«ԱՐԵԳԱԿ»-ն աջակցում է ուսանողներին
07.11.2012 | 02:49
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /


«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ գործադիր տնօրեն, ՀՀ վարկային կազմակերպությունների միության (ՎԿՄ) նախագահ Մարիամ Եսայանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին
- Տ-ն Եսայան, Ձեր կազմակերպությունը հանդես է եկել ուսանողությանը հասցեագրված հետաքրքիր նախաձեռնությամբ, ուստի առաջարկում եմ սկսել մեր զրույցը իրականացվող ծրագրի մանրամասներից:
- Ինչպես հայտնի է, «ԱՐԵԳԱԿ»-ի հիմնադիրն ու միակ բաժնետերը ամերիկյան UMCOR կազմակերպությունն է: Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն եւ գիտակցելով, որ լավագույն ներդրումը դա ուսման`ապագայի մեջ կատարված ներդրումն է՝ մեր բաժնետերը որոշում է կայացրել իր կողմից տրամադրված փոխառության տոկոսների մի զգալի մասը վերադարձնել UMCOR Հայաստան մասնաճյուղին: Արդյունքում, համատեղ ուժերով իրականացնում ենք ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը, որի շրջանակներում փոխհատուցվում է մեր կազմակերպության լավագույն վարկառուների ուսանող երեխաների կամ հենց իրենց` վարկառու ուսանողների ուսման վճարը:
Փոխհատուցման գործընթացում հաշվի ենք առնում մի քանի գործոններ: Առաջին հերթին, ծրագրի շահառուները պետք է լինեն «ԱՐԵԳԱԿ»-ի ակտիվ վարկառուներ ՀՀ բոլոր մարզերից (բացառությամբ Երեւանը) ու ԼՂՀ-ից եւ ունենան լավ վարկային պատմություն: Ուսանողը պարտադիր պետք է ունենա բարձր առաջադիմություն: Հաշվի են առնվում նաեւ սոցիալական բաղադրիչները` անչափահաս երեխաների եւ ուսանողների քանակը ընտանիքում, ուսանողների միակողմանի/երկկողմանի ծնողազուրկ լինելու փաստը, հաշմանդամության գործոնը:
Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու: Այս տարվա առաջին կիսամյակի փոխհատուցումներն արդեն տրամադրվել են, ներկայումս պատրաստվում ենք 2-րդ փուլի (2-րդ կիսամյակի) մեկնարկին: Նշեմ նաեւ, որ փոխհատուցվող կիսամյակի ուսման առավելագույն վճարը մեկ ուսանողի համար կազմում է 100 000 դրամ:
- Ինչպիսի՞ն են փոխհատուցման առաջին փուլի արդյունքները:
- Առաջին կիսամյակի արդյունքներով արդեն փոխհատուցում են ստացել 343 ուսանողներ, որոնցից 72%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Գումարային առումով դա կազմում է մոտ 33 մլն դրամ: Ուսանողներից 36-ը եղել են միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, 66 ուսանող ընտանիքում ունեցել է հաշմանդամ, 52 դեպքերում էլ ընտանիքում եղել են 1-ից ավելի ուսանողներ: Ի դեպ, ամենաբարձր առաջադիմությամբ ուսանողները Տավուշի մարզից էին:
Ես նոր եմ վերադարձել մարզերից, այցելել եմ մոտ 20 մասնաճյուղ եւ կարող եմ ասել, որ ծրագիրը շատ դրական արձագանք է ստացել. գլխավորը, որ ընտրության մեխանիզմը շատ պարզ ու հասկանալի է բոլորի համար:
- Դուք աշխատում եք Հայաստանի բոլոր մարզերում եւ ԼՂՀ-ում. որքանո՞վ հավասարաչափ են բաշխված Ձեր վարկային միջոցները շրջաններում, եւ չե՞ք նախատեսում արդյոք վերսկսել աշխատանքը Երեւանում:
- Եթե դիտարկենք Հայաստանի մարզերը ըստ աշխարհագրական ծավալների, բնակչության խտության եւ տնտեսական հնարավորությունների, ապա կարող եմ ասել, որ բավականին համաչափ է բաշխված մեր գործունեությունը: Մենք աշխատում ենք առավելագույնս ապահովել պահանջարկը տեղերում: Բնականաբար, կան մարզեր, որտեղ ակտիվ վարկային պորտֆելը գերազանցում է 1 մլրդ դրամը, եւ դա տվյալ մարզի համար դեռեւս առավելագույն ներուժը չէ: Միեւնույն ժամանակ, կան մարզեր, որտեղ գտնում ենք, որ, օրինակ, 500 մլն դրամ ծավալի պորտֆելը առավելագույն պահանջարկ կարող է լինել այդ մարզի համար: Այնպես որ, դա շատ հարաբերական է, գլխավորը, որ սպասարկում ենք Հայաստանի մարզերի եւ ԼՂՀ ողջ ծածկույթը, որը գնահատում եմ որպես մրցակցային առավելություն:
Կազմակերպության աճի ծավալները hիմնականում համահունչ են մեր գործառնական եւ բիզնես-պլանով ակնկալվող ցուցանիշներին: Ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ «ԱՐԵԳԱԿ»-ի ակտիվ վարկային պորտֆելը կազմել է մոտ 11 մլրդ դրամ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 19 %-ով: Ակտիվ վարկերի քանակը կազմել է 28 404, այստեղ եւս ունենք որոշակի աճ:
Ինչ վերաբերում է Երեւանին, ապա դեռ չենք նախատեսում վերսկսել աշխատանքն այստեղ` 2013 թվականի նախագծերում մայրաքաղաքը եւս ընդգրկված չէ, սակայն, ինչպես ասում են, «երբեք մի ասա երբեք», այնպես որ հետաքրքիր առաջարկ ունենալու դեպքում հնարավոր է նաեւ վերադառնանք Երեւան:
- Ժամանակին Դուք կարծիք էիք հայտնել, որ վարկերի վերադարձելիության առումով մարզերում ավելի ուժեղ է գործում «սոցիալական գրավ» հասկացությունը: Խնդրում եմ պարզաբանեք` ինչպե՞ս է գործնականում կիրառվում այդ «գործիքը» եւ տարածվու՞մ է արդյոք այն բոլոր վարկատեսակների վրա:
- «Սոցիալական գրավ» հասկացությունը ենթադրում է համապարտ պատասխանատվությամբ վարկավորման մեխանիզմ, երբ մի խումբ անձինք փոխադարձ պատասխանատվություն են վերցնում միմյանց նկատմամբ՝ երաշխավորելով վարկերի մարումը: 15 տարի աշխատելով այս բնագավառում՝ ես շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ սոցիալական գրավն իր հոգեբանական շարժառիթներով շատ ավելի արդյունավետ է, քան նյութականը:
Բնականաբար, սոցիալական գրավը տարածվում է միայն խմբային վարկատեսակների վրա, սակայն կուզենայի նշել, որ լինի դա սոցիալական, թե նյութական գրավ, վերջիններիս առկայությունն երկրորդական բնույթ է կրում մեր աշխատաոճում: Գլխավորը մեզ համար լավ ու ճիշտ վարկերի տրամադրումն է, վարկերի քանակը երբեւիցե չպետք է լինի ինքնանպատակ:
Կարծում եմ, պատասխանատու ֆինանսական կառույցը, իսկ մենք մեզ այդպիսին ենք համարում, իրավունք չունի սխալ որոշումներ կայացնել իր վարկառուների նկատմամբ, հատկապես այն հատվածներում, որտեղ գտնվում են վարկառուների թիրախային խմբերը: Այսինքն, գլխավոր երաշխիքը նպատակային վարկերի տրամադրումն է: Մենք որդեգրել ենք այնպիսի գործելակերպ, որ անգամ անհատական գրավով ապահովված վարկերի դեպքում վարկային կոմիտեն կայացնում է իր որոշումը եւ նոր անդրադառնում գրավի փաստաթղթերի ուսումնասիրությանը: Վարկավորման գործընթացը շատ ավելի խոցելի է դառնում, երբ կախման մեջ է գտնվում հիմնականում երաշխիքից, այն դեպքում, երբ պետք է կենտրոնանալ վարկառուի վարկունակության վրա:
Հասկանալի է, որ հնարավոր չէ հասնել վերադարձելիության անթերի մակարդակի: Այսօրվա դրությամբ մեր ռիսկային պորտֆելը 1%-ից պակաս է, ինչը, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ:
- Աշխատանքը մարզերում ենթադրում է գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների վարկավորման նկատմամբ մեծ պահանջարկ: Ինչպիսի՞ն է «Արեգակ»-ի դիրքորոշումն այս հարցում:
- Մենք շարունակաբար ուսումնասիրում ենք մեր հաճախորդների կարիքները եւ, աշխատելով մարզերում, բնականաբար արձանագրում ենք գյուղատնտեսական վարկերի նկատմամբ բարձր պահանջարկ: Սեզոնային աշխատանքներ կազմակերպելու առումով կազմակերպության վարկատեսակները բավարարում են մեր հաճախորդների պահանջներին, հատկապես փոքր վարկերի մասով, որոնք գերակշռող են մեր պորտֆելում: Դրանք հիմնականում շրջանառու միջոցների համալրման համար նախատեսված կարճաժամկետ վարկեր են, որոնք, հաշվի առնելով գյուղատնտեսական տարբեր ոլորտների ցիկլայնությունը, համապատասխանում են առկա պահանջարկին:
Իհարկե, գյուղատնտեսական այնպիսի աշխատանքներ, որոնք բավականին երկարաժամկետ ներդրումներ են պահանջում, օրինակ` նոր այգու հիմնումը, չեն վարկավորվում մեր կողմից, առաջին հերթին այն պատճառով, որ մեր վարկերի չափը եւ ժամկետայնությունը նախատեսված չէ նման խոշոր ներդրումների համար:
- Ի՞նչ նպատակներով կարող են օգտագործվել Ձեր կողմից տրամադրվող սպառողական վարկերը եւ արդյո՞ք միշտ են դրանք օգտագործվում ըստ նշանակության:
- Մենք տրամադրում ենք այնպիսի սպառողական վարկեր, որոնք անմիջականորեն կապված են տվյալ անձի աշխատավարձով հիմնավորված եկամուտների հետ: Պարզ ասած, դա աշխատավարձից բխող սպառողական վարկեր են: Եվ այստեղ եւս, ելնելով մարզերում աշխատելու մեր առանձնահատկությունից, բավարարում ենք բնակչության արդեն ձեւավորված շերտերի կարիքները, ովքեր ավանդական բանկային առաջարկներից օգտվելու առումով որոշակի սահմանափակումներ ունեն: Հիմնականում դա կրթական հաստատությունների, բուժհիմնարկների, ռազմական տարբեր գերատեսչությունների աշխատակիցներն են:
Աշխատավարձի հնգապատիկ չափով տրամադրվող սպառողական վարկերն օգտագործվում են տարբեր կենցաղային կարիքները հոգալու համար: Այդ վարկերն իրենց գումարի եւ ժամկետի սահմանով արդեն իսկ հուշում են իրենց նպատակայնության` կենցաղային նշանակության մասին:
- Տ-ն Եսայան, իսկ ի՞նչ նոր զարգացումներ կան Ձեր կողմից ղեկավարվող ՀՀ վարկային կազմակերպությունների միությունում (ՎԿՄ):
- Այսօրվա դրությամբ մեր Միությանը անդամակցում են 12 վարկային կազմակերպություններ` ըստ էության գրեթե բոլոր խոշորները, որոնց բաժին է ընկնում գործող վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվների ավելի քան 60 %-ը: Սակայն դա չի նշանակում, որ մենք ծավալներով ենք տարբերակում վարկային կազմակերպությունները`մեզ համար շատ սպասելի եւ ողջունելի է ցանկացած նոր անդամակցություն:
Միության գործունեությունը ստեղծման օրվանից իսկ (2008 թվականից) չափազանց քաջալերվել է Կենտրոնական բանկի կողմից, մենք շարունակաբար երկխոսության մեջ ենք ԿԲ-ի հետ: Միության հիմնական նպատակը վարկային կազմակերպությունների զարգացման համար խթանող իրավական դաշտի ապահովումն ու Միության անդամների շահերի ներկայացումն է: Եվ այս առումով ես շատ եմ կարեւորում ԿԲ-ի հորիզոնական երկխոսությամբ կառավարող մարմին լինելու փաստը:
Միաժամանակ, մենք բավականին մեծ ներգրավվածություն ունենք միջազգային տարբեր կառույցներում: Այդ համագործակցության շրջանակում Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների միկրոֆինանսական կենտրոնի հետ համատեղ, «Ֆորդ» հիմնադրամի ֆինանսավորմամբ վերջերս ներկայացրել ենք ՀՀ ՎԿՄ անդամ կազմակերպությունների գործունեության սոցիալական ներգործության վերաբերյալ հաշվետվությունը: Այս նախաձեռնությամբ փորձեցինք բացահայտել հետեւյալ հիմնական հարցերը.
- ո՞րն է Միության անդամ կազմակերպությունների թիրախային խումբը;
- ի՞նչպես են կազմակերպությունները բավարարել թիրախային խմբի ֆինանսական ծառայությունների կարիքները;
- ո՞րն է այն սոցիալական դրական փոփոխությունը, որին ցանկանում է հասնել կազմակերպությունը:
Ներկայումս, ակնկալելով արտաքին ֆինանսավորում, պատրաստվում ենք նոր ծրագիր ներկայացնել, որը կխթանի սոցիալական գործունեության ունիվերսալ ստանդարտների կիրառումը Հայաստանում:
Մարիամ Եսայանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: