«Խոսքը 8-ից 10 մլրդ դրամ լրացուցիչ շրջանառության մասին է»

05.05.2010 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրեն Գառնիկ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալության ու Banks.am պորտալին

- Կարելի՞ է փոփոխություններ ակնկալել «Կասկադ Ինշուրանսի» աշխատանքում «Ամերիաբանկի» եւ «Կասկադ Բանկի» միաձուլումից հետո:

- Այդ իրադարձությունը մեր ընկերության գործունեության վրա ուղղակի ազդեցություն չի ունեցել: Իհարկե, «Ամերիաբանկի» եւ «Կասկադ Բանկի» միաձուլումից հետո տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ «Կասկադ Կապիտալ Հոլդինգս»-ում: «Կասկադ Բանկն» արդեն չի հանդիսանում ֆինանսական հոլդինգի մասը, ինչը, բնականաբար, հանգեցրել է հոլդինգի ռազմավարության փոփոխմանը:

Այսօր մենք ունենք այլ իրականություն, ինչը, իր հերթին, կհանգեցնի «Կասկադ Ինշուրանսի» ռազմավարության փոփոխմանը այնքանով, որքանով կփոխվի ողջ հոլդինգի ռազմավարությունը:

Կրկնում եմ, մեր ընկերությունն ուղղակիորեն մասնակից չի եղել միաձուլման գործարքին, եւ այդ համատեքստում պետք է հաշվի առնել, որ բացի «Կասկադ Կապիտալ Հոլդինգս»-ից (65%), մեր բաժնետերն է նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (35%):

- Անցյալ տարեվերջին «Կասկադ Ինշուրանսի» բաժնետերերը համալրեցին ընկերության կանոնադրական կապիտալը: Ի՞նչ նպատակների են ուղղվելու միջոցները:

- Ընկերության կանոնադրական կապիտալը համալրվել է շուրջ 600 մլն դրամով` կազմելով 1 մլրդ 187 մլն դրամ: Ի սկզբանե կանոնադրական կապիտալի համալրումը կապված էր օրենսդրական պահանջների հետ, որոնց համաձայն, այս տարվա հունվարի 1-ից հայաստանյան ապահովագրական ընկերությունների կապիտալը չպետք է պակաս լինի 1 մլրդ դրամից:

Համալրված միջոցներն առաջին հերթին հնարավորություն են ընձեռում վերանայել սեփական պահումների եւ վերաապահովագրության ռազմավարությունները: Դա դրականորեն կանդրադառնա ընկերության ներդրումային գործունեության վրա, քանի որ ինչքան մեծ է սեփական պահումների ծավալը, այնքան շատ են ընկերության պահուստները: Սեփական պահումներ ասելով պետք է հասկանալ ռիսկի այն մասը, որը կառավարվում է ընկերության կողմից եւ չի փոխանցվում վերաապահովագրության:
 
Ինչպես հայտնի է, ապահովագրական գործում գոյություն ունեն երկու հիմնական ուղղություններ` զուտ ապահովագրական եւ ներդրումային գործունեություն:

Համալրված կապիտալը, նախեւառաջ, կուղղվի ներդրումային գործիքներին` պետական կամ կորպորատիվ պարտատոմսեր, բանկային դեպոզիտներ եւ այլն:

Փաստորեն, կապիտալի աճին զուգընթաց ձեւավորվում են լրացուցիչ ռեսուրսներ, որոնք անուղղակի ազդեցություն կունենան ընդհանուր առմամբ տնտեսական աշխուժացման վրա:

Բացի այդ, ներգրավված միջոցները կօգտագործվեն պարտադիր ապահովագրության նախապատրաստման գործընթացում: Դրանք ներդրումներ են տարբեր կարգի ենթակառուցվածքներում, մարդկային կապիտալում եւ այլն:
 

-  Ինչպիսի՞ն են Կոտայքի մարզում միկրոապահովագրության մոդելի ներդրման փորձնական ծրագրի իրականացման արդյունքները, նախատեսվու՞մ է արդյոք այդ ծրագրի շարունակությունը այլ մարզերում:

- Փորձնական ծրագիրը, հանդիսանալով նորարարություն երկրի ապահովագրական շուկայում, բավականին հետաքրքիր է անցել: Սակայն պետք է նշեմ, որ տեղի է ունեցել որոշակի «սառեցում» այդ ծրագրի իրականացման մեջ այն առումով, որ միկրոապահովագրությունը ենթադրում է որոշակի նախադրյալներ, այդ թվում, ապահովագրական պոլիսների վաճառքի արդյունավետ ուղիների ապահովում եւ դրանց հետագա սպասարկում: Այդ ուղղությամբ մենք բավական հաջող համագործակցություն ենք հաստատել «Արեգակ» ՈՒՎԿ-ի հետ, սակայն փորձնական ծրագրի վերլուծության արդյունքում ինչպես մեզ, այնպես էլ մեր գործընկերներին պարզ դարձավ, որ մենք մի փոքր արագացնում ենք իրադարձությունները, եւ որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի շուկան պատրաստ լինի այդ տիպի ապահովագրական ապրանքատեսակին:

Ծրագրի իրականացման ընթացքում մենք բախվել ենք երկու խնդրի. նախ, ապահովագրական մշակույթի բացակայությունը, եւ երկրորդ` ապահովագրական ընկերությունների վերաբերյալ կարծրատիպերը: Այդ կապակցությամբ որոշում է կայացվել սառեցնել ծրագրի իրականացումն այս փուլում, սակայն մենք շարունակում ենք վերլուծել իրադրությունը, որպեսզի հասկանանք, թե հետագայում ինչ փոփոխություններ պետք է կատարենք ինչպես անմիջապես ապրանքատեսակի, այնպես էլ վաճառքի ուղիների ու սպասարկման առումով: Մենք միանշանակ նախատեսում ենք շարունակել այդ ծրագիրը` միաժամանակ գիտակցելով, որ պարտադիր ապահովագրության ներդրմանը զուգահեռ` կբախվենք անհրաժեշտ ռեսուրսի ապահովման որոշակի խնդիրների: Եթե ապահովագրական շուկային հաջողվի ապահովել պարտադիր ապահովագրության գրագետ մեկնարկը, դա կդառնա յուրօրինակ լոկոմոտիվ միկրոապահովագրության ոլորտի զարգացման համար: Մենք դրական ենք գնահատում միկրոապահովագրության հեռանկարը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում:

- Ընկերության ծառայությունների շարքում հատուկ տեղ է հատկացվում բժշկական ապահովագրությանը: Դուք նույնիսկ գործարկել եք «թեժ գիծ» բժշկական ապահովագրության մասով: Ներգրավված ապահովագրական վճարների եւ վճարված հատուցումների ո՞ր մասն է բաժին ընկնում բժշկական ապահովագրությանը:

- Կարեւոր դեր հատկացնելով բժշկական ապահովագրությանը, այնուամենայնիվ, ընկերությունը ծավալում է դիվերսիֆիկացված գործունեություն, եւ բժշկական ապահովագրության մասնաբաժինը համադրելի է ավտոմեքենաների եւ գույքի ապահովագրությանը:

2005 թվականից սկսած` մենք հաջողությամբ ներդրեցինք եւ ընդլայնեցինք բժշկական ապահովագրության, այդ թվում նաեւ դժբախտ պատահարներից ապահովագրման ոլորտը: 2009թ. արդյունքներով մենք հանդիսանում ենք այդ ոլորտի առաջատարը եւ ունենալով ամենամեծ հաճախորդային բազան` մեր ենթակառույցները կարելի է անվանել ամենազարգացածները: Կցանկանայի հատկապես նշել այն հանգամանքը, որ ընկերությունն իր հաճախորդներին տրամադրում է այլընտրանքային բժշկական հաստատությունների ընտրության բավականին լայն հնարավորություններ` դրանով իսկ բացառելով փոխկապակցված բժշկական կազմակերպությունների հետ աշխատանքի հնարավորությունը:

Բացի այդ, մենք ներդրել ենք ուղղակի վճարումների համակարգ, որի շնորհիվ հաճախորդն այս կամ այն բուժհաստատությունն ընտրելուց հետո ազատվում է վճարումներից ու փաստաթղթային քաշքշուկից. այդ ընթացակարգերի կատարումը ստանձնում է «Կասկադ Ինշուրանսը»: Այսպիսի նորարարությունների շնորհիվ մենք համագործակցություն ենք ապահովել 50 կորպորատիվ հաճախորդների հետ:

- Ինչպիսի՞ք են «Կասկադ Ինշուրանսի» ակնկալիքները ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության ներդրման կապակցությամբ:

- Մենք բավականին լավատեսորեն ենք տրամադրված եւ կարծում ենք, որ տրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո ապահովագրական շուկայի պոտենցիալ ծավալը կավելանա շուրջ 2 անգամ, նախնական գնահատականներով, խոսքը 8-10 մլրդ դրամի լրացուցիչ շրջանառության մասին է: Այդ հանգամանքը լավ խթան է հայաստանյան ապահովագրական շուկայի ծավալները ԱՊՀ երկրների համանուն ցուցանիշներին մոտեցնելու համար:
 

Երկրի ապահովագրական ընկերությունների առջեւ կանգնած հիմնական խնդիրը պարտադիր ապահովագրության ներդրման նկատմամբ պատասխանատու մոտեցումն է, հակառակ դեպքում կարող է առաջանալ բավական ռիսկային գոտի, որտեղ ապահովագրողների կողմից դժգոհության մեծ ալիքի պատճառով կարող է տուժել վերաբերմունքը ապահովագրական ողջ շուկայի նկատմամբ եւ դանդաղել դրա զարգացման գործընթացը:

«Կասկադ Ինշուրանսը» ծավալում է նախապատրաստական աշխատանք, որը ներկայիս փուլում իրենից ներկայացնում է մանրամասն ծրագրավորում: Մենք ունենք նախապես մշակված ռազմավարություն` համաձայնեցված մեր բաժնետերերի հետ: Խնդիրն այն է, որ այդ ոլորտում նախատեսվող ներդրումները պետք է համարժեք լինեն ինչպես ֆինանսական, այնպես էլ ժամանակային տեսանկյունից: Հաշվի է առնվում նաեւ այն հանգամանքը, որ ավտոմեքենաների ապահովագրությունը, լինելով պարտադիր ապահովագրության ոլորտի առաջին ապրանքատեսակը, կարող է ունենալ որոշակի սթրես-սցենարներ:

Մենք ուշադիր հետեւում ենք օրենսդրական գործընթացին, քննարկումներ ենք անցկացնում Կենտրոնական բանկի, անհրաժեշտության դեպքում նաեւ` օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ:

- «Կասկադ Ինշուրանսը», ի թիվս երկրի ապահովագրական այլ ընկերությունների, մասնակցել է «Ապահովագրական գործ» ուսումնամեթոդական կենտրոնի ստեղծմանը: Ո՞րն է կենտրոնի առաքելությունը եւ նրա գործունեության մեջ ի՞նչ դեր է հատկացված ձեր ընկերությանը:

- Մեր հիմնական նպատակն է տեխնիկական աջակցություն ցուցաբերել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում հիմնված ուսումնամեթոդական կենտրոնին: Մասնավորապես, մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ուսանողներին մատչելի կլինեն ապահովագրական շուկայի մասնակիցների գործնական նյութերը:

Սկզբնական փուլում մեր գործունեությունը սահմանափակվում էր ուսանողների համար թեմատիկ շնորհանդեսներով: Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր աջակցությունը կենտրոնին` ապահովագրական գործի գրագետ մասնագետներ պատրաստելու նպատակով:

- Ներկայացրեք այս տարվա առաջին եռամսյակում ընկերության գործունեության արդյունքները:

- Ճգնաժամի հետեւանքները դեռեւս շոշափելի են, եւ չնայած ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով երկրում արձանագրվել է տնտեսական աճ, այնուամենայնիվ, ինչպես կորպորատիվ հաճախորդները, այնպես էլ ֆիզիկական անձինք բավականին զգույշ են իրենց ծախսերում: Դա, բնականաբար, չի կարող չվերաբերել ապահովագրական ծախսերին:

Պետք է նշեմ, որ չնայած ճգնաժամային 2009 թվականին, ընկերությանը հաջողվել է ապահովել 2,1% աճ: 2010թ. մեր ակնկալիքները բավական համեստ են, մենք կանխատեսում ենք աճ 10%-ի սահմաններում` չհաշված պարտադիր ապահովագրությունը:

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում վաստակած ապահովագրավճարը կազմել է 107.7 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 3% աճ, իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 85,6 մլն դրամ (աճը` 12%): Եթե 2009թ. առաջին եռամսյակը ընկերությունն ավարտել է վնասով, ապա արդեն այս տարի «Կասկադ Ինշուրանսն» աշխատում է շահույթով:

Դիտում՝ 23399
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW