Հարկային համակարգի բարեփոխումները համարվում են առաջընթաց տնտեսական զարգացման հիմնաքարը

26.11.2009 | 22:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի հարցազրույցը “Մեդիամաքս” գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Դուք վերջերս ստանձնեցիք Պետական եկամուտների կոմիտեի /ՊԵԿ/ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Ո՞ր հարցերն էին ձեզանից առաջնահերթային ուշադրություն պահանջում:

- Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունը գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում, եւ հարկային համակարգի բարեփոխումները համարվում են առաջընթաց տնտեսական զարգացման հիմնաքարը:

Հարկային եւ մաքսային մարմինների միավորումից հետո ՊԵԿ-ը ձեռնարկեց լայնածավալ բարեփոխումներ: 2008թ. օգոստոսին կառավարության որոշմամբ հաստատվեց պետական եկամուտների (հարկային և մաքսային) վարչարարության ռազմավարությունը, եւ դրա իրականացումը առաջնային է ՊԵԿ թիմի համար: Բարեփոխումների ներքո ՊԵԿ-ի բոլոր նախաձեռնությունները անցնում են բազմակողմանի փորձաքննություն, այդ թվում` միջազգային կառույցների կողմից, իսկ դրանց իրագործման փուլը սկսվում է միայն եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի կողմից հավանությանը արժանանալուց հետո:

Ես եկել եմ ՊԵԿ ԿԲ-ից, որտեղ երկար տարիներ զբաղվել եմ զարգացման նախագծերով, եւ կուտակածս փորձն ու գիտելիքները կարող են որոշակի օգուտ բերել բարեփոխումների այս փուլում: Իմ առջեւ դրված խնդիրներից առաջնային են հարկային վարչարարության կատարելագործմանն ուղղված երեք խումբ նախագծերի իրականացումը:

Առաջին խումբը կապված է ռիսկերի վրա հիմնված հարկային հսկողության համակարգի ներդրման հետ: Դա իր հերթին նշանակում է հսկողական նոր գործիքների ձևավորում, որոնք թույլ կտան բացահայտել հարկերից խուսափելու տեսանկյունից առավել ռիսկային հարկ վճարողներին եւ ՊԵԿ ջանքերը կենտրոնացնել հենց նրանց վրա:

Նախագծերի երկրորդ խումբն ուղղված է հարկ վճարողների սպասարկման բարելավմանը: Մեր խնդիրն է հարկ վճարողների իրազեկվածության առավել բարձր մակարդակի ապահովումը, սպասարկման ստանդարտների ներդրումը եւ դրանց կատարման համար պատասխանատվության բարձրացումը, ինչը պայմաններ կստեղծի հարկատուների ճիշտ ինքնագնահատման և օրենսդրության խախտումների նվազեցման համար, կապահովի ՊԵԿ գործունեության թափանցիկությունը:

Նախագծերի երրորդ խումբն ուղղված է ՊԵԿ ներքին կառավարման համակարգի կատարելագործմանը, այդ թվում` ռազմավարության մշակման, պլանավորման եւ այլ ներքին գործընթացների կատարելագործմանը:

- Ի՞նչ ընթացքում է գտնվում կազմակերպությունների գրանցման եւ սպասարկման ՙմեկ պատուհանի՚ ներդրման գործընթացը:

- Այստեղ պետք է տարբերակել կազմակերպությունների գրանցման եւ դրանց ընթացիկ սպասարկման գործընթացները: Առկա փուլում խոսքը  կազմակերպությունների գրանցման տարբեր ենթապրոցեսների միավորման մասին է: Բազմաթիվ քննարկումների ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն, որ կազմակերպության գրանցումը եւ հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրումը իրականացվելու է արդարադատության նախարարության միջոցով: Կազմակերպությունների սպասարկումը բիզնես գործընթացների առանձին խումբ է, որն իրականացվում է պետական տարբեր կառույցների կողմից, եւ դեռ վաղաժամ է խոսել դրանց միավորման մասին:

Դեռ բարդ է պատկերացնել սանիտարահամաճարակային եւ հարկային մարմնի կողմից մատուցվող ծառայությունների միավորումը:  Բայց մեկ հարկային մարմնի մակարդակով, անշուշտ, հարկ վճարողին մատուցվող ծառայությունները պետք է լինեն “մեկ պատուհանից”:

Պետական եկամուտների կոմիտեն արդեն սահմանել է հարկ վճարողների սպասարկման ռազմավարությունը, որտեղ ամրագրված է տվյալ սկզբունքը: Ավելին, մենք փորձում ենք առավելագույնս ընդլայնել հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների շրջանակը:  2010 թվականին նախատեսված է սպասարկման կենտրոնների ստեղծումը հարկ վճարողների խտության տեսանկյունից խոշոր շրջաններում: Սպասարկման կենտրոնների գործարկմամբ նախատեսվում է բարձրացնել հարկ վճարողներին հարկերի վճարման եւ հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունը, հարկային օրենսդրության վերաբերյալ բացատրական աշխատանքների մակարդակը, ընդլայնել իրազեկման բնույթի մատուցվող ծառայությունները` ապահովելով սպասարկման ծառայությունների միասնականությունը եւ հասանելիությունը:

Հարկ վճարողների արագ եւ որակյալ սպասարկումը պայմանավորված է լինելու վերապատրաստված, որակյալ մասնագետների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների, մատուցվող ծառայությունների ստանդարտների և համապատասխան նոր ընթացակարգերի առկայությամբ: Զգալիորեն կընդլայնվեն հարկ վճարողների կրթման նպատակով իրականացվող ուսուցողական ծրագրերը, սեմինարները, հարկային մարմնի գիտելիքների շտեմարանից օգտվելու հնարավորությունները: 

Առավելագույնս ընդլայնվելու է վիրտուալ տարածության մեջ մատուցվող ծառայությունների շրջանակը, 2010 թվականին կսկսվեն ՙcall center՚-ի ստեղծման աշխատանքները: Մեր խնդիրն է  հարկ վճարողների համար լավագույն սպասարկման մակարդակի ապահովումը, բայց դրա հետ մեկտեղ, սպասում ենք նաև հարկ վճարողների կարգապահության բարելավում: Գործընթացը պետք երկկողմանի լինի:

- Ինչպե՞ս է ընթանում հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակին անցումը, քանի՞ ընկերություններ են արդեն օգտվում այս հնարավորությունից եւ ունեն արդեն արդյոք այս հնարավորությունից օգտվելու իրավունքը Հայաստանի բոլոր տնտեսվարողները:

- Քաղաքի կենտրոնում արդեն ստեղծված է սպասարկման կենտրոն` հարկային հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնել ցանկացող հարկ վճարողների համար:

Գործընթացները պետական եկամուտների կոմիտեում մի փոքր առաջ են ընկել նորմատիվային ապահովման գործընթացից, չնայած, որ ԱԺ-ն  արդեն ընդունել է էլեկտրոնային հաշվետվողականության վերաբերյալ օրենսդրական փաթեթ, որը ուժի մեջ կմտնի 2010 թվականի հունվարի 1-ից:

ՊԵԿ-ն արդեն այսօր ունի էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվետվությունների ընդունման հնարավորություն: Բոլոր ցանկացողները կարող են այցելել մեր կենտրոնը եւ ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, քանի որ 2010 թվականի հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային տեսքով ներկայացնելը պարտադիր կլինի հարկ վճարողների որոշ խմբերի համար, ինչպիսիք են, օրինակ, բանկերը, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները, արժեթղթերի շուկայի մասնակիցները, խոշոր կազմակերպությունները, նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 մլն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող պետական կառավարչական հիմնարկները, պետական ոչ առեւտրային կազմակերպությունները, նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 մլն. դրամը գերազանցող` 50 տոկոս եւ ավելի բաժնեմաս ունեցող ընկերությունները, իսկ 2010 թվականի հուլիսի 1-ից` նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 մլն. դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները:

Էլեկտրոնային հաշվետվությունների սպասարկման կենտրոնն իրականացնում է էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու պայմանագրի կնքման, համապատասխան էլեկտրոնային ծածկագրերի տրամադրման աշխատանքները:

Ցավոք, դեռ քչերն են օգտվում ընձեռած հնարավորությունից, բայց նրանց համար, ովքեր ընտրել են այդ ուղին, առավելություններն ակնհայտ են:

- Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն պետք է նախաձեռներ հարկային օրենսդրության եւ վարչարարության վերաբերյալ տեղեկատվական բազմալեզու ձեռնարկների տարածում արտասահմանում: Սկսվե՞լէ արդյոք այս գործընթացը եւ ի՞նչ առաջընթաց է արձանագրվել:

- Հարկային տեղեկատվության տարածման եւ թարմացման գործընթացը  անընդհատ է: Պետական եկամուտների կոմիտեն առավելագույն ջանքեր է գործադրում գործունեության թափանցիկությունը ապահովելու եւ հարկային օրենսդրության եւ վարչարարության փոփոխությունները մեկնաբանելու համար:

Իհարկե, առաջին հերթին շեշտը դրվում է տեղական ներդրողների վրա, եւ նյութերը հիմնականում հրատարակվում են հայերեն: Սակայն բազմաթիվ նյութեր արդեն թարգմանված են ռուսերեն, իսկ մոտ ապագայում լույս կտեսնեն մի շարք  հարկային եւ մաքսային ուղեցույցներ անգլերեն լեզվով: Գաղտնիք չէ, որ թարգմանչական աշխատանքները բավականին թանկ են: Սակայն նույնիսկ ճգնաժամի պայմաններում այդ գործընթացի դադարեցում չի ենթադրվում: Ավելին` նախատեսում ենք ընդլայնել հարկ վճարողների համար ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային բազմալեզու նյութերի տեսականին:

- Doing Business վերջին զեկույցում Հայաստանի բացթողումներից էր համարվում հարկերի վճարման երկար տեւողությունը` զարգացած երկրների համեմատ: Տարվու՞մ են արդյոք աշխատանքներ այս գործընթացի օպտիմալացման ուղղությամբ:

- Իհարկե, ավելին` 2009 թվականին արդեն ունենք նշանակալի առաջընթաց, որը հաշվի չէր առնվել նախորդ ռեյթինգավորման ժամանակ, քանի որ գնահատականը տրվում է տարվա առաջին ամիսներին:

Գործընթացի տեւողությունը զգալիորեն կրճատվել է. վերացել է  որոշ հաշվետվությունների ներկայացման անհրաժեշտությունը, իսկ որոշ հարկ վճարողների համար հաշվետվություններ ներկայացնելու ամսական ռեժիմը փոխվել է եռամսյակայինի: Այսպես, համաձայն հարկային օրենսդրության և վարչարարության կատարելագործման նպատակով մշակված եւ ընդունված օրենսդրական փոփոխությունների փաթեթի` մինչև 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողները շահութահարկը եւ եկամտահարկը հաշվարկում են ընդհանուր սահմանված կարգով եւ ներկայացնում են տարեկան մեկ անգամ շահութահարկի եւ եկամտահարկի պարզեցված հաշվարկ; մինչև 5 աշխատող ունեցող գործատուները ներկայացնում են եռամսյակային հաշվետվություն նախկինում ամսականի փոխարեն; 100 մլն դրամ շրջանառություն չգերազանցող հարկ վճարողները կարող են հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների եւ միջազգային ստանդարտների ուղեցույցների փոխարեն կիրառել հարկային հաշվառման հատուկ կանոնակարգ: Սահմանված է նաև, որ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները չեն ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ:

Բայց կարեւորագույն նվաճում մեր գնահատականներով պետք է դառնա հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կընձեռի տնտեսել մարդկային ռեսուրսները, օպտիմալ օգտագործել ժամանակը, բարձրացնել աշխատանքի որակը, զգալիորեն կկրճատի հարկ վճարողների ծախսերը:

Դիտում՝ 21439
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW