանները դիտարկելով որպես քաղաքային կյանքի, երկրի տնտեսության, տուրիզմի զարգացման բաղկացուցիչ տարր:- Եվ վերջում Ձեր՝ ՀՀ Կին ձեռներեց դեսպանի մասին: Ինչպե՞ս դարձաք դեսպան, եւ ո՞րն է Ձեր առաքելությունն այդ կարգավիճակում:- Անցած տարվա հոկտեմբերին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, որին անդամակցում եմ նաեւ ես, Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում իրականացրեց «ՀՀ Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը: Այն նպատակ ուներ խրախուսել մեր երկրում ձեռներեցության ոլորտում գործունեություն ծավալող այն կանանց, ում փորձառությունը դիտարկվում է օրինակելի, ովքեր, տնտեսական հաջող գործունեություն իրականացնելու հետ մեկտեղ ակտիվ մասնակցություն են ունենում Հայաստանի Կին ձեռներեցների ցանցի աշխատանքներին: Կին ձեռներեց դեսպանների ինստիտուտի նպատակն է՝ խրախուսել կին ձեռներեցներին, ստեղծել հաջողակ կին ձեռներեցի մոդել, ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարեւորությունը ՀՀ-ի համար, հրապարակել հաջողված օրինակները կին ձեռներեցներին ոգեշնչելու համար: Լիլիթ Ճուղուրյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 5622