“ՈՒՎԿ-ների նվազագույն կանոնադրական կապիտալի նորմատիվի բարձրացումը պետք է աստիճանական լինի”

22.06.2010 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“ԲԼԵՍՍ” ՈՒՎԿ գլխավոր տնօրեն Հայկ Ստեփանյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Տնտեսական ճգնաժամը ուժգին հարված հասցրեց շինարարական բիզնեսին. ինչպե՞ս անդրադարձավ այս փաստը “ԲԼԵՍՍ”-ի գործունեության վրա:

- Սկսած 2008 թվականից “ԲԼԵՍՍ”-ը ակտիվ եւ շարունակական աշխատանք սկսեց երաշխիքների տրամադրման ուղղությամբ, այդ թվում` շինարարական ընկերություններին:

Ինչպես հայտնի է, շինարարական աշխատանքների ակտիվությունն էական անկում ապրեց ինչպես 2009-ին, այնպես էլ ընթացիկ տարում, սակայն չնայած դրան, այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում մեր կողմից տրամադրվել է ավելի քան 1 մլրդ դրամ գումարի երաշխիքներ: Մեծ մասամբ երաշխիքները տրամադրվել են պետական պատվերներ կատարող շինարարական ընկերություններին: Մեզ այսօր էլ դիմում են ծառայությունների այս տեսակի տրամադրման հարցով. միակ խնդիրը կայանում է նրանում, որ համաձայն հաստատված նորմատիվների, վարկային կազմակերպությունը չի կարող տրամադրել երաշխիքներ, որոնց ծավալը գերազանցում է վարկային կազմակերպության կապիտալի եռապատիկ չափը: Հաշվի առնելով այն, որ այսօր “ԲԼԵՍՍ”-ի կապիտալը կազմում է 450 մլն դրամ, մենք գրեթե մոտեցել ենք հաստատված նորմատիվային առաստաղին:

Եթե հետեւենք երաշխիքների տրամադրման դինամիկային 2008 թվականից, ապա կստանանք հետեւյալ պատկերը. 2008 թվականին տրամադրվել է 3 մլրդ դրամ գումարի երաշխիքներ, 2009 թվականին ավարտվեցին 2008թ. կնքված գործարքների մեծ մասի գործողության ժամկետները, իսկ նոր գործարքներ շատ քիչ քանակությամբ էին կնքվել, եւ ոչ այնքան ճգնաժամի, որքան այն պատճառով, որ մենք ինքներս այդքան ակտիվ չէինք այդ ուղղությամբ: Այս տարի, ինչպես արդեն նշեցի, մենք տրամադրել ենք ավելի քան 1 մլրդ դրամ գումարի երաշխիքներ:

- Ճգնաժամը խթան հանդիսացավ բիզնեսի նոր ուղղության զարգացման համար. Հայաստանում ի հայտ եկավ առաջին կոլեկտորային ընկերությունը: Ինչպիսի՞ն է իրավիճակը “խնդրահարույց” վարկերի հետ ձեր կազմակերպությունում եւ արդյոք առաջացել է կոլեկտորային ընկերությանը դիմելու անհրաժեշտություն:

- Անկասկած, մենք բախվեցինք ճգնաժամի հետեւանք դարձած “խնդրահարույց վարկերի” հետ, երբ տեղի ունեցավ շրջանառու միջոցների կտրուկ անկում, որն անհամատեղելի էր վարկառուի այսպես կոչված վարկային բեռի հետ: Եղավ մի պահ, երբ մեր “խնդրահարույց վարկերի” չափաբաժինը հասավ 8%, սակայն իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է: Ավելին, 2009 թվականի արդյունքներով, նկատելի են որոշակի դրական տեղաշարժեր: Այսպես թե այնպես, հանգստանալու եւ այդ ռիսկերը միջնաժամկետ հեռանկարում հաշվի չառնելու առիթ չկա:

Ես ողջունում եմ կոլեկտորային ընկերության մուտքը շուկա, սակայն մենք դեռեւս  երրորդ կողմին դիմելու անհրաժեշտություն չենք ունեցել:

- Դուք ունեիք ներքին շուկայից, մասնավորապես` ֆիզիկական անձանցից լրացուցիչ միջոցների ներգրավման երկարաժամկետ ծրագրեր` արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխման միջոցով: Արդյո՞ք քննարկվում է այդ ծրագրերը մոտակա հեռանկարում իրագործելու հնարավորությունը:

- Մենք դեռեւս չենք նախատեսում լրացուցիչ միջոցներ ներգրավոել ներքին շուկայից: Նախ, ճգնաժամը, որը հանգեցրեց վարկավորման պահանջարկի էական անկմանը, ինչի կապակցությամբ մեր ռեսուրսները բավարարում են առկա պահանջարկը: Երկրորդը, մենք չենք ծրագրում մտնել կարգավորողի կողմից հաստատված նորմատիվային դաշտ, համենայնդեպս, այսօր:

- Հաճախորդների սպասարկման որակն անվիճելի մրցակցային առավելություններից մեկն է: Ձեզ բավարարու՞մ  է “ԲԼԵՍՍ”-ի գործունեությունն այս հարցում: Ի դեպ, ձեր պատասխանի անկեղծությունն այսպես թե այնպես կամրագրվի Ֆինանսական հաշտարարի գրասենյակի վիճակագրությամբ:

- Մինչ օրս մեր հաճախորդներից եւ ոչ մեկը չի դիմել Ֆինանսական հաշտարարի համակարգի գրասենյակ. դա մեզ ուրախացնում է, եւ միեւնույն ժամանակ` պարտավորեցնում: Հաճախորդների գրագետ եւ որակյալ սպասարկումը սկզբունքային կարեւորության հարց է մեզ համար, առավել եւս, որ այսօր հաճախորդին դժվար է զարմացնել նոր ծառայություններով, կամ վարկավորման պայմաններով. Հավանական հաճախորդը միշտ կենտրոնացնելու է իր ուշադրությունը սպասարկման որակի վրա:

- Առաջատար թրենինգային ընկերություններից մեկն առանձնացրել է “ԲԼԵՍՍ”-ին մարդկային կապիտալում ներդրումներ իրագործող ֆինանսական հաստատությունների թվում: Կարելի՞ է արձանագրել, որ այս նախաձեռնությունում իր դերն է ունեցել ճգնաժամը:

- Եկեք ամեն ինչ չբարդենք ճգնաժամի վրա, տվյալ դեպքում այն կապ չունի, համենայնդեպս, մեր ընկերության մասով: Աշխատակիցների ուսուցումը եւ որակավորման բաձրացումը մենք դիտարկում ենք որպես անհրաժեշտ եւ շարունակական գործընթաց: Մեր ֆինանսական համակարգը ինքն է թելադրում գրագետ աշխատակիցների առկայության պահանջը, առանց նրանց հնարավոր չէ հաստավել շուկայում: Բացի այդ, ներդրումները մարդկային կապիտալում մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթային բաղկացուցիչներից է:

- Չե՞ք նախատեսում ակտիվանալ միկրովարկավորման շուկայում:

- Միկրովարկավորումը դեռեւս չի մտնում մեր բիզնեսի ռազմավարական ուղղության մեջ, ընդ որում, դրդապատճառը բավականին պրագմատիկ է: Այսօր Հայաստանում գործում են մի շարք վարկային կազմակերպություններ, որոնք մասնագիտացած են եւ բավականին հարուստ փորձ ունեն այս բնագավառում: Այդ պատճառով, միկրովարկավորումը չպետք է ինքնանպատակ դառնա մեզ համար: Միեւնույն ժամանակ, չեմ բացառում, որ երկարաժամկետ հեռանկարում մենք կարող ենք ընդգրկել այն մեր ծառայությունների ցանկում:

- Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիան (ՀՎԿԱ) պահանջ է առաջադրում վարկային կազմակերպությունների եւ բանկերի համար հավասար պայմաններ ստեղծելու վերաբերյալ: Այս կարծիքի ընդդիմախոսները, ընդունելով վարկային կազմակերպությունների իրավունքները ոտնահարող որոշ փաստարկներ, այնուամենայնիվ, ներկայացնում են հակափատարկ, ըստ որի ՈՒՎԿ-ների ռեալ տոկոսադրույքները մեծապես գերազանցում են բանկայինները:

- Ցանկացած հակափաստարկին կարելի է գտնել իր հակափաստարկը: Այսօր տրամադրվող ծառայությունների մի մասով բանկերն ազատված են ԱԱՀ վճարումից, ինչը չի կարելի ասել վարկային կազմակերպությունների մասին: Իսկ երբ բանկերը եւ վարկային կազմակերպություններն աշխատեն հավասար հարկային դաշտում, հարկային բեռը բարձր տոկոսադրույքներով փոխհատուցելու անհրաժեշտությունը կվերանա, այդպես չէ՞: Էլ չխոսենք այն մասին, որ բանկային ծառայությունների ցանկը էապես գերազանցում է վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների քանակությունը, իսկ ցանկացած լրացուցիչ ծառայություն լրացուցիչ եկամուտի աղբյուր է:

Լիովին համաձայն եմ ՀՎԿԱ-ի հետ. եթե մեզ եւ բանկերին առաջադրվում են նույն պայմանները, ապա իրավունքները նույնպես պետք է հավասար լինեն:

- Կցանկանայինք լսել ձեր կարծիքը ՈՒՎԿ-ների հիմնադիր կապիտալի նորմատիվը նվազագույնը 150 մլն դրամից մինչեւ 1 մլրդ դրամ բարձրացնելու որոշման նախագծի մասին: Գոյություն ունի՞ այս հարցի փոխզիջումային լուծում, որը կբավարարի ինչպես կարգավորողին, այնպես էլ ՈՒՎԿ-ներին: 

- Անվիճելի է այն փաստը, որ Հայաստանի վարկային կազմակերպությունների շուկան արդեն կայացել է եւ ՈՒՎԿ-ների նվազագույն կապիտալի չափը չպետք է լինի այնպիսին, ինչպիսին շուկայի կայացման փուլում էր: Միեւնույն ժամանակ, նորմատիվի բարձրացումը պետք է աստիճանական լինի: Այսօր կան կազմակերպություններ, որոնք հազիվ թե կարողանան իրենց կապիտալը հասցնել 1 մլրդ դրամի: Կարծում եմ, որ փոխզիջումային կարող է դառնալ նվազագույն հիմնադիր կապիտալի նորմատիվի բարձրացումը մինչեւ 500 մլն դրամ:

Վարկային կազմակերպությունների շուկան այսօր գտնվում է զարգացման այնպիսի փուլում, երբ նվազագույն հիմնադիր կապիտալի նորմատիվի բարձրացումը կարող է ձեռնտու լինել հենց կազմակերպություններին: Մասնավորապես, կապիտալի մեծացումը կհանգեցնի կազմակերպությունների գործունեության հնարավորությունների ընդլայնմանը, սակայն, կրկնեմ, դա պետք է աստիճանաբար տեղի ունենա:

Դիտում՝ 52494
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW