«Նորվիկ» վարկային կազմակերպության խորհրդի անդամ Տիգրան Բոստանջյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին - Ի՞նչ հիմնական խնդիրների է բախվել «Նորվիկ» ՈՒՎԿ-ն նախորդ ճգնաժամային տարում եւ ի՞նչ ցուցանիշներով է հաջողվել ավարտել 2009 թվականը: - Կարծում եմ, 2009 թվականը ամենաանբարենպաստն է եղել ոչ միայն մեր կազմակերպության, այլեւ ՀՀ ողջ ֆինանսավարկային համակարգի եւ երկրում գործող տնտեսվարող սուբյեկտների մեծամասնության համար: Հիմնական խնդիրները, որ արձանագրվեցին նախորդ տարի, վերաբերվում էին վարկառուների կողմից պարտավորությունների չկատարմանը, վճարումներ չկատարելուն: Իմ կարծիքով, վարկային պարտավորությունների չկատարման հիմնական գործոն դարձան խուճապային տրամադրությունները ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց շրջանում, երբ սեփական եկամուտների կանխատեսման գործընթացը, որոնցից պետք է մարվեին վարկերը, գրեթե անհնար էր դարձել, երբ դեռեւս առկա էին ճգնաժամի երկրորդ ալիքի առաջացման ռիսկերը: Չնայած նշված խնդիրներին, վարկառուների հետ ինտենսիվ աշխատանքի շնորհիվ (վճարումների պայմանների մեղմում, հիմնական վճարումների տարժամկետետում, վերավարկավորում եւ այլն) մենք հաղթահարեցինք այդ ժամանակահատվածը եւ նույնիսկ նման բարդ պայմաններում կարողացանք ապահովել $ 4,8 մլն ծավալի շահույթ, ինչը հաստատվել է արտաքին աուդիտորների կողմից: - Նախորդ տարեվերջին դուք հայտարարում էիք, որ ս.թ. առաջին եռամսյակում «Նորվիկ» ՈՒՎԿ-ն կսկսի ներդնել նոր ապրանքատեսակներ եւ կվերսկսի բնակչության ու բիզնեսի վարկավորումը: Ի՞նչ ապրանքատեսակների մասին է խոսքը, եւ ո՞ր փուլում են ձեր ծրագրերը: - Իսկապես, մենք ունեինք որոշակի ծրագրեր նոր ապրանքատեսակների առումով: Մասնավորապես, նախատեսվում էր վերսկսել բնակչության վարկավորումը քարտերով եւ սպառողական վարկավորման նոր ծրագրով: Որոշ հանգամանքների լույսի ներքո «Նորվիկ»-ի բաժնետերերը որոշում կայացրեցին ժամանակավորապես հետաձգել այդ ծրագրերը, քանի դեռ չի պարզվել հայկական դրամի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, մեր գործողությունները կաշկանդվում են դրամի հնարավոր արժեզրկման ռիսկերով. մենք` որպես վարկային կազմակերպություն, չենք կարող բնակչությունից ընդունել դրամային ռեսուրսներ եւ, համապատասխանաբար, դրանք տրամադրել որպես վարկ: Մեր բաժնետերերը դեռեւս ռիսկի չեն դիմում հայկական դրամի փոխարկել իրենց սեփական դոլարային ռեսուրսներն այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել ազգային արժույթի կայունությունը գոնե մեկուկես-երկու տարի հեռանկարով, կամ չի առաջացել այդ ռեսուրսները տեղական բանկերի հետ հեդջավորելու հնարավորություն առնվազն վերոհիշյալ ժամանակահատվածով: - Դուք հայտարարում էիք, որ 2010թ. «Նորվիկ»-ը կսկսի աշխատել կորպորատիվ հաճախորդների հետ որպես ներդրումային բանկ: Պարզաբանեք, խնդրեմ, ձեր մտադրությունները: - Մենք արդեն սկսել ենք բիզնեսի վարկավորումը վերսկսելու աշխատանքը եւ արդեն առաջիկա օրերին կտրամադրենք այս տարվա առաջին խոշոր բիզնես-վարկը, որին կհետեւեն մյուսները: Բացի այդ, մենք բանակցում ենք տեղական բանկերի հետ, եւ արդեն կան կոնկրետ պայմանավորվածություններ սինդիկացված վարկերի տրամադրման եւ խոշոր նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ: Ինչ վերաբերում է որպես ներդրումային բանկ հաճախորդների հետ աշխատելուն, ապա դա նշանակում է մեր մասնակցությունը կոնկրետ նախագծերի ինչպես համասեփականատեր, այնպես էլ վարկատու, ինչի շուրջ ընթանում են բանակցություններ, անցկացվում են հետազոտություններ եւ համապատասխան նախագծերի վերլուծություններ: - Այս տարի ակնկալվու՞մ է «Նորվիկ» ՈՒՎԿ-ի կանոնադրական կապիտալի համալրում, եւ հնարավո՞ր է արդյոք ընկերության մասնակցություն միջազգային վարկային ծրագրերին: - Կանոնադրական կապիտալի համալրման ծրագրեր մենք դեռեւս չունենք: Այսօր մեր կանոնադրական կապիտալը կազմում է $3.6 մլն, իսկ ընդհանուր կապիտալը` $14 մլն, որը ձեւավորվել է չբաշխված շահույթի հաշվին: Միջազգային վարկային ծրագրերին «Նորվիկ»-ի մասնակցության առումով կցանկանայի նշել, որ մենք չենք բացառում այդ հնարավորությունը: - Ինչպիսի՞ ծավալի եք մտադիր հասցնել վարկային պորտֆելն այս տարի: - Եթե մեր բոլոր վերոնշյալ գործողություններն ընթանան այնպես, ինչպես մենք նախատեսում ենք, ապա վարկային պորտֆելի ծավալը մինչեւ տարեվերջ կհասնի $60-$70 մլն-ի: - Չե՞ք ծրագրում անդամակցել Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիային եւ ինչպե՞ս կմեկնաբանեիք վարկային կազմակերպությունների ծառայությունների ԱԱՀ գանձումը դադարեցնելու Ասոցիացիայի նախաձեռնությունը: - Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիային մեր անդամությունը նախանշված է այս տարվա ընթացքում: Իսկ մատուցվող ծառայությունների, մասնավորապես, միջնորդավճարից ստացված եկամուտների ԱԱՀ գանձումը դադարեցնելու Ասոցիացիայի նախաձեռնությունը եւ «Ֆինանսական հաշտարարի մասին» օրենքում որոշակի փոփոխությունների ներմուծումը համարում եմ շատ արդիական եւ ժամանակին: Մասնավորապես, վարկային կազմակերպություններին Օմբուդսմենի խորհրդում իրենց ներկայացուցիչն ունենալու, ինչպես նաեւ ֆինանսական հաշտարարի գրասենյակին ամենամյա պարտադիր վճարումների տոկոսադրույքն իջեցնելու հնարավորություն տրամադրելու մասին առաջարկը համարում եմ բավականին արդարացված քայլ, քանի որ վարկային կազմակերպությունների եւ բանկերի վճարումների միջեւ տարբերությունը ողջամիտ չէ: Օրինակ, ՀՀ առաջատար բանկերը ֆինանսական հաշտարարի գրասենյակին վճարում են ավելի քիչ, քան որոշ վարկային կազմակերպություններ, ինչը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել: - Այսօր Հայաստանում գործում են շուրջ 28 վարկային կազմակերպություններ: Դուք արդարացվա՞ծ եք համարում վարկային կազմակերպությունների այդ թիվը եւ դիտարկու՞մ եք արդյոք կարճաժամկետ հեռանկարում դրանց միաձուլման հնարավորությունը: - Եթե այդ կազմակերպությունները գոնե ինչ-որ կերպ նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանը, ես այդ թիվն արդարացված եմ համարում: Ինչ վերաբերում է տեսանելի ապագայում վարկային կազմակերպությունների միաձուլմանը, դա եւս համարում եմ հնարավոր, քանի որ նախանշվում է ՀՀ ԿԲ կողմից վարկային կազմակերպությունների նվազագույն կանոնադրական կապիտալի նորմատիվի բարձրացում եւ խստացում: - Դուք դադարեցրել եք առեւտրային բանկի վերակազմավորվելու ծրագրերը` հաշվի առնելով գլոբալ միջազգային իրադարձությունները: Այնուամենայնիվ, այդ գաղափարը դեռ ուժի մե՞ջ է: - Առեւտրային բանկի վերակազմավորվելու «Նորվիկ» ՈՒՎԿ-ի ծրագրերը դադարեցված են այնքան ժամանակ, քանի դեռ չկա դրա վերաբերյալ բաժնետերերի վերջնական որոշումը: Tweet Դիտում՝ 24183