«Անելիք ՌՈՒ» ՍՊԸ ԱԲ վարչության նախագահ, Anelik համակարգի ղեկավար Արմեն Ղազարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալինՀոկտեմբերի 7-10-ը Երեւանում տեղի կունենա «Դրամական փոխանցումներ: Բանկային մանրածախ ծառայություններ» յոթերորդ միջազգային բաց բանկային կոնֆերանսը: «Անելիք ՌՈՒ» ՍՊԸ ԱԲ վարչության նախագահ, Anelik համակարգի ղեկավար Արմեն Ղազարյանը պատմել է առաջիկա կոնֆերանսի մասին: - «Դրամական փոխանցումներ: Բանկային մանրածախ ծառայություններ» կոնֆերանսներն անցկացվում են 2004 թվականից: Ինչո՞վ է տարբերվելու հոկտեմբերին Երեւանում կայանալիք կոնֆերանսը: Ինչպիսի՞ն է լինելու դրա կազմը, ի՞նչ թեմաներ են քննարկվելու: - Հավատացեք, ամեն տարվա մեր միջոցառումը տարբերվում է նախորդից: Չէ որ բանկային հատվածը շարժուն աշխարհ է իր փոփոխություններով եւ նոր խնդիրներով: Առավել եւս, որ վերջին 2 տարիները, մեղմ ասած, թեժ էին ինչպես վճարային համակարգերի, այնպես էլ բոլոր բանկերի համար Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում: Ինչ վերաբերում է կոնֆերանսի մասնակիցներին ու զեկուցողներին, ապա նրանք միշտ հանդիսանում են Ռուսաստանի, Հայաստանի ԿԲ ներկայացուցիչները, ԱՊՀ եւ ՌԴ բանկային ասոցիացիաների ղեկավարներն ու լավագույն բանկերի թոփ-մենեջերները: Այս տարի քննարկման առաջադրված թեմաներն են` նորարարական տեխնոլոգիաները, բանկերի համագործակցության հնարավորությունները, մանրածախ հատվածի արդիական խնդիրներն ու հարցերը, ինչպես նաեւ համաշխարհային հիմնական միտումները դրամական փոխանցումների ոլորտում: - Կարելի է ենթադրել, որ կոնֆերանսի հրատապ թեմաներից է ճգնաժամի դասերը: Կներկայացնե՞ք` ինչ դասել են քաղել ճգնաժամից ԱՊՀ երկրների դրամական փոխանցումների համակարգերը եւ, մասնավորապես, Аnelik համակարգը: - Անկասկած, այդ թեման հրատապ է: Ինչ վերաբերում է Аnelik-ին, ապա թիվ մեկ դասն է` անհրաժեշտ է միշտ մտածել հաճախորդի, նրա հնարավորությունների ու պահանջների մասին: Մենք կազմակերպել ենք բազմաթիվ ակցիաներ, իջեցրել ենք սակագները, արել ենք ամեն ինչ, որպեսզի մարդիկ դժվար ժամանակահատվածում ունակ լինեն օգնել բարեկամներին ու հարազատներին` երբեմն դա անելով ի վնաս մեզ: Հենց այդ վերաբերմունքի շնորհիվ մեր հաճախորդները հավատարիմ են մնացել համակարգի ծառայություններին: Կարծում եմ` կոնֆերանսի ընթացքում այդ թեման ակտիվ կքննարկվի: - Գնահատելով լիբանանյան Credit Bank-ի հետ համատեղ աշխատանքի առաջին տարին` «Անելիք Բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը մեզ հետ հարցազրույցում ասել էր, որ Credit Bank-ը բավական լուրջ աշխատանք է ծավալում Anelik համակարգը Մերձավոր Արեւելքի երկրներում տարածելու ուղղությամբ: Ինչպիսի՞ն են ձեր կանխատեսումները. կարելի՞ է մոտ ապագայում ակնկալել Anelik համակարգի ծավալների կտրուկ աճ: - Այդ ուղղությունը համակարգի համար առաջիկա տարվա կարեւորագույն առաջնահերթությունն է: Հուսով եմ, որ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը մեզ համար ավելի շատ հեռանկարներ կբացի շրջանառության աճի եւ նոր երկրների միացման տեսանկյունից: - Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ դրամական փոխանցումների շուկան գերհագեցած է: Համաձա՞յն եք այդ տեսակետին, եւ ինչպե՞ս կբնութագրեք մրցակցությունը բանկային գործունեության այդ ոլորտում: - Շուկան գերհագեցած է, մրցակցությունը` խստագույն: Սակայն, մյուս կողմից, հենց այդ մրցակցությունն է դրամական փոխանցումների համակարգերը դուրս բերում նոր մակարդակի: Իհարկե, երբ մենք դեռ նոր էինք սկսում մեր գործունեությունը, եւ շուկայում չկար ոչ մի մրցակից, համակարգը շեշտադրում էր դեպի Հայաստան փոխանցումները: Այսօր մենք դրամական փոխանցումներ ենք իրականացնում 90 երկրներում, եւ Հայաստանը պարզապես դրանց թվում է: - Ցանկալի է լսել Ձեր գնահատականը դրամական փոխանցումներ իրականացնելու գործընթացում ֆինանսական գործարքների անվտանգության մակարդակի վերաբերյալ: - Այսօր դա ամենաանվտանգ մանրածախ ծառայությունն է: Տեխնոլոգիաները, ծրագրային ապահովումը հասել են շատ բարձր մակարդակի: Միաժամանակ, ի տարբերություն, օրինակ, վարկավորման, ֆինանսական գործարքների ծառայությունը նման ռիսկերի ենթակա չէ: Հաճախորդը վճարում է միջնորդավճարը, ուղարկում գումարը, ստանում այն: Շղթան պարզ է: Այն հուսալի է ինչպես հաճախորդի, այնպես էլ բանկի համար: - Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է բանկային մանրածախ ծառայությունների սպասարկման որակը հետխորհրդային երկրներում, այդ ցուցանիշով ի՞նչ դիրքում է Հայաստանը: - Կախված է նևանից, թե ինչպես գնահատել: ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, փաստաթղթերի լրացման ձեւը հեշտ է, պահանջները` պարզեցված: Պարզ ասած, գումար ուղարկելը քիչ ժամանակ է զբաղեցնում եւ քաշքշուկներ չի պահանջում: Դրանում է հետխորհրդային երկրների համակարգերի առավելությունը: Արեւմուտքում դա շատ ավելի բարդ է, ունի խիստ սահմանափակումներ եւ վերահսկողություն հաճախորդի կողմից: Ինչ վերաբերում է համակարգի կամ բանկի աշխատակցի կողմից հաճախորդի նկատմամբ վերաբերմունքին, ինչպես եւ ծառայությունների ցանկացած այլ ոլորտում, հետխորհրդային տարածքում դրա հետ կապված կան լուրջ խնդիրներ: Հայաստանն, ի դեպ, առաջատարն է դրամական փոխանցումների ծառայության որակի առումով ԱՊՀ շատ երկրների համեմատ: - Անցյալ եւ նախանցյալ տարիներին «Դրամական փոխանցումներ: Բանկային մանրածախ ծառայություններ» կոնֆերանսներն անցկացվել են, համապատասխանաբար, Կիպրոսում եւ Եգիպտոսում: Ինչու՞ են ընտրվել հենց այդ երկրները: - Պատճառը ճգնաժամն է: Հայաստան գալն ու մասնակցելը, ցավոք, ավելի թանկ է: Մենք միշտ տրամադրված ենք միջոցառումները հայրենիքում անցկացնել, միայն թե հյուրանոցներն ու ինքնաթիռի տոմսերը մեկուկես անգամ թանկ են, քան Կիպրոսում կամ Եգիպտոսում: Հուսով ենք, որ այս տարի բանկերն ու դրամական համակարգերն ունեն ավելի մեծ հնարավորություններ, եւ նրանք կրկին կայցելեն Հայաստան: Առավել եւս, որ կոնֆերանսն առաջարկում է հիասքանչ մշակութային ծրագիր: Ի դեպ, հայաստանյան բանկերի համար գործում է հատուկ առաջարկ, որի մասին կարելի է իմանալ` կապ հաստատելով կոնֆերանսի կազմկոմիտեի հետ: Կոնֆերանսի ծրագրին, մասնակցության պայմաններին եւ այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ www.conf.karmentur.ru կայքում եւ +7(495) 988 44 01 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 23686