Glasswork-ի երկու «սյուները». ինժեներական ճշգրտություն եւ գեղարվեստական մտածողություն

04.06.2025 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ապակին հակասություններով լեցուն նյութ է. թափանցիկ, բայց ծանր։ Ապակուն սովորաբար չենք նայում, այլ՝ նայում ենք նրա միջով։ Glasswork-ը ստիպում է  կանգ առնել եւ նայել. ոչ միայն ապակուն, այլեւ մարդկանց, ովքեր ստեղծում են բարդ արտադրանք՝ առանց ավելորդ աղմուկի։ 

Banks.am-ը զրուցել է ընկերության տնօրեն Էդուարդ Ագիկյանի հետ։

Վրաստանից՝ Հայաստան

Ամեն ինչ սկսվեց 1988 թվականին, երբ Էդուարդ Ագիկյանի հայրը` Սամվել Ագիկյանը Վրաստանում փոքր բիզնես հիմնեց։ Կազմակերպությունը գործունեություն էր ծավալում շին սպասարկման ոլորտում։

Էդուարդ Ագիկյանը

2004 թվականին հերթը հայաստանյան շուկայինն էր։ Ստեղծվեց ASEDL ընկերությունը, որը ներմուծում էր անհրաժեշտ բաղադրիչներ դռների, պատուհանների եւ այլ ապրանքատեսակների արտադրության համար։

2005 թվականին Էդուարդ Ագիկյանը՝ հիմնադրի որդին, միացավ նոր հիմնադրված ընկերությանը, այդ փուլում բիզնեսը սկսեց ավելի ընտանեկան բնույթ ստանալ։ 

Էդուարդ Ագիկյան. «Որոշ ժամանակ անց  հասկացանք՝ մատակարարումներով հնարավոր է շուկայում դիրք գրավել, բայց ինքներս հավելյալ արժեք չէինք ստեղծում։ Պարզապես բերում էինք ապրանքը, վաճառում ու վերջ։ Իսկ մենք  ցանկանում էինք  կառուցել, արժեք ստեղծել»։


ASEDL-ը սկսեց ավելացնել ծավալները, բայց դրան զուգահեռ ընտանիքը հասկացավ՝ շուկան փոխվում է և պետք է քայլել այդ փոփոխություններին  համընթաց: Այդպես 2011 թվականին Վրաստանում ծնվեց Glasswork-ը։


Էդուարդ Ագիկյան. «Վրաստանում այդ ժամանակ    ապակեպատ շատ շենքեր ու շինություններ էին կառուցվում։ Մենք որոշեցինք, որ դա լավ հնարավորություն է՝ այդ ուղղությունը զարգացնելու համար»։

Glasswork-ը կարողացավ ժամանակին համընթաց աշխատել՝ կառուցելով գործարան, հագեցնելով այն սարքավորումներով եւ թիմ ձեւավորելով։ Իսկ հետո հարց առաջացավ. իսկ ինչո՞ւ ոչ Հայաստանում։

2019-ին այդ հարցին պատասխան տվեցին գործով։ Երեւանում տարածք ձեռք բերեցին եւ սկսեցին կառուցել՝ ոչ միայն արտադրական տարածքներ, այլեւ նոր ինդուստրիալ մշակույթ։ Glasswork-ը ոչ միայն նոր բիզնես ուղղություն դարձավ, այլեւ ընտանիքի կուտակած փորձի բյուրեղացումը։

Ջամբո մտածողություն՝ ոչ միայն չափերով

Glasswork-ի ռազմավարությունը հիմնված է շարունակական զարգացման հայեցակարգի վրա։ Սկզբում ներդրումային ծրագրի ծավալը 1.6 միլիարդ դրամ էր՝ պետք է կառուցվեր մեկ արտադրական մասնաշենք, ձեռք բերվեին հիմնական սարքավորումները։ 


Սակայն տեխնիկական պահանջները, տարածքի ճարտարապետական կառուցվածքը, նոր սարքավորումների քանակը նոր ներդրումներ պահանջեցին։ Արդյունքում ներդրումների ընդհանուր ծավալը հասավ շուրջ 3.8 միլիարդ դրամի։

Էդուարդ Ագիկյանն ասում է, որ դա ոչ միայն գումարի, այլեւ մտածողության փոփոխություն էր՝ գործարանն այսօր վերածվել է տարածաշրջանային նշանակության արտադրական հարթակի։


Մինչեւ Glasswork-ի մուտքը շուկա, Հայաստանում մինչեւ 3,21 մետր x 6 մետր չափերով ապակու հետ չէին աշխատել։ Այդ չափը պահանջում է ոչ միայն համապատասխան հումք, այլ՝ հատուկ սարքավորումներ եւ հատուկ պատրաստություն անցած անձնակազմ։ Այսօր Glasswork-ը միակն է Հայաստանում, որ ունի «ջամբո» չափի ապակու մշակման հնարավորություն։ 


Էդուարդ Ագիկյան. « Glasswork-ն այսօր իրականացնում է խոշոր բնակելի եւ հյուրանոցային համալիրներ, հասարակական նշանակության օբյեկտներ՝ բիզնես կենտրոններ , առեւտրային կենտրոններ։ Մեզ դիմում են այն ժամանակ, երբ շենքը դեռ «մերկ» է՝ միայն կարկասն է պատրաստ»։

Էդուարդ Ագիկյանը

Այդ պահից սկսվում է Glasswork-ի աշխատանքը։ Խորհրդատվություն, չափագրում, նախագծում, տեղադրում։ Օգտագործվում են  ապակե և ալյումինե կոնստրուկցիաներ և երեսպատման տարատեսակ նյութեր։

Ընկերությունը հանդիսանում  է գերմանական  առաջատար SCHUCO բրենդի պրեմիում գործընկերը։


Glasswork-ի նախագծերից են, օրինակ՝ «AMANOO», «PULLMAN», «ONLY ONE», «BEDECK» Դավթաշեն, «SOFT CITY» Աշտարակի խճուղի, «RUSSIA MALL», «KOMITAS 59», Ակբա Բանկ «RENCO», Արշակունյաց բիզնես կենտրոն «DECORA GROUP» շենքերը։ Այդ օբյեկտներում Glasswork-ը պատասխանատու է եղել ամբողջ արտաքին երեսպատման համար։

Բացի ապակեմշակման ծառայություններից, «Գլասսվորկ»-ի կարևորագույն մասնագիտացումներից են նաև ալյումինե կոնստրուկցիաների նախագծումը, արտադրությունը և մոնտաժը։


Glasswork-ում ապակին երբեմն խոսում է՝ լույսով, գույնով ու ծավալով։ Բայց կան դեպքեր, երբ այն դառնում է ուղիղ խոսք՝ վերածվելով պատկերի, պատմության։ Glasswork Art բաժինը ծնվել է այդ գաղափարից։ Ապակու միջոցով հնարավոր է ոչ միայն տարածք փակել, այլ՝ զգացողություն բացել։ 

Աշխատանքները կատարվում են ձեռքով՝ վարպետների կողմից։ Նրանց վստահվում են ինչպես հյուրանոցների եւ մեծ սրահների ձեւավորումները, այնպես էլ փոքր անհատական պատվերները։

Այս երկու ուղղության հատման կետում Glasswork-ը գտնում է իր ամբողջականությունը։ Մի կողմից՝ ինժեներական ճշգրտություն, մյուս կողմից՝ գեղարվեստական մտածողություն։ 

Մարդիկ, որոնք մնացին

Glasswork-ը վերջին տարիներին ստեղծել է ավելի քան 250 աշխատատեղ։ 


Սկզբում ոլորտը նոր էր, չկային մասնագետներ, որոնք կարող էին աշխատանքի ընդունվել եւ միանգամից գործի անցնել։ Հայաստանում չկան բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններ, որոնք ապակու մշակման մասնագետ կպատրաստեն:


2004 թվականն էր, երբ Գեւորգը՝ Ջավախքից, առաջին անգամ մտավ հիմնարկի տարածք։ Չկար լոգո, կայք, բաժիններ։ Թիմում ընդամենը հինգ հոգի էր, որոնցից մեկը տնօրենն էր` Էդուարդ Ագիկյանը։ Բայց Գեւորգը միանգամից ասաց. «Չեմ ուզում գնալ Ռուսաստան, ուզում եմ մնալ ու այստեղ աշխատել»։

Վարձատրությունը համեստ էր։ Տեխնիկա՝ գրեթե չկար։ Բայց կար աշխատելու ցանկություն, եւ այդ ցանկությունն անփոփոխ է՝ Գեւորգն ավելի քան 20 տարի թիմի անդամ է։


Նման մարդիկ Glasswork-ում շատ են։ Ոմանք աշխատում են՝ 15 տարի, ոմանք՝ 10, ոմանք էլ՝ վերջերս են աշխատանքի ընդունվել։ Բայց բոլորն այն գաղափարական համակարգի մասնիկներն են, որով ապրում է գործարանը։

Դիմանալ ժամանակին. խնդիրներ եւ երազանքներ

Glasswork-ում այսօր սարքավորումների պակաս չկա։ Առաջարկներն աճում են, տեխնոլոգիան՝ զարգանում, բայց աճն իր հետ նոր մարտահրավերներ է բերում։ 

Էդուարդ Ագիկյան. «Այսօր մեր ամենամեծ մարտահրավերը ոչ թե տեխնիկան է, այլ միջին օղակի կառավարիչները։ Մարդիկ, ովքեր ղեկավարում են արտադրության կոնկրետ միավորները, պատասխանատու են գործընթացի ամբողջականության համար, բայց դեռ բավարար փորձ չունեն»։

Ապագայի մասին խոսելիս Էդուարդ Ագիկյանը երկար չի մտածում. 

«Մենք անում ենք մեր հնարավորությունների առավելագույնը եւ ուզում ենք, որ այն, ինչ ստեղծել ենք, այնքան ամուր լինի, որ մեր երեխաները նշեն գործարանի հարյուր տարին»։

Էդուարդ Ագիկյանը

Մինչ այդ՝ մի «փոքր» երազանք էլ կա։ Չնայած Glasswork-ի գործարանը ակտիվ աշխատում է, պաշտոնական բացումը դեռ չի կայացել։ Բազմիցս հետաձգել են, ամեն անգամ ինչ-որ բան ավելացրել, տարածք ընդլայնել, նոր սարք ներմուծել, նոր գիծ գործարկել։ Գործարանը շարունակ աճում էր՝ բացումն էլ հետաձգվում։ Բայց հույս ունեն՝ երբ այդ օրը գա, Երեւանի քաղաքապետարանը վերջապես ականջալուր կգտնվի իրենց հորդորին եւ կվերանորոգի այն ճանապարհը, որով աշխատակիցներն ու գործընկերները գործարան են գալիս։

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 4912
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW