Ֆինանսական կայունություն. կա՞ անհանգստության առիթ

07.05.2013 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Վերջերս ամենատարբեր եւ, որպես կանոն, ոչ հավաստի աղբյուրներից տեղեկություններ են տարածվում ՀՀ բանկային համակարգում գոյացող բարդությունների մասին: Հասնում է նրան, որ անգամ մատնանշվում են առանձին բանկեր՝ որպես դժվարին կացության մեջ հայտնված ֆինանսական կառույցներ: Մինչդեռ, եթե առաջնորդվենք Կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի կողմից պարբերաբար հրապարակվող ցուցանիշներով, մեր ֆինանսական համակարգը այսօր առողջ  եւ կայուն զարգացող է: Banks.am-ը որոշեց հարցի շուրջ պարզաբանումներ լսել հենց «առաջին ձեռքից»՝ զրուցելով ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, կնկարագրեք, խնդրեմ, որքանո՞վ է, ի վերջո, այսօր կայուն Հայաստանի ֆինանսական համակարգը, եւ կա՞ն արդյոք այս հարցում մտահոգության նախադրյալներ:

- Մինչ հարցին պատասխանելը՝ նշեմ, որ բանկերում ռիսկերի զսպման նպատակով Կենտրոնական բանկը սահմանել է բավականին խիստ տնտեսական նորմատիվներ: Բոլոր բանկերը գործում են այդ տնտեսական նորմատիվների ներքո, եւ դրանց գործունեությունը էական ռիսկեր չի պարունակել: Միաժամանակ, Կենտրոնական բանկը իր իրավասությունների շրջանակներում վերահսկողական մեխանիզմների միջոցով մշտապես մոնիթորինգի է ենթարկում ռիսկերը եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցառումներ:

Այժմ ձեր հարցին պատասխանեմ ցուցանիշներով. 2013թ. մարտի վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում ընդհանուր իրացվելիության նորմատիվային ցուցանիշը (բարձր իրացվելի ակտիվների հարաբերակցությունը ընդհանուր ակտիվներին), որի նվազագույն սահմանաչափը 15% է, կազմում է 26.1%, իսկ ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշը (բարձր իրացվելի ակտիվների հարաբերակցությունը ցպահանջ պարտավորություններին), որի նվազագույն սահմանաչափը 60% է, կազմում է 136.1%:

Ակտիվների եւ պասիվների կառուցվածքի մասով, մինչեւ 3 ամիս ժամկետային հորիզոնում ակտիվների եւ պարտավորությունների հարաբերակցությունը կազմում է մոտ 105%: Ինչպես տեսնում ենք, իրացվելիության ռիսկի կարգավորման տնտեսական նորմատիվները բավականին բարձր են սահմանված նվազագույն սահմանաչափերից, իսկ ակտիվների եւ պարտավորությունների կարճաժամկետ կառուցվածքում բացակայում է բացասական ճեղքվածքը: Այս ամենը փաստում է այն մասին, որ բանկերը ավելի քան բավարար իրացվելի են:

Կապիտալի համարժեքության նորմատիվը, որի պահանջվող նվազագույն չափը 12% է, մեզ մոտ կազմում է 16.4%: Այնպես որ, ֆինանսական կայունության տեսանկյունից որեւէ խնդիր չկա:

- Դուք բերեցիք ողջ համակարգում իրացվելիության ցուցանիշները, իսկ առո՞ղջ են դրանք արդյոք առանձին բանկերում:

- Այո, առանձին բանկերով եւս այս ցուցանիշները վստահություն են ներշնչում: Կան բանկեր, որոնց ցուցանիշները մոտ են նորմատիվայիններին, բայց, միեւնույն է, ավել են դրանցից, կան բանկեր, որտեղ այս ցուցանիշները շատ ավելի բարձր են: Պետք է նաեւ հիշել, որ մեզ մոտ անգամ նվազագույն նորմատիվային պահանջները խիստ պահպանողական են: Կապիտալի համարժեքության նվազագույն թույլատրելի ցուցանիշը մեզ մոտ 12% է, եւ դրանով մենք արդեն իսկ ավելի պահպանողական ենք, քան պահանջվում է Բազել II-ով, որով այս ցուցանիշը սահմանված է նվազագույնը 8% է: Անգամ եթե այս ցուցանիշը խախտվի, սա աշխարհի վերջը չէ եւ չի ենթադրում, որ նորմատիվային պահանջ խախտող բանկը վճարունակության խնդիր ունի:

- Խոսեցինք պարտադիր պահուստավորումից. վերջերս ԿԲ-ն որոշել է ս.թ. հունիսի 12-ից նվազեցնել պարտադիր պահուստավորման դրույքը դրամային պարտավորությունների դիմաց եւ սահմանել այն 4%՝ գործող 8%-ի փոխարեն: Սա արվել է զուտ վարկավորման խթանման համա՞ր:

- Այո, սա կխթանի նաեւ վարկավորումը՝ թույլ տալով բանկերին ավելի շատ ազատ դրամական միջոցներ ունենալ: Դա տնտեսության խթանման դրամավարկային մեխանիզմներից է:

- Վերոհիշյալ ցուցանիշները ֆինանսական կայունության տեսանկյունից առողջ են, սակայն որքանո՞վ է նորմալ, երբ բանկերը գերլիկվիդային են: Մի՞թե դա պատճառ չէ այն հանգամանքի, որ բանկերը չեն գտնում ֆինանսավորման շահավետ ու հեռանկարային ուղղություններ:

- Գրեթե անհնար է որոշել ընդհանուր եւ ընթացիկ իրացվելիության այնպիսի մակարդակ, որը օպտիմալ կլիներ բանկային բոլոր համակարգերի համար: Դուք սխալվում եք, եթե մտածում եք, որ մեր բանկիրները չեն գիտակցում, որ միջոցները սառեցնելու փոխարեն դրանցով կարելի էր վարկավորել եւ եկամուտ ստանալ: Այդ նույն միջոցները տարբեր ուղիներով, այնուամենայնիվ, մտնում են տնտեսություն:

Բացատրեմ, թե ինչպես. բարձր իրացվելի ակտիվներն այն միջոցներն են, որոնց բանկը, առանց էական կորուստների, ցանկացած պահի կարող է վերածել կանխիկի: Բարձր իրացվելիություն ունեցող ակտիվներում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն պետական պարտատոմսերը՝ նույն պետական պարտքը եւ կանխիկ դրամը: Եթե բանկերն անգամ ներդրում են իրականացնում պետական պարտատոմսերում, դա կրկին տարբեր ուղիներով մտնում է տնտեսություն, քանի որ պետությունը ծախսում է այդ փողը տնտեսության տարբեր հատվածներում:

Բանկերի բարձր իրացվելիությունը վատ երեւույթ չէ, սա ընդամենը խոսում է բանկի արդյունավետության մասին. 2012 թ-ին ունեցել ենք 27% վարկավորման աճ: Վերջին 5 տարվա ընթացքում վարկավորման միջին տարեկան աճը Հայաստանում կազմել է 30%, ինչը բարձր աճի տեմպի ցուցանիշ է:

Վարկավորումը Հայաստանում աճում է մի քանի անգամ ավելի արագ, քան ՀՆԱ-ն: Սա խոսում է այն մասին, որ բանկերը արդյունավետ են եւ կարիք չունեն վարկավորմանն ուղղելու իրենց ողջ իրացվելիությունը, քանի որ ՀՆԱ-ի աճի նկատմամբ էականորեն առաջանցիկ վարկավորման աճը կարող է հանգեցնել վարկերի որակի հետ կապված էական ռիսկերի:

Եթե տնտեսության եկամուտները չաճեն համարժեք չափով, այս վարկերը չեն սպասարկվի, եւ համակարգում կաճեն չաշխատող ակտիվները: Դրա համար բանկերն անգամ աճի այսպիսի պարագայում խիստ զգուշավոր են ու պահում են իրացվելի միջոցներ, որպեսզի ցանկացած պահի, երբ ավանդատուն հետ է պահանջում իր միջոցները, բանկը կարողանա դրանք անմիջապես վերադարձնել:
 
- 2012-ին վարկավորումն ամբողջ աշխարհում աճել է ընդամենը 3%-ով՝ գրեթե նույնքան, որքան համաշխարհային ՀՆԱ-ն: Ինչպե՞ս է ստացվում, որ մեզ մոտ վարկավորումն աճում է տնտեսությունից այդքան առաջանցիկ տեմպերով:

- Մեզ մոտ պատմականորեն ֆինանսական միջնորդության մակարդակը ցածր է եղել: Ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը մեր երկրում 2012-ի վերջի դրությամբ 68% է, իսկ վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` 42%:

Մոտ 5-6 տարի առաջ վերջին ցուցանիշը մեզ մոտ չեր հասնում անգամ 10-15%-ի: Վերջին տարիներին մենք գրանցել ենք վարկավորման բազմապատիկ աճ:

- Ինչի՞ հաշվին է դա տեղի ունեցել:

- Հայաստանում կային տնտեսվարող սուբյեկտեր եւ անհատներ, որոնք նախկինում չէին սպասարկվել բանկերում, սակայն պոտենցիալ վստահելի հաճախորդ էին: Բանկերը, պրոակտիվ քաղաքականություն որդեգրելով, ներգրավել են այդ հաճախորդներին, եւ արդյունքում ֆինանսական միջնորդությունը մեզ մոտ աճել է մի քանի անգամ:

- Ինչպե՞ս եք գնահատում մրցակցությունը Հայաստանի պես փոքր երկրում աշխատող 21 բանկերի միջեւ: Մատուցվող ծառայությունները բանկերում շատ նման են իրար, եւ, կարծես, իրենց կողմից չեն արվում ագրեսիվ քայլեր:

- Կրկին պատասխանեմ ցուցանիշներով. 2005 թ-ին ներգրավված միջոցների միջին ծախսատարությունը Հայաստանում եղել է մոտ 3-4%, իսկ հիմա՝ մոտ 7%: Բիզնես-վարկերի միջին տոկոսադրույքը համակարգում եղել է 2005 թ-ին 15-16%, հիմա իջել է մինչեւ 11-12%: Արդյունքում շահույթի մարժան (որը հաշվի է առնում նաեւ վարկի գծով վարկային ռիսկը եւ վարչական ծախսերը) էականորեն նվազել է՝ կազմելով 1.8 տոկոսային կետ: Այս դինամիկան ակնհայտորեն խոսում է սուր մրցակցության մասին:

Համաշխարհային բանկը գնահատել է մեր ֆինանսական համակարգը մրցակցության տեսանկյունից: Ըստ այդ գնահատականի, բանկային համակարգում մրցակցության ցուցանիշով մենք ամբողջ աշխարհում 16-րդ տեղում ենք:

- Տեսակետ կա, որ վարկային տոկոսադրույքները լինում են ցածր, երբ բանկը վարկավորում է միջազգային ծրագրերի շրջանակներում հատկացված միջոցներից, իսկ սեփական միջոցների հաշվին վարկավորումն ավելի թանկ է:

- Վերջերս մենք վերլուծություն արեցինք, որ հասկանանք միջազգային ծրագրերի ազդեցությունը վարկային տոկոսադրույքների վրա: Պարզվում  է, դրանց ազդեցությունը վարկային տոկոսադրույքների վրա ընդամենը  0,2-0,3 տոկոսային կետ է:

Համակարգում կա 1,6 տրլն դրամի վարկային պորտֆել, որի ընդամենը 20%-ն են միջազգային ծրագրերի միջոցներ:

- Եվ վերջին հարցը. մենք պատրա՞ստ ենք Բազել III ստանդարտներին:

- Բազել III-ին անցումը չի ենթադրում այնպիսի կտրուկ փոփոխություն, ինչպես Բազել I-ից II-ը, այլ հավելում է Բազել II-ին: Այն փոփոխում է կապիտալի համարժեքության հաշվարկման նկատմամբ պահանջները: Թեեւ, ինչպես արդեն նշեցի, մենք այսօր կիրառում ենք Բազել II-ից ավելի պահպանողական մոտեցում:

Մենք գնահատել ենք Բազել III-ի ներդրման ազդեցությունը վարկավորման հնարավորությունների վրա եւ պարզել, որ այն մեծ ազդեցություն չի ունենա ֆինանսական միջնորդության վրա Հայաստանում, որովհետեւ մեզ մոտ իրացվելիության բոլոր ցուցանիշները նվազագույնից բարձր են:

Ճիշտ է, կարճ ժամանակահատվածում կարող է լինել որոշակի ազդեցություն, քանի որ բանկերը պետք է հարմարվեն նոր ստանդարտներին, բայց անգամ այս կարճաժամկետ ազդեցությունը կասկածելի է, քանի որ մեր գնահատականները հիմնված են բանկերի ներկայիս հաշվեկշիռների վրա, իսկ բուն անցման ժամանակ այդ հաշվեկշիռները, հավանաբար, փոփոխված են լինելու այնպես, որ «հարմարվելու» կարիք էլ չի լինի:

Նախկինում շատ քիչ կենտրոնական բանկեր են դրել իրացվելիության պրուդենցիալ պահանջ: Բազել II-ում եւս չի եղել այս պահանջը: Բազել III-ը դնում է իրացվելիության նորմատիվային պահանջ, իսկ մենք այդ պահանջները կիրառում ենք արդեն ավելի քան 15 տարի: Մենք ընդամենը որոշակի փոփոխություններ պետք է կատարենք իրացվելիության նորմատիվների մեջ, եւ վերջ: Ամբողջությամբ Բազել III-ը պետք է կիրառվի միայն 2019-ից, եւ մեզ մոտ այդ փոփոխությունները շատ ավելի հեշտ են ընթանալու:

Բազել III-ը շատ մեծ ուշադրություն է դարձնում նաեւ ֆինանսական այնպիսի գործիքների վրա, որոնք ֆինանսական «ինժինիրինգի» արդյունք են եւ որոնց մասին շատերն անգամ գաղափար չունեն: Անգամ այդ գործիքներում ներդրումներ իրականացնող կազմակերպությունները չեն կարողանում գնահատել դրանց իրական արժեքը: Նման գործիքների առկայությունը բնորոշ չէ զարգացման նմանատիպ փուլում գտնվող երկրների համար:

Անդրանիկ Գրիգորյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը:

Դիտում՝ 6337
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW