Ինտեր Լիմենս. «Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով»

20.06.2012 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Ինտեր Լիմենս» խորհրդատվական ընկերության Խորհրդի նախագահ Կարեն Բրուտյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին:

- Պ-ն Բրուտյան, Ձեր ընկերությունը մասնագիտացած է  գնումների կազմակերպման ոլորտում: Որպես կանոն, այս ոլորտը ասոցացվում է պետական գնումների համակարգի հետ, մինչդեռ գնումներ են իրականացնում նաեւ մասնավոր հատվածի ընկերությունները: Որո՞նք են պետական եւ մասնավոր գնումների առանձնահատկությունները:

- Մասնավոր գնումների դեպքում պատվիրատուն գնում է կատարում իր միջոցների հաշվին եւ իր կարիքների համար, իսկ պետական գնումների ժամանակ պետությունը եւ պաշտոնյաները հանդես են գալիս միջնորդի դերում. հարկատուների միջոցների հաշվին ողջ հասարակության կամ դրա առանձին խմբերի համար կատարում են գնումներ: Եվ հենց «միջնորդական գործունեության» մեջ էլ թաքնված է ողջ գաղտնիքը. ի տարբերություն մասնավորի, պետական գնումներում առկա են պատվիրատուների կողմից ֆորմալ վերաբերմունքի եւ անտարբերության, ինչպես նաեւ «միջնորդավճար», կամ այլ կերպ ասած`«ատկատներ» ակնկալելու ռիսկերը: Գործնականում քիչ հավանական է, որ խելամիտ անձն իր կարիքների համար եւ իր միջոցների հաշվին գիտակցաբար անորակ կամ ոչ շահավետ գնումներ կատարի, կամ նպատակ հետապնդի ստանալ որեւէ տեսակի «միջնորդավճար»:

Փաստն այն է, որ անկախ երկրներից եւ հասարակություններից, նշված տարբերությունը ու դրանից բխող ռիսկերը առկա են, եւ դրանով է բացատրվում, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, պետական գնումների գործընթացի հետ կապված իրավական կարգավորումներն հատկապես մանրամասնեցված եւ խիստ են:

- Ի՞նչ ծավալներ են կազմում պետական գնումները, ի՞նչպիսին է դրանց ազդեցությունը տնտեսության վրա եւ ի՞նչպես է գնահատվում գնումների համակարգի արդյունավետությունը:


- Շուկայական տնտեսական համակարգ ունեցող գրեթե բոլոր երկրներում պետական գնումները կազմում են բյուջետային ծախսերի շուրջ 60%-ը կամ ՀՆԱ շուրջ 15%-ը:  Նման պատկեր է նաեւ Հայաստանում: Միաժամանակ, առանձին շուկաներում պետությունը հանդիսանում է եթե ոչ ամենախոշոր պատվիրատուն, ապա դրանցից մեկը: Կարելի է արձանագրել, որ պետական գնումները ընդհանուր տնտեսական քաղաքականության մաս են կազմում, եւ պետության` որպես գնորդի վարքագիծն ուղղակիորեն է ազդում ինչպես մակրոտնտեսական իրավիճակի, այդ թվում տնտեսական աճի, այնպես էլ` տնտեսության եւ դրա առանձին ճյուղերի զարգացման ու տնտեսական մրցակցության վրա:

Պետական գնումների համակարգի գնահատման տարբեր մեթոդներ կան, եւ դրանց ընտրությունը կախված է գնահատման նպատակից: Սակայն կան մի քանի հիմնական ցուցանիշներ, որոնք նկարագրում են համակարգի արդյունավետությունը: Դրանք են` մրցակցային գնումների ծավալը, մրցույթներին տնտեսվարողների մասնակցության ցուցանիշը, բողոքների քանակը եւ այլն: Օրինակ` առանց մրցույթի կամ, այլ կերպ ասած, «մեկ աղբյուրից» կատարվող գնումների մեծ ծավալները վկայում են համակարգում կոռուպցիոն բարձր ռիսկերի եւ հովանավորչության մասին, իսկ մրցույթներին տնտեսվարողների մասնակցության ցածր ցուցանիշը վկայում է հակամրցակցային համաձայնությունների եւ մրցութային պահանջների խտրական լինելու մասին: Բողոքների բացակայությունը կամ դրանց հազվադեպ լինելը վկայում է տնտեսվարողների կողմից համակարգի նկատմամբ վստահության ցածր մակարդակի մասին: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ համակարգերը գնահատվում են արդյունավետ, եթե «մեկ աղբյուրից» գնումները չեն գերազանցում ընդհանուր գնումների 3-5%-ը, մրցույթներին տնտեսվարողների մասնակցությունը գերազանցում է 5 մասնակիցը, իսկ գնումների գործարքների 3-5%-ը բողոքարկվում է:

Հայաստանում նշված ցուցանիշները դեռեւս բարելավման կարիք ունեն, ուստի շատ կարեւոր է, որպեսզի այս բնագավառում պետական քաղաքականությունը եւ կիրառվող ընթացակարգերը հիմնված լինեն մրցակցության ապահովման եւ խտրականության բացառման սկզբունքների վրա:

- Անցյալ տարեվերջին ՀՀ ֆինանսների նախարարությունը գործարկեց  պետական գնումների էլեկտրոնային Armeps (www.armeps.am) համակարգը: Դուք հետեւու՞մ եք  համակարգի աշխատանքին:


- Էլեկտրոնային գնումների համակարգը, ինչպես եւ այլ տիպի յուրաքանչյուր տեխնոլոգիա, ինքնանպատակ չէ, եւ այն պետք է ուղղված լինի գործող համակարգերի բարելավմանը: Էլեկտրոնային համակարգը գործիք է, որը, իհարկե, ունի մեծ ներուժ բարելավելու ոլորտի գործունեությունը, բարձրացնելու հրապարակայնությունը, նվազեցնելու կոռուպցիոն ռիսկերն ու գործառնական ծախսերը, սակայն դրա արդյունքը մեծապես կախված է նրանից, թե ինչպես եւ ինչ ծավալով այդ համակարգը կկիրառվի: Օրինակ` մենք կարող ենք ունենալ շատ լավ ծրագրային ապահովում, բայց պոտենցիալ օգտվողների մի մասը կարող է  դեռ պատրաստ չլինել օգտվել նորամուծությունից, եւ դա հանգեցնի ձախողման: Նախաձեռնությունը միանշանակ ողջունելի է, բայց եւ այնպես՝ վերջնական գնահատականներ տալու համար համակարգը պետք է անցնի ժամանակի փորձություն:      

- Այսօր առաջարկ է արվում պետական գնումներ կատարելիս նախապատվությունը տալ տեղական արտադրողին. չե՞ք կարծում, որ դա ինչ-որ տեղ հակասում է ազատ մրցակցության սկզբունքներին եւ սահմանափակում է գնորդի ազատ ընտրություն կատարելու հնարավորությունը:   

- Անշուշտ, պետությունը պետք է աջակցի տեղական արտադրողին, սակայն գնումները դրա լավագույն մեխանիզմը չեն:  Համաձայնվեք, որ անձնական բնույթի գնումներ կատարելիս Դուք չեք  օգտվի ձեր հարեւանի խանութից միայն այն պատճառով, որ նա ձեր հարեւանն է: Եթե կա հարեւանին աջակցելու անկեղծ ցանկություն, ապա կգտնվեն օգնության առավել համարժեք ձեւեր:

Տեղական արտադրությանը գնումների միջոցով աջակցելու հեռանկարն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում: Կան նաեւ կազմակերպչական բնույթի խնդիրներ. որո՞նք են այն չափանիշները, որոնցով գնահատվում են արտադրանքի տեղական լինելու կամ չլինելու հարցը, եւ այլն:

Պետությունը, որպես գնորդ, պետք է ունենա մեկ նպատակ` ձեռք բերել  իր կարիքին համապատասխանող ապրանք շուկայում առկա լավագույն պայմաններով: Եթե գնման գործընթացում հայտնվում են  լրացուցիչ նպատակադրումներ, ապա պետք է հրաժարվել լավագույն պայմաններով լավագույն ապրանք ձեռք բերելու մտքից: 

Առաջարկվում է մինչեւ 15%, երբեմն նաեւ ավելի թանկ գին ներկայացվելու դեպքում նախապատվությունը տալ տեղական արտադրողին:  Ո՞վ կշահի այս դեպքում: Ոչ ոք, պարզապես գնորդը կվճարի 15% հավելյալ գումար, իսկ տեղական արտադրողը կդառնա ոչ մրցունակ, կսովորի իր ապրանքը շուկայում թանկ գնով վաճառելուն եւ չի մտածի գործունեության արդյունավետության բարձրացման մասին: 

Համոզված եմ, որ չի կարելի այս երկու նպատակները խառնել իրար` դրանցից մեկն անպայման տուժելու է: Իրարից առանձին երկուսն էլ  շատ կարեւոր նպատակներ են, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի իր լուծման մեթոդը:  

- Պ-ն Բրուտյան, խնդրում եմ, ներկայացրեք «Ինտեր Լիմենս»  ընկերության գործառույթները գնումների կազմակերպման ոլորտում:

- Մեր ընկերությունը մատուցում է մասնագիտական ծառայություններ ֆինանսական կառավարման եւ հսկողության ոլորտում՝ ռազմավարական եւ ֆինանսական պլանավորում, ներքին հսկողության համակարգեր, ներքին աուդիտ, գնումների կազմակերպում: Փորձում ենք մեր գիտելիքներով եւ փորձով բարելավել մեր հաճախորդ կազմակերպությունների գործունեությունը: Եվ պատահական չէ մեր ընկերության կարգախոսը` «յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով»:

Գտնում ենք, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ, օրինակ, դեղագործական ընկերությունը տիրապետի գնումների գործընթացի բոլոր մանրամասներին:  Ուստի եւ առաջարկում ենք նրան մեր մասնագիտական ծառայությունները՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով վերջինիս կենտրոնանալ իր հիմնական գործառույթների վրա եւ առավել պաշտպանված լինել:

Գնումների ոլորտում սպասարկում ենք պետական կառույցների, որոնք պատվիրատուի կարգավիճակով մասնակցում են գնումների գործընթացին, եւ մատակարար (վաճառող) կազմակերպությունների: Մասնավոր ընկերություններին աջակցում ենք մասնակցել պետական գնումներին, ապահովում ենք առցանց ծանուցում երկրում հայտարարվող բոլոր մրցույթների վերաբերյալ: Բացի այդ, մեր հաճախորդներին ենք առաջարկում հայտերի կազմում, ներկայացում, շահերի պաշտպանություն, անհրաժեշտության դեպքում`բողոքարկում:

- Եվ վերջում կցանկանայի լսել նաեւ Ձեր կարծիքը «Գնումների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ:


- Այս հարցում ես շահագրգիռ կողմ եմ, քանի որ նախկին աշխատանքիս բերումով շուրջ 11 տարի ղեկավարել եմ գնումների մասին ՀՀ օրենսդրության մշակման աշխատանքները մեր երկրում: Սակայն, անկախ այս հանգամանքից, կան օբյեկտիվ ցուցանիշներ, որոնցով կարելի է գնահատականներ տալ:

Գնումների մասին ՀՀ օրենսդրությունը հորինված չէ «զրոյից»` շուկայական տնտեսություններ ունեցող բոլոր երկրներում այս հարաբերությունները կարգավորվում են միանման կանոններով, որոնք հիմնված են միջազգայնորեն ընդունված նույն սկզբունքների վրա. հրապարակայնություն, թափանցիկություն, խտրականության բացակայություն եւ այլն: Բացառություն չէ նաեւ մեր օրենքը, որի միջազգային չափանիշներին համապատասխանելու լավագույն գնահատականը տրվեց այն ժամանակ, երբ Հայաստանը անդամակցեց Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրին:

ԱՊՀ երկրներից Հայաստանը առաջինը միացավ այդ համաձայնագրին եւ տեղ զբաղեցրեց այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, ԵՄ երկրները: Հայաստանը համաձայնագրին անդամակցած 42-րդ երկիրն է, ինչը վկայում է, որ օրենքի առումով մեր համակարգը համադրելի, ընդունելի եւ համեմատելի է այդ երկրների օրենքների հետ:

Այլ հարց է, որ օրենսդրությունը պետք է կիրառել ըստ էության եւ ամբողջությամբ, հակառակ դեպքում անգամ «ոսկյա» տառերով գրված օրենքներն անօգուտ են եւ ի վերջո բեռ են դառնում ողջ հասարակության ու դրանց անմիջական կիրառողների համար: Գնումների մասին մեր օրենսդրությունը ես միշտ համեմատում եմ ժամանակակից եւ բազմազան գործիքներով համալրված արհեստանոցի հետ, որտեղ շատ կարեւոր է գործիքի ճիշտ եւ տեղին ընտրությունը:

Կարեն Բրուտյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 8381
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW