Ներկայացնում ենք Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցի դոցենտ Քեյու Ջինի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Քեյու ՋինԵրբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմը 2018 թվականին սկսեց իր առևտրային պատերազմը Չինաստանի դեմ, նպատակը պարզ էր։ Թրամփը ցանկանում էր նվազեցնել Ամերիկայի կախվածությունը չինական ապրանքներից, պաշտպանել ներքին արտադրությունը և սանձել Չինաստանի գլոբալ հավակնությունները: Արդյունքները վեց տարի անց այլ բան են ասում. Չինաստանին մեկուսացնելու փոխարեն ԱՄՆ-ի մաքսատուրքերը (որոնց մեծ մասը Բայդենի վարչակազմը պահպանեց) ակամայից մեծացրին նրա համաշխարհային ներկայությունը: Ամերիկյան ռազմավարությունը չինական ընկերությունների համար դիվերսիֆիկացման, նորարարության և ընդլայնման ցատկահարթակ դարձավ:Այս արդյունքը բացատրում է, թե ինչու է Չինաստանը ավելի հանգիստ վերաբերվում նոր սակագների սպառնալիքին, քան առաջին անգամ: Չինաստանը ոչ միայն արժեքավոր փորձ ձեռք բերեց Թրամփի հետ նախորդ բանակցություններում. այն նաև երկար ժամանակ պատրաստում էր իր սեփական ռազմավարությունը ռիսկերի դեմ, որը ենթադրում է հեռանալ Միացյալ Նահանգներից: Այժմ Չինաստանի ռազմավարական մանտրան է «հրաժարվել պատրանքներից և պատրաստվել պայքարի»։ԱՄՆ-ի ավելի վաղ առևտրային պատերազմն արդեն բորբոքել էր գլոբալիզացիայի մոլեգնությունը Չինաստանում. շատ ընկերություններ տեղափոխեցին իրենց արտադրանքը՝ մաքսատուրքերը շրջանցելու նպատակով: Դրանով նրանք հասան ծախսերի ավելի մեծ արդյունավետության և տարածաշրջանային առևտրային համաձայնագրեր կնքեցին արագ աճող այլ շուկաների հետ: Չինաստանի առևտուրը Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի անդամների հետ վերջին տարիներին աճել է 11%-ով, իսկ ներմուծումն ու արտահանումը ASEAN-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) շուկաներ միայն այս տարվա առաջին ութ ամիսներին աճել է 10%-ով:Առևտրային պատերազմը չնվազեցրեց Չինաստանի մրցունակությունը: Չինաստանի արտահանման համաշխարհային մասնաբաժինը աճում է, մինչ ԱՄՆ մասնաբաժինը՝ նվազում: Մատակարարման առաձգականության շնորհիվ Չինաստանը անխափան կերպով վերաբաշխեց իր արտահանումը ԱՄՆ-ից այլ շուկաներ: Անբարեհաջող տնտեսության ֆոնին չինական արտահանումը հազվագյուտ լուսավոր կետն էր՝ 2019-ից 2022-ը միջինը 11,7% տարեկան աճով: Որոշ ոլորտներ, օրինակ՝ լիթիումի մարտկոցները և ֆոտոգալվանային մոդուլները, վերջին երեք տարիներին երկրաչափական աճ են գրանցել: Լուսանկարը՝ REUTERS Առաջատար ընկերությունները, ինչպիսիք են BYD-ը (որն արտադրում է էլեկտրական մեքենաներ) և Xiaomi-ն (սպառողական տեխնոլոգիաներ) ակտիվորեն ընդլայնվեցին Հարավարևելյան Ասիայում, Մեքսիկայում և Աֆրիկայում: CATL-ը (մարտկոցներ) նախընտրեց անտեսել ամերիկյան շուկան և կենտրոնանալ Եվրոպայի վրա: Temu-ն (էժան օնլայն առևտուր) շրջանցեց մատակարարման ավանդական շղթաները և մտավ նոր շուկաներ: ByteDance-ը (TikTok-ի և այլ հարթակների սեփականատերը) իր ներդրումները տեղափոխեց Արգենտինա, Դանիա և Քենիա՝ միաժամանակ կառուցելով հետազոտական և զարգացման կենտրոններ Ավստրալիայում և միլիարդավոր դոլարներ ներդնելով Եվրոպայում տվյալների կենտրոններում:Չինական ընկերությունները որդեգրեցին Նիցշեի ասացվածքը. «Այն, ինչ քեզ չի սպանում, քեզ ավելի ուժեղ է դարձնում»: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ չինական ձեռնարկությունների 90%-ը մտածում է արտերկրում ընդլայնվելու մասին, իսկ մասնագիտացված փոքր և միջին ձեռնարկությունների 86%-ն արդեն կոնկրետ ծրագրեր իրականացնում: 2015-2023 թվականներին չինական ավտոմոբիլային և պահեստամասերի ընկերությունների 89%-ը սկսեց գործել ամբողջ աշխարհում, և ակնկալվում է, որ 2024-ին բժշկական սարքավորման ոլորտը տարեկան կտրվածքով կաճի ավելի քան 30%-ով:Նման թվերը ակնհայտ հարց է առաջացնում, թե արդյոք առևտրային պատերազմը ծառայում է ամերիկյան շահերին։ Մինչ չինական ընկերությունները հարմարվեցին իրենց մատակարարման շղթաների արդիականացմանը, ամերիկյան արտադրողները ստիպված եղան դիմակայել ավելի բարձր ներդրման ծախսերին և խաթարված արտադրական ցանցերին: Ստիպելով Չինաստանին հեռանալ ԱՄՆ-ից՝ մաքսատուրքերը է՛լ ավելի քայքայեցին ամերիկյան լծակներն ու ազդեցությունը, ինչի ապացույցն է յուանի միջազգային օգտագործման աճը: Չինաստանի առևտրային գործընկերներից շատերն այժմ գործարքները կատարում են իր արժույթով:ԱՄՆ-ի համար առավել անհանգստացնող է Չինաստանի ազդեցությունը սեփական «հետնաբակում»: Չինական ներդրումները Մեքսիկայում 2018-ին կրկնապատկվել են նախորդ տարվա համեմատ՝ դարձնելով Չինաստանը Մեքսիկայի ամենաարագ աճող օտարերկրյա ներդրողներից և առևտրային գործընկերներից մեկը։ Չինաստանի ուղղակի ներդրումները շարունակում են աճել՝ 2024-ին տարեկան կտրվածքով 10,9%-ով, միայն այժմ դրանք ԱՄՆ-ի փոխարեն ուղղվում են Հարավարևելյան Ասիա, Արևելյան Եվրոպա և Մերձավոր Արևելք, որտեղ Սաուդյան Արաբիան 2022-ին դարձավ չինական ներդրումների ամենամեծ շահառուն: Այս տարածաշրջանները Չինաստանը տեսնում են որպես ավելի ու ավելի հուսալի գործընկեր:Իհարկե, սակագները վնաս հասցրին երկու տնտեսություններին։ Չինաստանի առևտրի տեղափոխումը այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մեքսիկան և Վիետնամը, բարձրացրեց գները, իսկ աշխարհի երկու խոշորագույն տերությունների միջև փոխկախվածության նվազումը ավելի մեծ ռիսկեր է բերում համաշխարհային տնտեսական կայունությանը: Լարվածության հետագա սրման համար դժվար էր ավելի վատ ժամանակ ընտրել: Գնաճն այժմ շատ ավելի մեծ մարտահրավեր է ԱՄՆ-ի համար, քան հինգ տարի առաջ, իսկ Չինաստանի տնտեսությունը զգալիորեն ավելի թույլ է, քան 2018-ին: Այն ավելի քիչ կարողություն և ախորժակ ունի ագրեսիվ հակահարված տալու համար: ԱՄՆ ընկերությունների վրա լրացուցիչ մաքսատուրքերը պարզապես կբարձրացնեն չինական ընկերությունների ծախսերը։Այսպիսով, նոր սակագնային պատերազմի հետևանքներին հակազդելու համար Չինաստանի միակ տարբերակը ավելի շատ բացվելն է, ինչպես վերջին շաբաթներին բազմիցս ընդգծել է վարչապետ Լի Ցիանգը: Դա նշանակում է վերացնել մաքսատուրքերը ամենաքիչ զարգացած երկրների ապրանքների 100%-ի վրա և Չինաստանը դարձնել «աշխարհի հնարավորություն» այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը ինքն իր մեջ պարփակվում է:Այս ռազմավարությունը կարող է օգնել Չինաստանին իրականացնել իր գլոբալ հավակնությունները կամ բացահայտել իր հիմնային խոցելիությունը: Շատ բան կախված կլինի կարևոր ներքին մարտահրավերներին դիմակայելու ունակությունից: Թեև միակողմանի բացվելը կարող է ժամանակավորապես մեղմել արտաքին ճնշումները, իրական տնտեսական ճկունության համար պետք է ներքին սպառման աճ: Լավագույն բանը, որ Չինաստանը կարող է անել մնացած աշխարհի համար, դա սեփական տնտեսական հիմքերի ամրապնդումն է: Թարգմանությունը՝ Մարիա ՍադոյանիCopyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 3806