Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես-դպրոցի տնօրեն Արթուր Յավրույանի հարցազրույցը Մեդիամաքս-ին եւ Banks.am պորտալին -Բիզնես-կրթության համաշխարհային դասակարգման մեջ ընդունված է առանձնացնել երկու հիմնական մոդել` ավանդական (գերմանական) եւ նոր (ամերիկյան): Ո՞ր մոդելն է դրվել Հայ-Ռուսական համալսարանի Բիզնես-դպրոցի հիմքում : -Խոստովանեմ, որ նման հարց ինձ առաջին անգամ են տալիս: Ուրախ եմ, որ Մեդիամաքսում տեղյակ են ոչ միայն բիզնես-կրթության մոդելների գոյության մասին, այլ նաեւ գիտեն նրանց տարբերությունները: Սակայն, որպեսզի մեր խոսակցությունը “մեր միջեւ” չստացվի, եկեք ներկայացնենք այս մոդելների տարբերությունները: Բիզնես-կրթության ավանդական (կամ գերմանական, եվրոպական) մոդելը հիմնված է ակադեմիական եւ հետբուհական կրթության խիստ սահմանազատման վրա, որտեղ բիզնես-դպրոցը հանդես է գալիս հետբուհական կրթության ուսումնական հաստատության դերում, որը ունկնդիրներին հնարավորություն է տալիս ստանալ այնպիսի գիտելիքները (այդ թվում եւ գործնական), որոնք անհրաժեշտ են բիզնես միջավայրում գործունեության համար: Նոր (կամ ամերիկյան) մոդելը հիմնված է այն փաստի վրա, որ բիզնես-դպրոցը բիզնես-կրթության կենտրոնն է, որտեղ կարելի է ընդունվել ավագ դպրոցից հետո` որպես բուհ եւ անցնել ուսուցման ամբողջական ցիկլով (բակալավրիատ, մագիստրատուրա, դոկտորանտուրա): Բիզնես-դպրոցի ամերիկյան մոդելը նաեւ հանդես է գալիս որպես նոր գաղափարների, բիզնես-կրթության նորարարական մոտեցումների, գիտական փնտրտուքների գեներատոր: Այս պահին մենք հավատարիմ ենք “ավանդական” մոդելին: Հույս ունեմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ մենք հպարտությամբ կհայտարարենք «ամերիկյան» մոդելին անցման մասին, սակայն դրա համար առաջին հերթին պետք է ունենալ բարձրակարգ գիտնականներ անհրաժեշտ ոլորտներում եւ դառնալ տարածաշրջանային նշանակության բիզնես-կրթության կենտրոն: -Որքանո՞վ են ձեր ուսումնական ծրագրերը համահունչ աշխատաշուկայի մշտապես փոփոխվող պայմաններին, ձեր կողմից անցկացվո՞ւմ է դպրոցի շրջանավարտների աշխատանքի տեղավորման մոնիթորինգ: -Դեռ վաղ է խոսել նման մոնիթորինգի մասին: Մայիսի 11-ին տեղի կունենա դիպլոմների հանձնման արարողությունը շվեյցարական SBS բիզնես դպրոցի եւ մեր МВА ծրագրի առաջին շրջանավարտներին: МВА ծրագրերով ուսուցման գործընթացում ուրախացել ենք մեր ուսանողների համար, որոնք կա\'մ չունեին աշխատանք եւ ձեռք բերեցին այն մինչ ուսուցման ավարտը, կա\'մ ավելի հետաքրքիր առաջարկներ ստացան գործատուներից:Իմ կարծիքով, մեզ հաջողվել է դպրոցի շուրջ հավաքել Հայաստանի բիզնես- կրթության ոլորտում լավագույն դասախոսական պոտենցիալը: Ի դեպ, գործատուների հետաքրքրվածությունը մեր բիզնես-դպրոցի շրջանավարտներով հիմնականում պայմանավորված է ուսուցման մեթոդիկայով, ավելի կոնկրետ, ուսուցման գործընթացում գերակայող պրակտիկ գիտելիքների առկայությամբ, որոնք ապահովում են ամենօրյա աշխատանքում կիրառվող հմտություններ: Շատ ունկնդիրներ МВА-ի նկատմամբ իրենց հետաքրքրությունն են արտահայտել առաջին հերթին ուսուցման նման մոտեցման շնորհիվ: Մենք փորձում ենք առավելագույնս հեռանալ դասավանդման “լեկցիոն” ոճից եւ առավելագույնս մոտենալ (դասընթացի 60%-ի չափով) ինտերակտիվ ուսուցմանը: Դասախոսները դասերի ժամանակ (բացառապես տեսական գիտելիքների ամուր հիմքով եւ գործնականում ոչ պակաս տպավորիչ փորձով մասնագետները) կիրառում են բիզնես-կրթության ամենահայտնի քեյսերի (cases) մեթոդը: Ունկնդիրները հաճախ մասնակցում են մոդելային խաղերի, վերլուծում են իրապես մեր կյանքում տեղ գտնող իրավիճակները եւ այլն: Մենք մշտապես նորացնում ենք դասընթացը եւ փորձում ենք անել ամեն հնարավորը, որպեսզի ծրագրերը մշտապես լավանան, դառնան ավելի հետաքրքրիր եւ արդյունավետ: -Ներկայացրեք ձեր գործընկերության հիմնական ուղղությունները Glasgow եւ Շվեյցարական SBS բիզնես դպրոցի հետ: -Գլազգոյի համալսարանի հետ մենք համաձայնագրի ստորագրման փուլում ենք, այնպես որ դեռ իրավունք չունեմ խոսել գործընկերության մասին: Կարող եմ միայն հույս հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի ամենամոտ ժամանակահատվածում եւ ըստ նախնական պայմանավորվածության` մեր ուսանողներին եւ մագիստրոսներին կառաջարկենք երկակի դիպլոմով եւ որոշ առարկաների մի մասը Հայ-Ռուսական համալսարանում, իսկ մնացած մասը` Գլազգոյում ուսուցման համատեղ նախագիծ: Շվեյցարական SBS բիզնես դպրոցը մեր պայմանագրի շրջանակներում Հայաստանին առաջարկում է կրթություն ստանալ MBA ծրագրերի “Մարքեթինգ” ու “Բանկեր եւ ֆինանսներ” մասնագիտացումներով: Ծրագրի մեջ ընդգրկված են ինչպես տեղի մասնագետները, որոնք հավատարմագրվում են շվեյցարական բիզնես-դպրոցում, այնպես էլ Շվեյցարիայից հրավիրված մասնագետներ: -Այլընտրանքային կրթական ծրագրերի քննարկման ժամանակ ծագող առաջին հարցը բնակչության սոցիալապես անապահով շերտերի վճարովի ուսուցումն է: -Թեման իսկապես շատ արդիական է եւ ցավոտ: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ կրթության համար արտասահմանում ֆինանսական օժանդակություն ստանալը ավելի հեշտ է, քան Հայաստանի տարածքում: Դա ցավալի է եւ ցույց է տալիս , որ մեր երկրի բիզնես միջավայրում զարգացած չէ կորպորատիվ մտածողությունը: Ուզում եմ լավատես լինել եւ կարծիք հայտնել, որ դեպի լավը միտում կա օտարերկրյա կապիտալով որոշ ընկերությունների օրինակի շնորհիվ: Հուսով եմ, որ դեռ կտեսնենք այնպիսի Հայաստան, որտեղ ընկերությունների ղեկավարները ուրախությամբ եկամուտներից որոշակի մաս կառանձնացնեն իրենց աշխատակիցների որակավորման բարձրացման եւ նոր կադրերի պատրաստման համար: Դրա համար էլ առաջարկում ենք MBA դասընթացները, որոնց ունկնդիրները (ընկերությունների գործող կամ ապագա ղեկավարները) ուսումնասիրում են կադրերի հետ աշխատանքի նրբությունները, ձեռք են բերում կազմակերպությունների կառավարման հմտություններ եւ ծանոթանում շատ ու շատ օգտակար գիտաճյուղերի, որոնք օգնում են գրագետ կազմակերպել սեփական բիզնեսը եւ առավելագույն արդյունավետությամբ ղեկավարել կազմակերպությունները: -Ուսումնական տարին մոտենում է իր ավարտին, ինչո՞վ էր այն ուշագրավ ձեր դպրոցի համար: -Այս տարի մենք ստորագրել ենք մի քանի պայմանագրեր եւ սեպտեմբերին նախատեսում ենք ներդնել մի քանի կրթական ծրագրեր, որոնք պետք է որ հետաքրքրեն մեր պոտենցիալ ունկնդիրներին: Պայմանագիր ենք ստորագրել տնային ծառայությունների անձնակազմի ուսուցման աշխարհի լավագույն դպրոցներից մեկի` «English Nany and Governess School»-ի հետ, որը “Դայակների ամերիկյան ասոցիացիայի” եւ “Դայակների միջազգային ասոցիացիայի” հիմնադիրներից է: Այսօր մենք ուսուցում ենք առաջարկում դայակների եւ այն աղջիկների համար, որոնք ուզում են պրոֆեսիոնալ գիտելիքներ ստանալ երեխաների խնամքի վերաբերյալ: Համոզված եմ, որ այդ գիտելիքները օգտակար կլինեն ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների համար: Հիմա ընդունում ենք հայտեր: Բաց է “Հեռուստա- եւ ռադիո հաղորդավարների” ընդունելությունը : Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեզ հաջողվել է կազմակերպել դասընթաց, որը համապատասխանում է ժամանակակից մեդիա շուկայի գործատուների պահանջներին: Հաջողվել է պայմանավորվել 6 հեռուստա- եւ 4 ռադիո ընկերությունների հետ մեր ուսանողների պրակտիկայի անցկացման համար: Ստեղծել ենք դասընթաց, որը ունկնդիրներին ապահովում է անհրաժեշտ առարկաների (հետեւաբար եւ գիտելիքների) փաթեթ հեռուստառադիոհաղորդավարների համար ամենաանհրաժեշտ ոլորտներում: Համոզված եմ, որ շուտով մենք կարող ենք ուրախանալ` տեսնելով մեր շրջանավարտներին եթերում, եւ հպարտանալ նրանց պրոֆեսիոնալիզմով: Հայաստանի հայտնի ընկերությունների համար անցկացվել են մի քանի կարճաժամկետ դասընթացներ եւ թրեյնինգներ: Նաեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի քանի արտասահմանյան ուսումնական հաստատությունների հետ Հայաստանում տարբեր կրթական ծրագրերի ներդրման համար, որոնց անհրաժեշտությունը կասկած չի հարուցում: Tweet Դիտում՝ 13856