Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին - Նախորդ ճգնաժամային տարում բազմիցս հնչել են ՀՀ առեւտրային բանկերի հավաստիացումները վստահելիության եւ իրացվելիության բավարար մակարդակի մասին: Այնուամենայնիվ, ունե՞ր արդյոք հիմնադրամը գործողությունների հատուկ ծրագիր ֆորս-մաժորային իրավիճակների համար: - Հիմնադրամն ունի գործողությունների հատուկ մշակված ծրագիր, որտեղ մանրամասն նկարագրված են մեր բոլոր քայլերը եւ դրանց իրականացման ժամկետները հատուցման դեպքի պարագայում: Անցյալ տարի մենք մանրամասն վերլուծեցինք այդ ծրագիրը, անցկացրեցինք սթրես-թեստեր յուրաքանչյուր բանկի համար: Մենք ուսումնասիրեցինք նմանատիպ կազմակերպությունների գործունեության միջազգային փորձը ճգնաժամի ընթացքում, լուծեցինք, այսպես կոչված, իրավիճակային վարժություններ: Կցանկանայի նշել, որ հիմնադրամի գործողությունների ծրագիրը մշտապես վերանայվում է` անկախ ֆինանսական շուկայի լարվածության աստիճանից, քանի որ մշտապես փոխվում է ավանդատուների քանակը, ընդլայնվում է բանկերի մասնաճյուղային ցանցը, փոխվում է նրանց աշխարհագրական դիրքը: Դրանից կախված`մենք բացահայտում ենք մեր պատրաստվածությունը ինչպես ժամանակի, այնպես էլ հիմնադրամի միջոցների տեսանկյունից: Կարող եմ հավաստիացնել, որ մեր կողմից անցկացվող հետազոտությունները վկայում են այն մասին, որ հիմնադրամն ի վիճակի է պատշաճ կարգով իրականացնել իր գործողությունները նաեւ հատուցման միաժամանակ մի քանի դեպքերի պարագայում: Մեզ համար շատ կարեւոր է գործողությունների օպերատիվությունը: Օրենքով ամրագրված իրավասությունների շրջանակներում, կախված կոնկրետ իրավիճակից, մեր գործողություններն իրականացվում են տարբեր ժամկետներում: Փոխհատուցման գործընթացը սկսվում է հատուցման դեպքի ներկայացումից հետո 30 օրվա ընթացքում: Կոնկրետ ավանդատուի համար փոխհատուցման ժամկետը կարող է տեւել մինչեւ 3 ամիս համապատասխան հայտ ներկայացնելու օրվանից, եթե, օրինակ, ավանդատուն փոխել է անձնագիրը, բնակության վայրը եւ նախօրոք այդ մասին տեղյակ չի պահել բանկին: Ընդհանուր առմամբ, ավանդատուները հնարավորություն ունեն հիմնադրամին հայտ ներկայացնել փոխհատուցման դեպքից հետո 1 տարվա ընթացքում: - Նախորդ տարի ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն նախատեսվում է բանկային ավանդների փոխհատուցման առավելագույն գումարի կրկնապատկում: Ե՞րբ են ուժի մեջ մտնելու փոփոխությունները: - Օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացվել է ԱԺ եւ ընդգրկվել է խորհրդարանի առաջիկա նիստերի օրակարգում: Բացի բանկային ավանդների փոխհատուցման առավելագույն գումարի կրկնապատկումից, օրենսդրական փոփոխությունների փաթեթը նախատեսում է նաեւ երաշխավորվող գումարի ծավալը 5 տարին մեկ անգամ վերանայելու հիմնադրամի պարտավորությունները: - «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի համաձայն, փոխհատուցման դեպք է համարվում բանկն անվճարունակ կամ սնանկ ճանաչելը: Ո՞րն է տարբերությունը անվճարունակության եւ սնանկության միջեւ: - «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքի համաձայն, բանկն անվճարունակ է ճանաչվում բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Այդ որոշումը կայացվում է գործող օրենքի գոնե մեկ դրույթը բանկի կողմից խախտելու դեպքում: Թվարկեմ դրանցից մի քանիսը. երբ սպառված է բանկի հիմնական կապիտալի 50%-ը կամ ավելին, պարբերաբար խախտվում է բանկի պարտադիր պահուստավորման նորմատիվը, բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի չափից եւ այլն: Անվճարունակության դեպքում բանկը «առողջացման» հնարավորություններ ունի: Բանկի սնանկությունը ճանաչվում է դատարանի որոշման համաձայն` Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա: Այդ դեպքում բանկը «առողջացման» հնարավորություններ արդեն չունի: - Առեւտրային բանկերի վճարումների ծավալը կախվա՞ծ է կոնկրետ բանկի դեպոզիտային պորտֆելից, եւ նախատեսվա՞ծ է արդյոք միանվագ վճար նոր բանկերի համար: - Առեւտրային բանկերի կողմից յուրաքանչյուր եռամսյակ կատարվող պարբերական վճարը կազմում է ֆիզիկական անձանց ավանդների օրական միջին ցուցանիշի 0,05%-ը, միաժամանակ, տարեկան հաշվարկով, այդ վճարը չպետք է պակաս լինի 1 մլն դրամից: Նորաստեղծ բանկերը կատարում են 15 մլն դրամի վճարում լիցենզիա ստանալուց հետո 10 օրվա ընթացքում: - Հիմնադրամի միջոցները ձեւավորվում են բացառապես բանկայի՞ն վճարների հաշվին: Հիմնադրամն իրավասո՞ւ է ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ ներգրավել: - Հիմնադրամի միջոցները ձեւավորվում են առեւտրային բանկերի պարբերական վճարումների եւ դրանք մեր կողմից կառավարելու հաշվին: Հիմնականում հիմնադրամի միջոցները ներդրվում են պետական պարտատոմսերում: Հնարավորություն կա նաեւ ավանդ ձեւակերպել Կենտրոնական բանկում: Բացի այդ, հատուցման պահը գալու դեպքում հիմնադրամը կարող է բանկերից ներգրավել լրացուցիչ երաշխավորված վճարներ, ինչը կարող է տեղի ունենալ բացառապես միջոցների դեֆիցիտի դեպքում: Այդ դեպքում գոյություն ունեն վճարման ծավալի սահմանափակումներ յուրաքանչյուր բանկի համար: Վստահ կարող եմ ասել, որ հիմնադրամն ունի ֆինանսավորման իրական գործիքներ` հիմնված լավագույն միջազգային փորձի վրա: Տեղին է հավելել, որ կատարվող փոփոխությունների համաձայն, համակարգաստեղծ բանկի հետ խնդիրներ ծագելու դեպքում, ինչը կարող է վտանգել երկրի ֆինանսական կայունությունը, հիմնադրամը հնարավորություն է ունենում միջոցներ ստանալ Կենտրոնական բանկից: Միջոցների դեֆիցիտի դեպքում հիմնադրամը կարող է վարկեր ստանալ այլ բանկերից, ինչպես նաեւ վաճառել իր արժեթղթերը: Այսօր հիմնադրամը տնօրինում է զարգացման նպատակով ստացած KfW-ի վարկային միջոցները: Վարկի գումարը կազմում է 3.5 մլն եվրո, մարման ժամկետը` 40 տարի: - Հիմնադրամի գործառույթները տարածվու՞մ են արտասահմանում հայաստանյան բանկերի ներկայացուցչությունների/մասնաճյուղերի վրա: Փոխհատուցվու՞մ են արդյոք ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդները: - Մեր կողմից երաշխավորվում են ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերում, այդ թվում նաեւ Հայաստանի տարածքում գործող արտասահմանյան բանկերի ներկայացուցչություններում ձեւակերպված ֆիզիկական անձանց ավանդները: Երկրի սահմաններից դուրս հիմնադրամի գործառույթները չեն տարածվում: Ինչ վերաբերում է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, նրանք ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ. նրանց ավանդները երաշխավորվում են սահմանված կարգով: - Հիմնական ավանդի հետ մեկտեղ փոխհատուցվու՞մ են արդյոք կուտակված տոկոսները, բնականաբար, եթե ողջ գումարը չի գերազանցում սահմանված նորմատիվը: - Դա ամենատարածված հարցն է, որով ավանդատուները դիմում են հիմնադրամին: Կցանկանայի նշել, որ հիմնադրամի կողմից երաշխավորվում են ֆիզիկական անձանց/մասնավոր ձեռնարկատերերի ներդրումների բոլոր տեսակները, որոնք ընդգրկված են բանկի պարտավորությունների շրջանակներում: Ուստի մենք փոխհատուցում ենք նաեւ կուտակված տոկոսները: - Փաստորեն, հիմնադրամի կողմից երաշխավորվում է նաեւ ծառայողների անձնական հաշիվների վրա ավելացող աշխատավարձը: - Այս, անպայման: - Կպարզաբանե՞ք հետեւյալ իրավիճակը. ենթադրենք, ֆիզիկական անձն ունի ավանդներ երկու տարբեր բանկերում, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է երաշխավորվող ավանդի գումարին: Սակայն ճակատագրի հեգնանքով երկու բանկերն են սնանկանում են: Ի՞նչ է սպասվում ավանդատուին: - Մեր համակարգը գործում է այնպիսի հաշվարկով, որ մենք երաշխավորում ենք յուրաքանչյուր ավանդատուի ավանդը յուրաքանչյուր բանկում: Դա նշանակում է, որ հիմնադրամը պարտավորություններ ունի ավանդատուի առջեւ` անկախ դեպքերի քանակից: Այնպես որ, Ձեր բերած օրինակում ավանդատուն կստանա երկու բանկերում իր ունեցած ավանդների փոխհատուցումը: Ավելին, առկա է նույն մեխանիզմը, եթե ավանդատուն ավանդներ ունենա երկրի բոլոր 22 բանկերում: - Սպասվու՞մ է հիմնադրամի պարտավորությունների որոշակի վերանայում երկրի ֆինանսական շուկայի զարգացման լույսի ներքո: - Համաշխարհային փորձը վկայում է, որ նման առաքելություն ունեցող կազմակերպությունները պարբերաբար որոշակի շտկումներ են կատարում իրենց գործունեության մեջ, վերանայում են մանդատը: Մենք ուշադիր հետեւում ենք համաշխարհային զարգացումներին, եւ լավագույն փորձը կարող է մեզ համար ուղեցույց դառնալ: Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում հիմնադրամը կարող է երաշխավորել նաեւ այլ ավանդներ: Tweet Դիտում՝ 26632