«Կյանքի ապահովագրության կայացումը պետք է դիտարկել երկարաժամկետ հեռանկարում»

18.04.2011 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին

- Այսօր կարելի է լսել տարբեր կարծիքներ կյանքի ապահովագրության մասին, միաժամանակ, հաճախ ապահովագրական դեպքի վրա հասնելը կապվում է բացառապես ապահովադրի  մահվան հետ: Պարզաբանե\'ք, խնդրեմ, իրավիճակը:

- Անկասկած, կյանքի ապահովագրությունը գործում է նաեւ ապահովադրի մահվան դեպքում: Սակայն այդ դեպքում հատուցումը կյանքի ապահովագրության բաղադրիչներից միայն մեկն է: Կյանքի ապահովագրության երկարաժամկետ դասերի համար երկրորդ, ոչ պակաս կարեւոր տարրը կուտակային բաղադրիչն է: Ստացվում է, որ կյանքի ապահովագրությունը դիտարկվում է ոչ միայն մահվան դեպքում հատուցում ստանալու տեսանկյունից, այլեւ, միաժամանակ, ծառայում է որպես կուտակման գործիք:
 
Ի տարբերություն բանկային ավանդի, կյանքի ապահովագրության կուտակային գործիքը ավելի երկարաժամկետ ներդրում է, որպես կանոն, մինչեւ 65 տարվա հաշվարկով կոնկրետ անձի համար (միջազգային փորձում կիրառվող միջին վիճակագրական տարիքը):

Եթե, օրինակ, կոնկրետ ապահովադիրը 30 տարեկան է եւ պետք է թոշակի անցնի 65 տարեկանում, ապահովագրության հաշվարկման հիմքում դրվում է 2 դրույթ. 1) հատուցում մահվան դեպքում, եթե ապահովագրվողը չի ապրում մինչեւ 65 տարեկան հասակը, 2) կուտակված գումարի վճարում 65 տարեկանից հետո, ընդ որում, ինչպես ամսական կենսաթոշակային վճարումների տեսքով, այնպես էլ միանվագ: Այսինքն, միաժամանակ լուծվում է երկու խնդիր. կուտակելով վաղվա օրվա համար` անձն ապահովագրվում է նաեւ մինչեւ կենսաթոշակային տարիքը մահանալու դեպքում:

Դիտարկված օրինակը հիմնականում վերաբերում է զարգացած շուկաներին: Մնացած դեպքերում, մասնավորապես, հետխորհրդային որոշ երկրներում, որպես կանոն, կարելի է հանդիպել ոչ թե կուտակային, այլ` ժամկետային ապահովագրության, որն, ըստ էության, շատ նման է մահվան ելքով դժբախտ պատահարներից ապահովագրությանը: Ինչպես հայտնի է, ապահովագրության այդ տեսակը գործում է Հայաստանում եւ մտնում է ոչ կյանքի ապահովագրության խմբի մեջ:
 
Կյանքի ժամկետային ապահովագրության դեպքում ապահովադիրը կարճաժամկետ պայմանագիր է կնքում ապահովագրական ընկերության հետ, որպես կանոն, մեկ տարով եւ ստանում է ապահովագրական հատուցում, եթե մահվան դեպքը լինում է այդ ժամանակահատվածում:

Կարելի է ենթադրել, որ ձեր հարցում ներկայացված կարծիքը վերաբերում է կյանքի ժամկետային ապահովագրությանը:

- Ինչո՞ւ Հայաստանում մինչ օրս չկան կյանքի ապահովագրության ծառայություններ մատուցող ապահովագրական ընկերություններ:

- 2007թ. ապահովագրության մասին նոր օրենքի ընդունումից հետո ապահովագրական ընկերությունները հանձնեցին կյանքի ապահովագրության իրենց արտոնագրերը: Այսինքն, միեւնույն ընկերությունը չի կարող միաժամանակ տրամադրել երկու տեսակի` կյանքի եւ ոչ կյանքի ապահովագրություն:  

Այդպիսի տարանջատումն ուներ նաեւ ֆինանսական ենթատեքստ: Մասնավորապես, ոչ կյանքի ապահովագրության ոլորտում գործող ընկերությունները վարում են կարճաժամկետ ներդրումային գործունեություն (որպես կարոն, մեկ տարվա կտրվածքով), մինչդեռ կյանքի ապահովագրությամբ զբաղվող ընկերություններն իրականացնում են երկարաժամկետ ներդրումային քաղաքականություն:
 
Փաստորեն, գոյություն ունի զգալի տարբերություն կյանքի եւ ոչ կյանքի ընկերությունների ակտիվների կառավարման մեխանիզմների միջեւ: Դա ապահովագրության տեսակների տարանջատման եւ կյանքի ապահովագրության արտոնագրերի հանձնման հիմնական պատճառներից մեկն է:

Զարգացած շուկաներում կյանքի ապահովագրություն տրամադրող ընկերությունները հանդիսանում են տնտեսության խոշոր ներդրողները: Բավական է նշել, որ ԱՄՆ պարտատոմսերի շուկայի շուրջ 40%-ը ապահովում են կյանքի ապահովագրության ընկերությունները:

Բայց այսպես թե այնպես, մինչեւ Հայաստանում արտոնագրերի հանձնումը գործում էր կյանքի ապահովագրություն, որը կազմում էր մեր երկրի ապահովագրական շուկայի ծառայությունների մինչեւ 1%-ը: Հիմնականում ապահովագրության այդ տեսակից օգտվում էին կորպորատիվ հաճախորդները, իսկ ֆիզիկական անձինք կյանքի ապահովագրության պայմանագրեր էին կնքում հիփոթեքային վարկերի ձեւակերպման դեպքում (այսպես կոչված, сredit-life):

Ինչ վերաբերում է Հայաստանում կյանքի ապահովագրությամբ զբաղվող ընկերությունների հիմնադրման հեռանկարներին, ապա, ըստ իս, դեռ շատ ժամանակ կպահանջվի, մինչ շուկայում ի հայտ գա որոշակի պահանջարկ, եւ սկսվեն ներդրումները հատկապես կյանքի ապահովագրության կուտակային բաղադրիչում, որն ավելի հետաքրքրական է բիզնեսի տեսանկյունից: Դա հիմք է տալիս ենթադրել, որ կյանքի ապահովագրության շուկայի կայացումը պետք է դիտարկել երկարաժամկետ հեռանկարում: 

- Նախատեսվում է, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի բաղադրիչի ներդրման արդյունքում կենսաթոշակային ակտիվները, բացի կենսաթոշակային ֆոնդերից եւ բանկերից, կարող են կառավարել նաեւ ապահովագրական ընկերությունները: Հաշվի առնելով, որ կենսաթոշակային ապահովագրությունը մտնում է կյանքի ապահովագրության տեսակի մեջ, կցանկանայինք իմանալ` այդ ուղղությամբ տարվո՞ւմ են արդյոք նախապատրաստական աշխատանքներ:

- Ես կցանկանայի որոշակի պարզաբանում մտցնել. ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն կենսաթոշակային ակտիվները կառավարել միայն կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասով: Դա նշանակում է, որ արդեն այսօր շուկայում կարող է ի հայտ գալ ապահովագրական ընկերություն, որը կզբաղվի այդ ակտիվների կառավարմամբ: Այլ հարց է` այն պահանջարկ կունենա՞, թե ոչ:

Կարծում եմ, մինչեւ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը, որը նախատեսվում է 2014թ., կամավոր կենսաթոշակային համակարգը հազիվ թե կարողանա կայանալ: Պարզ ասած, կամավոր կենսաթոշակային կուտակային համակարգը կարող է դառնալ այլընտրանք կամ լրացում պարտադիր համակարգին: Եվ միայն պարտադիր բաղադրիչի ներդրումից հետո կարելի է ակնկալել ինչ-որ աշխուժացում կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ոլորտում: Այդ պատճառով, ըստ իս, դեռեւս վաղ է խոսել ինչ-որ նախապատրաստական աշխատանքների մասին:

- Խոսելով կյանքի ապահովագրության կուտակային ասպեկտի մասին` դուք ուշադրությունը սեւեռում եք կենսաթոշակային համակարգի վրա, բայց չէ՞ որ կան կուտակային բաղադրիչով կյանքի ապահովագրության այլ տեսակներ եւս: 

- Անկասկած, պարզապես կուտակային կենսաթոշակային ակտիվների կառավարումը կյանքի ապահովագրության ոլորտում գործող ապահովագրական ընկերությունների առավել պահանջված ապրանքատեսակն է: Համաշխարհային պրակտիկայում ապահովագրական ընկերությունները կարող են նաեւ կառավարել երեխայի կուտակային ֆոնդերը մինչեւ չափահաս դառնալը, ամուսնությունը եւ այլն:

- Սկզբում նշեցիք, որ կյանքի ժամկետային ապահովագրությունը շատ նման է դժբախտ պատահարներից ապահովագրությանը, որը ոչ կյանքի ապահովագրության տեսակ է: Այդ կապակցությամբ կցանկանայինք լսել Ձեր գնահատականը Հայաստանում այդ ապրանքատեսակի պահանջարկի վերաբերյալ:

- Կյանքի ժամկետային/կարճաժամկետ ապահովագրության դեպքում ապահովադիրը ստանում է հատուցում` անկախ նրանից, թե ինչն է մահվան պատճառ հանդիսացել` դժբախտ պատահարը, թե առողջական վիճակը: Իսկ դժբախտ պատահարներից ապահովագրության դեպքում փոխհատուցվում է բացառապես դժբախտ պատահարի արդյունք հանդիսացող մահվան դեպքը:

Հայաստանում դժբախտ պատահարներից ապահովագրություն տրամադրվում է գործող բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից: 2009թ. ապահովագրական ընկերություններն ապահովագրության այդ դասով հավաքագրել են 219.2 մլն դրամ ապահովագրավճար, իսկ 2010թ. 3 եռամսյակների տվյալներով արդեն հավաքվել է 219,5 մլն դրամ ապահովագրավճար (տարեկան տվյալները դեռ չեն հրապարակվել): Ընդհանուր առմամբ, դժբախտ պատահարներից ապահովագրությունը կազմում է ընդհանուր շուկայի շուրջ 3.5%-ը:

Կոնկրետ «Կասկադ Ինշուրանսի» մասով դժբախտ պատահարներից ապահովագրություն է տրամադրվում 324 կորպորատիվ հաճախորդների եւ ֆիզիկական անձանց, ապահովագրվածների ընդհանուր թիվը կազմում է 4 270: Մեր կողմից տրամադրվող դժբախտ պատահարներից ապահովագրության ապրանքատեսակները ծածկում են մահվան, հաշմանդամության, ինչպես նաեւ դժբախտ պատահարների արդյունք հանդիսացող մարմնական վնասների ռիսկերը:

 

Դիտում՝ 16149
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW