2010թ. կգործարկվի “Ֆինանսական կազմակերպությունների հասարակական վարկանիշ” ծրագիրը

30.11.2009 | 00:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանի հարցազրույցը “Մեդիամաքս” գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Ո՞րն է “Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամի առաքելությունը, նպատակները եւ գործունեության հիմնական ուղղությունները:

- “Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամի առաքելությունն է` նպաստել ՀՀ ֆինանսական համակարգի մշակույթի զարգացմանը` կրթական, հետազոտական, խորհրդատվական համապարփակ ծրագրերի իրականացման միջոցով:  Մեր գործունեությունն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով.

Միջին մասնագիտական կրթություն, որը հանդիսանում է ՀՀ-ում միջին մասնագիտական ֆինասական կրթության առաջատարը:

Ֆինանսաբանկային ուսումնական կենտրոն, որը ֆինանսական համակարգի աշխատակիցների համար իրականացնում է մասնագիտական զարգացման կարճաժամկետ դասընթացների համալիր ծրագիր, “ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց” ուսումնական ծրագրի միջոցով կադրեր է պատրաստում ՀՀ կենտրոնական բանկի համար, ֆինանսական կազմակերպությունների պատվերով իրականացնում է կորպորատիվ եւ առանձնահատուկ հետազոտական ծրագրեր:

Շարունակական կրթության եւ հետազոտական կենտրոն, որտեղ կյանքի է կոչվում “Կրթություն ողջ կյանքի ընթացքում” մտածողության մշակույթի ձեւավորման գործընթացը: Այստեղ իրականացվում են բարձրագույն կրթությամբ անձանց դեպի ֆինանսական համակարգ ուղղորդող “ՀՀ բանկային համակարգ. ներածական դասընթաց” եռամսյա եւ վեցամսյա ուսումնական ծրագրերը, “Վարկային մասնագետների պատրաստման դասընթաց” երկամսյա մասնագիտացված ուսումնական ծրագիրը, այլ ուսումնական ծրագրեր, ֆինանսական համակարգի աշխատակիցների մասնագիտական համակարգչային ատեստավորման եւ ֆինանսական կազմակերպություններում առկա ուսումնական կարիքների բացահայտման գործընթացները:

- Ինչի՞ կարող է հավակնել Քոլեջի դիպլոմավորված մասնագետը աշխատանքի տեղավորման առումով:

- “Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամի կողմից իրականացվող միջին մասնագիտական կրթության շրջանակներում մենք պատրաստում ենք ֆինանսական ոլորտի մասնագետներ “Բանկային գործ”, “Ֆինանսներ” եւ “Ապահովագրական գործ” մասնագիտություններով: Քոլեջը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին մենք ապահովում ենք աշխատանքով ՀՀ ֆինանսական համակարգում: Մյուս շրջանավարտները հնարավորություն ունեն մասնակցել մասնագիտական զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերին, բարձրացնել իրենց մրցունակությունը: Լավագույն շրջանավարտները որոշ առարկաների մասով տարբերությունները հանձնելուց հետո հնարավորություն ունեն հետագա ուսումը շարունակել նաեւ ՀՀ պետական բուհերի համապատասխան մասնագիտությունների 2-րդ կամ 3-րդ կուրսերում` աշխատելով իրենց մասնագիտությամբ: 

Ստեղծել ենք միասնական տվյալների բազա, որտեղ ընդգրկված են մեր երեք ուղղությունների երկարաժամկետ ուսումնական ծրագրերի շրջանավարտները, որի շնորհիվ ակտիվորեն հետեւում ենք նրանց մասնագիտական կարիերայի զարգացմանը:

Ներկայումս մեր շրջանավարտներն աշխատում են ՀՀ ֆինանսական համակարգում, մասնավորապես` ՀՀ կենտրոնական բանկում, առեւտրային բանկերում, վարկային և ապահովագրական կազմակերպություններում: Մի շարք բանկերում նրանք մասնաճյուղերի կառավարիչներ են, բաժինների վարիչներ, վարկային մասնագետներ, հաշվի մենեջերներ, հաշվապահներ, գանձապահներ:

Նշեմ նաեւ, որ մեր շրջանավարտների համար մասնագիտական եւ մարդկային զարգացման բացառիկ հնարավորություն է նաև իրենց մասնակցությունը Հիմնադրամի կողմից իրականացվող “Ճգնաժամը որպես հնարավորություն” շարունակական ծրագրին:

- Ի՞նչ վերապատրաստման դասընթացներ եւ ուսումնական ծրագրեր է իրականացնում Հիմնադրամը ֆինանսական համակարգում աշխատող մասնագետների համար:

- ՀՀ ֆինանսական համակարգի աշխատակիցների եւ հավակնորդների համար յուրաքանչյուր տարի իրականացնում ենք 50-ից ավելի կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, երկարաժամկետ ուսումնական ծրագրեր, թրեյնինգներ, կորպորատիվ ուսումնական ծրագրեր, հետազոտություններ, որոնց տարեկան մասնակցում են 800-ից ավելի մասնագետներ: Մեր ուսումնական ծրագրերն իրականացվում են ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Այսօր մենք ՀՀ ֆինանսական համակարգին առաջարկում ենք ավելի քան 65 անուն դասընթացներ, ուսումնական ծրագրեր, որոնց ստեղծումը, պլանավորումը և իրականացումը հիմնված է նախորդ տարվա ընթացքում համակարգի կազմակերպությունների շրջանում իրականացվող կարիքների բացահայտման հարցման տվյալների վերլուծության, ֆինանսական համակարգի զարգացման միտումների եւ տարիների ընթացքում կուտակած փորձի հիման վրա: Մեզ մոտ դասավանդում են ՀՀ ֆինանսական համակարգի առաջատար մասնագետները, անհրաժեշտության դեպքում` կարող են հրավիրվել օտարերկրյա ճանաչված փորձագետներ: Նշեմ, որ 2006-2008թթ. ընթացքում “Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցել են ավելի քան 2000 ունկնդիրներ` ՀՀ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ, ստորաբաժանումների ղեկավարներ,առաջատար մասնագետներ, հավակնորդներ:

Սկսած 2006 թվականից` “Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամը կադրեր է պատրաստում նաև ՀՀ կենտրոնական բանկի համար: ՀՀ կենտրոնական բանկում աշխատել ցանկացողների համար կազմակերպվող “ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց” եռամսյա ուսումնական ծրագիրն իրականացվում է տարեկան 2 անգամ: Մինչ այժմ ծրագրին մասնակցել են ավելի քան 400 ունկնդիրներ, որոնցից համակարգչային թեստավորման արդյունքում սահմանված անցողիկ նիշը հաղթահարողների մեծամասնությունն աշխատում է ՀՀ կենտրոնական բանկում:

- Այս տարվա հունիսից “Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամն իրականացնում է “Ճգնաժամը որպես հնարավորություն” ծրագիրը: Ո՞րն է այս նախագծի իրականացման հիմնական գաղափարը:

- Հիմնադրամը ձեռնամուխ եղավ “Ճգնաժամը որպես հնարավորություն” խորագրով շարունակական ծրագրի իրականացմանը` արձագանքելով ֆինանսական ճգնաժամի իրողությանը:

Ծրագիրը նպատակաուղղված է ֆինանսական համակարգի երեք մասնագիտական խմբերի` երիտասարդ մասնագետների, միջին օղակի ղեկավարների, ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների իրազեկվածության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, ճգնաժամի պայմաններում նոր մտածողության ձևավորմանը:

Մեր ցանկությունն է ստեղծել մտքերի, կարծիքների, մոտեցումների արտահայտման մի միջավայր, որը հնարավորություն կտա համաշխարհային ֆինանսական ճգնաժամը դիտարկել որպես` նոր մտածողության ձևավորման, չօգտագործվող ռեսուրսների ներգրավման, փոխօգնության եւ համախմբման, սիներգետիկ համագործակցության եւ իրականացվող հնարավորությունների հասարակության ստեղծմանն ուղղված ժամանակահատված:

“Ճգնաժամը որպես հնարավորություն” ծրագրի շրջանակներում իրականացվել են երեք հանդիպումներ, որոնցից երկուսը` “Երիտասարդ մասնագետներ” ենթածրագրի, մեկը` “Կազմակերպությունների ղեկավարներ” ենթածրագրի համար:

Հանդիպումներին մասնակցել են 400-ից ավելի երիտասարդ մասնագետներ` մեր տարբեր ուսումնական ծրագրերի շրջանավարտներ, ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ ԿԲ խորհրդի անդամներ, ՀՀ կառավարության աշխատակազմում ընդգրկված մասնագետներ:

Դասախոսությունները եւ սեմինարը վարել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, Արժույթի Միջազգային Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նինկե Օմեսը եւ Վաշինգթոնից ժամանած ԱՄՀ պաշտոնական պատվիրակության երեք անդամներ:

- Ծրագրու՞մ է արդյոք “Ֆինանսաբանկային Քոլեջ” Հիմնադրամը ֆինանսական համակարգի զարգացմանն ու ֆինանսական կրթության բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություններ:

- Շուտով, ճգնաժամի նահանջի հետ մեկտեղ, մենք կգործարկենք “Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր” խորագրով նոր ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մենք կկարողանանք զարգացման եւ մասնագիտական աճի նոր հնարավորություն ստեղծել ՀՀ ֆինանսական համակարգի աշխատակիցների, ՀՀ-ում ֆինանսական կրթության զարգացմանը նպաստել ցանկացող անձանց համար` կազմակերպելով դասախոսությունների, սեմինարների, հանդիպումների շարք, որտեղ կներառվեն Հայաստան ժամանող արտասահմանյան լավագույն մասնագետները, փորձագետները:

2010 թվականի առաջին կիսամյակում մենք նախատեսում ենք գործարկել “Ֆինանսական կազմակերպությունների հասարակական վարկանիշ” ծրագիրը, որի կիրառումը հնարավորություն կտա հասարակությանը ներկայացնել ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվող հիմնական շահառուների բավարարվածության աստիճանը, տալ համեմատական վերլուծություն եւ սահմանել տարբեր նոմինացիաներ, մասնավորապես` տնտեսությանը եւ հասարակությանն ընձեռած զարգացման հնարավորությունների տեսանկյունից:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հետ համատեղ Հիմնադրամը Դիլիջան քաղաքում 2009թ. հոկտեմբերից իրականացնում է
“Ֆինանսական կրթության ստացման միջոցով կանանց մրցունակության բարձրացման ռեգիոնալ ծրագիր”-ը: Ծրագրի հիմնական նպատակն է` տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների զարգացման միջոցով նպաստել տարածաշրջանի գործազուրկ կանանց մրցունակության բարձրացմանը եւ որակյալ սկսնակ մասնագետների պատրաստմանը, որոնք իրենց ուրույն տեղը կարող են զբաղեցնել տարածաշրջանում գործող ՀՀ առեւտրային բանկերում եւ վարկային կազմակերպություններում: Մտադիր ենք ավանդույթ դարձնել տարածաշրջաններում որակյալ մասնագետների պատրաստման ծրագրերի իրականացման գործընթացները եւ 2010 թվականի ընթացքում նախատեսում ենք կազմակերպել նմանատիպ ուսումնական ծրագրեր ՀՀ տարբեր մարզերում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Դիտում՝ 22744
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW