IAB Centre . «Պետք է համընդհանուր տարածել ռիսկերի կառավարման մշակույթը»

12.11.2012 | 00:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Այ Էյ Բի Սենթր (IAB Centre)  հայ-բրիտանական ուսումնական կենտրոնի տնօրեն Արաքսյա Մելքոնյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում Հայաստանի համագործակցությունը Ռիսկերի կառավարման մասնագետների միջազգային ասոցիացիայի (GARP) հետ եւ որո՞նք են այդ համագործակցության հիմնական նպատակները:

- Ռիսկերի կառավարման մասնագետների միջազգային ասոցիացիան (GARP - Global Associaton of Risk Professionals) ստեղծվել է 1996թ-ին եւ համախմբում է մոտ 150 000 մասնագետների աշխարհի 195 երկրներում:

IAB Centre-ի համագործակցությունը GARP-ի հետ հիմք դրվեց 2011 թվականի ամռանը, երբ IFC-ն GARP-ի հետ համատեղ մեծ ծրագիր սկսեց նախկին խորհրդային մի շարք երկրների, այդ թվում `Հայաստանի համար: Յուրաքանչյուր երկրում ընտրվեցին մեկ կամ երկու առաջատար ուսումնական կենտրոններ` որպես ուսումնական գծով տեղական գործընկեր, որն էլ հետագայում կվերապատրաստեր ցանկացողներին GARP-ի ծրագրերով:

Մեր դասախոսները վերապատրաստվեցին անգլիացի մասնագետների կողմից RCP` Ռիսկերի սերտիֆիկացման ծրագիրը դասավանդելու համար: 

IAB Centre-ը սեփական նախաձեռնությամբ ներմուծեց GARP-ի երկրորդ սերտիֆիկատին `ICBRR (International Certificate of Banking Risk and Regulations) նախապատրաստող ծրագիրը: Հաջորդ տարվանից սկսած առաջարկելու ենք GARP-ի` FRM (Financial Risk Manager) որակավորմանը նախապատրաստող ծրագիր:

Սեպտեմբերի վերջին ՀՀ Բանկերի միության եւ GARP-ի հետ համատեղ կազմակերպվեց «Ռիսկերի կառավարումը ՀՀ  ֆինանսական ոլորտում» հանդիպումը, որից հետո GARP-ի տնօրեն  Ալեստեր Գրահամը, նկատելով հայերի ակտիվ մասնակցությունը, առաջարկեց 2013-ին Հայաստանում անցկացնել ավելի ընդլայնված` տարածաշրջանային կոնֆերանս միջազգային հայտնի բանախոսների մասնակցությամբ:

Այս համագործակցության շնորհիվ Հայաստանում ոչ միայն հասանելի կդառնա անհատների ռիսկերի ոլորտում մասնագիտական որակավորման գործընթացը միջազգային ճանաչված հաստատության կողմից, այլեւ  հայկական կազմակերպություններում կներդրվի ռիսկերի կառավարման մշակույթ:

-  Ինչպիսի՞ն է GARP- ի ծրագրերով վերապատրաստման ընթացակարգը Հայաստանում, մինչ օրս որքա՞ն մասնագետ է ստացել համապատասխան որակավորում եւ որքանով են ակտիվ այս առումով ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները:

- IAB Centre-ը մեկ տարվա ընթացքում վերապատրաստել է RCP ծրագրով 34, իսկ ICBRR-ով` 14 մասնագետների: RCP ծրագրով երկու ամիս տեւողությամբ վերապատրաստման դասընթացից հետո 28-ը հաջողությամբ  հանձնել են քննությունները, երկու հոգի`բուհ-ի ուսանողներ չեն հաջողել իրենց քննությունը, իսկ 4 մասնակից դեռ չեն գրանցվել քննությանը:

Ինչ վերաբերում է ICBRR դասընթացի մասնակիցներին, ապա նրանք կհանձնեն քննությունները մինչեւ այս տարվա վեջ:

RCP-ի քննություններն անց են կացվում տարին 2 անգամ` հատուկ նշված օրերին, մասնակիցն ինքն է ընտրում, երբ մասնակցել քննությանը: Իսկ ICBRR-ի մասնակիցները կարող են հանձնել քննությունը գրանցումից  հետո 9 ամսվա ընթացքում`  Pearson Vue-ի կարգավիճակով, աշխարհի տարբեր մասերում գործող համակարգչային քննական կենտրոններից մեկում, ստանդարտացված թեստերի միջոցով: Մենք համագործակցում ենք ESOLARM ընկերության հետ, ինչի շնորհիվ  Հայաստանում եւս հնարավոր է դարձել հանձնել ICBRR քննությունը:

Երկու ծրագրով էլ`RCP-ով եւ ICBRR-ով վերապատրաստված մասնակիցների գերակշռող մասը եղել են Հայաստանի առեւտրային բանկերի աշխատակիցներ, ունեցել ենք նաեւ մասնակիցներ ԿԲ-ից, վարկային եւ ապահովագրական ընկերություններից, հեռահաղորդակցության բնագավառից:

Ինչ վերաբերվում է Ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտին, ապա այստեղ կան մի քանի որակավորումներ, սակայն ամենաընդունվածն ու ճանաչվածը` FRM-ն է: Աշխարհի 50 ամենահեղինակավոր բանկերից 46-ը բավարար քանակով FRM մասնագետներ ունեն: Առ այսօր աշխարհի 110 երկրներում գործում են 26 000 FRM մասնագետներ:

Հայաստանում ֆինանսական ռիսկերի կառավարման մասնագետների որակավորման տեղական ընթացակարգ դեռեւս գոյություն չունի` ինչպես արդեն նշեցի, FRM-ին նախապատրաստող ծրագիրը Հայաստանում կառաջարկվի 2013 թ-ից: Բայց եւ այնպես, Կենտրոնական բանկը, ինչպես նաեւ մի շարք առաջադեմ հայկական բանկեր, խրախուսում են իրենց աշխատակիցներին մասնակցել միջազգային որակավորման ծրագրերին:

- Վերջին շրջանում մի շարք աղմկահարույց բացահայտումներ եղան պետական գնումների ոլորտում: Չե՞ք կարծում, որ ռիսկերի կառավարման միջազգային ստանդարտներն այս ոլորտում հատկապես լուրջ դերակատարում կարող են ունենալ:

- Թե պետական, թե մասնավոր հատվածում վերջին տարիների ֆինանսական ճգնաժամից հետո ավելի է կարեւորվում ռիսկերի կառավարման մասնագետի կամ մասնագիտացված բաժնի անհրաժեշտությունը: Կազմակերպության ներսում պետք է մշակվի հատուկ մտածելակերպ, զարգացվի ռիսկերի կառավարման մշակույթ`անկախ նրանից, թե նկատի ունենք ֆինանսական, լիկվիդային, կրեդիտային, թե գործառնական ռիսկերի ճանաչումն ու արդյունավետ կառավարման համակարգի ներդրումը:

Իհարկե, 100 տոկոսով հնարավոր չէ կառավարել ռիսկերը. մարդկային գործոնի հետ կապված միշտ էլ կլինեն բացեր, բայց դրանք նվազագույնի հասցնելը լավագույն միջոցն է բիզնես-աշխարհում դիմակայելու համար: Խնդիրն ավելի կարեւոր է դառնում հանրային շահերից բխող հարցերի կառավարման գործընթացում, երբ հանրության փոքր կամ մեծ խումբ կախյալ է որոշակի կառույցների մասնագետների կշռադատված որոշումներից:

Այնպես որ, կարծում եմ,  պետք է համընդհանուր տարածել ռիսկերի կառավարման մշակույթը, վերապատրաստել համապատասխան մասնագետներ, որոնք ի վիճակի կլինեն կազմակերպությունների գործընթացները գրագետ կազմակերպել: Ի դեպ, խոսքը վերաբերվում է եւ գործադիր, եւ վերահսկիչ կառույցներին:

Արաքսյա Մելքոնյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 8445
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW