«Արտերկրում գրասենյակների բացումը թելադրված է այնտեղ մշտական հաճախորդների առկայությամբ»

19.05.2010 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը եւ Banks.am պորտալին

- 2010թ. փետրվարի 1-ից դուք գլխավորեցիք «Գրանթ Թորնթոն Ամիօն»: Նախատեսվու՞մ են արդյոք որոշակի փոփոխություններ ընկերության գործունեության մեջ ձեր՝ ընկերության ղեկավար նշանակվելուց հետո:

- Ընկերությունը հաջողությամբ գործում է Հայաստանում արդեն 10 տարուց ավել եւ մեր խնդիրն է պահպանել զարգացման բարձր տեմպերը եւ առաջնային դերը հայաստանյան աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների շուկայում:

2009-ին «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ին բաժին է ընկել աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների շուկայի շուրջ 35%-ը, 2010-ին մենք նախատեսում ենք ունենալ 1,5 մլրդ դրամի իրացում:

2010-ին որդեգրած ռազմավարության համաձայն Grant Tհornton International-ը մտադիր է պահպանել աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող աշխարհի լավագույն կազմակերպություններից մեկի իր դիրքը, ինչպես նաեւ գրանցել նոր նվաճումներ:  Grant Thornton International-ն ամենախոշորը չէ ոլորտում, բայց մեր որդեգրած մոտեցումները տարբերվում են ոլորտի շատ այլ կազմակերպությունների, մասնավորապես «Մեծ քառյակի» (PricewaterhouseCoopers, Deloitte Touche Tohmatsu, Ernst & Young եւ KPMG) աշխատաոճից. մենք մեզ դիրքավորում ենք որպես հաճախորդների սերտ գործընկեր: Մենք ավելի խորն ենք ուսումնասիրում նրանց խնդիրները եւ բավականին շատ ժամանակ ենք տրամադրում հաճախորդի կարիքների բավարարմանը:

Ի դեպ, մենք ամենախոշոր աուդիտորական եւ խորհրդատվական կազմակերպութունն ենք Հայաստանում եւ Հարավային Կովկասում:

Նշեմ, որ տարեսկզբին «Գրանթ Թորնթոն Ամիօն» գրանցեց Grant Tհornton Legal & Tax կազմակերպությունը, որը զբաղվելու է իրավաբանական, հարկային եւ հաշվապահական խորհրդատվությամբ: Այս դուստր ձեռնարկությունը ստեղծվել է իրավաբանական, հարկային եւ հաշվապահական ոլորտներում ավելի խորը բազմակողմանի մասնագիտական խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով:

- Վերջերս հայտնի դարձավ, որ «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի մեկ այլ դուստր ձեռնարկություն իր գործունեությունն է սկսել Վրաստանում: Ինչո՞վ է պայմանավորված Թբիլիսիում ներկայացուցչության բացումը:

- Վրաստանում «Գրանթ Թորնթոն Ամիօն» ծառայություններ է մատուցում 1999թ-ից: Հաշվի առնելով, որ այդ շուկայում մենք ձեռք բերեցինք մշտական հաճախորդներ, 2005թ-ին մենք որոշեցինք գրանցել Վրաստանում գրասենյակ: Այս տարի մենք ընդայնեցինք մեր գործունեության շրջանակները Վրաստանում եւ մուտք գործեցինք զարգացման մեկ այլ փուլ՝ նոր գրասենյակով, նոր ղեկավար կազմով եւ ընդլայնված թիմով: 

Վրաստանում մեր մշտական հաճախորդներից են «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ Վրաստանը», «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը» (USAID), ՄԱԿ-ի եւ Համաշխարհային բանկի վրաստանյան գրասենյակները, «Վրացական երկաթուղիները», Վրաստանի տեղական ինքնակառավարման զարգացման  հիմնադրամը, Georgian Wines and Spirits եւ Castel Sakartvelo ընկերությունները:

Այսպիսով, Վրաստանի գրասենյակն առաջինն է, որը համարվում է հայկականի դուստր ձեռնարկությունը արտերկրում: Վրաստանից բացի մենք մեծ եռանդով աշխատում ենք նաեւ Տաջիկստանում եւ Ղրղզստանում: Այժմ պատրաստում ենք բիզնես-նախագիծ՝ նշված երկու երկրներում եւս դուստր ձեռնարկություններ բացելու ուղղությամբ:

Արտերկրում սեփական գրասենյակների միջոցով աշխատելու որոշումը թելադրված է այնտեղ մշտական հաճախորդներ ունենալու հանգամանքով. Տաջիկստանում մենք սպասարկում ենք մի շարք բանկեր եւ այլ կազմակերպություններ, իսկ Ղրղզստանում անցած տարի անցկացրեցինք այդ երկրի Կենտրոնական բանկի աուդիտը, այս տարի եւս մասնակցում ենք տենդերին: Ծառայությունների շուկան տեղում զարգացնելու համար անհրաժեշտ է տեղական անձնակազմ եւ տեղական բաժնետերեր:

- Որքանո՞վ են ինտեգրված լինելու «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի Երեւանյան գրասենյակի եւ արտերկրում գործող դուստր ձեռնարկությունների աշխատանքները:

- Սկզբնական շրջանում կառավարումն ամբողջովին իրականացվելու է մեր կողմից, այնուհետեւ հետզհետե մեր մասնակցությունը պակասելու է՝ տեղական աշխատակիցների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների աճին զուգընթաց:

- «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխությունների համաձայն, այս տարի 2009-ի արդյուքներով պարտադիր աուդիտ պետք է անցնեն 1 մլրդ դրամ եւ ավելի հասույթ ունեցող ընկերությունները: Որքանո՞վ է սրվել մրցակցությունը աուդիտի շուկայում օրենսդրական փոփոխությունների արդյունքում:

- Նախ նշեմ, որ այս օրենսդրական փոփոխությունը տեղին էր, քանի որ այն նպաստում է ստվերի կրճատմանը: Դրա հետ մեկտեղ բարձրանում է աուդիտորական կազմակերպությունների դերը եւ նրանց առջեւ դրվող աշխատանքների ծավալը:

Խիստ կարեւորություն է ստանում աուդիտի որակը, քանի որ նշված օրենսդրական փոփոխությունն անիմաստ կլինի, եթե 1 մլրդ դրամից ավել հասույթով ընկերություններն աուդիտ անցկացնելու համար դիմեն ինչ-որ անբավարար փորձ եւ ռեսուրսներ ունեցող անհատ աուդիտորի կամ «մեկօրյա» կազմակերպության, որը շատ հնարավոր է, բացվել է կոնկրետ այդ ընկերությանը սպասարկելու համար: Կարծում եմ, կառավարությունը գիտակցում է դա եւ քայլեր է ձեռնարկում աուդիտորական դաշտի մաքրման ուղղությամբ:

- Կա՞ն արդյոք արդյունքներ աուդիտորական դաշտը «մաքրելու» գործում:

- Տարեսկզբից հետ են կանչվել 11-12 աուդիտորական լիցենզիաներ, բայց միեւնույն ժամանակ գրանցվել են 15 նոր աուդիտորական կազմակերպություններ: Այս հարցը օպերատիվ քայլեր է պահանջում է ֆինանսների նախարարության կողմից:

Աուդիտորական կազմակերպություններից էլ պահանջվում է ուժերի մոբիլիզացում, քանի որ սեղմ ժամկետներում անհրաժեշտ է հասցնել կատարել բավականին մեծածավալ աշխատանք:

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում մի քանիսով աճել է նաեւ մեր հաճախորդները թիվը, ինչպես նաեւ պահպանվել է մեր մշտական հաճախորդների բանակը: Մենք եւս ներկայումս աշխատում ենք ռեսուրսների ընդլայնման ուղղությամբ:

- Հաջորդ տարի 2010-ի արդյունքներով աուդիտ են անցնելու արդեն ոչ միայն 1 մլրդ հասույթ, այլ նաեւ նույնչափ ակտիվներ ունեցող ընկերությունները, որոնց թվում կան այնպիսիք, որոնք գրեթե չեն գործում: Ի՞նչ քայլերի պետք է դիմեն նման ակտիվների վրա «նստած» եւ չաշխատող ընկերությունները:  

- Իրոք, կան շատ կազմակերպություններ, որոնք ունեն բավականին թանկարժեք գույք եւ սառեցրել են այն՝ դրանով վնաս պատճառելով երկրին: Եթե այս ձեռնարկությունները մտադիր են շարունակել իրենց գոյությունը, ապա պետք է մշակեն բիզնես-նախագծեր եւ ներգրավեն ֆինանսական ռեսուրսներ:

- «Գրանթ Թորնթոն Ամիօն» կանխատեսում էր, որ Հայաստանի բանկային համակարգում տեղի են ունենալու միաձուլումներ: Առաջին նման գործարքն արդեն կայացավ, կարելի՞ է արդյոք ակնկալել, որ այս գործընթացը կշարունակվի:

- «Ամերիաբանկի» եւ «Կասկադ բանկի» միաձուլումը մեծ եւ նշանակալից գործարք էր Հայաստանի համար: Միաձուլումները շարունակվելու են, բայց պետք է հաշվի առնել, որ դա բավականին դժվարին գործընթաց է: Ցանկացած միաձուլում՝ տարբեր բիզնես-մշակույթների «ամուսնություն» է, եւ այստեղ շատ կարեւոր է միաձուլվող ընկերությունների միջեւ փոխվստահությունը: Կոնսոլիդացումը ցանկացած ոլորտում բերում է տնտեսության տվյալ ճյուղի ավելի արագ աճին եւ ծախսերի օպտիմալացմանը:     

Դիտում՝ 18622
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW