Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես-դպրոցի տնօրեն Արթուր Յավրույանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին- Մեկ տարի առաջ մեր գործակալության հետ հարցազրույցում Դուք հույս էիք հայտնում, որ «կգա այն ժամանակը, երբ ընկերությունների ղեկավարներն իրենց շահույթից որոշակի մաս կառանձնացնեն աշխատակիցների որակավորման բարձրացման եւ նոր կադրերի պատրաստման համար»: Ձեր լավատեսությունն արդարանո՞ւմ է: - Վերջին շրջանում հաճախ եմ հանդիպում տարբեր բիզնես ոլորտներ ներկայացնող ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպումների հիմնական նպատակն է` հասկանալ մեր բիզնես-էլիտայի հետաքրքրվածությունն իրենց կազմակերպությունների կադրային ներուժի զարգացման, կադրերի գիտելիքների մակարդակի բարձրացման նկատմամբ: Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվում կրթական հաստատություններում պատվերների տեղադրման հնարավորության քննարկմանը` լավագույն մասնագետների հետագա ընտրության նպատակով, ովքեր կկարողանան առանց հավելյալ վերապատրաստման համալրել պատվիրատու ընկերության աշխատակազմը: Տվյալ կադրերը կարող են անցնել այդ վերապատրաստումը բուհում կամ բիզնես-դպրոցում սովորելու ընթացքում: Հանդիպումների արդյունքում նկատեցի, որ ընկերությունների ղեկավարներն իրենք իսկ բավականին աղոտ պատկերացում ունեն նման կադրային ռազմավարությունների նպատակահարմարության վերաբերյալ: Հազվադեպ է հաջողվում հաճույք ստանալ բարձր մակարդակի մասնագետի հետ շփումից, ով տիրապետում է մենեջմենթի բոլոր նրբություններին: Դա հանգեցնում է մտորումների` մեր բիզնես-հանրության թոփ-մենեջերների մեծամասնության գիտելիքների որակի բարձրացման եւ բիզնեսի ղեկավարման ժամանակակից մեթոդներին տիրապետելու անհրաժեշտության վերաբերյալ: Ի զարմանս ինձ, Հայաստանում բավականին մեծ խնդիր է գտնել լոգիստիկայի ոլորտում մասնագետների, իսկ լոգիստիկայի որոշ ուղղություններով` ուղղակի անհնար է: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, եւ լոգիստիկան կարելի է դասել մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտությունների շարքին: - Անկեղծ ասած, դժվարությամբ եմ պատկերացնում Հայաստանում թոփ-մենեջերի, ով կընդունի սեփական գիտելիքների պակասը եւ պատրաստակամ կլինի լրացնել այդ բացը: - Ցավոք, «վայել է» եւ «վայել չէ» հասկացությունները մեր հասարակության մեջ ավելի ուժեղ են արմատավորվել, քան ձգտումը դեպի գիտելիքները եւ բազմագիտակ մասնագետ դառնալու ցանկությունը: «Իմ տարիքում արդեն ամոթ է սովորել» հասկացությունը վկայում է եվրոպական արժեքների եւ մտածելակերպի ուղենիշի ընտրության շտապողականության մասին: Մեր թոփ-մենեջերների «ամաչկոտությունն» ինձ ապշեցնում է: Սակայն ես լի եմ լավատեսությամբ եւ վստահ եմ, որ մոտ ժամանակներս բիզնես-հանրությունը կարթնանա, հակառակ դեպքում, դա ավելի շատ լեթարգիկ քնի կնմանվի: Համապատասխան միջավայրում նման գիտելիքների պակասի պատճառների մասին հարցը հանգեցնում է միակ տրամաբանական եզրակացության` ղեկավարների մեծամասնությունը ժամանակ չի ունեցել իր գիտելիքների մակարդակը բարձրացնելու համար: Հիմնականում դա 35-ից 50 տարեկան մարդիկ են, հետեւաբար, նրանք կրթություն են ստացել խորհրդային ժամանակաշրջանում: Խորհրդային կրթական համակարգի որակից դժգոհելու առիթ չկա: Սակայն ակնհայտ է այսօրվա եւ այն ժամանակաշրջանի օգտագործվող մեթոդիկաների անհամապատասխանությունը: Հնարավոր է, որ այսօրվա թոփ-մենեջերներից շատերը չունեն խորը գիտելիքներ տարբեր բիզնես-գործընթացներում նոր մոտեցումների վերաբերյալ հենց ազատ ժամանակի բացակայության պատճառով: «Կոմունիզմի» կառուցումից կտրուկ անցումը դեպի «կապիտալիզմի» կառուցում հնարավորություն չի տվել նրանց վերաորակավորվելու եւ բիզնեսում նոր մոտեցումները ուսումնասիրելու համար: Հետեւաբար, հարց է ծագում` հարկավո՞ր են արդյոք բիզնես-էլիտային բարձր որակավորում ունեցող կադրեր: Չե՞ն լինի նրանք ոչ ցանկալի տվյալ միջավայրում: Ստիպված չե՞ն լինի լավագույն ուղեղները մեկնել այլ երկրներ, ուր իրենց գիտելիքներն ու փորձն ավելի պահանջված են: - Եվ ինչպե՞ս ճեղքել այդ փակ օղակը: - Մենք միշտ կողմնակից ենք եղել արտասահմանցի զբոսաշրջիկներ եւ ուսանողներ Հայաստան բերելու նպատակով համապատասխան կրթաթոշակներ եւ դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունների խրախուսման մեխանիզմների ստեղծմանը: Հայաստանի նման փոքր երկրի համար արտասահմանցի ուսանողների եւ զբոսաշրջիկների առկայությունը ռազմավարական նշանակություն ունի: Դա ոչ միայն անվտանգության հավելյալ երաշխիք է, այլեւ, առաջին հերթին, ներդրումներ ներգրավելու եւ տարածաշրջանի համար հեռանկարային կարեւորություն ունեցող բիզնես-ոլորտներից քչերից մեկի` կրթական ծառայությունները զարգացնելու հնարավորություն է: Կարծում եմ, ցանկության դեպքում համապատասխան ատյանները, հիմնվելով համաշխարհային փորձի վրա, կկարողանան ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք կխթանեն ընկերություններին`իրենց աշխատակիցներին տրամադրել քվոտաներ բիզնես-կրթություն ստանալու համար:Ամենաարդյունավետ միջոցներից մեկը հավատարմագրումն է, որն այսօր շատ թույլ է կիրառվում մեր երկրում: Ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի նաեւ կրթության որակի վերահսկողությունը: Հուսանք, որ մեզ փոխարինող երիտասարդ սերունդը, ստանալով որակյալ բիզնես-կրթություն, նոր մոտեցումներ կկիրառի բիզնեսի կառավարման գործում, կհարստացնի մեր երկրի բիզնես միջավայրը նոր գաղափարներով եւ բիզնես-գործընթացների նոր տեսլականով:Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հայտնել, որ մեր Բիզնես-դպրոցը բաց է երկխոսության համար ցանկացած շահագրգիռ անձի կամ կազմակերպության հետ` Հայաստանում բիզնես-կրթության ասպարեզում կրթաթոշակների եւ դրամաշնորհների մշակույթի ներդրման հնարավորությունների, ինչպես նաեւ կազմակերպությունների կողմից համապատասխան կրթական հաստատություններում քվոտաների տրամադրման շուրջ: Մենք միշտ բաց ենք եւ ուրախ կլինենք քննարկումներ ծավալել մեր գործընկերների եւ շահագրգիռ ատյանների հետ այս եւ հարակից խնդիրների շուրջ: Մեր դպրոցը շարունակում է Հայաստանում նոր եւ հետաքրքիր կրթական ծրագրեր եւ մասնագիտացումներ ներդնել բիզնես-վարչարարության ոլորտում: Դրանց շարքում են` ձեռներեցությունը (Entrepreneurship), մարդկային ռեսուրսների կառավարումը (HRM), զբոսաշրջության կառավարումը (Tourism Management): Այդ ճանապարհին մենք ի վերջո հույս ունենք բիզնես-հանրության ուշադրությունը սեւեռել բիզնես վարչարարության մագիստրոսի (МВА) դպրոցն անցած մասնագետների քանակի ավելացման անհրաժեշտության վրա: Վստահ ենք, որ շուկայում նման մասնագետների առկայությունը կնպաստի մեր երկրի բիզնես-էլիտայի համար բիզնեսում կորպորատիվ մոտեցումները սովորական երեւույթի դարձնելու գործում: - Անցած տարի Բիզնես-դպրոցը МBA ծրագրի շրջանակներում տվեց իր առաջին շրջանավարտներին: Ինչպե՞ս դասավորվեց նրանց կարիերան: Որքանո՞վ հաջողված կարելի է համարել «Ֆինանսներ եւ բանկեր» մասնագիտացում անցած ձեր շրջանավարտների կարիերան: - Իրենք մեր առաջնեկներն էին: Անձամբ ես իրենց շատ եմ սիրում եւ երբեք չեմ մոռանա: 2011 թվականի մեր շրջանավարտները ուսանել են միաժամանակ երկու` շվեյցարական SBS Բիզնես-դպրոցի «Մարքեթինգ» եւ ՀՌՀ Բիզնես-դպրոցի «Ֆինանսներ եւ բանկեր» մասնագիտացումներով: Այդ պատճառով դժվարանում եմ առանձնացնել միայն «Ֆինանսներ եւ բանկեր» մասնագիտացմամբ շրջանավարտներին: Սակայն կարող եմ ասել, որ այդ խմբի շրջանավարտները մեզ շատ ուրախացրին իրենց հաջողություններով եւ կարիերային աճով: Բերեմ մի քանի օրինակ: Մեծ թենիսի մարզիչը մեր МВА դասընթացներն ավարտելուց հետո աշխատանքի ընդունվեց ACDI/VOCA ընկերությունում, «Sharm Holding» ընկերության բաժնի մենեջերը «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունում մարքեթինգի բաժնի ղեկավարի պաշտոն ստացավ, մեր շրջանավարտներից մեկը МВА-ի կրթության շնորհիվ ընդունվեց Գլազգոյի համալսարանի մագիստրատուրա: Ավարտական խմբերից մեկում կա ունկնդիր, ով, դեռեւս լինելով մեր համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհի, «Մոսկվիչկա» խանութների ցանցի մարքեթինգի բաժնում աշխատանք է ստացել: Նման օրինակներ կարող եմ շատ բերել, սակայն մեզ համար ավելի կարեւոր եւ թանկ են այն գիտելիքները, որոնք ուսանողները տանում են իրենց հետ մեր МВА ծրագրերն ավարտելուց հետո: Բայց եւ այնպես, կարիերայում նման փոփոխություններին հասնելու համար բավական չէ միայն МВА ծրագրին հայտ ներկայացնելը, հարկավոր է գիտելիքներ ստանալու մեծ ձգտում, ինչպես նաեւ դրանց կյանքի կոչելու տեսլական եւ հաջողության հասնելու ցանկություն ունենալ: Վստահ եմ, որ բիզնես վարչարարության մասնագետի գիտելիքներով օժտված մարդը, ով բիզնեսի կառավարման ոլորտում ստացել է մեկ ծրագրում կենտրոնացած ամբողջական փաթեթ, երբեք անգործ չի մնա: Բացի այդ, նա պարտավոր է լինել բարձր վարձատրվող աշխատակից, հակառակ դեպքում իր ստացած գիտելիքներն ընդհանրապես արժեք չեն ունենա: Բնականաբար, մենք շատ ուրախ ենք մեր ուսանողների համար եւ հպարտանում ենք իրենց հաջողություններով: Հուսով ենք, հետագայում եւս ստանալ իրենցից միայն լավ լուրեր: Գուցե ժամանակի ընթացքում նրանք նույնպես նպատակահարմար կգտնեն օգնել մեզ` Բիզնես-դպրոցի ամրապնդման գործում, այն դպրոցի, որն իրենց ընկերը դարձավ գիտելիքների մակարդակի բարձրացման եւ կարիերային աճի ասպարեզներում: Հարվարդը բիզնես-կրթության բնագավառում երբեք չէր ունենա այսօրվա կշիռը, եթե չլիներ շրջանավարտների աջակցությունը: - Որքան հայտնի է, դուք մտադրություն ունեիք համագործակցելու Գլազգոյի համալսարանի հետ: Այն արդեն իրագործվե՞լ է: - Այո: Այս տարի մենք արդեն սկսել ենք համատեղ մագիստրոսական ծրագրի համար ուսանողների հավաքագրումը: Այսօր մենք կարող ենք միայն երեք տնտեսագիտական մասնագիտացում առաջարկել, բայց հավատում ենք մեր համագործակցության հաջողությանը եւ ակնկալում ենք ընդլայնել համագործակցությունը մոտ ապագայում: Գլազգոյի համալսարանը ՀՌՀ-ի հետ պայմանագիր է ստորագրել, որի շրջանակներում մեր համալսարանի մագիստրոսները համատեղ մագիստրատուրա ընդունվելու հնարավորություն ստացան: Մեր եւ Գլազգոյի համալսարաններում համատեղ ծրագրով համապատասխան կրթական ծրագրերի փուլերն անցնելուց հետո` նրանք արդյունքում կստանան երկու դիպլոմ: - Բիզնես- կրթությանը նվիրված հարցազրույցներից մեկի ժամանակ մեր զրուցակիցը հետեւյալ արտահայտությունն արեց. «Ինձ համար սովորելը դարձել է հոբբի, ինչ-որ տեղ նաեւ` ազարտ»: Համաձայնվեք , մենք` հայերս, ազարտային մարդիկ ենք, եւ այդ առումով պետք է հուսալ, որ եթե սկսենք «խաղը», այլեւս կանգ չենք առնի: Այդպես չէ՞:- Չէի ցանկանա ուսանելը համեմատել խաղի հետ: Բայց եւ այնպես, եթե համեմատելու լինենք, ապա ուսանելը կյանքի տեւողությամբ եւ կյանքի գին ունեցող խաղ է: Քանի որ մեր ժամանակներում առանց գիտելիքների կամ անորակ կրթությամբ մարդն արդեն ի վիճակի չէ համապատասխանել շուկայի եւ գործատուների պահանջներին, ապա դա չի կարող չանդրադառնալ իր կյանքի եւ անձնական որակների վրա: Սակայն, հասկանալով ձեր միտքը, կպատասխանեմ` ոչ, կանգ չենք առնի: Կրթություն ստանալու ցանկություն, ինքնակատարելագործման հակում ունեցող եւ դրանից չամաչող մարդը չի կարող կանգ առնել: Զարգացած երկրներում «Կյանքի տեւողությամբ ուսուցում» (Lifelong learning) հասկացությունը քիչ թե շատ իրեն հարգող մարդու համար բնական գործընթաց է:Արթուր Յավրույանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 8610