Բանկային ռիթմերը՝ funk ոճով

11.05.2012 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Արմսվիսբանկ»-ի ծառայությունների առաջմղման պատասխանատու Թամարա Կոստանդյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Աշխատանքը բանկային ոլորտում միշտ  համարվել է հեղինակավոր, ընդ որում, բանկերի հետ իրենց կարիերան ձգտում են կապել անգամ այն մարդիկ, ովքեր մանկուց երազել են այլ մասնագիտության մասին, սակայն, մասնակիորեն իրագործելով իրենց երազանքը, արդյունքում գնում են աշխատելու բանկ: Թամարա, ես չէի սկսի այս խոսակցությունը, եթե չիմանայի, որ նման պատմություն նաեւ Ձեզ հետ է պատահել…
 
- Այո, իսկապես, նման իրավիճակին ես անձամբ եմ ծանոթ: Իրականում մասնագիտության փոփոխության գաղափարն ինձ մոտ վաղուց կար, երբ դեռ սովորում էի Երեւանի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի երկրորդ կուրսում: Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ես ՀՀ մշակույթի նախարարից հատուկ նախագծի իրականացման առաջարկ ստացա՝  կյանքի կոչելու կամերային երաժշտության ոլորտում «Հայաստանի երիտասարդ կոմպոզիտորների առաջին հանրապետական փառատոնը»: Ի դեպ, արդյունքում այդ նախագիծն արժանացավ մշակույթի նախարարության մրցանակին` «2008 թվականի լավագույն երաժշտական փառատոն» անվանակարգում:

Իսկ մեկ տարի անց, արդեն գործադիր տնօրենի կարգավիճակում, ես մասնակցեցի «Open Music Fest» փառատոնի անցկացմանը, որն իր մեջ տարբեր երաժշտական ուղղվածություններ էր ներառում՝ դասական երաժշտությունից մինչեւ ջազ եւ էթնիկից մինչեւ ֆոլք երաժշտություն: Փառատոնի առանձնահատկությունն այն էր, որ բոլոր 21 համերգներն անց էին կացվում բաց երկնքի տակ: 

Ճիշտն ասած, հենց այդ փառատոնն ինձ դրդեց նման արտառոց քայլի՝ ընդունվել Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետը եւ ուսանել«Մենեջմենթ» մասնագիտությունը:  

- Բայց ինչո՞ւ եկաք բանկ, չէ՞ որ Կոնսերվատորիայում  ունեցած նվաճումներից հետո Ձեզ համար բաց էին շոու-բիզնեսի բոլոր դռները, այդպես չէ՞:
 
- Կարծում եմ, բանկ ընդունվելու գաղափարը պայմանավորված էր նրանով, որ աշխատանքը բանկում որոշակի ֆինանսական կայունության հեռանակարներ էր բացում եւ, միեւնույն ժամանակ, ստեղծարարության դրսեւորման հնարավորություն ինձ համար լիովին անծանոթ ոլորտում:
 
Իսկ ինչ վերաբերում է Ձեր կարծիքին, որ «ինձ համար բաց էին շոու-բիզնեսի բոլոր դռները», ապա թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ, քանի որ իրականում երաժշտական նվաճումները միշտ չէ, որ երաշխավորում են մուտքը շոու-բիզնես…

- Ի դեպ, արդեն բանկիրի կարգավիճակում չե՞ք մտածել մշակույթի գործիչների ֆինանսավորման առավել գործուն մեխանիզմների շուրջ: Համաձայնվեք, որ դա բավականին արդիական թեմա է, առավել եւս սկսնակ տաղանդների համար:
 
- Այդ թեման, իսկապես, շատ արդիական է, եւ ես դրան ծանոթ եմ անձնապես, քանի որ տեսել եմ այն երկու կողմերից՝ եւ որպես կատարող, եւ արդեն բանկում աշխատելիս: Գրեթե յուրաքանչյուր երաժիշտ կամ նվագախումբ՝ լինի դա սկսնակ կատարող, թե արդեն հայտնի երաժիշտ, երիտասարդ նվագախումբ կամ համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ բոլորը մշտական հովանավորության եւ աջակցության կարիքն ունեն: 

Մեզ մոտ այդ մշակույթը սկսեց ձեւավորվել 90-ականների կեսին, հիմնականում՝ համերգի, առանձին համերգային շրջագայությունների,  ավելի հազվադեպ` համերգաշրջանների հովանավորության տեսքով:

Սակայն, կարծում եմ, ամեն ինչ դեռ առջեւում է, պարզապես ժամանակ է հարկավոր, եւ արդեն ոչ թե նվագախումբը բանկից գումար կխնդրի, այլ բանկի համար հեղինակավոր կլինի որպես հովանավոր հանդես գալ, օրինակ, դասական երաժշտության որեւէ փառատոնի:
 
- Կարող եմ ենթադրել, որ բանկում աշխատանքի անցած երաժիշտը ստիպված է որոշ հոգեբանական դժվարություններ հաղթահարել: Բայց եւ այնպես, բանկում Դուք արդեն 2 տարվա աշխատանքային փորձ ունեք, ինչը բավականին ժամանակահատված է, որպեսզի կարողանաք պատասխանել հետեւյալ հարցին. եթե Դուք այսօր նույն ընտրության առջեւ կանգնած լինեիք, ի՞նչ որոշում կկայացնեիք:
 
- Ոչնչի համար չեմ զղջում, ավելին` ես շատ գոհ եմ ճակատագրից, որ այդպիսի հնարավորություն ունեցա ուժերս փորձելու բանկային ոլորտում, եւ կարող եմ վստահ ասել, որ ոչինչ չէի փոխի իմ անցյալում եւ կանցնեի ճիշտ նույն ուղին: 

Ինչ վերաբերում է հոգեբանական դժվարություններին, ապա այո, ոչ միշտ է հարթ եղել, կարծում եմ, դժվարությունների հաղթահարման մեջ ինձ մի քանի հանգամանքների հարաբերակցությունն է օգնել: Դա մշտական հոգեւոր կապվածությունն է արվեստի հետ, մասնավորապես, երաժշտության, նոր բարձունքներ նվաճելու ձգտման առկայությունը եւ, իհարկե, իմ դուստրը, ով իմ ամենալավ դեղամիջոցն է բոլոր հոգեբանական դժվարությունների հաղթահարման համար: 
 
- Իսկ հնարավո՞ր է բանկային ոլորտում որեւէ կերպ օգտագործել երաժշտի մասնագիտական հմտությունները: Չէ՞ որ նման հնարավորությունը, բացի ամեն ինչից, կարող է  նաեւ հագեցնել կարոտը երաժշտական անցյալի նկատմամբ…

 
- Մասնագիտական հմտությունների առումով համոզված չեմ, սակայն կարող եմ ասել, որ կամքի ուժը, հանդիսատեսի առջեւ ճիշտ դրսեւորումը, մշտապես շարժման մեջ գտնվելու ցանկությունն ինձ ոչ միայն ուղեկցում են առօրյա կյանքում, այլեւ օգնում են հաղթահարելու այս կամ այն խնդիրները:  

- Մի պահ պատկերացրեք, որ առաջարկ եք ստացել երաժշտություն գրել բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ, ի՞նչ երաժշտական ոճի մեջ Դուք կգրեիք այն:


- Առաջինը, ինչ մտքիս է  գալիս, դա ֆանկ ոճի երաժշտությունն է: Սակայն, իրականում, կասկածում եմ, որ նման երաժշտական ժանր կա, բայց մեծ հաճույքով կստեղծեի այն: Ֆանկ ոճը գոյություն ունի: Այն յուրաքանչյուրիս մեջ է՝ գիտակցված եւ անգիտակից: Սակայն ողջ նրբությունը կայանում է նրանում , որ այն պետք է զգալ, որսալ օդում: Ֆանկ ոճը դեռեւս ոչ մի այլ հայտնի բանի նման չէ: Դա այն է, երբ դու մաշկիդ վրա զգում ես, որ.

- աշխարհը փոխվել է այնպես, ինչպես չէր փոխվել երբեւէ (ահաբեկչություն, տնտեսական ճգնաժամ, գլոբալ տաքացում);

- գիտելիքները հնանում են, երեկվա ֆանտաստիկան այսօրվա առօրյա  իրականությունն է (հիշենք Այզեկ Ազիմովի, Ստանիսլավ Լեմի պատմվածքները;  բջջային կապ, ինտերնետ, Skype, տուրիստական տիեզերագնացություններ);

- մենք փոխվում ենք (այդ ամենը պետք է գիտակցել, զգալ, որպեսզի ետ չմնալ, ընդ որում, ոչ թե ուրիշներից, այլ կյանքից);

- եւ, միեւնույն ժամանակ, վերոնշյալի առկայության դեպքում, այսօր հաջողության կարող է հասնել միայն նա, ով տարբերվում է բոլորից:

Ճիշտ այս երաժշտական ժանրում կարելի էր գրել բանկի օրհներգը…

- Թամարա, իսկ Ձեր դուստրն ունի՞ արդեն մանկական երազանքներ ապագա մասնագիտության վերաբերյալ:

- Իմ դուստրն ընդամենը 3 տարեկան է, սակայն նա արդեն հաճույքով լսում է Mezzo, Կուլտուրա հեռուստաալիքները, լիովին տարբերում է ջութակը ալտից, թավջութակը կոնտրաբասից, իսկ դիրիժորներին հպարտությամբ  անվանում է մենակատարներ, այնպես որ, կարծում եմ, երաժշտության առումով մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր նախասիրություններին, ապա նա, ինչպես եւ յուրաքանչյուր երեխա, երազում է միանգամից բոլոր մասնագիտությունների մասին՝ թե բժշկության (քանի որ շատ է սիրում  «Բժիշկ Այ-Բոլիտ»-ին ), թե բանկերի (քանի որ արդեն մի քանի անգամ այցելել է մայրիկի աշխատավայր), թե երաժշտական կարիերայի (քանի որ սիրած մուլտֆիլմը «Բրեմենյան երաժիշտներն» են), եւ անգամ մտածում է օդաչու դառնալու մասին, քանի որ առանձնահատուկ հետաքրքրություն ունի օդանավերի մասերի եւ այն  ամենի հանդեպ, ինչ կապված է թռչող սարքերի հետ::)))

Իսկ  ես, ինչպես եւ յուրաքանչյուր մայր, կցանկանայի իմ դստրիկին տեսնել երջանիկ եւ հասարակությանն օգտակար մարդ:

Թամարա Կոստանդյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 12199
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW