“Գրանթ Թորնթոն Ամիօ” ընկերության բաժնետեր Արմեն Հովհաննիսյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին- Հաջորդ տարվա սկզբից ուժի մեջ են մտնելու ֆինանսական հաշվետվողականությանը եւ աուդիտին վերաբերող մի շարք կարեւոր օրենքներ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր օրենքների` ուժի մեջ մտնելուց: - Հաշվապահական հաշվառմանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների համաձայն 2010թ.-ից պարտադիր աուդիտ պետք է անցնեն 2009թ. արդյունքներով առնվազն 500 մլն ակտիվներ եւ շրջանառություն ունեցող բոլոր ընկերությունները: Օրինագիծն ուղղված է ստվերի կրճատմանը եւ խոշոր ձեռնարկությունների գործունեության թափանցիկության ապահովմանը: Այս օրենքին դեմ արտահայտվեցին որոշ գործարարներ, որոնց կարծիքով օրենքի ընդունումը ժամանակավրեպ է եւ ծախսատար: Մենք եւս ունեինք մտահոգություն օրենքի առումով: Համոզված լինելով, որ աուդիտը պետք է լինի որակյալ, մենք մտավախություն ունեինք, որ աուդիտորական կազմակերպություններն ուղղակի չէին հասցնի սպասարկել 700-ից 800 աուդիտի ենթակա նոր ընկերությունների եւ օրենսդրական փոփոխություններն այսպիսով չեն ծառայի իրենց նպատակին: Այս պատճառով մենք ՀՀ վարչապետին առաջարկեցինք քննարկել աուդիտի ժամկետները հետաձգելու հարցը: Բանկերի համար առաջարկեցինք հրապարակել հաշվետվությունները տարվա առաջին 6 ամիսների ավարտից հետո, իսկ այլ խոշոր ընկերությունների համար` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Սակայն կառավարությունը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ, որի համաձայն օրենքում առաջարկվեց պարտադիր աուդիտի ենթակա ընկերությունների ակտիվների եւ շրջանառության նվազագույն շեմը 500 մլն-ից հասցնել 1 մլրդ դրամի: Այս թեմայի շուրջ Ազգային ժողովում քննարկումներ դեռ չեն եղել, սակայն հնչեցվել են հայտարարություններ, ըստ որոնց 1 մլրդ ակտիվներով ձեռնարկությունների համար աուդիտը պարզապես անիմաստ է: Իմ համոզմամբ, նրանք, ովքեր դեմ են արտահայտվում այս օրենքին, պայքարում են ստվերից դուրս չգալու համար: Այս հարցերը վերջնական լուծում չեն ստացել եւ այս պահի դրությամբ նախատեսվում է, որ 2010-ի սկզբից օրենքն ուժի մեջ է մտնելու իր նախնական տեսքով, ըստ որի պարտադիր աուդիտի ենթակա ընկերությունների ակտիվների եւ շրջանառության նվազագույն շեմը 500 մլն դրամ է:- Ինչպե՞ս է ազդում ֆինանսական հաշվետվողականության եւ աուդիտի խստացումը աուդիտորական եւ խորհրդատվական շուկայի վրա: - Հաշվապահական հաշվառմանն ու պարտադիր աուդիտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները կառավարության կողմից առաջ են մղվում ստվերի կրճատման գաղափարախոսությամբ եւ դրան զուգահեռ ֆինանսների նախարարությունը սկսում է “մաքրել” աուդիտորական դաշտը` փորձելով դուրս բերել շուկայից աուդիտով զբաղվող անբարեխիղճ կազմակերպություններին եւ անհատ ձեռներեցներին: Նախարարության կողմից արդեն հետ են կանչվել մի շարք կազմակերպությունների անհատ ձեռներեցների լիցենզիաներ: Դրան զուգահեռ լիցենզիաներ են տրվել նաեւ նոր կազմակերպությունների: - “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ է մատուցում շատ հայաստանյան բանկերին ու վարկային կազմակերպություններին: Աճե՞լ է արդյոք այս տարի ռիսկերի կառավարման գծով խորհրդատվական ծառայությունների պահանջարկը: Ո՞ր խնդիրներին են այս տարի առաջնային հայաստանյան բանկերի ու այլ ֆինանսական կազմակերպությունների համար խորհրդատուների հետ աշխատանքում: - Քանի որ ճգնաժամի պայմաններում արդիական է դառնում վարկերի վերադարձելիության խնդիրը, բանկերն ավելի լուրջ են մոտենում վարկառուների ընտրության հարցին եւ պահանջում են վարկառուներից ավելի շատ տեղեկություններ իրենց գործունեության վերաբերյալ: Այս տեղեկությունները կարող են ներառել վարկառուի բիզնես-պլանը, խոշոր վարկերի դեպքում` վարկառու ընկերության ֆինանսական իրավիճակի վստահելիության գնահատումը (due diligence), կամ այդ ընկերությունում աուդիտի անցկացումը: Այս առումով խորհրդատվական ընկերությունների աշխատանքն ավելացել է. մեզ դիմում են վարկառու կազմակերպությունները, խնդրում են իրենց մոտ միջազգային ստանդարտներով աուդիտ անցկացնել, պատրաստել բիզնես-պլաններ կամ կատարել due diligence: Բացի այդ, մեզ է դիմել նաեւ բանկերի խումբ, որոնք ցանկանում են երկարացնել արդեն տրված վարկի մարման ժամկետները: Տրված վարկը վերաձեւակերպելու համար վարկառուի մոտ անհրաժեշտ է անցկացնել համապատասխան ուսումնասիրություն, որպեսզի վստահ լինել, որ վարկի մարման ժամկետի հետաձգումը ձեւական չէ, այլ իրոք հնարավորություն է վարկառուի համար ճգնաժամի պայմաններում թեթեւացնել իր բեռը: - Ի՞նչ ակնկալիքներ ունի “Գրանթ Թորնթոն Ամիօն” հաջորդ տարվա Հայաստանի տնտեսական զարգացումներից: - Տնտեսության մեջ արդեն նկատվում է աշխուժացում, որը հիմնականում կապված է կառավարության կողմից շինարարական ոլորտի աջակցության եւ հիփոթեկային շուկայի խթանման հետ:Այս գործողությունները տվեցին այնպիսի արդյունք, որ այսօր Հայաստանի նման հիփոթեկային վարկավորման պայմաններ չունի ոչ մի ԱՊՀ անդամ պետություն: Մենք աշխատում ենք ԱՊՀ գրեթե բոլոր հանրապետություններում, եւ դրանցից ոչ մեկում չեն տրվում հիփոթեքային վարկեր տարեկան 12% տոկոսադրույքով եւ 15-20 տարի մարման ժամկետով:Հիփոթեքային շուկայի աշխուժացումն իր հերթին բերում է շինարարության ակտիվացմանը: Իսկ դա կարող է բերել տնտեսական առումով զգալի դրական արդյունքի: Այս ամենի հետ մեկտեղ մեր տնտեսությունը մեծապես կախված է տրանսֆերտներից, որոնք նվազել են 30%-ով: Հայաստան եկող դրամական հոսքերի ծավալների վերականգնումն արդեն կախված է Ռուսաստանի տնտեսական իրավիճակից, ինչի պատճառով կանխատեսումներ անելը դժվար է:- Ինչպե՞ս եք գնահատում կառավարության կողմից տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը:- Կառավարությունը փորձում է աշխուժացնել փոքր եւ միջին բիզնեսը եւ այս նպատակով ներգրավել է բավականին շատ ֆինանսական միջոցներ: Իսկ այն, թե ո՞ր ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանի տնտեսությունը, պետք է ասվի ոչ թե ՙվերեւից՚, այլ հենց շուկայի կողմից: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը չի ստացվում դիվերսիֆիկացնել այս կամ այն հատուկ հրամաններով:Շուկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որը Հայաստանի պայմաններում ընդունելի եւ իրագործելի կլինի: Այսօր Հայաստանում ստեղծվում են բոլոր անհրաժեշտ պայմանները փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար, պետությունն այս նպատակով ներգրավում է վարկային միջոցներ, մինչդեռ բանկերն այսօր դժվարանում են այդ վարկերի տեղաբաշխման հարցում` նորմալ ծրագրերի ու վարկառուների պակասի պատճառով: - Այս տարվա սկզբին “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն կազմակերպեց կապիտալի շուկայի հեռանկարներին նվիրված միջազգային կոնֆերանս: Նախատեսու՞մ եք անցկացնել նոր միջոցառումներ:- Միանշանակ: 2010-ին մենք նախատեսում ենք հանդես գալ մեկ կամ երկու հետաքրքիր նախաձեռնություններով` ներկայացնելով շուկային ուղղություններ, որոնք իսկապես զարգացման կարիք ունեն Հայաստանում: Այս ուղղությունները կարող են ուղղակիորեն չբխել մեր գործունեությունից, ինչպես, օրինակ, կապիտալի շուկաներին վերաբերող կոնգրեսի դեպքում: Tweet Դիտում՝ 19550