«Shtigen Group». Ներդրում կատարել հայկական, զարգացման տեսլական ունեցող ընկերությունում՝ նպաստելով ոլորտի աճին

27.05.2025 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Այս տարվա մայիսին շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ արեւային կայանը՝ «Մասրիկ-1»-ը, որի շինարարությունը 11 ամսում իրականացրել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող հայկական Shtigen ընկերությունը։ Կայանը տարեկան կարտադրի մոտ 128 ԳՎտժ էլեկտրաէներգիա, ինչը բավարար է ավելի քան 20 000 տուն հոսանքով ապահովելու համար։

«Մասրիկ-1»-ի կառուցման ընթացքի, տեղական էներգետիկայի զարգացման կարեւորության եւ «Shtigen Group»-ի  թողարկած պարտատոմսերի մասին Banks.am-ը զրուցել է ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի հետ։

«Մասրիկ-1» արեւային կայանի կառուցումը Հայաստանի պատմության ամենաբարդ նախածերից էր

Հայաստանում արեւային խոշորագույն կայանի՝ 62 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Մասրիկ-1»-ի նախագիծն իսկապես բացառիկ է, որովհետեւ նման հզորությամբ ու մասշտաբով կայան Հայաստանում կառուցվում էր առաջին անգամ: Նախագծի  ընթացքն ուղեկցվեց մի շարք ֆորսմաժորային իրավիճակներով՝ կորոնավիրուսի համավարակ, 2020թ. Արցախյան պատերազմ։ Այդ շրջանում դեռեւս չկային այնպիսի հայկական ընկերություններ, որոնք ի վիճակի կլինեին նման ծավալի աշխատանք կատարել։

«Մասրիկ-1»-ի սեփականատերը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմամբ զբաղվող միջազգային FRV (Fotowatio Renewable Ventures) ընկերությունն է։ Գործընկերություն հաստատելով չինական կապալառու CMEK ընկերության հետ՝ FRV-ն կառուցման աշխատանքը պատվիրակեց Shtigen-ին։


Shtigen-ը «Մասրիկ-1»-ի կառուցմանը միացավ 2023թ.-ի նոյեմբերին՝ շինարարությունն ավարտելով 11 ամսում։ Աշխատանքներին ներգրավվեց ավելի քան 130 աշխատակից, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրից։

Հաշվի առնելով կայանի տեղանքը (Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի տարածք)` շինարարության մեկնարկը համընկավ չափազանց անբարենպաստ ժամանակահատվածի հետ։ Տարածքն ընտրվել էր՝ ելնելով արեւի ինտենսիվության մանրակրկիտ չափումներից, սակայն աշնանն ու ձմռանն այնտեղ կլիմայական պայմանները խիստ են, իսկ ջերմաստիճանը հաճախ իջնում է մինչեւ -15°C -20°C։ Այսպիսի պայմաններում աշխատանքային լուրջ դժվարությունների բախվեցինք․ սառած ու պինդ հողը զգալիորեն խոչընդոտում էր տեխնիկայի բնականոն աշխատանքը։ Կար նաեւ ժամանակի սահմանափակում. հնարավորություն չունեինք սպասել մինչեւ ապրիլ կամ մայիս՝ ավելի բարենպաստ եղանակային պայմաններում աշխատանքները շարունակելու համար։

Կարող եմ ասել՝ «Մասրիկ-1»-ը Հայաստանի պատմության ամենաբարդ նախագիծներից էր: Այնուամենայնիվ, մեր թիմը հաղթահարեց բոլոր դժվարությունները՝ 11 ամիս բառացիորեն ապրելով Մասրիկում: Տեղում ստեղծեցինք կացարաններ՝ իրականացնելով մասնագետների մոբիլիզացիա: Սա իսկապես ռազմական մոբիլիզացիայի նման գործընթաց է, երբ թիմի «կորիզը» հավաքվում է շինարարության վայրում: Նշեցի, որ ներգրավեցինք նաեւ համայնքի բնակիչներին, ինչը բավականին բարդ էր, որովհետեւ տեղացիներից շատերը երբեւէ չէին մասնակցել նման մասշտաբի շինարարական նախագծերի։ Մեզ համար, սակայն, կարեւոր էր ոչ միայն կայանի կառուցումը, այլեւ՝ տեղական տնտեսական միջավայրում որոշակի ներդրում ունենալը։  


Չնայած մարտահրավերներին՝ «Մասրիկ-1»-ի շինարարությունը գործնականում ավարտեցինք 2024թ.-ի հոկտեմբերին:

Կայանը զբաղեցնում է 130 հա տարածք, տեղադրված է մոտ 115 000 վահանակ։  «Մասրիկ-1»-ի տարեկան արտադրած էլեկտրաէներգիան կբավարարի ավելի քան 20 000 տուն հոսանքով ապահովելու համար։

«Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքները նախատեսված չեն մեծ ծավալով վերականգնվող էներգետիկայի համար. ոլորտն աճել է, «նոր հագուստ» է պետք»

Վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման հիմքում ոչ միայն տեխնոլոգիական, այլեւ գլոբալ շատ հարցեր կան։ Դրանցից կարեւորագույնը տեսլականի բացակայությունն է։ Ապրելով մեր իսկ տանը՝ ի՞նչ տեսլական ունենք այդ տան կառուցման եւ զարգացման վերաբերյալ, ինչպե՞ս ենք պատկերացնում այդ տունը եւ ի՞նչ հիմքի վրա ենք ցանկանում կառուցել այն։

Ցավոք, անկախության ավելի քան 30 տարվա ընթացքում չենք կարողացել հստակ ձեւակերպել այս հարցերի պատասխանները։ Այո՛, եղել են ռազմավարություններ, հայեցակարգեր եւ փաստաթղթեր, սակայն տնտեսության ու էներգետիկայի զարգացման համընդհանուր տեսլականի հիմքում դեռ պահպանվում է արտաքին գործոններից կախվածությունը։ Մեր ենթակառուցվածքները թանկ են, Խորհրդային տարիներից ժառանգված արժեշղթաները խզված են, իսկ նորերը՝ չկան, պետության հայացքը դեպի մասնավոր հատված է եւ հակառակը, իսկ այդ ընթացքում տաղանդավոր մարդկային ռեսուրսը հեռանում է երկրից:

Այս բոլոր հիմնարար հարցերի գիտակցումն է ընկած Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման անհրաժեշտության հիմքում: Իհարկե, մեծ դեր ունի նաեւ բնապահպանական գործոնը, առավել եւս՝ այսօրվա իրավիճակում: Վերականգնվող էներգետիկան կենսակերպ է, մոտեցում կյանքին ու խնդիրների լուծմանը:

Հայկ Շեկյանը

Եթե զարկ չենք տալիս տեղական էներգետիկայի զարգացմանը, մնում ենք կախվածությունների դաշտում: Ընդ որում, հատուկ եմ կիրառում «տեղական» եւ ոչ «վերականգնվող» տերմինը. տեղականը մեր արեւն է, քամու, ջրային ռեսուրսների էներգիան:

Իհարկե, պետք է լինեն նաեւ էներգիայի ավանդական աղբյուրները, միջուկային կամ ջերմային էներգիան, բայց կախվածությունների նվազեցման տեսանկյունից՝ վերականգնվող էներգետիկայի զարգացումն այլընտրանք չունի: Հենց այս դիտանկյունից պետք է նայել թե՛ «Մասրիկ-1» նախագծին, թե՛ Հայաստանում արդեն տեղադրված մոտ 35 000 արեւային կայանին։

Միեւնույն ժամանակ, պետք է լինի գիտակցում, որ ցանկացած ոլորտի զարգացում բերելու է նաեւ խնդիրներ, որոնք լուծել է պետք: Երբ երեխան մեծանում է, եւ նրա հագուստը փոքրանում է, ծնողը չի ասում չէ՞՝ «ինչո՞ւ մեծացար» կամ «էլ չաճե՛ս», պարզապես նոր հագուստ է գնում:

Մենք հիմա մի փուլում ենք, երբ «նոր հագուստի» կարիք ունենք: Հայաստանի ենթակառուցվածքներն այս պահին նախատեսված չեն մեծ ծավալով վերականգնվող էներգետիկայի համար: Մեր «երեխան» մեծացել է եւ ուրախանալու, «նոր հագուստ» գնելու փոխարեն ասում ենք՝ «ո՞նց, բա ի՞նչ անենք, նոր հագուստի գումար չկա»: Պետք է ունենալ եւ ներդնել իրավիճակին համապատասխան կառավարման գործիքակազմ:

«Մարդկանց համար կարեւոր է ներդրում կատարել հայկական, երկարաժամկետ զարգացման տեսլական ունեցող ընկերությունում»

Վերականգնվող էներգետիկայի ոլորտը պետք է սնուցել, եւ դա անելու մի քանի ճանապարհ կա։ Նախ՝ շատ կարեւոր է ոլորտ ներգրավել որակյալ մասնագետների։ Բարեբախտաբար, վերջին տարիներին սա հաջողվում է։ Արեւային էներգիայով զբաղվող ընկերությունում աշխատելն այսօր մարդկանց մոտ ասոցացվում է կայունության եւ զարգացման հետ:

Ոլորտը սնուցելու մյուս տարբերակը, բնականաբար, ֆինանսական ռեսուրսն է: Բայց այստեղ էլ խութեր կան, քանի որ ֆինանսավորումը հիմնականում տեղի է ունենում միահեծան տարբերակով. պետությունը կատարում է ներդրում, եւ գումարը բանկերի միջոցով հասնում է ընկերությանը։ Սուբսիդավորման ծրագրի ավարտից հետո ոլորտը կա՛մ մահանալու է, կա՛մ՝ էապես կրճատվելու: Համակարգը միահեծան է նաեւ ֆինանսական ներհոսքի խողովակների առումով․ այս դեպքում գումարի միակ «մատակարարը» բանկերն են:

Ցավոք, կապիտալի շուկան մեզ մոտ դեռ չի զարգացել, եւ հենց այս խնդիրը տեսնելով՝ «Shtigen » ընկերությունը թողարկեց պարտատոմսեր:

Վստահաբար, խնդրի գիտակցումը կա նաեւ պետության մոտ, որովհետեւ գործարկվել է պարտատոմսերի թողարկմանն աջակցող ծրագիր:

Կարծում եմ՝ ֆինանսական ներհոսքի երկրորդ հեծան «կառուցելը» դրական կանդրադառնա ոչ միայն մեր ընկերության վրա, այլեւ՝ կառողջացնի ոլորտը, կփոխի մարդկանց ընկալումներն ու մոտեցումները։ «Բարձի տակ պահված» գումարն, այսպիսով, կներդրվի տնտեսության մեջ: Հատկանշական է, որ «Shtigen Group»-ի պարտատոմսերի գնորդների 85%-ը ֆիզիկական՝ մինչ այս մեզ անծանոթ անձինք են: Շփումների ընթացքում նրանք ընդգծում են, որ կարեւորում են հայկական, երկարաժամկետ զարգացման տեսլական ունեցող ընկերությունում ներդրում կատարելը։

Ինչպես նշեցի, այստեղ նաեւ գիտակցության ու մոտեցման հարց կա. երբ մարդը գումարը պահում է, օրինակ, բանկում՝ ավանդի տեսքով, գրավում է բավականին իներտ դիրք՝ չմասնակցելով երկրի տնտեսությանը, կյանքին, կենցաղին: Եթե պետությունը համեմատենք խոշոր կորպորացիայի հետ, վերջինն իր կենսունակության համար պայքարում է բոլոր բջիջներով, իսկ նշածս օրինակում պետության բազմաթիվ «բջիջներ» դուրս են մնում այդ պայքարից: Պատկերացրեք՝ որքան ավելի բարձր կլիներ հասարակության գիտակցությունը, եթե մեր ենթակառուցվաքային ու շատ այլ ընկերություններում քաղաքացիները ներգրավված լինեին որպես բաժնետերեր:

«Ներգրավված ֆինանսական միջոցներն ուղղվելու են ընկերության եւ ոլորտի զարգացմանը»

Բնականաբար, պարտատոմսերի միջոցով ֆինանսական միջոցների ներգրավումը ինքնանպատակ չէ։ Այն միջոց է՝ ուղղված ոչ միայն «Shtigen Group»-ի, այլեւ՝ առհասարակ վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը։ Պարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավված ֆինանսական միջոցներն ուղղվելու են երեք հիմնական ռազմավարական ուղղությամբ:

Առաջինն ընկերության ընդլայնումն է՝ թե՛ աշխարհագրորեն, թե՛ պրոդուկտային առումով։ Այսօր «Shtigen Group»-ը ձեւավորել է ոչ մեծ, բայց կայուն եւ աճող էկոհամակարգ, որը համագործակցում է խոշոր արդյունաբերական եւ պրոդուկտ արտադրող ընկերությունների հետ, ինչպես նաեւ՝ զարգացնում էլեկտրական տրանսպորտի ուղղությունը։

Մեր համոզմամբ՝ միայն արեւային կայանների կառուցումը բավարար չէ համակարգային փոփոխությունների հասնելու համար։ Նպատակ ունենք ներդրված միջոցների մի մասն ուղղել Հայաստանում կուտակային արեւային կայանների եւ ջերմային պոմպերի տեխնոլոգիաների զարգացմանը։ Դրանք նպաստում են վերականգնվող էներգիայի ստացման եւ սպառման ողջ շղթայի արդյունավետության բարձրացմանը, նվազեցնում կորուստները: Ջերմային պոմպը գազին փոխարինող տեխնոլոգիա է, որը կիրառվում է ջեռուցման կամ հովացման նպատակով ինչպես տներում, այնպես էլ՝ սպառման առավել մեծ ծավալ ենթադրող վայրերում։

Զարգացման երկրորդ ուղղությունը վերաբերում է մեր ընկերության ֆինանսական աղբյուրների վերաբաշխմանն ու դիվերսիֆիկացիային: Ցանկանում ենք նվազեցնել կախվածությունը բանկային համակարգից եւ ներդրողների հետ ուղիղ շփման, համագործակցության հնարավորություն ստեղծել:

Երրորդ ուղղությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումն է։ Մենք փորձում ենք նպաստել դրան տարատեսակ նախաձեռնությունների միջոցով՝ միջազգային նոր համագործակցություններով, մասնագետների վերապատրաստումների հնարավորությամբ։ Այս տարվա հուլիսին երկրորդ անգամ անցկացնելու ենք «Էներգետիկ անցման եւ ձեռներեցության» համաժողովը, որի նպատակն է միավորել ոլորտի բոլոր դերակատարներին։ Այսինքն՝ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներդրված ֆինանսական միջոցներն ուղղվելու են ոչ միայն «Shtigen Group»-ի, այլեւ՝ առհասարակ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։

«Պետք է ակտիվացնել ներքին ներդրումները»

Վերջերս C-Quadrat Ampega սոցիալական ֆոնդը ներդրում իրականացրեց, ինչպես իրենք են ձեւակերպում,  «Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտի առաջատար Shtigen ընկերությունում՝ ընդգծելով, որ այն նորարար մոտեցման շնորհիվ ստեղծում է ավելի մաքուր ապագա»։

Առհասարակ ներդրումային միջավայրում կան որոշակի դրական տեղաշարժեր: Ինչպես նշեցի, գործում են պարտատոմսերի թողարկմանն աջակցող պետական ծրագրեր, մասնավոր ոլորտի ակտիվացման առումով եւս կա դրական տեղաշարժ, իսկ ֆիզիկական անձանց մոտ զարգանում է ներդրում կատարելու մշակույթը:

Կարծում եմ՝ հիմնական աշխատանքը պետք է արվի հենց ներքին ներդրումների ակտիվացման ուղղությամբ։ Մեզ պետք է առողջացնել ներքին դաշտը, քանի որ դա նպաստելու է նաեւ արտաքին ներդրումների ներգրավմանը։  

Հայկ Շեկյանը

Ինչպե՞ս է «Shtigen Group»-ը փորձում նպաստել ներդրումային միջավայրի զարգացմանը: Առաջին հերթին՝ «ախտորոշելով» ընդհանուր էկոհամակարգի ցավոտ կետերը: Այս պահին արձանագրել ենք խնդիրների երկու հիմնական շերտ՝ պետական եւ մասնավոր հատվածներում:

Պետության դեպքում հիմնական խնդիրները վերաբերում են պետական մեքենայի աշխատանքին՝ օրենսդրությանը, ընդունվող որոշումներին։

Մասնավոր հատվածում խնդիր կա մրցակցային կանոնների հետ: Հաճախ մտածում ենք՝ խաչմերուկում «վազանց կատարելն» ու առաջ անցնելը լավ է, քանի դեռ նույն կերպ մեզ հետ չեն վարվում հաջորդ իսկ «խաչմերուկում»։ Լուծումը ճանապարհին որոշակի համագործակցությամբ «վարելն» է: Բիզնես դաշտում պետք է սահմանենք եւ պահպանենք որոշակի կանոններ։  

«Նորվեգիայի եւ Վենեսուելայի նավթային պաշարները համադրելի են, իսկ բարեկեցության մակարդակը՝ ոչ»

Պետություն-բիզնես-քաղաքացի շղթայի ու դրա ներդաշնակ աշխատանքի բացակայության պարագայում հասարակությունը դեգրադացվում է: Սկսում է գերիշխել «վայրի» կապիտալիզմը՝ նվազեցնելով ու, ի վերջո, քայքայելով պետության կարողությունները: Այսինքն՝ այս համագործակցությունն այլընտրանք չունեցող ճանապարհ է, որով հիմա անցնում է ամբողջ աշխարհը: Եթե նայենք համաշխարհային առաջատար ընկերությունների տարեկան հաշվետվությունները, դրանք բաժանված են երկու՝ ֆինանսական եւ ոչ ֆինանսական մասի: Վերջինում ներկայացվում են այն կարեւոր նախագծերը, որոնք ընկերությունն իրականացրել է առանց շահույթի հետապնդման՝ հանրային սոցիալական պատասխանատվության գիտակցմամբ։ Այս ծրագրերն ուղղված են բնության պահպանմանը, սոցիալական պատասխանատվությանն ու կառավարման արդյունավետությանը։ Դա ESG (Environmental, Social and Governance) գաղափարն է, որն ընդունված է ՄԱԿ-ի կողմից՝ որպես զարգացման կարեւորագույն հիմք: Որքան բարձր լինի այս գիտակցումը տնտեսության մեջ, բիզնեսում, այնքան ավելի կայուն եւ զարգացած կլինի պետությունը: Օրինակ՝ Նորվեգիայի եւ Վենեսուելայի նավթային պաշարները համադրելի են, իսկ պետություններում բարեկեցության մակարդակը՝ ոչ:

Սոցիալական, ազգային պատասխանատվությունից՝ ոլորտային համախմբում

«Shtigen Group»-ում ունենք համոզմունք, որ մեր պատասխանատվությունն ավելին է, քան պարզապես բիզնես առաջընթացը: Այս փիլիսոփայությունն անվանում ենք Կորպորատիվ ազգային պատասխանատվություն՝ խորապես հավատալով, որ թեկուզ փոքր քայլերով կարող ենք մեծ փոփոխությունների հասնել։

Մենք իրականացնում ենք նախագծեր, որոնց հիմքում հանրային սոցիալական պատասխանատվության գիտակցումն է եւ ոլորտին, հանրությանն ու պետությանը օգտակար լինելու ձգտումը։

Այդ նախագծերից են, օրինակ, «Shtigen Kids» եւ «Shtigen Academy» ծրագրերը, որոնք միտված են կրթության եւ հանրային իրազեկման խթանմանը՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

Երկարաժամկետ փորձը մեզ բերել է հետեւյալ եզրահանգման՝ պետության կայունությունն ապահովող «անիվների»՝ պետական կառույցների, բիզնեսի, ոլորտային մասնագետների ու հանրության սինքրոն աշխատանքի համար պետք են համատեղ քննարկումներ եւ որոշումներ։ Այս նպատակով էլ նախաձեռնել ենք «Էներգետիկ անցման եւ ձեռներեցության համաժողովը» (ETES): Այս տարի այն անցկացվելու է երկրորդ անգամ՝ հուլիսին՝ Sevan Startup Summit-ի շրջանակում: Դրան մասնակցելու են ոլորտի բոլոր դերակատարները՝ պետական, գիտական, մասնավոր ու միջազգային հատվածներից: Մեզ համար շատ կարեւոր է, որ համաժողովին մասնակցեն նաեւ ոլորտի մյուս ընկերությունները: Մեր գործընկերներին սիրով հրավիրում ենք:  

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 17504
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW