Rietumu Բանկ. Մենք հանգիստ ենք վերաբերվում սինդիկացված վարկավորմանը

30.01.2012 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Rietumu Բանկի տարածաշրջանային մենեջեր Էլթոն Չաուսի հարցազրույցը Մեդիամաքսին եւ Banks.am պորտալին:

- Պ-ն Չաուս, Հայաստանում Rietumu Բանկը ստացել է ներկայացուցչության կարգավիճակ, ինչը, եթե ճիշտ եմ հասկանում, իրավական առումով ենթադրում է միայն գրանցում եւ չի նախատեսում լիցենզիա` բանկային գործունեություն ծավալելու համար: Այդ առումով հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս կարող է այդ կարգավիճակը անդրադառնալ Հայաստանում Ձեր հնարավոր հաճախորդների վրա, պարզ ասած` որտե՞ղ իրենք կզգան, որ սպասարկվում են ներկայացուցչությունում, այլ ոչ թե բանկում:

- Դուք ճիշտ նկատեցիք, որ ներկայացուցչությունը չունի բանկային գործունեության լիցենզիա: Կան մի շարք իրավաբանական սահմանափակումներ, սակայն շարքային հաճախորդների համար էական տարբերությունը կլինի զուտ այն, որ նրանք հնարավորություն չեն ունենա մուտք անել եւ ստանալ կանխիկ դրամական միջոցներ, ինչը կանեին դասական բանկում: 

Մյուս կողմից, դրա համար նրանք կարող են պատվիրել վճարային քարտ եւ լիարժեք օգտվել քարտային բոլոր ծառայություններից` ստանալ գումար բանկոմատներից եւ վճարել գնումների դիմաց: Իսկ գումար քարտի վրա կարելի է գցել մեր օպերատիվ գործող ինտերնետ-բանկի օգնությամբ՝ փոխանցելով միջոցներ սեփական հաշվից, ինչը թույլ կտա մուծումներ կատարել աշխարհի ցանկացած կետից:  
  
Ընդ որում, հաճախորդները ցանկացած դեպքում կստանան բարձրակարգ սպասարկում եւ պատասխաններ իրենց հուզող հարցերի շուրջ: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նրանք գոհ մնան մեզ հետ շփումից, ինչը հետագայում կբերի փոխշահավետ համագործակցության: 

- Իսկ որքանո՞վ է այդ կարգավիճակը սահմանափակում Ձեր գործողությունները, եւ գտնվու՞մ եք արդյոք այդ իմաստով հավասար մրցակցային դիրքերում հայկական բանկերի հետ: 


- Մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ մենք մանրածախ բանկ չենք եւ մասնագիտանում ենք շուկայի մեկ այլ հատվածի` խոշոր բիզնեսի եւ ունեւոր մասնավոր անձանց սպասարկման գործում: Այդ իսկ պատճառով եղած կարգավիճակը մեզ ոչ թե սահմանափակում է, այլ ավելի շուտ տարբերում` մեկ այլ դասի հաճախորդների վրա ուղղվածություն ունենալու առումով: Տվյալ համատեքստում ոչ մի նշանակություն չունի` բանկի ներկայացուցչություն է, թե լիցենզիայի հիման վրա գործող դասական բանկ:

- Վերջերս Rietumu Բանկի համասեփականատեր Արկադի Սուխարենկոն հայտարարել էր, որ Հայաստանում Rietumu-ն տեղական բանկերի հետ համատեղ կարող է մասնակցել սինդիկացված վարկավորմանը: Ռիսկային չէ՞ արդյոք կիրառել մեր շուկային ոչ բնորոշ վարկավորման մեխանիզմ: 


- Լինելով ժամանակակից եվրոպական բանկ՝ մենք չենք համարում սինդիկացված վարկը մեզ համար “ոչ բնորոշ մեխանիզմ”, այդ իսկ պատճառով բացարձակապես հանգիստ ենք վերաբերվում դրան: Այդ գործընթացում երկու (կամ ավել) բանկեր հանդես են գալիս որպես գործընկերներ (սինդիկատ), եւ մեր բանկը, ձգտելով բանակցություններում ապահովել իր համար առավել լավ պայմաններ, միաժամանակ, ապահովում է նաեւ նույն պայմանները սինդիկատի մասնակից եւ այդ շրջանակում գործընկեր հանդիսացող այլ բանկերի համար:

Այսպիսով, մեկ կողմից հանդես է գալիս նույն շահերի շուրջ միավորված գործընկեր վարկատու բանկերի խումբը, մյուս կողմից` վարկառուն:

- Իսկ ներկայացուցչությունը արդեն բա՞ց է հաճախորդների համար: Ի դեպ, քանի՞ մարդ է աշխատում ձեր գրասենյակում, նրանց թվում կա՞ն Լատվիայից գործուղված մասնագետներ:


- Ներկայացուցչությունը գործում է նոյեմբերի կեսից: Գրասենյակում միշտ տեղում է ներկայացուցչության ղեկավար Հովհաննես Գրիգորյանը, ինչպես նաեւ գրասենյակի մենեջերը: Ես հանդիսանում եմ տարածաշրջանային մենեջեր Հայաստանում եւ տարին մի քանի անգամ կանոնավոր այցելում եմ Երեւան:  

Օգտվելով առիթից՝ նշեմ, որ մեր ներկայացուցչությունը գտնվում է Վազգեն Սարգսյանի փող. 10 հասցեում գործող Piazza Grande բիզնես կենտրոնի 3-րդ հարկում եւ մեր դռները միշտ բաց են հավանական հաճախորդների հետ շփման համար:

Էլթոն Չաուսի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը

Դիտում՝ 13129
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW