ԿԲ. «Այս տարի շրջանառության մեջ կմտնեն նորացված 5 000 եւ 10 000 դրամանոցները»

27.02.2012 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՀՀ Կենտրոնական բանկի Դրամաշրջանառության կարգավորման վարչության պետ Սուրեն Սիմոնյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին եւ Banks.am պորտալին

- Սպառողներիս համար թղթադրամները եւ մետաղադրամները hանդիսանում են վճարման միջոց, սակայն մինչ այդպիսին դառնալը, վերջիններս գտնվում են մեկ այլ կարգավիճակում, անցնում են երկար եւ բարդ ճանապարհ, տրանսֆորմացվելով գաղափարից մինչեւ վերջնական «պրոդուկտի»: Որո՞նք են այդ ճանապարհի հիմնական փուլերը, ովքե՞ր են մասնակցում այդ գործընթացին եւ, ի վերջո, որտեղ՞ է արտադրվում այդ «պրոդուկտը»:

- Դուք իրավացի եք, գործընթացը իրականում բավականին երկար է ու բարդ:

Թղթադրամներ եւ մետաղադրամներ թողարկելու անհրաժեշտությունն, իրականում, «թելադրում է» դրամաշրջանառությունը։ Իսկ շրջանառության պահանջարկը ընդհանուր կանխիկ դրամի եւ առանձին յուրաքանչյուր անվանական արժեքի նկատմամբ գնահատում է Կենտրոնական բանկում գործող «ՀՀ ԿԲ պահուստների համալրման խնդիրներով զբաղվող» աշխատանքային խումբը: Հենց վերջինիս  գնահատականների հիման վրա ԿԲ խորհուրդը հաստատում է «ՀՀ ԿԲ դրամական պահուստների համալրման ծրագիրը», որում նշվում է յուրաքանչյուր անվանական արժեքի դրամանիշի թողարկման ծավալները եւ ժամկետները։

Դրամանիշերի պաշտպանական հատկանիշները որոշվում են հետեւյալ կերպ. ԿԲ Արժույթի թողարկման բաժնի փորձագետներն ուսումնասիրում են  համաշխարհային պրակտիկայում գոյություն ունեցող պաշտպանական հատկանիշները, ինչպես նաեւ հետազոտում Հայաստանում հայտնաբերված կեղծ դրամանիշերը: Այս ուսումնասիրությունները հիմք են ծառայում հայկական դրամի պաշտպանական հատկանիշների մշակման համար:

Դրամանիշերի էսքիզները եւ տեխնիկական բնութագրերը նույնպես հաստատվում են ԿԲ խորհրդի կողմից։ Ըստ  գործող կարգի, դրամանիշերի թողարկման հետ կապված բոլոր հարցերը լուծվում են մրցութային կարգով՝

ա) դրամանիշերի էսքիզների ստեղծման համար կազմակերպվում է բաց մրցույթ, որին կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ եւ ներկայացնել իր էսքիզը;

բ) դրամանիշերի թողարկման համար կազմակերպվում է փակ մրցույթ, որին կարող են մասնակցել միայն այն տպարանները, որոնք արտադրում են եվրո թղթադրամներ եւ եվրամիության անդամ-երկրների դրամահատարանները, որոնք հատում են իրենց երկրի օրինական վճարամիջոց հանդիսացող մետաղադրամները։

Բնականաբար, մեր փորձագետները պարբերաբար վերահսկում են դրամանիշերի թողարկման գործընթացը տպարանում կամ դրամահատարանում: Տպագրության ընթացքում ստուգվում են դրամանիշերի տեխնիկական բնութագրերը, տպագրության որակը։

- «Երջանկությունը փողի մեջ չէ, այլ դրա քանակի»: Վերաիմաստավորելով այս հայտնի ասացվածքը, հետաքրքիր կլինի իմանալ` ի՞նչ խմբաքանակների մասին է գնում խոսքը  յուրաքանչյուր պատվերի ժամանակ եւ ի՞նչ գործիքներ են կիրառվում վերջնական արտադրանքի անթերիությունը ապահովելու համար:

- Մեզ համար երջանկությունը ոչ թե փողի քանակի մեջ է, այլեւ դրա որակի: Դրամանիշերը թողարկվում են այնպիսի ծավալներով, որպեսզի ապահովվի առաջիկա 3 տարվա շրջանառության պահանջարկը: Ի դեպ, թողարկման քանակները գաղտնի են եւ չեն հրապարակվում:

Երբ դրամանիշները հասնում են Կենտրոնական բանկ, այստեղ ստուգում են դրանց քանակը ու որակը, իսկ շրջանառության մեջ դրամները դրվում են ստուգման դրական արդյունքների դեպքում միայն: Գործիքների առումով նշենք, որ ԿԲ փորձագետների կողմից ստուգումը իրականացվում է հաշվող-տեսակավորող համակարգերով ու հատուկ սարքավորումներով՝ մետաղադրամների համաձուլվածքի որոշման եւ թղթադրամների հատկանիշների ստուգման համար։

- Ինչի՞ց ելնելով է որոշում կայացվում փոփոխություններ կատարել թղթադրամների արտաքին տեսքում: Մասնավորապես, արդեն շրջանառության մեջ են 1000-դրամանոցների նոր նմուշները` ինչո՞վ էր դա պայմանավորված եւ նշանակու՞մ է արդյոք, որ հին նմուշի 1000-դրամանոցները աստիճանաբար դուրս կգան շրջանառությունից:


- Միանգամից նշեմ, որ նոր նմուշի թղթադրամ ներդնելիս գլխավոր դրամատունը չի  սահմանափակում հին նմուշների շրջանառությունը: Դրանք շարունակում են մնալ օրինական վճարամիջոց եւ դուրս են բերվում շրջանառությունից ըստ մաշվածության աստիճանի։

Յուրաքանչյուր դրամանիշի համար, համալրման ծրագրի հաստատումից հետո, կատարվում է առկա պաշտպանական հատկանիշների գնահատում։ Սովորաբար նոր թողարկման դեպքում ավելացվում կամ փոխարինվում է որեւէ պաշտպանական հատկանիշ՝ դրամանիշն առավել արդյունավետ դրամանենգությունից պաշտպանելու նպատակով։ Վերջին փոփոխությունները պայմանավորված էին նաեւ թղթադրամների շարքի նույնականացման անհրաժեշտությամբ, որպեսզի բոլոր թղթադրամների դիզայնը եւ պաշտպանական հատկանիշների կառուցվածքը լինի նույնը։

Այս տարի շրջանառության մեջ կմտնեն նաեւ նորացված 5 000 եւ 10 000 դրամանոցները, ինչից հետո շրջանառության մեջ գտնվող բոլոր թղթադրամները (բացառությամբ 50 000 դրամանոցի՝ այն  հոբելյանական է) կունենան նույն պաշտպանական հատկանիշները՝ տեղակայված նույն տեղում, համարակալման նույն սկզբունքը՝ 2 տառ (թղթադրամի սերիա) եւ 8 թիվ (թղթադրամի համար)։ Դա կհեշտացնի թղթադրամների ստուգման գործընթացը՝ եթե գիտեք որեւէ թղթադրամի պաշտպանական հատկանիշները, ապա կարող եք ստուգել բոլորը։ Օրինակ` բոլոր թղթադրամների վերեւի հատվածում տեղադրված Է «թափանցիկ պատկեր» պաշտպանական հատկանիշը: Այն իրենից ներկայացնում է երկու խաչվող քառակուսիներ, որոնցում տեղադրված են մանր էլեմենտներ: Լուսընդդեմ դիտելիս այդ էլեմենտները կազմում են «ՀՀ» տառերը` «Հայաստանի Հանրապետություն»:

- Հաճախ վաճառակետերում կարելի է հանդիպել իրավիճակների, երբ վաճառողը կամ գնորդը վիճարկում եմ թղթադրամների ֆիզիկական մաշվածության հարցը` ո՞րն է այն  սանդղակը, որով չափվում է վերջիններիս պիտանելիությունը:


- Նման իրավիճակներում պետք է իմանալ, որ այն դրամանիշերը, որոնք ունեն վճարունակության մարման մասին նշումներ, միտումնավոր ձեւափոխված են, ակնհայտորեն միտումնավոր հեռացված են պաշտպանական հատկանիշները, թղթադրամները՝ որոնք չեն պահպանել նախնական մակերեսի 60%-ը, մետաղադրամները՝ որոնք մասնատվել կամ ձեւափոխվել են, համարվում են անվճարունակ եւ ենթակա չեն փոխհատուցման։

Վաճառակետը նաեւ իրավունք ունի չվերցնել վնասված դրամանիշը, եթե վերջինիս վճարունակությունը կամ իսկությունը կասկած են հարուցում։ Այդ դեպքում ցանկացած քաղաքացի իրավունք ունի ներկայացնել կասկածելի դրամանիշը ցանկացած բանկ (այդ թվում նաեւ` ՀՀ կենտրոնական բանկ)՝ դրամանիշի իսկությունը եւ վճարունակությունը պարզելու համար։

Ինչ վերաբերում է աննշան վնասվածքներ ունեցող դրամանիշերին (ծակծկվածությամբ, պատռվածքներով, մաշվածությամբ, բծերով, գրառումներով, չնչին ներկոտված են, սակայն ծածկված չեն դրամանիշերի հիմնական պատկերները եւ պաշտպանական հատկանիշները, աննշան այրված են, բայց պահպանված է դրամանիշի ամբողջականությունը, մետաղադրամները, որոնք ձեւափոխված են, ծակծկված, կրել են քիմիական ազդեցություն, սակայն պահպանվել են պատկերները եւ արժենիշը արտահայտող թվերը), ապա իրավաբանական անձինք պարտավոր են դրանք ընդունելուց հետո առանձնացնել, շրջանառության մեջ բաց չթողնել եւ հանձնել իրենց սպասարկող բանկերին: Այս հարցը կարգավորվում է համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի սահմանած «ՀՀ դրամի վճարունակության հատկանիշների» որոշման դրույթներով: Նշեմ, որ ՀՀ դրամանիշերի փոխանակման կանոնները տեղադրված են ԿԲ կայքում: 

- Իսկ ինչպե՞ս վարվել առօրյա կյանքում, երբ, օրինակ, երեխան պատռտել է թղթադրամը, կամ այն անզգուշորեն  հայտնվել է լվացքի մեքենայում:

- Նման դեպքերում հարկավոր է  վնասված թղթադրամը ներկայացնել ցանկացած բանկ (այդ թվում նաեւ ՀՀ կենտրոնական բանկ)՝ դրա իսկությունը եւ վճարունակությունը պարզելու համար։ ՀՀ դրամանիշերի փորձաքննությունը եւ փոխանակումը կատարվում է անվճար։ Իսկ հետագայի համար ուղղակի պետք է հիշել, որ անհրաժեշտ է երեխաներին հնարավորինս հեռու պահել փողերից:

- Ի՞նչ անել, եթե հանկարծ պարզվի, որ  դրամապանակում հայտնվել է կեղծ դրամ:

- Բնականաբար, ահազանգել  ոստիկանություն ու լինել ավելի ուշադիր:

- Ինչպիսի՞ կիրառական նշանակություն ունեն հուշամետաղադրամները, որ դեպքերում դրանք կարող են օգտագործել որպես վճարման միջոց:

- Մինչ հարցին պատասխանելը հիշեցնեմ, որ  հուշադրամները հիմնականում թանկարժեք մետաղներից պատրաստվող դրամներ են, որոնք առանձնանում են պատրաստման բարձր որակով եւ թողարկվում են ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ  արժեքները այս կերպ հավերժացնելու, հասարակությանը ներկայացնելու եւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու համար: 

Հուշադրամները եւս ունեն անվանական արժեք, որով հանդիսանում են Կենտրոնական բանկի պարտավորությունը եւ կարող են օգտագործվել որպես վճարամիջոց: Իհարկե, դրանք որպես այդպիսին չեն օգտագործվում, քանի որ հավաքորդական առարկաներ են եւ ունեն անվանական արժեքից շատ ավելի բարձր վաճառքի գին:

- Ինչպիսի՞ն կլինի Ձեր կարծիքը, եթե համեմատելու լինենք մեր թղթե եւ մետաղադրամները հետխորհրդային երկրներում գործող նմուշների հետ:


- Կարծում, մեր դրամանիշերը չեն զիջում ԱՊՀ երկրների թողարկումներին:

Հայկական դրամանիշերը համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին,  թողարկվում են եվրոպական տպարաններում / դրամահատարաններում, որոնք ունեն մեծ փորձ տվյալ բնագավառում եւ ապահովում են բարձր որակ։ ՀՀ դրամանիշերի համար կիրառվում են առաջատար պաշտպանական հատկանիշներ եւ տեխնոլոգիաներ, ինչը ապահովում է բարձր պաշտպանվածություն դրամանենգությունից։

Ի դեպ, մեր թղթադրամները ու հուշադրամները մասնակցում են տարբեր միջազգային մրցույթներին ու պատվավոր տեղեր գրավում: Երկու տարի առաջ  100.000 դրամանոց  թղթադրամը մասնակցել է «Արտարժութային հարցերով միջազգային ասոցիացիա»-ի (International Association of Currency Affairs, IACA) կողմից կազմակերպված «Տարվա լավագույն թղթադրամը» միջազգային մրցույթին եւ արժանացել պատվավոր երկրորդ մրցանակին, ինչպես նաեւ «Թղթադրամի միջազգային հանրություն» (International Banknote Society, IBNS) կազմակերպության կողմից անցկացվող «Տարվա թղթադրամ» անվանակարգով միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը:

«Հովհաննես Այվազովսկի» արծաթե հուշադրամը «Հուշադրամների Համաստեղություն-2007» միջազգային մրցույթում արժանացել է 1-ին տեղի մրցանակին «Օրիգինալ տեխնոլոգիա» անվանակարգում։

Իսկ անցյալ տարի ՝ «Հուշադրամների համաստեղություն-2011» միջազգային մրցույթում 2010 թվականին թողարկված հուշադրամներից երեքն արժանացել են մրցանակների հետեւյալ անվանակարգերում.

-«Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ»` «Տարվա արծաթե հուշադրամ» 1-ին տեղ,
-«Ջազ»` «Հաջող գեղարվեստական լուծում» 3-րդ տեղ,
-«Լվածաղիկ Զանգեզուրի»՝ «Հուշանվերային հուշադրամ» 3-րդ տեղ։

Սուրեն Սիմոնյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 7043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW