Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի հետ քննարկում է կենտրոնացված ռեեստրավարման եւ պահառության նոր համակարգի ներդրման հարցը, որով ենթադրվում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին (ՀԿԴ) հանձնել բոլոր բաժնետիրական ընկերությունների (որոնց կողմից թողարկված արժեթղթերի ռեեստրի վարումը պետք է հանձնվի մասնագիտացված ռեեստրավարին) ռեեստրի վարումը, ինչպես նաեւ արժեթղթերի կենտրոնացված պահառության (արժեթղթերի հաշիվների վարման) գործառույթները: ԿԲ-ում նշում են, որ այդպիսի մոտեցման դեպքում կապահովվի տվյալների առավել ամբողջական եւ անվտանգ պահպանումը, ավտոմատացված կերպով մշակումը, կբարձրանա առավել օպերատիվ եւ ճշգրիտ տեղեկատվության հասանելիությունը: Նախատեսվող նոր համակարգի մասին Մեդիամաքսի եւ Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել է ՀԿԴ տնօրեն Վահան Ստեփանյանը- Ի՞նչ է իրենից ներկայացնելու արժեթղթերի ռեեստրավարման եւ պահառության նոր մոդելը: - Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի նախաձեռնությամբ նախագծվել է ՀՀ արժեթղթերի շուկայի նոր մոդել՝ հաշվի առնելով առկա խնդիրների լուծումը եւ միջազգային լավագույն փորձի ներդրումը ՀՀ-ում: Նոր մոդելը իրենից ներկայացնում է կենտրոնացված ծրագրային համակարգի առկայություն, որտեղ կիրականացվեն այն բոլոր գործառույթները, որոնք ենթադրվում եւ հասկացվում են կենտրոնացված ռեեստրավարման եւ կենտրոնացված պահառության տակ: Այսպես, նոր մոդելի կիրառման արդյունքում ռեեստրավարման եւ պահառության ծառայությունների մատուցումը կիրականանա միջնորդների միջոցով: Որպես միջնորդներ հանդես կգան ՀՀ արժեթղթերի շուկայում ներդրումային ծառայություններ մատուցող մասնագիտացված անձինք` գործելով որպես հաշվի օպերատոր (հաշվետերերին պահառության ծառայությունների մատուցման դեպքում) եւ/կամ թողարկողի օպերատոր (թողարկող ընկերություններին ռեեստրավարման ծառայությունների մատուցման դեպքում): Այսօր որպես այդպիսի միջնորդներ կարելի է դիտարկել բանկերին եւ ներդրումային ընկերություններին: Միջնորդները Դեպոզիտարիայի կետ կնքված պայմանագրի հիման վրա իրավունք կունենան ՀԿԴ-ում ներդրված՝ անվտանգության եւ արդյունավետության միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ծրագրային համակարգի միջոցով ծառայություններ մատուցել շուկայի բոլոր հաճախորդներին: - Ո՞րն է այս նոր մոդելի ներդրման նպատակը, արդյոք այն այսօր իրական պահանջարկ է վայելում:- Այս մոդելի հիմնական նպատակը ռեեստրավարման եւ պահառության ծառայությունների հասանելիության աստիճանի բարձրացումն է ինչպես սովորական ներդրողի, այնպես էլ թողարկողի համար՝ անկախ նրանից, թե որտեղ են վերջիններս գտնվում (խոսքը Հայաստանի ողջ տարածքի մասին է): Նոր մոդելի կիրառման արդյունքում ներդրողը կամ թողարկողը կարող է Դեպոզիտարիայի կողմից առաջարկվող ծառայությունները ստանալ իր բանկի կամ որեւէ ներդրումային ընկերության տարածքային մասնաճյուղի միջոցով՝ առանց լրացուցիչ ժամանակի եւ այլ ծախսերի կատարման, որոնք անհրաժեշտ էին Դեպոզիտարիա այցելելու համար: - Ինչպիսի՞ ազդեցություն կունենա նոր համակարգը շուկայի մասնակիցների վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք այլեւս փաստացի ընտրության իրավունք չեն ունենա արժեթղթերի ռեեստրի վարման հարցում:- Դիտարկելով մատուցվող ծառայությունների սակագների իջեցման փաստը, պետք է նշել, որ առաջարկվող մոդելը մրցակցություն է ստեղծում միջնորդ կազմակերպությունների միջեւ: Վերջիններս միմյանց միջեւ կսկսեն մրցակցել ոչ թե կոնկրետ ծառայություն մատուցելու ոլորտում, ինչպես հիմա է (ռեեստրավարման եւ այլն), այլ ծառայությունների փաթեթի առաջարկման ոլորտում, օրինակ՝ կորպորատիվ բանկային, ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի մասով: Այս պարագայում ներդրումների եւ հաստատուն այլ ծախսերի կատարման անհրաժեշտությունը կկենտրոնանա միայն Դեպոզիտարիայում: Միջնորդները կդառնան միայն սպասարկող օղակ եւ կարիք չեն ունենա մեծ ներդրումներ կատարելու, ինչի արդյունքում մատուցվող ծառայությունները չեն թանկանա: Նրանք հաճախորդներ կսպասարկեն՝ օգտագործելով տեղեկատվական եւ գործառնական ռիսկի տեսանկյունից ավելի պաշտպանված մեկ ընդհանուր համակարգ, այնինչ ներկայիս մոդելի դեպքում բոլորի համար հավասար պահանջներ սահմանելը կբերեր համակարգում ռիսկերը զսպելու եւ կառավարելու համար մեծ ծախսերի իրականացմանը, եւ, որպես հետեւանք, սակագների բարձրացմանը:- Կարգավորման տեսանկյունից այստեղ առավելությունները, թերեւս, ակնհայտ են, սակայն կցանկանայինք լսել ձեր մասնագիտական գնահատականը:- Կարգավորման տեսանկյունից կապահովվի տվյալների պահպանման մեկ ամբողջական, անվտանգ եւ թարմացվող համակարգի առկայությունը՝ հաշվի առնելով գործող միջազգային բարձր պահանջները: Վերջինս թույլ կտա նաեւ առավել արդյունավետ իրականացնել ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողական գործառույթը, քանի որ ամբողջական տվյալների բազան գտնվում է մեկ կառույցում, ի համեմատ գործող տարբերակի, երբ տվյալները բաշխված են տարբեր ռեեստրավարների մոտ: Կան մի շարք այլ առավելություններ, ինչպիսիք են օրինակ ճկունությունը հետագա օրենսդրական եւ տեխնոլոգիական փոփոխություններին, դրանց ադապտացման եւ կիրառման արագությունը, գործառնությունների կատարման ավտոմատացման աստիճանը եւ այլն: Tweet Դիտում՝ 11814