Բարտերից կրիպտո կամ փողի էվոլյուցիան. փողի անցած ճանապարհն ու ապագան

26.03.2025 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Փողի էվոլյուցիան #Doing Digital Forum 2025 #պանելային քննարկում
Փողը մարդկության, թերեւս, ամենահետաքրքիր գյուտերից մեկն է, որը շարունակաբար զարգանում է՝ ադապտանալով ժամանակին ու տեխնոլոգիական նորարարություններին։ Ե՞րբ, որտեղի՞ց ու ինչպե՞ս է առաջացել, ի՞նչ ճանապարհ է անցել, դեպի ու՞ր է շարժվում եւ ի՞նչ ապագա կարող է ունենալ փողը։

Ի՞նչ է փողը. վճարման, փոխանակման, կուտակման եւ արժեքի չափման միջոց։ Այն ֆինանսական ակտիվ է, որն օգտագործվում է գործարքների իրականացման համար եւ առանձնանում է իր բարձր իրացվելիությամբ։

Բարտերի ժամանակաշրջան․ երբ փող չկար։ Պատմության ընթացքում փողը փոխել է իր ձեւը՝ ապրանքային փոխանակումից մինչեւ թղթադրամներ, մետաղադրամներ ու էլեկտրոնային վճարային միջոցներ։

Այսօր դժվար է պատկերացնել աշխարհն առանց բանկային հաշվի կամ թվային վճարային համակարգի, բայց մինչ դրամավարկային համակարգի ձեւավորումը մարդիկ ապրանքներ էին փոխանակում բարտերային սկզբունքով․ նվիրում էին, փոխառություններ էին տալիս կամ ուղղակիորեն իրենց ունեցածը փոխանակում էին դիմացինի ունեցածի հետ։ Սովորաբար դա անում էին բնամթերքով։ Բարտերը սեփականության իրավունքի փոխանցում է՝ առանց վճարի։ Այն հիմնված էր պահանջարկի կրկնակի համընկման վրա, երբ կողմերն ունեն միմյանց համար անհրաժեշտ ու ցանկալի ապրանքներ։

Քանի որ ապրանքային փողի արժեքը միշտ համաձայնեցման առարկա էր, իսկ փոխանակման պայմանները՝ վիճելի, բարտերային համակարգը դարձնում էր առեւտուրը երկարատեւ ու բարդ։ Չկային հստակ կանոններ, ամեն ինչ կախված էր նրանից, թե կողմերը որքան կգնահատեին միմյանց ապրանքները։ Այս դժվարությունները բերեցին արժեքի գնահատման չեզոք միջոցի՝ փողի ստեղծմանը, որը պարզեցրեց եւ արդյունավետ դարձրեց առեւտուրը։

Ոսկու եւ արծաթի իշխանությունը: Մարդիկ սկսեցին օգտագործել ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր, քանի որ դրանք պահանջված էին եւ երկար տարիներ իրենց արժեքը չէին կորցնում, հազվագյուտ էին եւ դիմացկուն։ Առաջին մետաղադրամները շրջանառության մեջ մտան Լիդիայում (մ.թ.ա. 7-րդ դար), հետո տարածվեցին Հռոմում, Պարսկաստանում եւ Չինաստանում։ Պետությունները սկսեցին իրենց կնիքը դնել մետաղադրամների վրա՝ երաշխավորելով դրանց արժեքը։

Հատկանշական է, որ որոշ մետաղադրամներ արժեն միլիոններ։ Երբեւէ վաճառված ամենաթանկ մետաղադրամներից մեկը` 1933 թվականի Saint Gaudens Double Eagle մետաղադրամը 2021 թվականին աճուրդում վաճառվել է 18.872.250 դոլարով։ Ինչ վերաբերում է երբեւէ ստեղծված ամենամեծ ու ամենակարեւոր մետաղադրամներից մեկին, այն Ավստրալիայի Պերտի դրամահատարանի մեկ տոննա կշռող ոսկյա դրամն է, որն ունի 80 սանտիմետր տրամագիծ եւ 1000 կիլոգրամ քաշ։ Այն գրեթե ամբողջությամբ պատրաստված է ամուր ոսկուց եւ արժե ավելի քան 1 միլիոն ավստրալիական դոլար:

Թղթադրամը՝ ֆինանսական հեղափոխություն։ Ոսկին ու արծաթը ծանր էին, երբեմն դժվար էր դրանք տեղափոխել կամ գտնել անհրաժեշտ քանակությամբ թանկարժեք մետաղներ, ինչը խոչընդոտում էր մեծ գործարքների իրականացմանը։ Այդ պատճառով մարդիկ սկսեցին մտածել․ «Ի՞նչ, եթե փոխանակման միջոցը պարզապես թղթի կտոր լինի, որը ներկայացնում է արժեքը»։

Նոր ժամանակների դրամաշրջանառությունը նշանավորվում է մետաղադրամների կողքին թղթադրամների ի հայտ գալով։ Առաջին թղթադրամները հայտնվեցին Չինաստանում 8-9-րդ դարերում, իսկ Եվրոպայում դրանք սկսեցին օգտագործվել միայն վեց դար անց՝ 1661 թվականին։ Շվեդիայում եւ Ամերիկայում թղթային փողը շրջանառության մեջ մտավ 17-18-րդ դարերում, իսկ Հայաստանի տարածքում թղթադրամների կիրառության ամենավաղ փաստերը վերաբերում են 19-րդ դարին։ Դրանք հայալեզու էին եւ կոչվում էին
ՓԱՐԱ, այսինքն՝ փող։ «Եկեղեցած մեջ գործածելի» մակագրությունն արդեն իսկ մատնանշում էր դրանց սահմանափակ կիրառությունը՝ հիմնականում հայկական եկեղեցիների տարածքում մանր առեւտրի համար։ Այս թղթադրամներով կարելի էր գնել խունկ, մոմ, զարդեր, հուշանվերներ եւ այլ առարկաներ։ Թղթային փողը դանդաղորեն, բայց հստակ քայլերով զարգացավ:


Աշխարհի արժույթները։ Այսօր աշխարհում գործում է 180 տարբեր արժույթ, որոնց արժեքն ու փոխարժեքը փոփոխվում են ամեն օր։ Ամենաշատ շրջանառվող արժույթներն են ԱՄՆ դոլարը, եվրոն, ճապոնական իենը եւ բրիտանական ֆունտը։ Սակայն աշխարհի ամենաթանկարժեք արժույթը ներկայում Քուվեյթյան դինարն է, որի փոխարժեքը տատանվում է 2.93–2.98 եվրոյի սահմաններում։ Այս տարբերությունները ցույց են տալիս, թե ինչպես են քաղաքական փոփոխությունները, գնաճը եւ առեւտրային հարաբերություններն ազդում փողի արժեքի վրա՝ ձեւավորելով գլոբալ տնտեսության ընդհանուր պատկերը։

Բանկերի առաջացումը եւ տնտեսական վերելքը։ Թղթադրամների տարածմամբ բանկերը դարձան տնտեսության առանցքը՝ ոչ միայն ապահովելով ֆինանսների պահպանումը, այլեւ՝ խթանելով անհատների ու բիզնեսների ֆինանսավորումը՝ վարկավորման միջոցով։ Բանկային ճգնաժամերը, սակայն, ցույց տվեցին, որ ֆինանսների կառավարման սխալները կարող են լուրջ տնտեսական անկումներ առաջացնել։ Այս իրավիճակն առաջ բերեց այլընտրանքային ֆինանսական մոդելների առաջացմանը` ֆինանսական համակարգ առանց ավանդական բանկերի, ինչը վերափոխեց փողի կառավարման մոտեցումներն ու տնտեսության կառուցվածքը։

Ժամանակակից փողը: Բլոքչեյն. Փողի ապակենտրոնացված ապագան։ Տեխնոլոգիան փոխեց փողի գործածությունը. այսօր վճարումները կատարվում են քարտերով, հեռախոսներով, QR կոդերով: Բայց այս համակարգերը դեռեւս վերահսկվում են կենտրոնացված կառույցների կողմից:

Մարդիկ ձգտում էին ֆինանսական ազատության, եւ,այդ պահանջից ելնելով, առաջացավ Bitcoin-ը՝ առաջին ապակենտրոնացված արժույթը: Ինչպես յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային արժույթը՝ դոլար, ֆունտ, յուան կամ դրամ, այնպես էլ ինտերնետն ունի իր արժույթը՝ բիթքոինը: 2008թ.-ին Սատոշի Նակամոտոն ներկայացրեց բիթքոին թվային արժույթը, որը գործում է առանց բանկերի կամ կառավարությունների վերահսկողության:

Բիթքոինը կրիպտոարժույթ է՝ թվային ակտիվ, որն օգտագործում է գաղտնագրությունը՝ վերահսկելու իր ստեղծումն ու կառավարումը, այլ ոչ թե ապավինելու կենտրոնական իշխանություններին: Bitcoin-ի ցանցն ամբողջությամբ ապակենտրոնացված է՝ հիմնված բլոքչեյն տեխնոլոգիայի վրա, ինչը նշանակում է, որ այն չի կարող վերահսկվել մեկ կենտրոնացված կառույցի կողմից։ Գործարքները տեսանելի են, արագ ու անվտանգ՝ առանց սահմանափակումների: Այսօր բլոքչեյնը վերափոխում է ոչ միայն փողի ֆիզիկական ձեւը, այլեւ՝ բիզնեսը եւ տնտեսությունն ամբողջապես:


Ապագայի փողը, վճարային համակարգերի էվոլյուցիան։ Ժամանակակից աշխարհը զարգանում է ակնթարթային արագությամբ՝ իր հերթին բազմաթիվ հիմնախնդիրներ առաջացնելով հատկապես ֆինանսական համակարգերի համար։

Թեեւ կրիպտոարժույթների գաղափարը դեռեւս ամբողջությամբ բացահայտված եւ յուրացված չէ, աշխարհը կանգնեց մի նոր թվային իրականության առաջ՝ փորձելով լուծել թվային արժույթի նոր, կատարելագործված տեսակների ստեղծման եւ կիրառման խնդիրները։

Կրիպտոարժույթներն իրականում լուրջ մարտահրավեր են ավանդական ֆինանսական համակարգի համար. դրանք աստիճանաբար կարող են դառնալ հիմ¬նական վճարամիջոց՝ դուրս մղելով ֆիաթ արժույթներին շուկայից։

Ամեն անգամ, երբ փողը փոխել է իր արտահայտման ձեւը, հասարակությունից որոշակի ժամանակ է պահանջվել, որպեսզի վերջինս սկսի վստահել նոր վճարամիջոցին։ Այսօր արդեն շրջանառության մեջ գտնվող փողի ավելի քան 90%-ն ունի թվային ձեւ, ինչը վկայում է ֆինանսական համակարգերի էական փոփոխության մասին։ Բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացմամբ անհրաժեշտություն է առաջանում վերանայել առկա ֆինանսական հաստատություններն ու քաղաքականությունները՝ նպատակ ունենալով գտնել ուղիներ, որոնք կօգնեն օգտվել արժութային ապակենտրոնացումից եւ թվայնացումից։

Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը: Ի վերջո, զարգացման ինչ ճանապարհով է գնում փողը, ինչպես է այն վերափոխվելու եւ ինչ ազդեցություն է թողնելու հասարակական բոլոր համակարգերի վրա։ Տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է վերափոխել մեր կյանքը, այդ թվում՝ գործարքների ու ներդրումների կատարման, ինչպես նաեւ ֆինանսների կառավարման եղանակները:

Ապրիլի 3-ին՝ թվային փոխակերպումների Doing Digital Forum 2025-ին, միջազգային ու տեղի առաջատար խոսնակները, ֆուտուրիստներն ու բեսթսելեր հեղինակները քննարկելու են ապագայի փողի ու փողի ապագայի շուրջ թեմաներ, կիսվելու են իրենց փորձառությամբ, տեսլականով, հետաքրքիր գաղափարներով։

Ֆորումին անցկացվելու է «Բարտերից կրիպտո. Փողի զարգացումը» (From Barter to Crypto: The Evolution of Money) թեմայով պանելային քննարկում, որը վարելու է DDF25-ի հիմնական խոսնակներից Հենրի Արսլանյանը։ Նա Nine Blocks Capital Management-ի համահիմնադիրն է, մասնագիտացած է թվային ակտիվների ոլորտում, գլոբալ կրիպտո առաջնորդ է, որ համագործակցել է առաջատար կրիպտո ընկերությունների, կառավարությունների եւ կարգավորող մարմինների հետ։

Պանելային քննարկման խոսնակներն են Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը, Zodia Custody-ի Եվրոպայի գործադիր տնօրեն Գերի Աֆենտակիսը, Arca-ի (Արմենիան քարդ) Խորհրդի անդամ Արա Աբրահամյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է, արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է: Ֆորումի ֆինանսական գործընկերը Fast Bank-ն է։
Դիտում՝ 3246
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW