Երիտասարդ Բանկիր` Միքայել Չարչյանը

23.01.2012 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2011 թվականի հուլիսին ՊրոԿրեդիտ Բանկում մեկնարկեց  «Երիտասարդ Բանկիրների» ծրագիրը: Վեց ամիս տեւողությամբ ծրագրին մասնակցեցին  մրցութային կարգով ընտրված 24 երիտասարդներ` տարբեր ԲՈՒՀ-երի տնտեսագիտական եւ տեխնիկական ֆակուլտետների շրջանավարտներ եւ մագիստրատուրայի ուսանողներ: Մի քանի ամիս անց` հոկտեմբերին, ՊրոԿրեդիտ Բանկը հայտարարեց ծրագրի արդեն 2-րդ փուլի մեկնարկի մասին: 

ՊրոԿրեդիտ Բանկի այս նախաձեռնությունը տեղ գտավ Banks.am պորտալի 2011 թվականի Top-10 բանկային իրադարձությունների շարքում, որպես «ամենակրթական բանկային ծրագիր»:

Ինչպե՞ս ընթացավ ծրագիրը, որքանո՞վ էր արդյունավետ այն մասնակիցների համար եւ, ընդհանրապես, ինչպիսի՞ն են նրանց տպավորությունները ծրագրից: Այս հարցերի պատասխանները մենք ստացանք անձամբ ծրագրի մասնակիցներից մեկից` Միքայել Չարչյանից:

Միքայելի հետ մեր ծանոթությունը սկիզբ է առել դեռեւս 2009 թվականին, երբ նա 36 ուսանողների թվում մասնակցեց Մեդիամաքսի եւ Banks.am պորտալի` ՀՀ կառավարության եւ ԿԲ-ի օժանդակությամբ կազմակերպված «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթին: Այն ժամանակ Միքայելի ներկայացրած ռեֆերատն արժանացավ 3-րդ տեղին:

Մեկ տարի անց Միքայելին եւ մրցույթի եւս 9-ը լավագույն աշխատանքների հեղինակներին Banks.am-ը առաջարկեց ներկայացնել ՀՀ տնտեսության իրավիճակի իրենց տեսլականը, նշել նախորդ տարվա ընթացքում արձանագրված դրական եւ բացասական միտումները: Մեդիամաքսի նախաձեռնությամբ ուսանողները հանդիպեցին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ներկայացրին իրենց հուզող հարցերը:

Եվ այսպես, ներկայացնում ենք Միքայել Չարչյանի տպավորությունները  ՊրոԿրեդիտ Բանկի «Երիտասարդ Բանկիրների» ծրագրի մասին առանց խմբագրման:


“Փորձելով համացանցում գտնել ինձ համապատասխանող աշխատանքի հայտարարություն` Banks.am կայքում նկատեցի ՊրոԿրեդիտ Բանկի ‹‹Երիտասարդ բանկիրներ›› ծրագրի մասին հայտարարությունը եւ միանգամից որոշեցի դիմել: Ծրագրի մասնակից դառնալու համար դիմորդները պետք է անցնեն հետեւյալ հաջորդական փուլերը` հեռախոսային հարցազրույց, տրամաբանությունը ստուգող թեստ, խմբային հարցազրույց քննարկման ձեւաչափով եւ անհատական հարցազրույց:

Այս փուլերը հաջողությամբ անցնելու համար անհրաժեշտ է անգլերենի բավարար իմացություն, շփվելու, դիմացինի կարծիքը լսելու եւ թիմային աշխատանքներին արդյունավետ մասնակցելու կարողություն եւ, ամենակարեւորը, բանկում աշխատելու մեծ ցանկություն:

Դասերն անցկացվում են աշխատանքային օրերին, ժամը 9:00-ից մինչեւ 18:00` ընդմիջվելով թիմային աշխատանքներով, հետաքրքիր քննարկումներով եւ երբեմն նույնիսկ խաղերով, ինչը շատ հաճելի է դարձնում այդ ամբողջ գործընթացը: Դասավանդումն իրականացվում է ժամանակակից մեթոդաբանությամբ, այսինքն՝ լինում են բազմաթիվ քննարկումներ, վերլուծվում են աշխատանքային պրակտիկ իրավիճակներ, դասախոսությունների ժամանակ խրախուսվում են հարցերը, եւ այլն:

Դասախոսությունները կարդում են բանկի աշխատակիցները, ովքեր բանկային ոլորտում աշխատանքի բավական մեծ փորձ ունեն եւ հիանալի տիրապետում են տեսական նյութին: ‹‹Երիտասարդ բանկիրներ›› ծրագրի հիմնական նպատակներից մեկը մասնակիցներին բանկի գործունեության տարբեր ոլորտներին ծանոթացնելն է, ինչը, ըստ իս, շատ կարեւոր է, քանի որ հնարավորություն է տալիս բանկի ապագա աշխատակիցներին ընկալելու բանկի աշխատանքային գործընթացն ամբողջությամբ:

ՊրոԿրեդիտ Բանկը չափազանց կարեւորում է այն հանգամանքը, որ իր ապագա աշխատակիցները գիտակցեն եւ աջակցեն բանկի առաքելությանը, այն է՝ նպաստել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը` միաժամանակ գործելով որպես սոցիալապես պատասխանատու բանկ: Հենց դրանով է պայմանավորված այն, որ ծրագիրը մեկնարկում է ՊրոԿրեդիտ Բանկի պատմության, նրա առաքելության եւ կորպորատիվ արժեքների ներկայացմամբ:

Ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսուցանում են մակրոտնտեսագիտության, ռիսկերի կառավարման, բանկային հաշվապահության, ֆինանսական մաթեմատիկայի, վարկավորման ու հաճախորդների հետ շփման հիմունքները եւ այլն` ընդհանուր պատկերացում ստանալով բանկի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող տարբեր ոլորտների վերաբերյալ: Բայց ամենակարեւորն այն է, որ բոլոր դասընթացները պարբերաբար ընդմիջվում են մասնաճյուղեր այցելություններով, ինչը հնարավորություն է տալիս ձեռք բերել նաեւ պրակտիկ գիտելիք: Նաեւ նշեմ, որ բոլոր քննությունները ծրագրի ընթացքում են հանձնվում:

Ի դեպ, ծրագրի մասնակիցներին բացառիկ հնարավորություն է տրվում այցելելու ՊրոԿրեդիտ Բանկի գլխամասի տարբեր բաժիններ եւ ծանոթանալու դրանց աշխատանքին: Այս ամենին զուգահեռ, ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ ծրագրի մասնակիցները վարձատրվում են:

ՊրոԿրեդիտ Բանկի համար կարեւոր չէ, թե ծրագրի մասնակիցն որ համալսարանն է ավարտել կամ Երեւանից է, թե մարզից: Կարեւորն անհատի ընդունակություններն են եւ անձնական հատկանիշները: Կոնկրետ մեր խմբի մասնակիցների մեծ մասը Երեւանից են եւ մոտակա շրջաններից, որոնք ներկայացնում են տարբեր համալսարաններ: Մասնագիտական տեսանկյունից նախապատվությունը տրվում է տնտեսագիտական եւ մաթեմատիկական ուղղվածություն ունեցող մասնագիտություններին, բայց դա չի նշանակում, որ այլ որակավորում ունեցող երիտասարդները չեն կարող դիմել ծրագրին:

Այսպիսով՝ ծրագրի տրամաբանական ավարտը եղավ այն, որ խմբում մնացած եւ քննությունները հաջողությամբ հանձնած բոլոր մասնակիցներն աշխատանքի առաջարկ ստացան Բանկի կողմից: Բացի այդ, ծրագրի երկու մասնակից մեկնեցին Գերմանիա՝ մասնակցելու ՊրոԿրեդիտ Հոլդինգի կազմակերպած սեմինարներին:

‹‹Երիտասարդ բանկիրների›› ծրագիրը տեւում է 6 ամիս, բայց ինձ համար այդ ամիսներն անցան ակնթարթի պես: Կարծում եմ, մեր խմբի մասնակիցների մեծ մասը կիսում է իմ այս կարծիքը, որովհետեւ բոլորս շրջապատված էինք այնպիսի մարդկանցով, ովքեր միշտ պատրաստ էին օգնելու, սովորեցնելու, իրենց փորձը փոխանցելու եւ խորհուրդ տալու:

Ամենակարեւորն այն է, որ ծրագրի մասնակիցները ներսից տեսնում են, թե ինչպիսի աշխատանքային պարտականություններ եւ մասնագիտական գիտելիքներ է պահանջում այս կամ այն աշխատանքը, եւ արդյոք դա այն աշխատանքն է, որը համապատասխանում է իրենց նախասիրություններին, խառնվածքին եւ մասնագիտական ունակություններին:

Մի խոսքով, կարող եմ այսպես ասել. ‹‹Երիտասարդ Բանկիրների›› ծրագիր՝ գիտելիքի, փորձի, բավական դժվար ու քրտնաջան աշխատանքի, բազմաթիվ հաճելի պահերի, արդարացված սպասումների եւ նոր ընկերների 6 ամիս”:

Դիտում՝ 13266
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW