Եվրոպայի տնտեսության սխալ գնահատումն ու չափումը

24.07.2026 | 22:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Spark X-ի հիմնադիր Սամի Մահրումը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել INSEAD-ում, OECD-ում եւ Nesta-ում

Սամի Մահրում

Եվրոպական մրցունակության շուրջ բանավեճը վաղուց կենտրոնացած է եղել Միացյալ Նահանգների հետ խորացող անջրպետի վրա։ Սակայն սա սխալ հարցադրում է։ Կարեւորն այն չէ, թե արդյոք այդ անջրպետը մեծանում է, այլ այն, որ երկու տնտեսություններն էլ հարստություն են ստեղծում սկզբունքորեն տարբեր մեխանիզմներով. Եվրոպան իր հարստության զգալի մասը ստանում է կուտակված ակտիվներից, իսկ ԱՄՆ-ը հիմնվում է նոր ակտիվների շարունակական ստեղծման վրա։

Այս տարբերությունն ընկած է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ արտադրողականության անջրպետի չափման վերաբերյալ բանավեճի հիմքում։ Ըստ Փոլ Քրուգմանի՝ գնողունակության համարժեքության ցուցանիշով Եվրոպայի հարաբերական դիրքը ընդհանուր առմամբ կայուն է մնացել։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Ագիոնը եւ նրա համահեղինակներն, իրենց հերթին, պնդում են, որ հաստատուն գներով հաշվարկելու դեպքում Եվրոպան 1990-ականներից ի վեր հետեւողականորեն կորցրել է իր դիրքերը։ Սակայն երկուսն էլ սահմանափակվում են անջրպետի չափմամբ․ նրանցից ոչ մեկը չի բացատրում, թե ինչն է դրա պատճառը։

Արտադրողականության առումով Եվրոպան իսկապես զիջում է ԱՄՆ-ին, իսկ հաստատուն գներով հաշվարկների համաձայն՝ այդ երկու տնտեսությունների միջեւ առկա անջրպետն ավելի է մեծացել։ Սակայն Եվրոպան նաեւ ավելի հարուստ է, քան տասը տարի առաջ. մեկ շնչի հաշվով արտադրանքի ծավալն աճել է, իսկ Եվրամիության զբաղվածության մակարդակը 2025 թվականին հասել է ռեկորդային 76.1%-ի։ Ավելին, Եվրոպան իրեն ավելի աղքատ չի զգում, քանի որ նրա հարստության զգալի մասն մարմնավորված է նրա քաղաքներում, հաստատություններում եւ հեղինակության մեջ։

Այսպիսով, դանդաղել է ոչ թե հարստության կուտակումը, այլ դրա նորացման տեմպը։ Հենց ավելի դանդաղ նորացումը, ոչ թե անկումը, այն տնտեսության բնորոշող հատկանիշն է, որը կարելի է անվանել «պաշարային տնտեսություն՝ ի տարբերություն ամերիկյան «հոսքային տնտեսության»:

«Պաշար» ու «հոսք» հասկացությունները հարստության ստեղծման իդեալական ձեւեր են, ոչ թե հաշվապահական կատեգորիաներ: Պաշարային տնտեսությունը կայուն եկամուտներ է ստանում ժամանակի ընթացքում կուտակված ակտիվներից՝ պատմական քաղաքներից, մատակարարների ցանցերից, երկարամյա հեղինակություն ունեցող ապրանքանիշերից, կարգավորող համակարգի վստահելիությունից, տեխնիկական նոու-հաուից եւ այն վստահությունից, որը նվազեցնում է գործարքային ծախսերը: Իսկ հոսքային տնտեսությունը պետք է անդադար նոր հարստություն ստեղծի առաջատար նորարարությունների, ձեռներեցության եւ արագ մասշտաբավորման միջոցով: Եվրոպան մեծապես կախված է ժառանգված համակարգումից, մինչդեռ Ամերիկան՝ շարունակական նորացումից:

Անշուշտ, Եվրոպայի կուտակված պաշարները ամենեւին էլ պասիվ չեն: Մատակարարների խիտ ցանցերը, հեղինակության կապիտալը եւ ինստիտուցիոնալ վստահելիությունը ստեղծում են իրական արտադրողական արդյունավետություն: Այնուամենայնիվ, երբ նման ակտիվներն արդեն ձեւավորված են, նրանց ստեղծած արժեքի մի մասը դրսեւորվում է ոչ թե որպես արդյունավետ ներդրումների դիմաց հատուցում, այլ որպես տնտեսական ռենտա։

Շահավետ վայրերում սեփականություն ունեցող հողատերերը, երկարամյա հեղինակություն ունեցող ապրանքանիշերի շնորհիվ իրենց դիրքերը պահպանող գործող ընկերությունները, եւ պաշտպանված ոլորտները յուրացնում են այդ ավելցուկը՝ վերահսկելով ժառանգված ակտիվները: Նույն այդ կուտակված պաշարը, որը բարձրացնում է արդյունավետությունը, նաեւ նպաստում է հաստատված դիրքերի ամրապնդմանը:

Միլանի նորաձեւության էկոհամակարգը ցույց է տալիս, թե ինչպես են կուտակված մշակութային ռեսուրսները վերածվում այն բանի, ինչը տնտեսագետներն անվանում են «տեղանքի գրավչության արժեք»։ Ինչպես ցույց է տալիս Լեյլա Քեբիրի եւ Օլիվիե Կրեւուազիեի՝ շվեյցարական ժամագործության մշակութային աշխարհագրությանը նվիրված ուսումնասիրությունը, նման ժառանգված մշակութային ռեսուրսները շարունակում են ձեւավորել ժամանակակից արտադրությունը։ Պարզապես Միլանի հասցե կրելով՝ նորաձեւության նոր ապրանքանիշը կարող է անմիջապես ավելի թանկ լինել, քանի որ արտադրության վայրն ինքնին վկայում է ժառանգության, ճաշակի եւ իսկության մասին։

Պաշարային եւ հոսքային տնտեսությունների միջեւ տարբերությունը զգալի հետեւանքներ ունի արտադրողականության չափման վերաբերյալ բանավեճի համար։ Քանի որ ազգային հաշիվներում որպես արդյունք հաշվառվում են թե՛ փաստացի, թե՛ պայմանական ռենտաները, այն, ինչը  Կրուգմանն ու Ագիոնը դիտարկում են որպես արտադրողականության աճ համարվող երեւույթի մի մասը, արտացոլում է ոչ թե նոր ստեղծված հարստությունը, այլ ժառանգված ակտիվներից ստացվող եկամուտները։

Այլ կերպ ասած, արտադրողականության անջրպետը արտացոլում է ոչ միայն տնտեսական դինամիզմի տարբեր մակարդակները, այլեւ այն, թե արդյունքի որքան մասն է պայմանավորված ժառանգված ակտիվներով, ոչ թե նոր հարստության ստեղծմամբ։ Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրերի տնտեսական ազդեցության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված բնակավայրերում գրանցվել է բնակչության եւ բարձր եկամուտ ունեցող հարկ վճարողների մասնաբաժնի ավելի արագ աճ, ինչը խթանել է շքեղ բնակարանների նկատմամբ պահանջարկը: Եթե բացառենք այս պասիվ ժառանգված ռենտաները, ապա Եվրոպայի տնտեսության դինամիկ հատվածը կարող է ավելի սահմանափակ թվալ, քան ենթադրում են Կրուգմանը կամ Ագիոնը: Այս տեսանկյունից Եվրոպան ոչ այնքան անկում ապրող տնտեսություն է, որքան մի տնտեսություն, որը դեռեւս բարեկեցիկ կյանք է վարում բացառիկ ժառանգության շնորհիվ, բայց դժվարանում է վերածել այն նոր տնտեսական աճի:

Ամենից հստակ այս տարբերությունը երեւում է յուրաքանչյուր տնտեսության այցեքարտ դարձած ճյուղերում։ Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող գլխավոր ճյուղը շքեղության ապրանքների արդյունաբերությունն է՝ պաշարների վրա հիմնված ոլորտ, որտեղ ժառանգությունն ու հեղինակությունը ժամանակի ընթացքում ավելի մեծ արժեք են ձեռք բերում: Ամերիկայի տնտեսության առաջատար ճյուղերն են ծրագրային ապահովումը եւ, գնալով ավելի շատ, արհեստական բանականությունը, որտեղ արժեքը կախված է տեխնոլոգիական սահմանները ընդլայնելու կարողությունից։

Պաշարային տնտեսության սահմանափակումներն ակնհայտ են դառնում, երբ ընկերությունները փորձում են մասշտաբային աճ ապահովել: Թեեւ Եվրոպայում գործում են ավելի քան 35,000 ստարտափներ եւ բազմաթիվ համաշխարհային մակարդակի ընկերություններ, մասշտաբային աճն իր էությամբ հոսքային գործընթաց է: Եվրոպայում կապիտալը առատ է, բայց կապված է արդեն գոյություն ունեցող ակտիվների հետ, տաղանդը կենտրոնացած է գործող հաստատություններում, իսկ շուկաները շարունակում են մնալ մասնատված:


Արդյունքում եվրոպական խնայողությունները մեծամասամբ ներդրվում են արտասահմանում: Եվրախորհրդարանի տվյալներով՝ ԵՄ-ից ամեն տարի դուրս է գալիս մոտ 300 միլիարդ եվրոյի խնայողություն (343 միլիարդ դոլար), որի մեծ մասը ֆինանսավորում է ամերիկյան նորարարությունները: Եվրոպական մրցունակության վերաբերյալ 2024 թվականի իր զեկույցում Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին հանգել է նույն եզրակացությանը. Եվրոպան դժվարանում է իր գիտական գերազանցությունը, հսկայական խնայողություններն ու արդյունաբերական խոր ներուժը վերածել արագ տեմպերով աճող ընկերությունների:

Այնուամենայնիվ, Եվրոպան ունի մի քանի ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ պաշարները հոսքերի վերածելու համար: Առաջինը կորպորատիվ սփին-օֆֆներն են, որոնք գործող ընկերություններին թույլ են տալիս ծառայել որպես ինկուբատորներ: Նախքան անկախ ընկերություն դառնալը՝ ASML-ը, որը  կիսահաղորդիչների արտադրության համար անհրաժեշտ առաջադեմ լիտոգրաֆիկ մեքենաներ արտադրող նիդեռլանդական ընկերություն է, ստեղծվել էր որպես Philips-ի եւ ASM International-ի համատեղ ձեռնարկություն: NXP-ն եւ Signify-ը առանձնացան Philips-ից, իսկ Infineon-ը՝ Siemens-ից: Դրանցից յուրաքանչյուրը կուտակված կարողությունները վերածեց նոր տեխնոլոգիական ցիկլին հարմարեցված ընկերությունների:


Երկրորդ մեխանիզմը համատեղ ձեռնարկությունն է, որը միավորում է արդեն իսկ ձեւավորված կարողությունները՝ ստեղծելով նոր արդյունաբերական առաջատար ընկերություն։ Եվրոպայի ազգային ավիատիեզերական առաջատար ընկերությունների միավորմամբ ստեղծված Airbus-ը դարձավ Boeing-ի միակ լուրջ մրցակիցը։ Ֆրանսիական եւ իտալական կիսահաղորդիչներ արտադրող ընկերությունների միավորման արդյունքում ստեղծված STMicroelectronics-ը ձեւավորվեց նույն տրամաբանությամբ։

Եվ վերջապես, ոչ պակաս կարեւոր է կուտակված հարստության վերաներդրումը համբերատար կապիտալի ձեւով։ Օրինակ՝ Novo Nordisk հիմնադրամը մեկ սերնդի հաջողության արդյունքում ստացված եկամուտներն ուղղում է հաջորդ սերնդի հետազոտությունների եւ ընկերությունների զարգացմանը։


Այս մեխանիզմները Սիլիկոնյան հովտի մոդելի եվրոպական տարբերակները չեն։ Դրանք Եվրոպայի սեփական ուղին են՝ ժառանգված ակտիվները նոր աճի շարժիչների վերածելու համար։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Եվրոպայի սխալն այն էր, որ նա փորձեց ռիսկային կապիտալով առաջնորդվող հոսքային տնտեսությունը ներդնել պաշարային սոցիալ-տնտեսական կառուցվածքի մեջ, որը կառուցված է շուկայում վաղուց հաստատված հզոր ընկերությունների, կայուն ռենտաների եւ աստիճանական փոփոխությունների շուրջ։ Արդյունքում վենչուրային կապիտալի ոլորտում տեղի ունեցան պարբերական բումեր, որոնք չկարողացան վերափոխել ամբողջ տնտեսությունը։

Սիլիկոնյան հովտին ամբողջությամբ ընդօրինակելու փոխարեն, Եվրոպայի մարտահրավերն այն է, որ ստեղծվեն այնպիսի ինստիտուտներ, որոնք կարող են բացել կուտակված կամ «կողպված» ռեսուրսները՝ գործող ընկերություններ, որոնք ստեղծում են նոր սփին-օֆֆ ձեռնարկություններ, ազգային առաջատար ընկերություններ, որոնք միավորում են իրենց կարողությունները, ինչպես նաեւ հիմնադրամներ եւ ընտանեկան կապիտալ, որոնք աջակցում են ստարտափներին դրանց մասշտաբավորման փուլում։

Այս տեսանկյունից Կրուգման-Ագիոն բանավեճը ոչ այնքան ճիշտ արտադրողականության չափանիշի ընտրության մասին է, որքան այն մասին, թե ինչն են այդ չափանիշները բաց թողնում։ Թեեւ դրանք բավական լավ են չափում արտադրողականությունը տեխնոլոգիական առաջնագծում, դրանք չեն արտացոլում այն, թե Եվրոպայի ակնհայտ արդյունքի որքան մասն է հիմնված ժառանգված ակտիվների վրա, որոնց արտադրողական ներուժը դեռեւս չի իրացվել։

Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                       


Յունիբանկը մեկնարկել է «Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով» ակցիան, որի գլխավոր մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղեւորությունն է դեպի Իտալիա։

Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 3942

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW