Ներկայացնում ենք Քեմբրիջի համալսարանի Քուինս քոլեջի նախագահ Մոհամեդ Ա. Էլ-Էրիանш հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Մոհամեդ Ա. Էլ-Էրիան Սկսենք աշխարհաքաղաքականությունից: 2024 թվականին Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում ավելի մեծ առավելության հասավ, քան ենթադրվում էր մեկ տարի առաջ արված միաձայն կանխատեսումներում։ Նմանապես և Գազայում Իսրայել-Համաս պատերազմի հետևանքով մարդկային տառապանքն ու ֆիզիկական ոչնչացումը գերազանցեցին դիտորդների մեծամասնության առանց այդ էլ մռայլ սպասումները և տարածվեցին այլ երկրների վրա, օրինակ՝ Լիբանանի: Ուժեղների ակնհայտ անպատժելիությունը և սարսափելի հումանիտար ճգնաժամերը կանխելու արդյունավետ միջոցների բացակայությունը շատերի մոտ խորացրին այն զգացումը, որ համաշխարհային կարգը հիմնովին անհավասարակշիռ է և չունի կիրառելի արգելքներ:Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքին, ապա շատ երկրներում ցնցումները սովորական երևույթ դարձան: Կառավարությունները փլուզվել են և՛ Ֆրանսիայում, և՛ Գերմանիայում՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսություններում՝ թողնելով Եվրամիությունը առանց քաղաքական ղեկավարության: Իսկ անցած ամսվա նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Միացյալ Նահանգները պատրաստվում են քաղաքական փոփոխության, որը հավանաբար զգալիորեն կավելացնի նոր «հակաէլիտայի» քաղաքական ազդեցությունը:Միևնույն ժամանակ, «շահադիտական առանցքը» (Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը) ուզում է մարտահրավեր նետել միջազգային կարգին, որտեղ գերիշխում է Արևմուտքը: Վերջին զարգացումները՝ սկսած իմփիչմենթի ենթարկված Հարավային Կորեայի նախագահի հայտարարած ռազմական դրությունից (որն արագ չեղարկվեց) մինչև Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը, ամրապնդեցին այն զգացողությունը, որ մենք ապրում ենք անկայունության բացառիկ աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում:Անցած տարին նաև մտահոգիչ մակրոտնտեսական զարգացումներ բերեց։ Եվրոպայի խնդիրները խորացան, քանի որ երկրները բախվեցին ցածր տնտեսական աճի և բյուջեի մեծ դեֆիցիտի հետ: Իսկ Չինաստանը չկարողացավ պատշաճ արձագանքել «ճապոնականացման» ակնհայտ վտանգին՝ անբարենպաստ ժողովրդագրության, մեծ պարտքի և անշարժ գույքի շուկայի երկարատև անկման պատճառով, որոնք խաթարում են աճը, տնտեսական արդյունավետությունը և սպառողների վստահությունը: Լուսանկարը՝ REUTERS Այնուամենայնիվ, ֆոնդային շուկաները մնացին համեմատաբար կայուն և ապահովեցին բարձր եկամուտներ, ներառյալ S&P ինդեքսի մոտ 60 ռեկորդային փակում: Դրա հիմնական պատճառը ԱՄՆ-ի տնտեսության բացառիկ ցուցանիշներն են: Այն ոչ միայն չթուլացավ, ինչպես սպասում էր տնտեսագետների մեծ մասը, այլև է՛լ ավելի առաջ գնաց: Հաշվի առնելով ԱՄՆ ուղղվող օտարերկրյա կապիտալի ծավալը և ներդրումների մասշտաբը արտադրողականության, մրցունակության և աճի ապագա գործոններում, ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, 2025-ին կշարունակի գերազանցել մյուս խոշոր տնտեսություններին:Այս հաջողության հետևանքներից մեկն այն է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը չիրականացրեց 1,75-2 տոկոսային կետով տոկոսադրույքների կրճատում, որը շուկաներն ակնկալում էին մեկ տարի առաջ: Այս միտումը նույնպես կշարունակվի. դեկտեմբերյան քաղաքական հանդիպման ժամանակ ԴՊՀ-ն ազդարարեց, որ 2025-ին պակաս կրճատումներ կլինեն և ավելի բարձր վերջնական (երկարաժամկետ) տոկոսադրույք:Սակայն քաղաքական և աշխարհաքաղաքական ցնցումները (և զգալի բարելավման սահմանափակ հեռանկարները) իսկապես վտանգ են ներկայացնում ԱՄՆ տնտեսական բացառիկության համար: Նույնիսկ եթե ԱՄՆ-ը շարունակի գերազանցել իր մրցակիցներին, ինչպես սպասվում է, հնարավոր արդյունքների շրջանակը՝ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ գնաճի առումով, ընդլայնվել է: Իրականում գլոբալ տնտեսական և քաղաքական արդյունքները որպես ամբողջություն այժմ ավելի տարատեսակ զարգացումներ կարող են ունենալ. աճել են թե՛ բացասական ռիսկերը, թե՛ դրական նորարարությունները (արհեստական բանականություն, բնական գիտությունները սննդի անվտանգություն, առողջապահությունը և պաշտպանություն), որոնք ունակ են փոխակերպել ոլորտները և արագացնել արտադրողականության աճը:Եթե մեծ քաղաքականության վերանայում չլինի, իմ ելակետային սցենարի համաձայն ԱՄՆ-ում որոշակիորեն ավելի ցածր անմիջական աճի տեմպ կլինի, նույնիսկ եթե տնտեսությունը գերազանցի մրցակիցներին և գնաճը կայուն լինի: Սա ԴՊՀ-ին ընտրություն կտա. ընդունել նպատակայինից բարձր գնաճը կամ փորձել իջեցնել այն և տնտեսությունը անկման ռիսկի ենթարկել:Համաշխարհային մասշտաբով տնտեսական մասնատումը կշարունակվի՝ որոշ երկրներին դրդելով բազմազանեցնել իրենց պահուստները և հեռանալ ԱՄՆ դոլարից, ինչպես նաև գտնել արևմտյան վճարային համակարգերի այլընտրանքներ: ԱՄՆ տասնամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, որը համաշխարհային հենանիշ է, կբարձրանա՝ հասնելով 4,75-5% միջակայքի: Ինչ վերաբերում է ֆինանսական շուկաներին, ապա նրանց ավելի դժվար կլինի պահպանել «վստահելի տան» իրենց կարգավիճակը բարդ աշխարհատնտեսական հարևանությամբ:Այսպիսին է իրավիճակն այսօր։ Սակայն, 2025-ի հնարավոր տնտեսական արդյունքների լայն շրջանակը ճանաչելուց բացի, կարևոր կլինի մշտապես ստուգել, թե ինչպես է ելակետային սցենարը համապատասխանում իրական զարգացումներին:Թարգմանությունը՝ Մարիա ՍադոյանիCopyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 1310