Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է Made in Armenia հատուկ նախագիծը: Այս խորագրի ներքո ներկայացնում ենք այն ընկերությունները, որոնք Հայաստանում արտադրում են յուրահատուկ ապրանքներ կամ մատուցում են յուրահատուկ ծառայություններ: Այսօրվա մեր «հերոսը» «Արկոլադ» հայկական շոկոլադագործն է:Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին, բայց ակունքները գալիս են 1999-ից, երբ «Արկոլադի» հիմնադիր տնօրեն Էմիլ Հարությունյանը, լինելով փարիզյան ցուցահանդեսներից մեկում, ծանոթացել է փոքր ծավալներով պատրաստված շոկոլադի տեսականուն: Այստեղից էլ ծնվել է շոկոլադ արտադրելու գաղափարը:«Այդ ժամանակ Հայաստանում չկար զարգացած արտադրություն, գաղափարը ծնվեց, իսկ նյութականացումը եղավ ավելի ուշ`2004-ին: Արտադրանք սկսեցինք տալ 2005-ի հոկտեմբերին»,- Մեդիամաքս-ի թղթակցին պատմել է «Արկոլադ»-ի տնօրեն Էմիլ Հարությունյանը:«Արկոլադի» հիմնադիր տնօրեն Էմիլ ՀարությունյանըՆրա փոխանցմամբ` առաջին մեկ տարին (2004թ.) տրամադրվել է տարածքի նախապատրաստմանը, սարքավորումների ձեռքբերմանը, տեղադրմանն ու արտասահմանում շոկոլադ պատրաստելու տեսական գիտելիքներ ստանալուն: «Նախապատրաստվելուց հետո ոգեւորությամբ փորձեցինք շուկա մտնել, բայց պարզվեց, որ Հայաստանի խանութներում չկան համապատասխան ջերմաստիճանային պայմաններ: Շոկոլադն ունի պահպանման պայմաններ`14-20, առավելագույնը 21 աստիճան ջերմություն: Վերջերս բացվել են խանութներ, որոնք ապահովում են այդ պայմանները, սակայն դրանք շատ քիչ են»,- ասել է նա:Շոկոլադի արտադրությունը, ըստ տնօրենի, բազում նրբություններ ունի: «Երկարատեւ աշխատանք է պահանջվում`ուսումնասիրել, սովորել, կարդալ աշխարհում առկա միտումների մասին: Այս տարիները պետք էին նաեւ միջոցների մոբիլիզացիայի եւ աշխատող մոդելը գտնելու համար»,- ասել է մեր զրուցակիցը:Շոկոլադի արտադրման համար ընկերությունն ընտրել է բելգիական մոդելը. «Աշխարհում կա իրական շոկոլադ եւ իմիտացիա: Մենք օգտագործում ենք միայն եվրոպական ծագման իրական շոկոլադը: ԵՄ երկրներից Հայաստան է ներկրվում արտադրական շոկոլադը, որով իրականացվում է սպառողին պիտանի արտադրության պատրաստումը»: «Արկոլադ»-ը ներկայանում է որպես հայկական շոկոլադագործ: Իրական շոկոլադի հետ համադրված հայկական չիրը, ըստ ընկերության տնօրենի, բավական լավ ու աշխարհում պահանջված համ է ստանում: Արտադրական պրոցեսում կարեւորվում է իրական շոկոլադի եւ հայկական չրերի (դեղձ, սալոր, ծիրան եւ թուզ) առկայությանը, որին գումարվում է հայկական ընկույզը, աշխարհում հայտնի գերմանական մարցիպան եւ այլ պատրաստուկներ: «Արկոլադ»-ի վաճառքը հիմնականում իրականացվում է փաթեթավորված տուփերով: «Կիլոգրամով վաճառք չունենք, շոկոլադը թանկ ապրանք է, այսօր պատրաստ չենք հայկական շուկայում կիլոգրամով շոկոլադ վաճառել, ոչ էլ գնորդն է պատրաստ: Հանրապետության 67 հասցեում գտնվող խանութում կատարվում է գրամով վաճառք: Երեխաների մի «բանակ» ունենք, ովքեր 10, 20, 30 դրամներով գնումներ են կատարում: Ճիշտ է դա փոքր միավոր է, բայց նրանք մեր ամենաթանկ գնորդներն են»,- ասում է տնօրենը:Էմիլ Հարությունյանը նշել է, որ նախորդ տարի արտադրության 53 տոկոսը արտահանվել է, բայց… Հայաստանից Հայաստան: «Մեր ամենամեծ վաճառքի կետը Զվարթնոց օդանավակայանի խանութն է, որտեղ բավական լավ դիրք ունենք»: «Մոսկվայում դիստրիբյուտոր ունենք, բայց արտահանման ծավալները մեծ չեն: Քիչ քանակի դեպքում էլ գինը շատ է թանկանում` մոտ 4-5 անգամ: Հիմա փորձում են գտնել մի նոր ճանապարհ, որ գինը շատ չթանկանա»:«Հումքի մի մասը բերում ենք արտերկրից, մյուս մասը տեղական է: Եթե արտերկրից բերվածը միջազգային գին է եւ հիմնականում կանխատեսելի է, ապա հայկական բաղադրիչը թանկ է: Չեք կարող գտնել մեկին, ով ձեզ մշտապես 10 տոննա չիր կմատակարարի հաստատուն որակով, որը համարժեք կլինի գնին»,- ասում է տնօրենը:Շոկոլադն արտադրվում է պահանջարկին համապատասխան ու չի պահեստավորվում: 2011-ին ընկերությունն արտադրել է 19 տոննա 250 կգ շոկոլադ: Ընկերությունը ծրագրել է նոր արտադրամաս հիմնել, որը կհամապատասխանի եվրոպական նորագույն չափանիշներին: «Ուզում ենք ստեղծել կատարյալ պլատֆորմ, որի վրա կիրականացնենք մեր ծրագրերը: Նոր արտադրամասը կլինի Երեւանի մերձակայքում: Հուսով ենք, 2-3 տարվա ընթացքում մոտ երեք անգամ կմեծանանք», - ասում է Էմիլ ՀարությունյանըՇոկոլադի ապրանքային նշանի`«Արկոլադ»-ի ընտրությունը պատահական է ստացվել: «Ար- Արմենիան, կոլադ - շոկոլադ»: Ընկերությունն ունի նաեւ «Մանկոլադ» ապրանքային նշանը, որը նույն շոկոլադն է` նախատեսված մանուկների համար: «Այս տարի դառնում ենք 8 տարեկան: 5 տարի վնասով աշխատելուց հետո եկամուտ ունենք ու քմահաճ հաճախորդների մեծ խումբ: Եթե Գերմանիայից զանգում եւ մեզ են փնտրում, ինձ թվում է`մեզ մոտ ստացվել է, ճիշտ ճանապարհի վրա ենք», - եզրափակում է Էմիլ Հարությունյանը:Սիրանուշ ԵղիազարյանԼուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ “Արկոլադ” ընկերության արխիվից Tweet Դիտում՝ 18309