Տոկոսադրույքները չեն կարող վերահսկել այսօրվա գնաճը

23.05.2026 | 00:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Կարոլինա Ալվեսը Լոնդոնի համալսարանական քոլեջի Նորարարության եւ հանրային նշանակության ինստիտուտի տնտեսագիտության դոցենտ է։

Կարոլինա Ալվես 

2025 թվականի մեծ մասի եւ 2026 թվականի առաջին ամիսների ընթացքում կենտրոնական բանկերը տոկոսադրույքները կայուն պահելու իրենց որոշումը ներկայացրել են որպես խոհեմության դրսեւորում։ Մինչ գնաճը բարձրանում է, իսկ տնտեսական աճը դանդաղում է, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն ու Անգլիայի բանկը համբերատարությունն ու «տվյալների վրա հիմնված մոտեցումը» նշում են որպես առաջ շարժվելու պատասխանատու ուղի։ Այս մոտեցումը, նախ և առաջ, ձևավորվել է ռեցեսիայի շարունակական վախերի ազդեցությամբ։

Այս դիրքորոշումն առաջ է բերում մի ծանոթ հարց. որքա՞ն ժամանակ կարող են կենտրոնական բանկերը դիմադրել տոկոսադրույքների բարձրացմանը։ Սակայն այդ ձեւակերպումը չի արտացոլում հարցի ողջ էությունը։ Իրական խնդիրը դրամավարկային քաղաքականության խստացման տեմպը չէ, այլ այն, թե արդյո՞ք քաղաքականություն մշակողները կարող են պահպանել այն պատրանքը, որ բարձր տոկոսադրույքները արդյունավետ կամ անգամ չեզոք արձագանք են զարգացած տնտեսությունների առջեւ ծառացած գնաճային ճնշումներին։

Այսօրվա գնաճային ճնշումները պայմանավորված չեն գերծանրաբեռնված աշխատաշուկաների կամ սպառողական պահանջարկի աճով։ Դրանք արտացոլում են էներգակիրների ավելի բարձր գները, աշխարհաքաղաքական հակամարտությունը, կլիմայական խանգարումները, փխրուն մատակարարման շղթաները եւ, ավելի հաճախ՝ խոշոր կորպորացիաների գնագոյացման կարողությունը։ Հաշվի առնելով, որ խնդիրը չափազանց մեծ վարկավորումը կամ ծախսերը չեն, տոկոսադրույքների բարձրացումը քիչ ազդեցություն ունի գնաճի հիմքում ընկած պատճառների հաղթահարման վրա։

Այս ճնշումները, հավանաբար, կուժեղանան: Միացյալ Արաբական Էմիրությունների վերջերս ՕՊԵԿ-ից դուրս գալու որոշումը պարզապես ապրանքային կարտելի ներսում առաջացած ներքին վեճ չէ: Այդ քայլն ազդարարում է էներգետիկայի քաղաքական լանդշաֆտում ավելի խորը կառուցվածքային տեղաշարժի մասին, որը դրսեւորվում է համաշխարհային նավթային շուկաներում ուժի դինամիկայի փոփոխությամբ եւ առկա ինստիտուտների՝ ֆինանսական շուկաների հետ սերտորեն կապված եւ միջազգային քաղաքական լարվածության ազդեցության ներքո գտնվող ռեսուրսը կառավարելու կարողության թուլացմամբ։ 

Քանի որ ՕՊԵԿ-ի ազդեցությունը երկար ժամանակ հիմնված է եղել անդամների զսպվածության վրա, ԱՄԷ-ի դուրս գալը խաթարում է դաշինքի ավանդական դերը մատակարարումների վերահսկման գործում: Հաշվի առնելով, որ դաշինքի ամենամեծ եւ ամենաճկուն արտադրողներից մեկը դուրս է գալիս, համակարգումը պահպանելն ավելի դժվար է դառնում, ինչը մեծացնում է շուկայի անկայունությունը: Նավթի շուկաները, իրենց հերթին, ավելի քիչ արձագանքում են կոլեկտիվ ռազմավարությանը, քան մասնատմանը, աշխարհաքաղաքական ռիսկերին եւ միակողմանի որոշումների կայացման գործընթացին։


Արդյունքում, կենտրոնական բանկերը հայտնվում են ավելի ու ավելի անհարմար դրության մեջ: Եթե կենտրոնական բանկերը ավելի երկար ժամանակ ցածր պահեն տոկոսադրույքները, նրանք վտանգում են իրենց հեղինակությունը, քանի որ ընդհանուր գնաճի մակարդակը աստիճանաբար բարձրանում է: Եվ հակառակը, տոկոսադրույքների չափազանց ագրեսիվ բարձրացումը կարող է խորացնել տնտեսական դանդաղեցման ճնշումները, մեծացնել մասնավոր եւ պետական պարտքի բեռը եւ առավել ծանր ազդեցություն ունենալ այն տնային տնտեսությունների վրա, որոնք արդեն իսկ տուժել են սննդի, բնակարանների եւ էներգիայի գների աճից:

Այս ամենի ֆոնին, դրամավարկային մարմինները չեն կարող ազատորեն ընտրություն կատարել հստակ քաղաքական տարբերակների միջեւ: Նրանք գործում են խիստ կառուցվածքային սահմանափակումների շրջանակում, որոնք պայմանավորված են ֆինանսական շուկաների ազդեցությամբ, հարկային անկայունությամբ եւ քաղաքական ճնշումներով՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է գործազրկությանը: Իրենց հերթին, շուկաները ակնկալում են տոկոսադրույքների բարձրացում, ոչ թե այն պատճառով, որ դա կլուծի գնաճի խնդիրը, այլ այն պատճառով, որ կենտրոնական բանկերը ստիպված են քայլեր ձեռնարկել, նույնիսկ, երբ իրենց գործիքները արդյունավետ չեն խնդիրը լուծելու համար:

Նման քաղաքականության բաշխումային հետեւանքները հաճախ անտեսվում են: Բարձր տոկոսադրույքները գործում են որպես կարգապահական մեխանիզմ. դրանք պաշտպանում են ակտիվների արժեքները, պարգեւատրում են վարկատուներին եւ կարգավորման բեռը տեղափոխում են աշխատողների, հիփոթեքային վարկառուների եւ մեծ պարտքեր ունեցող երկրների վրա: Գնաճը որպես աշխատաշուկայի խնդիր ներկայացնելը, անգամ երբ այն առաջանում է էներգետիկ մենաշնորհների, աշխարհաքաղաքական լարվածության եւ մատակարարման խափանումների հետեւանքով, քաղաքական ընտրություն է, ոչ թե տնտեսական անհրաժեշտություն: Իրականում, բարձր տոկոսադրույքները չեն վերացնում գնաճը, այլ վերաբաշխում են դրա բեռը՝ բարձր գործազրկության, տնային տնտեսությունների պարտքի աճի եւ բյուջետային ծախսերի կրճատումների միջոցով: Սա դրամավարկային քաղաքականության չնախատեսված կողմնակի ազդեցություն չէ, այլ այն մեխանիզմն է, որի միջոցով սովորաբար կառավարվում է գնաճը:

Այս իրականությունը քիչ է ազդել գնաճի մասին բանավեճի ընթացքի վրա։ Քաղաքականություն մշակողները շարունակում են գնաճը դիտարկել որպես դրամավարկային, այլ ոչ թե կառուցվածքային եւ բաշխումային խնդիր։ Կենտրոնական բանկերը արձագանքում են ֆինանսական պայմանների խստացմամբ, սակայն բարձր տոկոսադրույքները չեն նվազեցնում սննդամթերքի գները, որոնք պայմանավորված են պարարտանյութերի եւ էներգիայի գների կտրուկ աճով։ Սակայն դրանք մեծացնում են աշխատատեղերի կորստի, հիփոթեքային ճգնաժամի եւ խորը աղքատության ռիսկը։

Եթե գնաճը տարիներ շարունակ բարձր է մնում, դա հանգեցնում է սոցիալական հյուծվածության։ Տնային տնտեսությունները չեն կարող շարունակաբար ավելի բարձր ծախսեր կրել առանց երկարաժամկետ վնասների՝ պարտքի աճից սկսած, մինչեւ սննդի եւ առողջական վիճակի վատթարացում։ Այդ պահին գնաճը դադարում է լինել պարզապես տնտեսական խնդիր եւ դառնում է քաղաքական անկայունության աղբյուր, ինչը կարող է հանգեցնել ինստիտուցիոնալ լեգիտիմության ճգնաժամի։

Այս դինամիկան ընդգծում է կենտրոնական բանկերի ներկայիս մոտեցման սահմանափակումները: Քանի որ գնաճը սերտորեն կապված է կլիմայական ցնցումների, պատերազմների եւ հիմնական ռեսուրսների ռազմավարական վերահսկման հետ, միայն դրամավարկային քաղաքականությամբ հնարավոր չէ կայունացնել գները՝ առանց լուրջ սոցիալական եւ տնտեսական հետեւանքների։ Բարձր տոկոսադրույքները կարող են ճնշել պահանջարկը, բայց չեն կարող արտադրել նավթ ու բնական գազ, բացել նավահանգիստները, վերականգնել մատակարարման շղթաները կամ նվազեցնել կորպորատիվ մարժաները:


Կենտրոնական բանկերը կարող են հետաձգել տոկոսադրույքների բարձրացումը, անել դա աստիճանաբար կամ կիրառել «կամավոր դադարներ»: Սակայն նման մարտավարական ճշգրտումները չեն լուծում հիմնական հակասությունը. քաղաքականություն մշակողները օգտագործում են պահանջարկի կառավարման համար նախատեսված տեխնոկրատական գործիք՝ կառուցվածքային եւ քաղաքական գործոններով պայմանավորված գների աճը զսպելու համար։

Մինչեւ այդ հակասությունը չլուծվի՝ համակարգված էներգետիկ քաղաքականության, պետական ներդրումների, գների կարգավորման, արդյունաբերական ռազմավարության կամ ակտիվ հարկաբյուջետային միջամտության միջոցով, տոկոսադրույքները կշարունակեն տատանվել՝ առանց լուծելու այն խնդիրը, որի համար դրանք նախատեսված են: Դրամավարկային խստացումը մեծ մասամբ կմնա որպես վերահսկողության խորհրդանշական ժեստ, այլ ոչ թե խնդիրն իրականում լուծելու գործիք։

Իր էությամբ, քաղաքականություն մշակողների շարունակական կախվածությունը տոկոսադրույքներից՝ էներգետիկ շուկաների, կորպորատիվ իշխանության եւ աշխարհաքաղաքական հակամարտության փոխազդեցությունից բխող ճգնաժամերը կառավարելու համար, արտացոլում է, թե ինչպես է ձեւավորվում գնաճը: Կառուցվածքային գնաճը որպես պահանջարկի կառավարման խնդիր դիտարկելը թույլ է տալիս քաղաքականություն մշակողներին վճռական լինել՝ միաժամանակ խուսափելով ավելի դժվար դիմակայությունից նրանց հետ, ովքեր սահմանում են գները, վերահսկում ռեսուրսները եւ ավելորդ շահույթ ստանում  իրենց շուկայական դիրքի շնորհիվ: Սա նույնպես քաղաքականության ընտրություն է, որի սոցիալական ծախսերը գնալով ավելի դժվար է անտեսել:

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                  


Յունիբանկը հայտարարել է 3.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով սովորական բաժնետոմսերի նոր թողարկման մասին։ 

Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 5569

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW