«Ամերիա Աուդիտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Անդրեասյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին ու Banks.am պորտալին - Ինչու՞մ է կայանում աուդիտի վերաբերյալ ՀՀ-ում ընդունված վերջին օրենսդրական փոփոխությունների էությունը: - Կառավարության նախաձեռնությամբ վերջին շրջանում ՀՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի բարեփոխման ուղղությամբ նախաձեռնվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են էլ ավելի կանոնակարգելու գործող օրենսդրական դաշտը: Մասնավորապես, վերջին օրենսդրական փոփոխությունները հիմնականում ուղղված են հաշվապահական ֆինանսական հաշվետվողականության միջազգային ստանդարտներին անցմանը, աուդիտորական ընկերությունների նկատմամբ որակական պահանջների որոշակի խստացմանը, ինչպես նաև պարտադիր աուդիտի ենթակա տնտեսվարող սուբյեկտների շրջանակների ընդլայնմանը: Էական օրենսդրական փոփոխություններից է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նախաձեռնված եւ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հավանության արժանացած նախաձեռնությունը, որը ենթադրում է Ֆինանսական հաշվետվողականության միջազգային ստանդարտները (IFRS) պարտադիր դարձնել ՀՀ տարածքում գործող բոլոր ձեռնարկությունների համար: Սա ենթադրում է, որ Հայաստանում այլեւս չեն լինելու հաշվապահական հաշվառման տեղական ստանդարտներ, եւ գործելու է IFRS-ի հայերեն թարգմանությունը: Այս նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բաղկացած է թարգմանիչներից ու թարգմանությունը վերանայող որակավորված մասնագետներից, որում, մասնավերապես, ընդգրկված են մեր ընկերության ներկայացուցիչները: Ակնկալվում է, որ IFRS-ի հայերեն թարգմանությունը կամբողջացվի 2009թ. սեպտեմբերին, եւ դրանից հետո կսկսվի անցումային փուլը: «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություն կատարվեց, որի համաձայն սկսած 2009թ. հունվարի 1-ից IFRS-ով հաշվապահական հաշվառման պահանջը տարածվում է բանկային համակարգի եւ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից կանոնակարգվող այլ ընկերությունների /բանկեր, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպություններ, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողներ, ներդրումային ընկերություններ, կարգավորվող շուկայի օպերատոր, կենտրոնական դեպոզիտարիա, ապահովագրական ընկերություններ, վերաապահովագրական ընկերություններ, ապահովագրական բրոքերներ/ վրա, իսկ արդեն 2010-ի հունվարի 1-ից այս պահանջը կտարածվի նաեւ տարեկան 100 մլն դրամից ավել հասույթ ունեցող ընկերությունների վրա: - Այսօր արդեն գործում է խոշոր ընկերությունների պարտադիր աուդիտի պահանջը: Ինչպե՞ս են այս պահանջները անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա: - Առ այսօր պարտադիր աուդիտի պահանջը տարածվում էր բաց բաժնետիրական ընկերությունների, հիմնադրամների, ֆինանսական շուկայի մասնակից եւ ՀՀ ԿԲ կողմից վերահսկվող ընկերությունների վրա: Արդյունքում աուդիտի դաշտից դուրս էին մնում բավականին խոշոր ընկերություններ, որոնց իրավաբանական կարգավիճակը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կամ փակ բաժնետիրական ընկերություն է: Որպեսզի աուդիտն օգտագործվի որպես ստվերային տնտեսությունը սահմանափակող գործիք, 2009թ. հունվարի 1-ից «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարվեց, որի համաձայն 2010թ. նախորդ տարվա ցուցանիշներով 500 մլն դրամից ավել ակտիվներ կամ հասույթ ունեցող բոլոր ընկերությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի: Այսպիսով, պարտադիր աուդիտի ենթակա կլինեն նշված ընկերությունների արդեն ընթացիկ տարվա տարեկան հաշվետվությունները: Աուդիտի դաշտի ընդլայնումը, անշուշտ, բավականին արդյունավետ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Բոլոր վերոհիշյալ օրենսդրական փոփոխությունները կնպաստեն. - գործարար միջավայրի բարելավմանը, մասնավոր հատվածում տեղական եւ օտարերկրյա ուղղակի եւ պորտֆելային ներդրումների խթանմանը;- եվրոպական եւ համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրմանը;- բանկային եւ ոչ բանկային հատվածների կայունության եւ մրցունակության ամրապնդմանը, ռիսկերի նվազեցմանը;- թափանցիկության ավելացմանը;- կվերանան ներկայումս գոյություն ունեցող երկակի ստանդարտները, երբ պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունները պետք է նախ անցնեն աուդիտ ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներով, այնուհետեւ ձեւավորեն իրենց ֆինանսական հաշվետվությունները IFRS-ի համաձայն եւ նորից աուդիտ անցնեն: Արդյունքում աուդիտորական ծառայություններն ավելի թանկ են նստում ընկերությունների վրա, աուդիտորներն էլ իրենց հերթին կատարում են ավելի ծավալուն աշխատանք: - Ինչպե՞ս է անկախ աուդիտի ենթարկվող կազմակերպությունների շրջանակի ընդլայնումն անդրադառնալու աուդիտորական ծառայությունների ՀՀ շուկայի վրա: Հայտնի է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը խստացնելու է իր պահանջները աուդիտորական կազմակերությունների նկատմամբ: Կարո՞ղ է դա արդյոք հանգեցնել աուդիտորական ծառայություններ մատուցող ընկերությունների թվի կրճատման: - 2009թ. հունիս 1-ի դրությամբ ՀՀ-ում լիցենզավորված են թվով 22 աուդիտորական ընկերություններ եւ 11 անհատ աուդիտորներ: Դաշտի բարեփոխումները, որոնք ներառում են նաեւ աուդիտորկան ընկերությունների նկատմամբ ներկայացվող պահանջների խստացում, հայաստանյան աուդիտի շուկայում այսօր անհրաժեշտ են ինչպես մատուցվող ծառայությունները որակի ստանդարտներին համապատասխանեցման եւ որակի բարձրացման, այնպես էլ մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում առաջընթաց ունենալու համար: ՀՀ Հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտային քաղաքականության վերաբերյալ առաջարկներով հանդես է եկել նաեւ Համաշխարհային բանկը (ՀԲ), որի կողմից 2009թ. հունիսի 17-ին կազմակերպվեց կոնֆերանս` նվիրված ՀՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի բարեփոխումների ընթացքին և հետագա բարեփոխումների գծով որոշակի նախաձեռնությունների իրականացմանը: Մասնավորապես, ներկայացվեց ստանդարտների եւ կանոնների պահպանման հաշվետվություն, որը կազմվել էր ՀԲ փորձագետների խմբի կողմից` Հայաստանում իրականացված դիագնոստիկ ուսումնասիրությունների հիման վրա: Ուսումնասիրությունն իրականացվել էր մասնակցային գորընթացի միջոցով` տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ եւ երկրի իշխանությունների առաջատար դերակատարմամբ: Քանի որ Հայաստանի ֆինանսական ու տնտեսական շուկան աստիճանաբար էլ ավելի է կանոնակարգվում եւ զարգանում, մասնավոր ընկերությունները սկսել են նախաձեռնել նաեւ բաժնետոմսերի կամ պարտատոմսերի թողարկումներ: Աուդիտը բաժնետերերի եւ պարտատերերի համար դառնում է այն էական գործիքը, որը հստակ եւ թափանցիկ տեղեկատվություն է տալիս ընկերության ֆինանսական վիճակի մասին: Այս առումով անհրաժեշտություն է առաջանում ավելի մեծ ուշադրություն դարձնել աուդիտորական ծառայությունների որակի վրա: Անհրաժեշտ է նշել, որ այսօր Հայաստանում արդեն գործում են աշխարհի խոշորագույն աուդիտորական կազմակերպությունների` «Մեծ քառյակի» ներկայացուցիչներից 3-ը` KPMG-ն, PricewaterhouseCoopers-ն ու Ernst and Young-ը, ինչպես նաեւ միջազգային աուդիտորական խոշոր ընկերության ներկայացուցիչ «Գրանտ Թորնթոն Ամիօ»-ն: Բացի միջազգային ճանաչում ունեցող ընկերություններից, հայաստանյան շուկայում գործում են նաեւ որակյալ ծառայություններ մատուցող տեղական ընկերություններ: Իհարկե, պահանջների խստացումը որոշակի առումով իր անդրադարձը կունենա աուդիտորական ընկերությունների ներկայիս թվի վրա, սակայն պետք չէ մոռանալ, որ նշված պահանջներն ուղղված են աուդիտորների կողմից ստուգված ֆինանսական հաշվետվություննի նկատմամբ վստահության բարձրացմանը: Խստացումներն արդեն ազդել են աուդիտորների մասնագիտական որակավորման հարցաշարի բարդության վրա: Սակայն անհրաժեշտ է նշել, որ միայն պահանջների խստացումը չի կարող որակ ապահովել, պետք է ուշադրություն դարձնել նաեւ կրթական համակարգի առկա խնդիրներին: Իհարկե, շուկայում այսօր գործում են կազմակերպություններ, որոնք մասնագիտական վերապատրաստման որակյալ ծառայություններ են մատուցում, սակայն անհրաժեշտ նյութերի ու որակյալ մասնագետների պակասն իրեն զգացնել է տալիս: - Ֆինանսական ոլորտը ամենավերահսկվողն է Հայաստանի տնտեսության մեջ: Բերե՞լ է արդյոք վերջինիս անցումը IFRS-ին էական փոփոխությունների ֆինանսական կազմակերպությունների վերահսկողության գործում: - Փոփոխություններ, անշուշտ, կան, եւ դա պայմանավորված է ոչ միայն հսկողության նոր չափանիշներով, այլեւ այն հանգամանքով, որ ամբողջ աշխարհն այսօր գտնվում է ֆինանսական ճգնաժամի ազդեցության ներքո, եւ վերահսկողական գործիքներն անհրաժեշտ են հնարավոր խնդիրներից առավելագույնս խուսափելու համար: Հարկ է, սակայն, նշել, որ ֆինանսական շուկայի մասնակիցների նկատմամբ IFRS-ի ու ԿԲ-ի կողմից սահմանված պահանջներում կան որոշակի հակասություններ եւ անհամապատասխանություններ, որոնք վերաբերում են, մասնավորապես, վարկերի գծով կորուստի պահուստի ձեւավորմանը, ճանաչման եւ չափման սկզբունքներին եւ այլն: Համոզված եմ, որ նախաձեռնված բարեփոխումների իրականացման արդյունքում նշված պահանջները կհամապատասխանեցվեն ֆինանսական հաշվետվողականության միջազգային ստանդարտներին եւ մոտ ապագայում մենք կունենանք միասնական հաշվետվողական համակարգ: Այսօր արդեն ֆինանսական համակարգի գրագետ վերահսկողության ու IFRS-ին համապատասխանելու ակնառու արդյունք է այն, որ Հայաստանի բանկերում բաժնետիրական մասնակցություն են ձեռք բերում ու վարկեր են տրամադրում այնպիսի միջազգային ֆինանսական հաստատություններ, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը եւ այլ միջազգային ֆինանսական հաստատություններ: - Հայտնի՞ են ՀՀ աուդիտի շուկայի շրջանառության ծավալներն ու դինամիկան: - Համաձայն «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի, աուդիտորական ընկերություններն եռամսյակային եւ տարեկան կտրվածքով հաշվետվություններ են ներկայացնում լիազոր մարմինին` ՀՀ ֆինանսների նախարարությանը, սակայն այդ հաշվետվությունները հրապարակային չեն: Կարելի է միայն ասել, որ օրենքի վերոհիշյալ փոփոխությունների արդյունքում աուդիտի շուկայի ծավալները զգալիորեն կաճեն: - Ինչո՞վ է զբաղվելու Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ստեղծվելիք պալատը: - «Հաշվապահական հաշվառման մասին» նոր օրենքի նախագծով առաջարկվում է ստեղծել Հաշվապահների եւ աուդիտորների պալատ, որը կիրականացնի հաշվապահական հաշվառման ոլորտի կարգավորումը: Օրենքի նախագծով նախատեսվում է, որ պալատը պետք է հաստատի ՓՄՁ-ների վերաբերյալ ստանդարտները, հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը, ստանդարտ հաշվային պլանը, հրապարակի ուղեցույցներ եւ այլն: Նախատեսվող պալատը կարող է նաեւ իրականացնել աուդիտի ոլորտի նկատմամբ վերահսկողության գործառույթ, եթե ֆինանսների նախարարությունն իր լիազորությունների որոշ մասը պատվիրակի նման մասնագիտական կառույցներին: Tweet Դիտում՝ 22456