Արտագաղթը Հայաստանի ամենացավոտ խնդիրներից է: Գործազրկությունը առավել մեծ է մարզերում, որտեղից էլ նկատվում է բնակչության հիմնական արտահոսքը: Զբաղվածության խնդրի լուծման ամենահեռանկարային ուղիներից է սեփական բիզնեսի հիմնումը: Հայաստանի «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի «Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագիրը» ստեղծվել է սկսնակ ձեռներեցներին բիզնես հիմնելու եւ միջոցներ ներգրավելու գործում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հիմնադրամի գործունեության մասին Մեդիամաքսի հետ հարցազրույցում պատմել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Տիգրան Հարությունյանը: - Ինչպիսի՞ք են ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործունեության 2010 թ. եւ 2011 թ. առաջին կիսամյակի հիմնական արդյունքները- 2010 թվականին մենք բավարարել ենք 3711 փոքր եւ միջին ձեռնարկություններից ստացված 8379 հայտեր աջակցության հետեւյալ ուղղություններով. վարկային երաշխավորությունների տրամադրում (13 գործող եւ 30 սկսնակ ձեռնարկություններին), վարկային տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում (3 հայտ), օժանդակություն սկսնակ ձեռներեցներին (130 հայտ), ապրանքների եւ ծառայությունների շուկայական առաջխաղացում (49 հայտ), նոր տեխնոլոգիաների ներդրում, բիզնես-տեղեկատվության տրամադրում (6851 հայտ), խորհրդատվություն (21 հայտ), վերապատրաստում (1266 հայտ) եւ աջակցություն Ձեռնարկությունների եվրոպական ցանցի միջոցով (Enterprise Europe Network- EEN) (16 հայտ): 2011 թվականի առաջին կիսամյակում բավարարվել է 1987 հայտ հետեւյալ հիմնական ուղղություններով. վարկային երաշխիքների տրամադրում (4 գործող, 5 սկսնակ ձեռնարկություններին), օժանդակություն սկսնակ ձեռներեցներին (57 հայտ), ապրանքների առաջմղում եւ բրենդինգ, արտահանման աջակցություն, նոր տեխնոլոգիաների ներդրում, բիզնես-տեղեկատվության տրամադրում (1906 հայտ), խորհրդատվություն, վերապատրաստում եւ աջակցություն ձեռնարկությունների Եվրոպական ցանցի միջոցով (15 հայտ): - Քանի՞ ձեռնարկություններ են ներկայումս համագործակցում հիմնադրամի հետ: Ինչպիսի՞ աջակցություն է նրանց տրամադրում հիմնադրամը եւ ի՞նչ պայմաններով: - Ներկայումս մենք համագործակցում ենք 200 ձեռնարկությունների հետ եւ գտնվում ենք աջակցության տարբեր փուլերում: Աջակցության հիմնական ուղղություններն են՝ վարկային երաշխիքների տրամադրումը, օժանդակությունը սթարթափներին (սկսնակ ընկերություններին), ապրանքների առաջմղումը եւ բրենդինգը, արտահանման աջակցությունը, տեխնոլոգիաների ներդրումը եւ այլն: - Հիմնադրամի վարկային երաշխիքները հնարավորություն են տալիս մարզի ձեռներեցներին վարկեր ստանալ գրավի բացակայության եւ ցածր իրացվելիության պայմաններում: Որքանո՞վ է տվյալ գործիքը ներկայումս արդիական: - Վարկային երաշխիքների տրամադրման մեր մեխանիզմը ներկայումս ավելի պակաս արդյունավետ է, քան այն ժամանակ, երբ նոր էինք սկսում ծրագիրը: Մեխանիզմը գործարկվել է 2004-ին, երբ մարզերի ձեռնարկությունները բանկային վարկեր ստանալու գրեթե ոչ մի հնարավորություն չունեին՝ գրավի առարկայի բացակայության կամ փաստացի թերագնահատվածության պատճառով: Այն ժամանակ մեխանիզմը բավականին գործուն էր, իսկ այժմ, երբ բանկերը մրցակցային պայքարի պայմաններում շեշտը դնում են մարզերի վրա եւ իջեցնում են տոկոսադրույքները, աճում է գրավի առարկայի փաստացի արժեքը եւ մեր վարկային երաշխիքները պակաս պահանջված են դառնում: Այսօր շուկայում դրամային բիզնես-վարկեր են տրամադրվում տարեկան 12-13% տոկոսադրույքներով: Մինչդեռ ՓՄՁ ԶԱԿ-ը երաշխավորում է վարկային պարտավորության մինչեւ 70%-ը (վարկի մայր գումարը եւ տոկոսները), որը դրամային արտահայտությամբ չպետք է գերազանցի 10 մլն դրամը: Վարկի մարման առավելագույն ժամկետը 3 տարի է, իսկ տոկոսադրույքը ֆիքսված է 15%-ի մակարդակում: Ակնհայտ է, որ այս մեխանիզմը ներկա պայմաններում մրցունակ չէ, եւ ներկայումս մենք մշակում ենք նորը. ամենայն հավանականությամբ մոտ ապագայում երաշխավորման վերին շեմը 10 մլն դրամից կհասնի 15 մլն-ի, վարկային տոկոսադրույքը լողացող կլինի, իսկ մարման ժամկետը գործող 3-ից կաճի մինչեւ 5 տարի: Դիտարկվում է նաեւ բանկերի կողմից արտոնյալ ժամկետների տրամադրման հնարավորությունը, երբ մարվում են միայն տոկոսավճարները, այլ ոչ վարկի մայր գումարը: Վարկային երաշխիքների տրամադրման մեր մեխանիզմից օգտվում են հիմնականում գյուղատնտեսական ապրանքների վերամշակողները, որոնց հետ մենք արդյունավետ համագործակցում ենք: Մենք 8 գործընկեր-բանկեր ունենք. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Ինեկոբանկը, Անելիք բանկը, Յունիբանկը, Արդշինինվեստբանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը, Հայբիզնեսբանկը եւ Արմսվիսբանկը: - Ի՞նչ կերպով է կառուցվում սթարթափների հետ ձեր համագործակցությունը:- Օգնությունը սթարթափներին մեր կարեւորագույն ուղղությունն է: Ամեն տարի երկու ամիսների ընթացքում հավաստագրված մասնագետները մեր մասնաճյուղերում սկսնակներին գործարարներին սովորեցնում են ձեռներեցության հիմունքներ: Դասընթացների մասնակիցները սովորում են, թե ինչպես ձեռնարկություն գրանցել, գրագետ բիզնես-պլան կազմել, ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, բանկերի հետ աշխատել եւ այլն: Դասընթացների վերջում, որպես, այսպես կոչված, դիպլոմային աշխատանք, մենք դիտարկում ենք մասնակիցների բիզնես-պլանները, որոնց գրեթե կեսը մեր հավանության է արժանանում: Հավանությունը ենթադրում է սկսնակներին մինչեւ 3 մլն դրամ վարկային երաշխիքների տրամադրումը, ինչը լիովին բավարար է միկրոբիզնես սկսելու համար: Եվ չնայած, որ խոսքը գնում է սկսնակների մասին, այդ միկրովարկերի վերադարձելիությունը ձգտում է 100%-ի, ինչը ռիսկերի գրագետ գնահատման արդյունք է: Սկսնակ ձեռնարկություններին աջակցության ծրագիրը իրագործվում է մեր կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հետ համատեղ: Ընթացիկ տարում ծրագրի ընդհանուր բյուջեն $320 հազար է կազմում, որում հիմնադրամի մասնաբաժինը 60% է: Ներկայումս մենք ծրագրի բյուջեի ավելացման շուրջ բանակցություններ ենք վարում UNDP-ի հետ եւ ձգտում ենք հավասար մասնակցության: - Ի՞նչ է հարկավոր մարզերի սկսնակ ձեռներեցներին՝ ձեր օժանդակությունը ստանալու համար: - Ոչինչ, բացի առողջ ցանկությունից եւ ակտիվ բիզնես-դիրքորոշումից: Մենք մասնաճյուղեր ունենք Հայաստանի բոլոր 10 մարզկենտրոններում: Մենք ուրախությամբ ընդունում ենք բոլորին, նախօրոք հայտարարում ենք ուսումնական ծրագրի մասին, որի համար կարող են գրանցվել բոլոր ցանկացողներն առանց բացառությունների: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, որպեսզի ուսումը վերաճի կոնկրետ բիզնեսի, զուգահեռաբար աշխատում են սեփական բիզնես-պլանի վրա, եւ դրանք կազմելու գործում նրանց օգնում են որակավորված մասնագետները: Բերեմ մի հաջող օրինակ` Մալիշկա գյուղում մենք վերջերս հավանության ենք արժանացրել համալսարանը նորավարտ մի աղջկա բիզնես-պլան, ով մտածել է գյուղում ինտերնետ-սրճարան բացել: Բանն այն է, որ գյուղի արական բնակչության կեսը աշխատում է արտասահմանում եւ նրանց շփումը հարազատների հետ Skype-ի միջոցով ավելի քան արդիական է սովորական հեռախոսակապի թանկ գների պայմաններում: Բիզնես-պլանով ներդրումների վերադարձելիությունն ապահովվում է 3 ամսում: Նախագիծը մեր հավանությանն է արժանացել է եւ ներկայումս իրագործվում է: Միայն ընթացիկ տարում մեր մասնաճյուղերում դասընթացներ են անցել շուրջ 100 սկսնակ ձեռներեցներ: Tweet Դիտում՝ 17222