Գրիշա Բաղիյան. Մոտ ապագայում հացահատիկի թանկացում Հայաստանում չի նախատեսվում

14.08.2012 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանում մեկնարկել է բերքահավաքի եւ մթերման ակտիվ ժամանակաշրջանը: Այս տարի բնակլիմայական պայմանները Հայաստանում այնքան բարենպաստ չէին, որքան 2011-ին: Երաշտը ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում արդեն իսկ աշխարհում նոր պարենային ճգնաժամի մտավախություններ է առաջացնում, ինչը Հայաստանի վրա կարող է անդրադառնալ Ռուսաստանից ներկրվող ալյուրի թանկացմամբ: Այս խնդիրը սրվում է նաեւ Ռուսաստանից ներկրված էլիտար սերմնացուի սպասվածից փոքր բերքատվությամբ: Այս եւ ոլորտին վերաբերող այլ հարցերին Մեդիամաքս-ի եւ Banks.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

- Պարոն Բաղիյան, վերջերս բազմաթիվ կարծիքներ հնչեցին Ռուսաստանից ներկրված էլիտար սերմնացուի վերաբերյալ, որոնց համաձայն, այն մեր կլիմայական պայմաններում լավ բերք չի տալիս:


- Նախանցած տարի մենք Կրասնոդարի երկրամասից Հայաստան ենք տեղափոխել նույն սերմերը եւ կատարել աշնանացան ու գարնանացան: Այդ ժամանակ բերքը սպասվածից ավելին էր. եթե մեր տեղական սերմերից 1 հեկտարից ստացվել է ընդամենը 28.9 ցենտներ բերք, ապա ներկրված սերմից՝ 38 ցենտներ, իսկ ջրովի պայմաններում՝ նույնիսկ մինչեւ 70 ցենտներ:

Հետեւաբար, ճիշտ չէ խոսել այն մասին, որ սերմերը տեղայնացված չեն կամ փորձարկման չեն ենթարկվել: Այս տարի մենք նույնպես նույն սերմից ենք տեղափոխում, 180 տոննա արդեն ներկրվել է Հայաստան: Մեր մասնագետները Կրասնոդարի երկրամասում են եւ կազմակերպում են առաքումն այնտեղից: Սերմերը փորձաքննության են ենթարկվում ինչպես տեղում, այնպես էլ ներկրվելուց հետո՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից:

Այս տարվա ցածր բերքը միմիայն բնակլիմայական պայմանների պատճառով է:
2011թ. աշնանը բնակլիմայական անբարենպաստ պայմանների, մասնավորապես, ցրտերի վաղ սկսվելու պատճառով աշնանացան ցորենի բույսերը լիարժեք չեն թփակալել, վատ են ձմեռել, իսկ 2012-ին՝ ձյան արագ հալոցքի եւ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման արդյունքում՝ հողում խոնավության բացակայության, օդի ցածր հարաբերական խոնավության պատճառով նրանք հայտնվել են երաշտային պայմաններում: Խոտը Հայաստանում այս տարի եւս գաճաճ է:

Այնուամենայնիվ, հացահատիկի համախառն բերքն այս տարի գերազանցելու է անցյալ տարվա ցուցանիշը 2-4%-ով, քանի որ 2011-ի աշնանացանի եւ 2012-ի գարնանացանի տարածքներն ավելացել են մոտ 22 հազ. հեկտարով: Այսպիսով, չնայած նախորդ տարի հացահատիկի միջին բերքատվությունը մեկ հեկտարից եղել է 28,9 ցենտներ, իսկ այս տարի` ընդամենը 22-25 ցենտներ, ավել կատարած ցանքի հաշվին համախառն բերքի ծավալը լինելու է ավելի մեծ:

- Պարենի համաշխարհային գները հուլիսին նախորդ ամսվա նկատմամբ 6% աճ են գրանցել եղանակի ուժեղ տատանումների պատճառով: Ըստ ՄԱԿ-ի սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO), վատ բերքի հիմնական պատճառներն են Բրազիլիայում վաղաժամ անձրեւները եւ երաշտը Ռուսաստանում ու ԱՄՆ-ում, ինչի հետեւանքով հացահատիկի գները, մասնավորապես, հուլիսին աճել են 17%-ով: Ինչպե՞ս է դա անդրադառնալու Հայաստանի վրա:


- Մոտ ապագայում հացահատիկի թանկացում Հայաստանում չի նախատեսվում: Ալյուրի թանկացում այս տարի եւս դժվար թե լինի: 
 
- Ինչպիսի՞ն է մրգի եւ բանջարեղենի հիմնական ապրանքախմբերի բերքն այս տարի, եւ կա՞ն արդյոք հարցեր՝ կապված մթերման, արտահանման եւ իրացման հետ:

 
- Բերքն այս տարի, ընդհանուր առմամբ, բարձր է: Ճիշտ է, անբարենպաստ բնակլիմայական պայմանները թողել են իրենց ազդեցությունը, բայց, միեւնույն է, եւ հացահատիկի, եւ պտուղ-բանջարեղենի արտադրությունը, մթերումը եւ իրացումը լինելու են գերազանցող թվերով:

Օգոստոսի 10-ի դրությամբ պտուղ-բանջարեղենը վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 12841.7 տոննա պտուղ-բանջարեղեն (աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 66%), որից 10 353 տոննա պտուղ (աճը՝ 119,3%), այդ թվում` 8 375.3 տոննա ծիրան (աճը՝ շուրջ 4 անգամ) եւ 2 488.7 տոննա բանջարեղեն (նվազում 17,2%-ով):

Մթերումը, սակայն, դեռ լավ չի կազմակերպված, քանի որ մթերող կազմակերպությունները չունեն համապատասխան գումար: Այժմ գյուղնախարարությունն աշխատանքներ է տանում կառավարության հետ, որպեսզի մթերողներին կառավարությունից վարկային երաշխիքներ տրվեն` վարկեր ներգրավելու համար: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում այս հարցը կլուծվի, եւ հավատացած եմ, որ բերքից ոչ մի կիլոգրամ գետնին չի մնա. ամեն ինչ կիրացվի արտահանման միջոցով կամ տեղում:

Ես մի քանի անգամ հանդիպել եմ Կենտրոնական բանկի ղեկավարի հետ, քննարկել ենք հարցը վարչապետի մոտ, եւ նա հանձնարարել է լուծել այն հնարավորինս սեղմ ժամկետներում:

- Գրեթե ամեն տարի տարաձայնությունների առարկա է դառնում մթերման գների՝ շուկայականից ցածր լինելը:

- Մթերման գները այս տարի լինելու են ինչպես շուկայական, այնպես էլ ավելի ցածր` կախված միմիայն բերքի որակից:

Պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունները որակական ցուցանիշներից կախված լոլիկը մթերում են 34-80, վարունգը` 120-180, սմբուկը` 50-150, պղպեղը` 100-150, դեղձը` 60-130, ծիրանը` 50-220 դրամի սահմաններում, իսկ այլ պտուղ եւ հատապտուղը՝ շուկայական գներին մոտ գներով:

- Ընդունված ճշմարտություն է, որ ցածր գների պատճառով լավ բերքից գյուղացին ավելի շատ տուժում է, քան օգուտ ստանում: Չի՞ սպառնում արդյոք գյուղին դա այս տարի՝ հաշվի առնելով պտուղ-բանջարեղենի բարձր բերքը:

- Իրոք, լավ բերքը չի նշանակում, որ գյուղացին պետք է անմիջապես հարստանա, չէ՞ որ գնորդներն էլ ակնկալում են լավ բերք ավելի էժան գներով: Այս առումով այս տարի իրավիճակը նորմալ է, քանի որ մեծ աշխատանքներ են տարվում արտահանման ուղղությամբ:

Օգոստոսի 10-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 16798.5 տոննա պտուղ-բանջարեղեն (աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 77,9%), որից ` 12 506.1 տոննա ծիրան (աճը՝ 73%), 211.3 տոննա դեղձ (աճը՝ շուրջ 7 անգամ), 1104.8 տոննա կեռաս (աճը՝ 64%), 372.1 տոննա սալոր (աճը՝ 48%) եւ 882.4 տոննա խաղող (աճը՝ 170,5%):

Նշեմ, որ 2011-ին արտահանվել էր ընդամենը 16884.03 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 7301.34 տոննա ծիրան:

Գրիշա Բաղիյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը /Մեդիամաքս/:

Դիտում՝ 2685
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW