«Անելիք Բանկը» ներդնում է նոր մոդել, որը հնարավորություն է ընձեռում ավտոմատացնել վարկերի տրամադրման և որոշում կայացնելու գործընթացը միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորման ընթացքում: «Անելիք Բանկի» վերլուծությունների և ռիսկերի գնահատման վարչության պետ Մկրտիչ Թադևոսյանը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին տված հարցազրույցում պարզաբանել է մոդելի առանձնահատկությունները :-Որո՞նք են ներդրվող մոդելի հիմնական առավելությունները:- Մոդելը հնարավորություն է տալիս արագ և ճշգրիտ կատարել դիմորդի վարկունակության վերլուծությունը և տրամադրել պահանջվող վարկը` համապատասխան տևողությամբ, անհրաժեշտ արտոնյալ ժամկետով և առավել հարմարավետ մարման գրաֆիկով:Այս մոդելի առավելությունները կայանում են նրանում, որ վարկային մասնագետը, ստանալով տեղեկատվություն պոտենցիալ վարկառուից, մուտքագրում է ստացված ինֆորմացիան մոդելի համապատասխան դաշտերում, իսկ մոդելը ավտոմատ կատարում է անհրաժեշտ ցուցանիշների հաշվարկը, համեմատում ներդրված սահմանափակումների հետ և համապատասխան առաջարկություններ անում: Վարկային մասնագետը, հիմնվելով մոդելի կողմից տրված առաջարկների վրա, ընտրում է դրանցից ռացիոնալ տարբերակը, որի հիման վրա սահմանվում են տվյալ վարկառուի համար ամենահարմար վարկի գումարը, ժամկետը և մարման գրաֆիկը: Օգտագործելով մոդելում ներդրված պատրաստի տվյալների բազան` մուտքագրման մի մասը կատարվում է բացվող ցանկերից համապատասխան տվյալի ընտրությամբ, որը զգալիորեն կրճատում է մուտքագրման ժամանակը: Այս մոդելը կարող է հաշվի առնել նաև վարկառուի բիզնեսի սեզոնայնությունը: -Կպարզաբանե՞ք, ինչ նկատի ունեք բիզնեսի սեզոնայնություն ասելով:-Ցանկացած բիզնես ունի իր դրամային մուտքերի և ելքերի որոշ սեզոնայնություն, որը կախված է տարվա ընթացքում տվյալ արտադրանքի կամ ծառայության նկատմամբ պահանջարկի փոփոխությունից: Օրինակ` գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների համար տարվա մի քանի ամիսներին` մրգերի, բանջարեղենի մթերման ժամանակաշրջանում, պահանջվում են մեծ գումարներ, ուստի այդ ժամանակահատվածներում ցանկալի է վարկառուների համար իջեցնել վարկի մարման չափը:Իսկ այն ամիսներին, երբ վաճառքի ծավալները մեծանում են, իսկ ծախսերը նվազում, սահմանել վարկի մարման ավելի մեծ չափ: Տվյալ մոդելը հնարավորություն է տալիս հաշվի առնել նշված բոլոր գործոնները: - Իսկ կիրառվե՞լ են մինչ այժմ բանկում նմանատիպ մոդելներ:- Առ այսօր «Անելիք Բանկը» կիրառել է 7-8 նմանատիպ մոդելներ, բայց դրանք աստիճանաբար իրենց սպառել են, ինչի հիմնական պատճառ են հանդիսացել փոփոխվող ցուցանիշներն ու սահմանաչափերը, ինչպես նաև շատ այլ գործոններ: Նշված մոդելները ճկուն չեն եղել սահմանաչափերի և այլ հիմնական գործոնների փոփոխությանների նկատմամբ և դրա հետևանքով ժամանակի ընթացքում կորցրել են իրենց կիրառելիությունը և արդիականությունը: Այս նոր մոդելը հնարավորություն է ընձեռում լրացնել այդ բացը: Այն նաև թույլ է տալիս կանխատեսել ապագայի սցենարները` վատից դեպի լավ, ինչը նախկին մոդելներն իրականացնում էին մասնակիորեն: -Բացի «Անելիք Բանկից » մոդելի ստեղծմանը մասնակցե՞լ են այլ կառույցներ:-Մոդելը մշակվել է «Անելիք Բանկում», ապա քննարկվել է Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի կողմից (IFC), որը ներկայումս խորհրդատվական ծառայություններ է մատուցում մեր բանկին: Վերջինս մանրամասնորեն ուսումնասիրել և հավանության է արժանացրել այս մոդելի ներդնումը: -Ունե՞ք արդյոք ծրագրեր մոդելի հետագա զարգացման առումով:-Հետագայում մոդելը պլանավորվում է զարգացնել` ըստ բիզնես գործունեության տարբեր ոլորտների և դրանց առանձին ճյուղերի: Օրինակ` գյուղատնտեսական ոլորտում` անասնապահության, այգեգործության, էներգետիկայի ոլորտում` փոքր ՀԷԿ-երի կառուցման և վերազինման վերլուծությունների համար և այլն: Նույնիսկ հնարավոր է հաշվի առնել տարածաշրջանների առանձնահատկությունները` ըստ մարզային տարբերակման: Tweet Դիտում՝ 8258