«Եթե մի քանի բաժնետեր/մասնակից ունեցող ընկերությունում «խաղի կանոններն» ի սկզբանե ճիշտ չձեւակերպվեն եւ չարձանագրվեն, հետագայում դրանք կարող են կանգնել լուրջ խնդիրների առաջ», - ասում է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը: Նա ղեկավարում է ընկերության կորպորատիվ իրավունքի եւ կորպորատիվ վերակազմակերպումների (M&A) պրակտիկան, ինչպես նաեւ՝ բանկային իրավունքի եւ կապիտալի շուկաների, անձնական տվյալների պաշտպանության ուղղությունները։Banks.am-ի հետ զրույցում Նարինե Բեգլարյանը պատմել է կորպորատիվ իրավունքի ոլորտում ընկերությունների ռիսկերի մասին ու ներկայացրել ծառայությունները, որոնք կարող են հասցնել դրանք նվազագույնի: Կորպորատիվ իրավունքը՝ ընկերության գրանցումը, բիզնես գործունեությունը, բաժնեմասնակցության օտարումները, վերակազմակերպումներն ու լուծարումները Կորպորատիվ իրավունքն առնչվում է իրավաբանական անձանց, դրանց կառավարմանն ու իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում սեփականություն ունեցողներին։ Ընդ որում, կորպորատիվ իրավունքի ու կորպորատիվ իրավունքով իրավախորհրդատուի դերակատարումը սկսվում է մինչեւ իրավաբանական անձի հիմնադրումը։ Ընկերությունը հիմնադրումից հետո կորպորատիվ իրավունքի մասնագետները ներգրավվում են որպես կորպորատիվ քարտուղարներ՝ կազմակերպելով ընդհանուր ժողովները, լինում են ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցություն ունեցող անձանց ներկայացուցիչներ, իրավական ուղեկցություն են տրամադրում ներդրումների կատարման գործընթացում, այդ թվում՝ բաժնետոմսերի թողարկման ու տեղաբաշխման գործընթացներում, ներգրավվում են ընկերությունում բաժնեմասնակցության օտարման ժամանակ, կարող են իրականացնել դատական ներկայացուցչություն կորպորատիվ վեճերով, իրավական խորհրդատվություն եւ աջակցություն տրամադրել ընկերությունների վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում: Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը հիմնադրումից ի վեր՝ 1998թ.-ից, մատուցում է նշված ծառայությունները: Ես թիմին միացել եմ 2013 թ.-ից, եւ կորպորատիվ իրավունքն իմ հիմնական մասնագիտական զբաղվածություններից է։ Անձամբ քիչ եմ ներգրավված ընկերությունների գրանցման գործընթացներում կամ կորպորատիվ քարտուղարի ծառայությունների մատուցման մեջ, բայց ընկերությունն ունի պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, որոնք հիանալի կատարում են հենց այս աշխատանքը (ժպտում է – հեղ.)։ Ես ակտիվ ներգրավված եմ մասնակիցների միջեւ վեճերով դատական ներկայացուցչության գործերով, բաժնեմասնակցության օտարման գործարքներում, ընկերությունում ներդրումների կատարման գործընթացներում։ Նարինե Բեգլարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Վերադառնալով կորպորատիվ իրավունքի իրավախորհրդատուի դերակատարմանը իրավաբանական անձի գրանցման գործընթացում՝ շեշտեմ, որ մեր ընկերությունում այս աշխատանքն իրավաբանական անձի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն անհրաժեշտ փաթեթի պատրաստումը չէ։ Հայաստանում ընկերությունների գրանցման պարզ համակարգ է գործում, երբ ստանդարտացված ձեւանմուշներով գրանցումները կարելի է անել առանց իրավաբանի օգնության: Սակայն, եթե գործ ունենք օտարերկրյա ներդրումների, մի քանի հիմնադիր ունեցող ընկերության հետ, դեպքերի, երբ ընկերությունում ներդրվելու է այլ գույք, քան դրամական միջոցները կամ ընկերությունը ստեղծվում է հատուկ նպատակով, կարիք է առաջանում մասնագետի խորհրդատվության եւ ստանդարտացված ձեւանմուշներն այլեւս չեն կարող օգտակար լինել: Հաճախորդները մեզ դիմում են հենց նման դեպքերում: Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակում կորպորատիվ իրավունքի իրավախորհրդատվությունը սկսվում է մինչեւ իրավաբանական անձի հիմնադրումը, օրինակ՝ թե կազմակերպչական իրավական ինչ ձեւով ճիշտ կլինի գրանցել ապագա ընկերությունը: Առավել պարզ՝ գրանցել այն որպես ՍՊԸ, թե՞ ՓԲԸ : Այստեղ մասնագետը պետք է հստակ բացատրի՝ ինչ հնարավորություններ է ունենալու բիզնեսը եւ կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող անձը կազմակերպչական իրավական այս կամ այն ձեւն ընտրելու դեպքում: Թվում է՝ հարցը շատ պարզ է, բայց դա այդպես չէ: Գրանցմանը նախորդող խորհրդատվությունը բավականին ընդգրկուն գործընթաց կարող է լինել։ Օրինակ՝ վերջերս հաճախորդներից մեկին այս ոլորտում տրամադրել ենք խորհրդատվություն՝ պատասխանելով մոտ 150 հարցի, ներկայացնելով մեր երկրի կորպորատիվ, հարկային, մրցակցային եւ աշխատանքային օրենսդրությունը: Արդյունքում նա ստացել է համապարփակ տեղեկատվություն իրավական կարգավորումների մասին, ձեւավորել ակնկալիքը Հայաստանի իրավական համակարգից եւ իր որոշումները կայացրել ըստ այդմ: Խորհրդատվության փուլին հաջորդում է բուն՝ ընկերության գրանցման փուլը: Այստեղ կարեւոր է ճիշտ հասկանալ հիմնադիրների պայմանավորվածությունները եւ ձեւակերպել դրանք այնպես, որ հետագայում վեճերը հնարավորինս քիչ լինեն, իսկ դրանց առկայության դեպքում լուծումներն արդեն իսկ տրված լինեն կորպորատիվ փաստաթղթերում: Կարող է թվալ՝ ընկերության գրանցումից հետո կորպորատիվ իրավունքի մասնագետի աշխատանքն ավարտվում է, բայց հավատացեք՝ բոլորովին այդպես չէ (ժպտում է – հեղ.): Դրա բուն գործունեության ընթացքում կարող է առաջանալ, օրինակ, ընկերության մասնակցության օտարման կամ ընկերություններում ներդրումների ձեւակերպման անհրաժեշտություն: Ինչպես նշեցի, այստեղ նույնպես մասնագիտացած ենք։ Կարող ենք իրականացնել եւ փաստացի իրականացնում ենք տարբեր ծավալի, այդ թվում՝ խոշոր ընկերությունների իրավական աուդիտ՝ թույլ տալով ապագա գնորդ բաժնեմասնակցին հասկանալ ընկերության գործունեության ընթացքում առաջացած իրավական ռիսկերը։ Իրավական աուդիտի ընթացքում ուսումնասիրում ենք ընկերության գործունեության համապատասխանությունը կորպորատիվ, աշխատանքային, պայմանագրային, կարգավորող, դատական, վարչական եւ այլ իրավունքի նորմերին, վեր ենք հանում ռիսկերը եւ առկա խնդիրները։ Նաեւ իրականացնում ենք բաժնեմասնակցության օտարման գործարքների կազմում ու ամբողջական ուղեկցում, այդ թվում՝ գործարքների հայտարարագրման անհրաժեշտության մասով խորհրդատվություն։Կորպորատիվ իրավունքի մասնագետը պարտադիր պետք է տիրապետի նաեւ մրցակցային իրավունքին: Օրինակ՝ ընկերությունների համակենտրոնացման պարագայում կարող են լինել դեպքեր, որոնց ժամանակ պետք է դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, հայտարարագրել համակենտրոնացումը եւ գործարքը գործողության մեջ դնելուց առաջ ստանալ համաձայնություն: Թե՛ գնորդի, թե՛ ընկերության համար հայտարարագրման պահանջի խախտումները կարող են առաջացնել լուրջ հետեւանքներ, հատկապես, եթե համակենտրոնացումը ճանաչվի արգելված: «Խաղի կանոնները պետք է ի սկզբանե ճիշտ սահմանել» Եթե ընկերությունն ունի միայն մեկ սեփականատեր (բաժնետեր, մասնակից), ապա քիչ հավանական է, որ այն կորպորատիվ իրավունքի ոլորտում ռիսկերի բախվի: Մեր մասնագիտական թիմի կարիքն առաջանում է, երբ ընկերությունն ունենում է մի քանի սեփականատեր եւ կարիք կա ի սկզբանե ճիշտ արձանագրել նրանց պայմանավորվածությունները: Նարինե Բեգլարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Կոնցեռն Դիալոգի կորպորատիվ իրավունքի մասնագետների թիմն այս ուղղությամբ ունի նաեւ դատական փորձառություն, քանի որ հանրապետության ամենախնդրահարույց վեճերով դատարանում ներկայացնում է բաժնետերերի շահերը: Սա կարեւոր է, քանի որ մեր խորհրդատվությունը հիմնված է նաեւ այս փորձառության վրա: Եթե բաժնետերերն ի սկզբանե ճիշտ չեն ձեւակերպել կամ չեն արձանագրել իրենց պայմանավորվածությունները, հետագայում կարող են կանգնել վեճի առաջ, որի լուծումը դատական ճանապարհն է: Խնդրահարույց են հատկապես այն դեպքերը, երբ բաժնետոմսերը բաշխված են 50/50 սկզբունքով, այսինքն՝ կողմերից որեւէ մեկը չունի գոնե մեկ ձայնի առավելություն: Կորպորատիվ կառավարման տեսանկյունից ցանկալի է, որ կողմերից մեկն ունենա գոնե +1 ձայն, ինչը թույլ կտա առավել պարզ ճանապարհով հարթել անհամաձայնությունները: Եթե սա հնարավոր չէ, ապա կորպորատիվ իրավունքի մասնագետի խնդիրն է ապահովել բաժնետիրական համաձայնագրի ճիշտ բովանդակությունը 50/50 բաշխման դեպքում: Խաղի կանոնները պետք է ի սկզբանե ճիշտ սահմանել: Կորպորատիվ իրավունքն անդրադառնում է նաեւ ընկերության ղեկավարի ֆիդուցիար պատասխանատվությանը. ի՞նչ է սա: Թե՛ բաժնետիրական, թե՛ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքներն ունեն կանոն, համաձայն որի՝ ընկերության գործադիր մարմինը, խորհուրդը կամ արտաքին կառավարիչն ընկերության նկատմամբ ունի ֆիդուցիար պատասխանատվություն: Այն ենթադրում է բարեխղճորեն եւ բավարար ջանքի գործադրմամբ միշտ գործել ի շահ ընկերության, այսինքն՝ ստորադասելով դրան անձնական շահը: Ցավոք, շատ ղեկավարներ չեն էլ պատկերացնում իրենց անձնական եւ ընկերության շահի սահմանը: Ընկերության բաժնետեր չհանդիսացող տնօրենները հաճախ չեն էլ գիտակցում, որ հաշվետու են բաժնետերերին: Ֆիդուցիար պատասխանատվության մի պարզ օրինակ բերեմ: Պատկերացրեք՝ ընկերությունը զբաղվում է X ապրանքի ներկրմամբ եւ վաճառում է այն հաճախորդների արդեն ձեւավորված Y խմբին: Ընկերության տնօրենը գիտի, որ տվյալ ապրանքն արդեն իսկ ունի կայուն պահանջարկ եւ անում է հետեւյալը. հիմնում է այլ ընկերություն, որի միակ սեփականատերն ինքն է, բերում է նույն ապրանքը, իսկ իր ղեկավարած ընկերությունը հրաժարվում է դրա ներկրումից: Արդյունքում, երբ հաճախորդները հետաքրքրվում են՝ ինչպես ձեռք բերեն իրենց անհրաժեշտ ապրանքը, տնօրենը նշում է, որ իր ղեկավարած ընկերությունում այն այլեւս գնել հնարավոր չէ, բայց ահա այստեղ (իր սեփական ընկերությունում) այն վաճառվում է: Կարեւոր է նշել, որ նման գործունեությունը ոչ միայն ֆիդուցիար պատասխանատվության խախտման դասական օրինակ է, այլեւ՝ ենթադրում է նույնիսկ քրեական պատասխանատվություն: Կորպորատիվ իրավունքի մասնագետներն օգնում են նաեւ հասկանալ՝ այս կամ այն որոշումը կայացնելիս ինչ է նշանակում գործել ի շահ ընկերության: «Տեղեկատվությունը փաստաբանական ընկերությանը վստահելիս կլինեք առավել պաշտպանված» Կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացված ծառայություններ մատուցելով՝ մենք ոչ մի կերպ չենք մրցում ընկերությունների ներքին իրավաբանների հետ: Ավելին՝ հաճախ մեզ ծառայություններ պատվիրողները հենց նրանք են, քանի որ այս կամ այն դեպքում կարիք է լինում իրավիճակին նայել ավելի լայն տեսանկյունից՝ տարբեր ուղղվածությամբ իրավաբանների կոնսիլիումի միջոցով: Ներքին իրավաբաններին կարող է օգտակար լինել մասնագետների կարծիքը, որոնք ամեն օր առնչվում են տարբեր նախադեպերի, լինում են դատարաններում եւ աշխատում են միաժամանակ տասնյակ ընկերությունների հետ: Այսօր Կոնցեռն Դիալոգն ունի ավելի քան 30 մասնագետ, այդ թվում՝ թիմ, որը զբաղվում է տնտեսական հանցագործություններով, կորպորատիվ թիմ, որը հմտացած է նաեւ մրցակցային իրավունքի ոլորտում եւ իրականացնում է դատական ներկայացուցչություն: Այստեղ մեկ առանձնահատկություն էլ կա, Կոնցեռն Դիալոգը փաստաբանական գրասենյակ է, եւ մեզ վրա տարածվում է «Փաստաբանության մասին օրենքը» եւ Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը՝ փաստաբանի էթիկայի կանոնները: Սա նշանակում է, որ մեզ տրամադրված տեղեկատվությունը պաշտպանված է գաղտնիության հատուկ ռեժիմով՝ որպես փաստաբանական գաղտնիք։ Կան ընկերություններ, որոնք մատուցում են կորպորատիվ կամ իրավաբանական ծառայություններ, չլինելով փաստաբանական ընկերություն, այսինքն՝ նրանց վրա չի տարածվում փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, որը նախատեսում է կարգապահական պատասխանատվություն վարքագծի կանոնները չպահպանելու համար, այդ թվում՝ վստահորդի շահերին հակառակ գործելու, գաղտնիության չպահպանման եւ այլնի համար: Այնպես որ, կորպորատիվ իրավունքի մասնագետ ընտրելիս հաշվի առեք, որ փաստաբանի կամ փաստաբանական ընկերության վստահելիս կլինեք առավել պաշտպանված՝ փաստաբանների գործունեության կարգավորված լինելու եւ փաստաբանական գաղտնիքի պաշտպանության երաշխիքների առկայության պայմաններում: Յանա Շախրամանյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 25027