«Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները կսկսեն թարգմանվել հայերեն»

11.03.2009 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Երեւան /Մեդիամաքս/. «Այ Էյ Բի Կենտրոն» ՓԲԸ նախագահ եւ ակադեմիական ղեկավար Ռոյ Դոդջի հարցազրույցը Banks.am պորտալին

- Հայաստանն ունի հաշվապահական հավառման սեփական ստանդարտներ: Ո՞րն է հաշվապահներին ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներ ուսուցանելու ներկայիս անհրաժեշտությունը:

- Ներկայումս Հայաստանում հաշվապահական հաշվառման ստանդարտները հիմնվում են 2000 թ. միջազգային ստանդարտների վրա: Այդ ստանդարտների ընդունման ժամանակ չկային նոր միջազգային ստանդարտների ներդրման եւ գոյություն ունեցողների փոփոխության մեխանիզմներ: 2003 եւ 2007թթ. Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (IASB) լուրջ փոփոխություններ ներմուծեց ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում /ՖՀՄՍ/: Բացի այդ, 2000 թվականից սկսած, նրանք ներմուծեցին նաեւ նոր ստանդարտներ: Այդ փոփոխությունների արդյունքում ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտները լրջորեն հակասում են ՖՀՄՍ-ին:

ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություներ կատարելու մասին օրենքը, համաձայն որի` 2009թ. հունվարի 1-ից սկսած` ՀՀ բոլոր բանկերն իրենց ֆինասնական հաշվետվությունները նախապատրաստելու են ՖՀՄՍ-ին համապատասխան: Մյուս ֆինանսական կազմակերպություններն (օրինակ` ապահովագրական ընկերությունները) իրենց հաշվետվությունները IFRS ստանդարտներով պատրաստելու են 2010թ. հունվարի 1-ից: Ավելի ուշ ակնկալվում է մասնավոր հատվածի մնացած ներկայացուցիչների անցումը ՖՀՄՍ-ին:

- Միջազգային ստանդարտներն արդեն հրապարակվե՞լ են հայերեն լեզվով:

- Ստանդարտները հրապարակվել են մի քանի լեզուներով, սակայն հայերեն հրատարակություն առայժմ չկա: Ստանդարտների թարգմանությունը ֆինասնավորելու է USAID-ի կողմից իրականացվող ՀՀ ֆինանսական հատվածի զարգացման ծրագիրը (FSDP): Հետագայում թարգմանված ստանդարտները դառնալու են «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի մի մասը:

- «Այ Էյ Բի Կենտրոնը» մասնակցել է այդ նախագծի թարգմանիչների թեստավորման ծրագրին: Պատմեք այդ ծրագրի մասին:

- Իսկապես, «Այ Էյ Բի Կենտրոնը» հաղթել էր FSDP-ի հայտարարած` ՖՀՄՍ թեստավորման մրցույթում: Խնդիրը բավականին հետաքրքիր էր, քանի որ ստուգվում էր ոչ միայն լեզվի իմացությունը, այլեւ` մասնագիտական տերմինաբանության իմացությունն ու առարկայի ընդհանուր ընկալումը: Մենք արդեն ավարտել ենք այդ նախագիծը` FSDP-ին մանրամասն հաշվետվություն ներկայացնելով: Թարգմանիչների վերջնական ցանկի կազմելուց հետո միջազգային ստանդարտները կսկսեն թարգմանվել հայերեն: 

- «Այ Էյ Բի Կենտրոնն» այն քիչ հաստատություններից է, որոնք ունեն ՖՀՄՍ-ի դասավանդման փորձ: Ինչպիսի՞ն էր ձեր ընկերության մեկնարկը:

- ՖՀՄՍ դասընթացները մեր կողմից անցկացվում են 2002 թվականից: Սկզբնական շրջանում դրանք կազմակերվում էին հիմնականում կորպորատիվ հաճախորդների համար, ինչպիսիք են «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն, Կենտրոնական բանկն ու «Կասկադ Կապիտալ Հոլդինգսը»: 2008թ. ապրիլին մենք դասընթաց անցկացրեցինք «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» համար, նույն տարւմ դասընթաց կազմակերպվեց պետության ներքին աուդիտորների եւ խոշորագույն բանկերի ֆինանսական մասնագետների համար: 2008թ. դեկտեմբերին մենք ՖՀՄՍ-ի դասընթացներ կազմակերպեցինք ՀՀ բոլոր առեւտրային բանկերի ու Կենտրոնական բանկի գլխավոր հաշվապահների համար: Դրանք մասնակիորեն ֆինսանսավորվում էին USAID-ի կողմից: Այդ դասընթացները մեզ թույլ տվեցին համոզվել, որ դրանցում բերվող իրական օրինակները համապատասխանում են մեր հաճախորդների պահանջներն: Այդ դասընթացների մյուս առավելությունն այն է, որ մեր կողմից օգտագործվող նյութերը մշտապես թարմացվում են` ներառելով Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հաճախակի կատարվող փոփոխությունները:

- Ուսումնական ի՞նչ նյութեր եք օգտագործում դասընթացների ժամանակ:

- Դասընթացներում օգտագործող բոլոր նյութերը պատրաստվում են «Այ Էս Բի Կենտրոնի» կողմից: Մեր նյութերում բերվող գործնական օրինակները վերաբերում են բանկային հատվածին: Մենք թարգմանել ենք Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի ՖՀՄՍ-ի պաշտոնական բոլոր ընդհանրացումները` դրանք ներառելով ուսումնական նյութերում` որպես կողմնորոշիչ: Դրանից բացի, մեր կենտրոնի դասավանդողներից մեկը թարգմանել է ՀՀ հաշվապահական հաշվաման ստանդարտների եւ ՖՀՄՍ-ի միջեւ համեմատական վերլուծությունը, որը կհրապարակվի մոտ ապագայում: Այդ համեմատական ձեռնարկը շատ օգտակար սեղանի գիրք կդառնա յուրաքանչյուր հաշվապահի համար:

- Ձեր կարծիքով, որո՞նք են այն հմտությունները, որոնք հաշվապահներից կպահանջվեն կարգավորման նոր ռեժիմի պայմաններում:

- Նախեւառաջ, նրանք պետք է ընդունեն, որ նոր կանոններն էապես տարբերվելու են նրանցից, որոնք կիրառվում էին նախկինում: Նրանցից, ըստ էության, մասնագիտական հմտություններ որպես այդպիսին չեն պահանջվի, այլ միայն` այդ փոփոխություններն ընդունելու եւ որոշակի վերապատրաստում անցնելու նրանց պատրաստակամությունը: Եթե դրա համար որոշակի հմտություն նույնիսկ պահանջվի, ապա դա կլինի ոչ միանշանակ մեկնաբանություն ունեցող իրադրություններում դատողության կիրառումը: Բանն այն է, որ միջազգային ֆինանսական հաշվետվության որոշ ստանդարտներ ավելի շատ հիմնվում են սկզբունքների կիրառման վրա, քան թե մանրամասն կանոնների: Որոշ հաշվապահներ հաճախ դժվարանում են այդպիսի իրադրություններում` բոլոր դեպքերում նախընտրելով հետեւել կանոններին: Սակայն այսօր հաշվապահները սովորում են հարգել մասնագիտական էթիկան եւ հստակ ու անկանխակալ դատողություներ կիրառելու դեպքում նրանք հաշվապահական գործի այդ տեսանկյունից երկնչելու առիթ չեն ունենա: Օրինակ, ACCA-ում (Association of Chartered Certified Accountants/Հավաստագրված երդվյալ հաշվապահների միություն) ներդրվել է հատուկ «Էթիկա» օն-լայն մոդուլը, որի հանձնումը պարտադիր է հաշվապահի որակավորման համար:

- Որքա՞ն անդամ ունի ACCA-ն Հայաստանում:

- ACCA-ի որակավորված անդամների թվով Հայաստանի ցուցանիշները բավականին բարձր են: Վերջին տվյալներով երկրում հաշվառվում է ACCA-ի շուրջ 400 ուսանող եւ նույն կազմակերպության 32 անդամ: Տարածաշրջանի այլ երկրների, մասնավորապես` Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ, դա բավականին բարձր ցուցանիշ է: Այսպես, Վրաստանում ACCA-ն ունի 600 ուսանող եւ 2 անդամ:

Դժվարանում եմ նշել Ադրբեջանում ACCA-ի ուսանողների կոնկրետ թիվը, սակայն կազմակերպության լիիրավ անդամների թիվն այդ երկրում հասնում է 16-ի: Յուրաքանչյուր քննաշրջանից հետո Հայաստանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը: Այսպես, դեկտեմբերյան քննություններից հետո Հայաստանն ունի 5 հաջող հաղթողներ (բոլոր քննությունները հանձնած ուսանողներ), մինչդեռ Վրաստանում այն մեկն է, իսկ Ադրբեջանում առհասարակ չկա: «Այ Էյ Բի Կենտրոնը» կարող է հպարտանալ մեր ուսանողների արդյունքներով, որոնք նշանակալիորեն գերազանցում են ACCA-ի աշխարհի միջին ցուցանիշները:

Դիտում՝ 28744
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW