ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Տեոդորա Տիչերիչի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին:- Պատմեք, խնդրում եմ, ՍԹԱՐ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Ձեր նշանակման նախապատմությունը:- Մինչ նշանակումս մոտ 1 տարի աշխատել եմ վրացական խոշոր` «Պոպուլի» մանրածախ առեւտրային ցանցում, սակայն այդ ընկերության բաժնետերերի վերջերս տեղի ունեցած փոփոխությունից հետո ավարտեցի աշխատանքս Վրաստանում: Անմիջապես դրանից հետո հրավեր ստացա «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ կողմից:Մանրածախ առեւտրի ոլորտում աշխատում եմ ավելի քան 10 տարի: Սկսել եմ աշխատել սննդի դիստրիբուցիայի ոլորտում` Սերբիայում, այնուհետեւ` մանրածախ առեւտրային ընկերությունում, որն այն ժամանակ նոր բրենդ էր: Այնտեղ աշխատեցի 6 տարի: Այդ շրջանում մենք ձեռք բերեցինք մի շարք ընկերություններ, եւ ես ներգրավվեցի կլանման եւ միաձուլման գործընթացում` M&As (Mergers and Acquisitions): Այսօր այն Սերբիայի ամենախոշոր մանրածախ առեւտրային ցանցն է, որը վերջերս վաճառվեց եվրոպական խաղացողին: Այնուհետեւ 2 տարի աշխատել եմ Լեհաստանում`լեհ-ամերիկյան «Kolaja & Partners» խորհրդատվական ընկերությունում: Աշխատել եմ նաեւ Ուկրաինայում` հիմնականում արտադրության հետ կապված նախագծերում: Հետո վերադարձա Սերբիա` ներդրումների ոլորտ: Իսկ 2008 թվականից վերջնականապես անցա մանրածախ առեւտրի ոլորտ, եւ այդ ժամանակվանից ի վեր աշխատել եմ Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում եւ Թուրքիայում:Այնպես որ, սա իմ առաջին հանդիպումը չէ Հայաստանի հետ. 2009 թվականին ես արդեն ունեցել եմ ՍԹԱՐ-ի հետ աշխատելու փորձ: Այդ ժամանակ ես իրականացնում էի գործառնական աուդիտ: - Ի՞նչ հիմնական գերակայություններ են դրված Ձեր առջեւ բաժնետերերի կողմից, եւ որքանո՞վ եք Դուք ազատ սեփական նախաձեռնություններն առաջ մղելու հարցում: - Մեր բաժնետերերը գիտակցում են, որ մենեջմենթը պետք է ազատ լինի սեփական առաջարկությունների ներկայացման եւ նախաձեռնությունների իրականացման հարցում, հատկապես երբ դրանք հիմնված են եվրոպական մոտեցումների վրա: Հիմնական խնդիրը, որն այսօր կանգնած է իմ առջեւ, շահութաբեր դարձնել ընկերությունը՝ համապատասխանեցնելով միջազգային մանրածախ առեւտրի ստանդարտներին, միաժամանակ, շարունակելով մնալ օրինապաշտ հարկատու: Ցանկանում եմ ընդգծել, որ այս առումով մենք ստիպված ենք աշխատել անհավասար մրցակցային պայմաններում: Եվ քանի որ մանրածախ առեւտուրն ամբողջ աշխարհում տնտեսության շարժիչ ուժն է, շատ կարեւոր է, որպեսզի երկրում լինեն ճիշտ մոդելներ այդ շուկայի զարգացման համար եւ ստեղծվեն հստակ օրենքներ, որոնք հնարավորություն կընձեռեն բնականոն աշխատանքի համար:Անհրաժեշտ է հիշել, որ խոշոր ընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն պետության եւ հասարակության առջեւ:- ՍԹԱՐ-ի նախկին տնօրեն Վահան Քերոբյանը մեր կայքի հետ հարցազրույցում նշել էր, որ սպասարկման խնդիրը ընկերության համար ամենալուրջ մարտահրավերներից է: Դուք հասցրե՞լ եք նայել այս խնդրին սպառողի աչքերով, ի՞նչն է, ըստ Ձեզ, անհրաժեշտ փոխել առաջին հերթին:- Մանրածախ առեւտրի ոլորտում գոյություն ունեն տարբեր հայեցակարգեր: Դրանցից մեկը դիսքաունթերն է, երբ գնորդներին ապրանք է առաջարկվում նվազագույն առեւտրային վերադրով: Այս դեպքում սպասարկումը գրեթե բացակայում է, եւ այստեղ գինն է շարժում հաճախորդին: Մեկ ուրիշ հայեցակարգի համաձայն, խանութ մտնելուն պես ձեզ է շրջապատում սպասարկող անձնակազմը, երբեմն նրանք նաեւ բոնուսներ են ստանում վաճառքներից, դա ավելի շատ բնորոշ է, օրինակ, նորաձեւության շուկային: Գնորդները պետք է գիտակցեն, որ յուրաքանչյուր լրացուցիչ ծառայություն այսպես թե այնպես անդրադառնում է գնի վրա, որը վերջին հաշվով հենց իրենց կողմից է վճարվում: Այսօր ՍԹԱՐ-ն ավելի շատ գտնվում է դիսքաունթերի հատվածում` հիմնականում իր պրոմո-ակցիաներով: Ժամանակ է պահանջվում հասկանալու համար` արդյոք անհրաժեշտություն կա վերադիրքավորել բրենդը սպասարկման ավելի բարձր մակարդակի վրա, թե անհրաժեշտ է զարգացնել դիսքաունթերի հայեցակարգը, որն, ի դեպ, շատ տարածված է Եվրոպայում: Անգամ եվրոպական սուպերմարկետներում շատ փոքր է սպասարկող անձնակազմը, գլխավորը մաքրությունն է եւ ապրանքի որակը: - Դուք աշխատել եք տարբեր երկրների մթերային շուկաներում` հաջողվե՞լ է արդյոք Ձեզ ի հայտ բերել մատակարարների հետ աշխատանքի առավել հաջողված մեխանիզմ, որը կպաշտպանի գնորդին անորակ ապրանքից:- Խոշոր արտասահմանյան ընկերություններում կիրառվում է KPI (Key Performance Indicators) համակարգը, որը թույլ է տալիս գնահատել ընկերության կատարողականի արդյունավետությունն առանցքային ցուցանիշներով: KPI-ների սահմանումը եւ ճիշտ բաշխումը ըստ ընկերության կազմակերպչական կառուցվածքի մակարդակների երաշխավորում է, որ յուրաքանչյուր մակարդակում ընկերության գործողությունների կատարողականությունը կհամապատասխանի ղեկավարության կողմից սահմանված ընկերության բոլոր նպատակներին:Այսօր մենք հիմնում ենք KPI համակարգը, որը լավագույնս կպաշտպանի գնորդներին ցածրորակ եւ ժամկետանց ապրանքներից: Մասնավորապես, խանութների ստուգման ընթացքում մենք առնչվում ենք ժամկետանց ապրանքների առկայության հետ, ինչը բացասական միավորներ է բերում խանութին եւ մենեջմենթին: - Ձեզ չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ ստիպված եք լինելու աշխատել մրցակցության սուր պայմաններում, այն էլ` Ձեզ համար անծանոթ երկրում: - Մրցակցային պայմաններն ու մարտահրավերները միայն ավելի հետաքրքիր կարող են դարձնել իմ աշխատանքը, բայց եւ այնպես, կարծում եմ, որ հայաստանյան մանրածախ առեւտրի շուկան ծանրաբեռնված չէ: Սա, ավելի շուտ, մասնատված շուկա է եւ անհրաժեշտություն կա հաճախորդին ուղղել դեպի կազմակերպված առեւտուր: Այս առումով հայկական շուկան շատ հետաքրքիր է: Նա նման չէ եվրոպականին, որտեղ ամեն ինչ վաղուց արդեն արված է, եւ չկան մարտահրավերներ: Այստեղ դեռ կան խնդիրներ: Ինձ համար հետաքրքիր է այնտեղ, որտեղ կարելի է գտնել նոր գնորդի, առաջարկել նոր ապրանքներ, կիրառել նոր փորձ: - Ձեր նշանակումից հետո սպասվու՞մ են արդյոք փոփոխություններ ՍԹԱՐ -ի գործող մենեջերական կազմում:- Այո, մեզ մոտ կլինեն փոփոխություններ: Սակայն խելամիտ չէր լինի կարծել, որ բոլորին է պետք փոխել: Յուրաքանչյուր ընկերությունում կան արժեքավոր աշխատակիցներ եւ իմ խնդիրն է գտնել եւ զարգացնել նրանց:- Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:- Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Հայաստանում: Հայ ժողովուրդը շատ աշխատասեր է: Ես մեծ ջանքեր չպետք է ծախսեմ`բացատրելու համար իմ աշխատակիցներին, թե ինչու իրենք պետք է լինեն գրասենյակում առավոտյան ժամը 9-ին, կամ ինչու է պետք զգոն լինել աշխատանքային ողջ օրվա ընթացքում: Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հոգեկերտվածքը, այս առումով հայերը շատ նահապետական են, եւ ես պետք է հաշվի առնեմ այդ հանգամանքը (ծիծաղում է – հեղ.) Տեոդորա Տիչերիչի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 17528