Հոկտեմբերի 25-27-ին Երեւանում տեղի կունենա «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր միտումներ եւ տեխնոլոգիաներ» միջազգային համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանի Կենտրոնական բանկը, Ռուսաստանյան բանկերի ասոցիացիան եւ UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգը: UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը Մեդիամաքս գործակալության եւ Banks.am պորտալի հետ հարցազրույցում պատմել է գալիք համաժողովի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում դրամական փոխանցումների շուկայի զարգացման առանձնահատկությունների մասին:- Պ-ն Հայրիյան, ԱՊՀ երկրների դրամական փոխանցումների շուկային նվիրված համաժողովներ անցկացվել են նախկինում եւս, այդ թվում՝ նաեւ Երեւանում: Գալիք համաժողովը դրանց տրամաբանական շարունակությո՞ւնն է , թե՞ այս անգամ այլ շեշտադրումներ կլինեն: - Շուկան կանգնած չէ տեղում: Ինտեգրումը դռներ է բացում նոր խաղացողների առջեւ, մենք մուտք ենք գործում նոր տարածաշրջաններ եւ երկներ: Տեխնոլոգիաների զարգացումը խթան է հանդիսանում թարմ լուծումների համար, ի հայտ են գալիս նոր կապուղիներ, որոնց մասին մի քանի տարի առաջ անգամ խոսք չկար: Եվ դա քննարկման հարցերի մի ամբողջ շարք է բացում մեր առջեւ: Մի քանի տարի առաջ մեր կողմից քննարկվող խնդիրները, օրինակ` Լոնդոնում կամ Դուբայում, արդեն վաղուց հաջողությամբ լուծվել են: Բոլորովին այլ փուլում է գտնվում նաեւ կարգավորիչ միջավայրը: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում ստեղծվել եւ աշխատում է «Ազգային վճարային համակարգի մասին» օրենքը, արդյունավետ գործում է Ազգային վճարային խորհուրդը: Շուկայի բոլոր տարրերը լուրջ փոփոխության են ենթարկվել: Այնպես որ, իհարկե, կարելի է ասել, որ սա արդեն իսկ մեկնարկած աշխատանքի տրամաբանական շարունակությունն է, սակայն թեմաները նոր շեշտադրումներ կունենան, կքննարկվեն որակապես նոր հարցեր:Կանդրադառնանք օրենսդրական կարգավորման հարցերին, բանկային վերահսկողությանը, այդ թվում՝ նաեւ ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների, Վրաստանի տեղական օրենսդրությունների առանձնահատկություններին: Կուսումնասիրենք այն արդյունավետ գործիքները, որոնք կարող են խթան հանդիսանալ թափանցիկ շուկայի զարգացման համար: Լայնորեն կքննարկվեն նոր տեխնոլոգիաների հետ կապված հարցերը եւ դրանց կիրառումը շուկայում: Մենք վստահ ենք, որ գալիք իրադարձությունը գործնական օգուտ կունենա: - Ո՞ր երկրների պատվիրակությունները կմասնակցեն համաժողովին եւ ի՞նչ մակարդակով: - Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 10 երկրներ, սա իսկապես միջազգային կարգավիճակ ունեցող համաժողով է, այստեղ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ այսօր ընկերությունները ֆիզիկապես կարող են աշխատել մեկ երկրում` հանդիսանալով միաժամանակ միջազգային բիզնես: Սակայն կարեւոր է ոչ միայն այն, թե որտեղից են մասնակիցները, այլ նաեւ այն, թե ով կգա: Մենք ակնկալում ենք Հայաստանի բարձրաստիճան այրերի ներկայությունը: Հուսով ենք, որ համաժողովը կբացի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախատեսվում է նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի եւ Ռուսաստանյի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանի մասնակցությունը: Մենք հրավիրել ենք ԱՊՀ գրեթե բոլոր երկրների եւ Վրաստանի կենտրոնական բանկերի բարձրաստիճան պաշտոնյաներին, IFC-ի ներկայացուցչին, ինչպես նաեւ ԱՊՀ, Մերձբալթյան եւ Վրաստանի բազմաթիվ խոշոր բանկերի ներկայացուցիչներին: Իհարկե, միայն մասնակիցների պաշտոններով միջոցառմանը գնահատական տալը ոչ լիովին է բնութագրում վերջինիս կարեւորությունը: Մենք ակնկալում ենք գործունյա, հագեցած եւ արդյունավետ մթնոլորտ: Կարծում ենք, համաժողովը արդյունավետ շփման, նոր կապերի հաստատման եւ, հետևաբար, նոր ու հետաքրքիր նախագծերի համար իրական հարթակ կհանդիսանա:- Յուրահատու՞կ է արդյոք ԱՊՀ շուկան աշխատանքային միգրանտներից կախվածության առումով, թե՞ սա համատարած բնույթ է կրում: - Դրամական փոխանցումների շուկայի ֆունդամենտալ հիմքը տարբեր երկրներում, աշխարհի տարբեր մասերում եւ անգամ մեկ երկրի շրջանակում բնակվող մարդկանց կենսամակարդակի տարբերությունն է: Հենց այս տարբերությունն է հանգեցնում միգրացիայի, մասնավորապես, աշխատանքային: Պարզ է, որ բոլոր միգրանտներից հենց աշխատանքայինների ձեռքերում է գտնվում միջոցների մեծ մասը եւ, հետեւաբար, հենց նրանք են ձեւավորում դրամական փոխանցումների հոսքերի հիմնական մասը: Այդ պատճառով էլ ամբողջ աշխարհում նրանք հանդիսանում են այդ շուկան ձեւավորող հարթակը: ԱՊՀ-ն բացառություն չէ: Համաշխարհային ցուցանիշների համեմատ, տարբերություններն այստեղ չնչին են: Մեր հաշվարկներով, դրամական փոխանցումների պահանջարկի ավելի քան 80%-ը բաժին է հասնում աշխատանքային միգրանտներին: - Միջազգային ֆինանսական գործարքները խոցելի են հանցավոր եկամուտների օրինականացման առումով. որքանո՞վ է պաշտպանված այդ ռիսկերից ԱՊՀ դրամական փոխանցումների շուկան, եւ քննարկվելու՞ է արդյոք այդ հարցը համաժողովում: - Անշուշտ, այս հարցն արդիական է շուկայի բոլոր մասնակիցների համար, հատկապես նրանց, ովքեր մտածում են իրենց հեղինակության մասին: Սակայն, պետք է նշել, որ վերջին տարիներին այս ոլորտում մեծապես աճել է բանկային ինստիտուտների արհեստավարժության մակարդակը, ինչում կարեւոր դեր են խաղում նաեւ կարգավորողները: Մշակվել են նոր եւ արդյունավետ մեթոդներ եւ ընթացակարգեր` դրամական փոխանցումները սխալ նպատակներով օգտագործելու փորձերը կանխելու համար: Այս ուղղությամբ համակարգերի մոտ եղած «զինանոցը» բավականին լայն է, իսկ կարգավորողների վերահսկողությունը՝ բավականին խիստ:Այլ բան է, որ այստեղ շատ կարեւոր է կարգավորողների եւ շուկայի մասնակիցների ջանքերի միավորումը, տարվող աշխատանքների համակարգման մակարդակի բարձրացումը: Դա եւս համաժողովի խնդիրներից մեկն է: Այդ թեման, անշուշտ, գալիք համաժողովի աշխատանքի ուղղություններից մեկն է լինելու եւ կքննարկվի մասնակիցների կողմից: Հենց դրանով է պայմանավորված, որ կարգավորողների հետաքրքրությունն այս միջոցառման նկատմամբ բավականին բարձր է: - Ապահովո՞ւմ են արդյոք այսօրվա տեխնոլոգիական լուծումները բավականաչափ պաշտպանվածություն ֆորս-մաժորային իրավիճակներից: - Եղած տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաեւ կազմակերպչական միջոցառումները` ուղղված աշխատակազմի իրազեկմանը եւ պատրաստվածության բարձրացմանը, բավարար կերպով պաշտպանում են այս ոլորտը հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակներից: Այդ միջոցառումները բացառում են տեղեկատվության կորստի հնարավորությունը եւ ապահովում են համակարգի աշխատանքի երաշխավորված եւ արագ վերականգնումը նման իրավիճակների դեպքում: - Հայաստանում գործող դրամական փոխանցումների համակարգերի քանակը հասնում է մեկ տասնյակի: Ի՞նչ եք կարծում, արդարացվա՞ծ է մեր շուկայում նման քանակության խաղացողների առկայությունը, եւ ինչպիսի՞ն է իրավիճակն այդ առումով հարեւան երկրներում:- Հանդիսանալով Հայաստանի տարածքում գործող առաջատար համակարգի ղեկավար՝ թվում էր, թե պետք է ասեի` որքան քիչ, այդքան լավ: Սակայն, իրականում, դա այդպես չէ: Շուկան հեռանկարային է, եւ դրա ներուժն աճում է: Բացի այդ, ես մենաշնորհի կողմնակից չեմ: Ուստի, կարծում եմ, որ ոլորտը եւս պետք է մրցունակ լինի, ինչը նշանակում է, որ պետք է համապատասխան քանակի խաղացողներ լինեն: Ինձ համար այդ հարցում ելակետ են հանդիսանում հաճախորդի շահերը: Իսկ նրանք միայն շահում են մրցակցության բարձր մակարդակից, ինչը, ի դեպ, ստիպում է խոշոր խաղացողներին լինել լավ «մարզավիճակում»: Աշխատանքի հիմնական նախապայմանը՝ հավասար պայմաններ ապահովել բոլորի համար: Առավել եւս, որ մենք UNISTREAM-ում չենք վախենում մրցունակությունից: Այլ հարց է, որ յուրաքանչյուրը պետք է որեւէ նոր բան բերի, եւ այստեղ խոսքը միայն սակագների մասին չէ: Վերցնենք օրինակի համար UNISTREAM-ը` ի՞նչ եղանակներով է հնարավոր մեր համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան գումար փոխանցել: Թվարկեմ`գործընկեր-բանկերի կետերից, սեփական կետերից, փոխանցումներ բջջային հեռախոսի հաշվից, տերմինալներից, մանրածախ ցանցերից, ЮНИСТРИМ ДЕНЬГИ քարտ-կտրոնի գնման միջոցով, ինչպես նաեւ sms-երկխոսության կամ համակարգի կայքի միջոցով: Այսօր UNISTREAM-ը սպասարկման կետեր ունի 100 երկրներում: Համաձայնեք, որ այս ամենը բավականին լավ առաջարկ է հաճախորդների համար: Ուստի շուկան ինքը ցույց կտա, թե ով է ավելի ուժեղ եւ գործնականում քանի համակարգ է հարկավոր: Եթե դուրս գանք Հայաստանի սահմաններից, ապա կտեսնենք, որ խաղացողների կազմը գրեթե նույնն է: - Վերջին մեկ ամսում ՀՀ Կենտրոնական բանկը արգելել է 2 համակարգերի`«Միգոմ»-ի եւ «Զոլոտայա Կորոնա» -ի գործունեությունը Հայաստանում, մասնավորապես, պարզվել է, որ վերջիններս առանց որեւէ պատճառաբանության բազմիցս չեն ապահովել Հայաստանի տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իրենց համակարգից օգտվելու հնարավորությունը: Ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար: - Աշխատելով ցանկացած երկրում՝ ընկերությունը, անկախ բիզնեսի ուղղվածությունից, պետք է լիովին հետեւի կարգավորողների կողմից սահմանված կանոններին: Հեռանալով հարցի քաղաքական բնույթից՝ հիշեցնեմ, որ Հայաստանի Կենտրոնական բանկը ժամանակին բոլոր համակարգերին պահանջ է ներկայացրել աշխատել երկրի ամբողջ տարածքում, ավելին` դրա մասին տեղեկացնելով հաճախորդներին: Միանգամայն տրամաբանական պահանջ է. Հայաստանի բոլոր շրջաններում բնակվող մարդիկ իրավունք ունեն օգտվելու սպասարկման նույն մակարդակից երկրի ամբողջ տարածքում եւ բավականաչափ իրազեկված լինել բոլոր ծառայությունների վերաբերյալ: Վերջին հաշվով, ֆինանսական շուկայում հենց կարգավորողն է պատասխանատու, որպեսզի հաճախորդների շահերն ամբողջովին պաշտպանված լինեն: Երեւի թե ոչ բոլոր ընկերություններն են հավասարաչափ արձագանքել այդ պահանջներին: Կարելի է ենթադրել, որ դա որոշակի պատժամիջոցների հանգեցրեց: Այդ պատճառով էլ ձեր հարցի պատասխանը մեկն է` պետք է հստակ տեղյակ լինել եւ կատարել օրենքով սահմանված պահանջները: Ի դեպ, ժամանակին UNISTREAM-ը եւս ծանր իրավիճակում հայտնվեց: Մեզ խնդրեցին հեռանալ Ադրբեջանից այն պատրվակով, որ մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղում: Մենք ընտրեցինք աշխատանքը Հայաստանում եւ գնացինք Ադրբեջանից: Սա, երեւի թե, այն հարցերից մեկն է, որի մասին ես ավելի վաղ խոսեցի. բոլոր համակարգերը պետք է աշխատեն հավասար պայմաններում եւ հստակ հետեւեն կարգավորողի պահանջներին: Իսկ կարգավորողը, իր հերթին, պետք է հետամուտ լինի ընտրած դիրքորոշմանը՝ հետեւելով այսպես կոչված «fair play» սկզբունքին՝ նրանց համար, ով հստակ կատարում է իր պահանջները: Կարծում եմ, այստեղ պետք է բացառվի երկակի ստանդարտների սկզբունքը: - Տարեսկզբին մեր կայքի հետ հարցազրույցում Դուք նշել էիք , որ նախատեսում եք ավելացնել UNISTREAM-ի չափաբաժինը Հայաստանի շուկայում մինչեւ 80-90%: Ի՞նչ միտումներ եք արձանագրում այս ամիսների ընթացքում, որքանո՞վ է իրագործելի այդ նշաձողը: - Միանգամայն իրագործելի է, եւ մենք աստիճանաբար շարժվում ենք այդ ուղղությամբ: Այժմ, ըստ մեր հաշվարկների, շուկայի մեր մասնաբաժինը մոտենում է 40%-ի, իսկ ելքայինների մասով`50%-ի: Գրեթե ամեն ամիս երկրում աճում է մեր գործընկերների, կետերի թիվը: Մարդիկ դրամական միջոցներ են ուղարկում եւ ստանում մեր համակարգի միջոցով, քանի որ UNISTREAM-ը արդեն դարձել է հուսալիության, որակի եւ մատչելիության որոշակի երաշխավոր: Մեզ գիտեն գրեթե յուրաքանչյուր ընտանիքում:Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ մենք Հայաստանում շատ լուրջ ծրագրեր ունենք: Վստահ ենք, որ այստեղ մեր շուկայական մասնաբաժինը պետք է լինի ոչ միայն մեծ, այլ ամենամեծը: Սա միանգամայն տրամաբանական է: Մենք առաջիններից էինք, ով սկսեց աշխատել այստեղ, եւ առաջիններից, ով կարողացավ լավագույն պայմաններն առաջարկել հաճախորդներին: Մենք շատ լավ հասկանում ենք, ինչ են հաճախորդները սպասում առաջատարից, եւ ունենք ամեն ինչ, ինչը թույլ կտա մեզ մնալ առաջատարի դիրքում: - Պարոն Հայրիյան, տարբեր տեսակի համաժողովները, առաջին հերթին, լավ առիթ են գործարարների միջեւ անձնական հարաբերությունների հաստատման համար, որոնք, որպես կանոն, առանցքային դեր են խաղում բիզնես գաղափարների առաջ մղման առումով: Չե՞ք կարծում, որ այսօր մենք մեկուսացված ենք աշխատում, եւ անհրաժեշտություն կա լայնացնելու նման հանդիպումների ձեւաչափն ու բովանդակությունը: - Չեմ կարծում, որ «մեկուսացում» բառը կիրառելի է այս համատեքստում, սակայն կհամաձայնվեմ, որ աշխատանքը կարող էր ավելի միասնական լինել: Հենց դրա համար էլ մենք կազմակերպում ենք այս համաժողովը: Այն, միանշանակ, բավականին ուժեղ խթան կհանդիսանա էլ ավելի արդյունավետ աշխատանքի համար: Այսօր մեր առջեւ կանգնած են խնդիրներ, որոնք չեն սահմանափակվում միայն դրամական փոխանցումներով: Մենք ակտիվորեն մուտք ենք գործում էլեկտրոնային վճարումների ոլորտ, նոր կապուղիներ ենք կառուցում, ավելի ճիշտ զարգացնում ենք դրանք` մանրածախ առեւտուր, բջջային փոխանցումներ, տերմինալներ եւ այլն: Այդ ուղղություններից յուրաքանչյուրն արժանի է առանձին եւ լայն քննարկման: Կարծում եմ, համաժողովի արդյունավետ աշխատանքը լուրջ խթան կհանդիսանա այն շարունակական դարձնելու համար: Մենք մտադիր ենք ստեղծել ամենամյա հարթակ, որտեղ կքննարկվեն դրամական փոխանցումների եւ, ընդհանուր առմամբ, վճարումների շուկայի զարգացման առօրեական խնդիրները: Սուրեն Հայրիյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 9117