«Միլիարդներից մինչեւ տրիլիոններ» խոստումը ընդամենը գեղեցիկ ցանկություն էր

16.12.2024 | 22:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ եւ զարգացման տնտեսագիտության գծով ավագ փոխնախագահ Ինդերմիթ Գիլի հոդվածը՝ դրված Project Syndicate-ի համար:

Ինդերմիթ Գիլ

Գաղափարը համարձակ էր եւ պարփակված «միլիարդներից մինչեւ տրիլիոններ» սրամիտ կարգախոսով: Մեկ տասնամյակ առաջ, երբ մասնավոր կապիտալը ներխուժում էր զարգացող տնտեսություններ, կառավարություններն ու զարգացման ինստիտուտները հնարավորություն ստացան արագացնելու աղքատության կրճատման եւ զարգացման այլ նպատակների առաջընթացը: «Լավ նորությունն այն է, որ գլոբալ մասշտաբով հսկա խնայողություններ կան, որոնք հասնում են 17 տրիլիոն դոլարի, իսկ իրացվելիությունը պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա է», - ասվում էր այն ժամանակվա հիմնական ռազմավարական փաստաթղթում:

Վատ նորությունն այն է, որ այդ ամենը ֆանտազիա էր: Փոխարենը զարգացման ֆինանսավորման բնապատկերը գլխիվայր շուռ է եկել: 2022-ից ի վեր օտարերկրյա մասնավոր վարկատուները զարգացող տնտեսությունների պետական հատվածի վարկառուներից պարտքի սպասարկման վճարներ են ստացել գրեթե 141 մլրդ դոլարով ավելի, քան հատկացրել են նոր ֆինանսավորման համար:

Բայց կա մեկ ապշեցուցիչ բացառություն. 2022 եւ 2023 թվականներին Համաշխարհային բանկը եւ այլ բազմակողմ հաստատությունները մոտ 85 մլրդ․ դոլարով ավելի շատ են ներդրել, քան ստացել են պարտքի սպասարկման վճարումներից: Այսպիսով, բազմակողմ հաստատությունները ստանձնել են այնպիսի դեր, որը երբեք չէին ծրագրում խաղալու: Այժմ նրանք վերջին ատյանի վարկատուներ են, որոնք ոչ մեծ երկարաժամկետ զարգացման ֆինանսավորում են տրամադրում, որպեսզի փոխհատուցեն այլ պարտատերերի հեռանալը:

Անցյալ տարի բազմակողմ հաստատություններին բաժին է ընկել զարգացող տնտեսությունների երկարաժամկետ արտաքին պարտքի մոտ 20%-ը, ինչը հինգ կետով գերազանցում է 2019-ի ցուցանիշը: Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ասոցիացիային (ՄԶԱ) այժմ բաժին է ընկնում 26 ամենաաղքատ երկրներին բազմակողմ հաստատություններից ստացվող զարգացման օգնության գրեթե կեսը: Իսկ 2023-ին Համաշխարհային բանկին բաժին է ընկել ՄԶԱ-ից օգնություն ստացող երկրներ ուղղվող ընդհանուր զուտ պարտքի ներհոսքի մեկ երրորդը` 16,7 մլրդ․ դոլար, երեք անգամ ավելի շատ, քան տասնամյակ առաջ:

Այս զարգացումները խոսում են ֆինանսավորման խաթարված համակարգի մասին: Քանի որ կապիտալը՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր, էական է զարգացման համար, երկարաժամկետ առաջընթացը մեծապես կախված կլինի կապիտալի հոսքերի վերսկսումից, որոնք օգուտ են բերել զարգացող երկրների մեծ մասին այս դարի առաջին տասնամյակում: Սակայն ռիսկ-պարգեւատրում հավասարակշռությունը չի կարող մնալ այսօրվա պես միակողմանի, երբ բազմակողմ հաստատությունները եւ պետական վարկատուները կրում են գրեթե ողջ ռիսկը, իսկ մասնավոր վարկատուները՝ քաղում բոլոր օգուտները:

Երբ 2022 եւ 2023 թվականներին համաշխարհային տոկոսադրույքները կտրուկ բարձրացան՝ հանգեցնելով ամենաաղքատ երկրներում պարտքային խնդիրների աճին, Համաշխարհային բանկը հետեւեց իր սովորական գործելակերպին․ ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելուց անցավ ծանր իրավիճակում հայտնվելու բարձր ռիսկ ունեցող երկրներին դրամաշնորհների տրամադրմանը: Այն նաեւ ավելացրեց այս երկրների ընդհանուր ֆինանսավորումը՝ մարման շռայլ պայմաններով՝ 30-ից 50 տարի: Սակայն մասնավոր վարկատուները վազեցին դեպի ելք, քանի որ բարձր տոկոսադրույքները լիովին փոխհատուցեցին նրանց ներդրումային ռիսկերը:

Քանի որ չկար պարտքի վերակառուցման կանխատեսելի գլոբալ համակարգ, դժվարությունների մեջ հայտնված երկրների մեծ մասը նախընտրեց մի կերպ դիմանալ, այլ ոչ թե դեֆոլտ հայտարարել եւ անորոշ ժամանակով կտրվել համաշխարհային կապիտալի շուկաներից: Որոշ դեպքերում Համաշխարհային բանկից ստացվող նոր ֆինանսավորումը անմիջապես գնում էր մասնավոր վարկատուների պարտքը մարելուն:

2023 թվականին զարգացող երկրները ծախսեցին ռեկորդային 1,4 տրիլիոն դոլար (իրենց համախառն ազգային եկամտի գրեթե 4%-ը) միայն իրենց պարտքը սպասարկելու համար։ Թեեւ մայր գումարի մարումները մնացին կայուն՝ մոտ 951 մլրդ․ դոլար, տոկոսավճարներն աճեցին ավելի քան մեկ երրորդով՝ հասնելով մոտ 406 մլրդ․ դոլարի: Արդյունքում բազում զարգացող երկրների ռեսուրսները կործանարար կերպով շեղվեցին երկարաժամկետ աճի ու զարգացման համար կարեւոր ոլորտներից, ինչպիսիք են առողջապահությունը եւ կրթությունը:

Հատկապես կատաղի էր ճնշումը ամենաաղքատ եւ խոցելի երկրների վրա, որոնք իրավասու են վարկ վերցնել ՄԶԱ-ից: Արտաքին պարտքի գծով նրանց տոկոսավճարները քառապատկվել են 2013-ից ի վեր՝ 2023-ին հասնելով 34,6 մլրդ․ դոլարի պատմական առավելագույնին: Միջին հաշվով տոկոսավճարներն այժմ կազմում են ՄԶԱ-ից օգնություն ստացող երկրների արտահանման եկամուտների գրեթե 6%-ը, ինչը չի եղել 1999 թվականից ի վեր: Որոշ երկրներում այդ թիվը տատանվում է արտահանման եկամուտների 10%-ից մինչեւ 38%-ը: Զարմանալի չէ, որ ՄԶԱ-ի երկրների կեսից ավելին կա՛մ պարտքի տակ է, կա՛մ դրա բարձր ռիսկի տակ է, կա՛մ այդ երկրների մասնավոր վարկատուները հեռանում են:

Այս փաստերը ենթադրում են, որ աշխարհի ամենաաղքատ երկրները տառապում են ոչ թե իրացվելիության խնդիրներից, այլ վճարունակության տարածվող ճգնաժամից։ Գուցե հեշտ լիներ հետաձգել խնդիրը՝ այս երկրներին տրամադրելով բավականաչափ ֆինանսավորում, որ կատարեն իրենց անհապաղ մարման պարտավորությունները: Բայց սա կերկարաձգի նրանց տառապանքը: Այս երկրներին անհրաժեշտ է ավելի արագ աճ, եթե ուզում են նվազեցնել իրենց պարտքի բեռը, բայց արագ աճը պահանջում է ավելի մեծ ներդրումներ: Դատելով նրանց պարտքային բեռի չափից՝ դա դժվար թե իրականանա: Ընթացիկ միտումներով՝ մարելու նրանց կարողությունը երբեք չի վերականգնվի:  

Պետք է առերեսվենք իրականությանը. պարտքի խնդիր ունեցող ամենաաղքատ երկրները օգնության կարիք ունեն, եթե փորձեն կայուն տնտեսական աճ եւ կայուն բարգավաճում ունենալ: Բոլոր զարգացող տնտեսություններին արդարորեն վարկավորելու համար քսանմեկերորդ դարի գլոբալ համակարգ է անհրաժեշտ: Պետական վարկառուներն արժանի են գոնե որոշ պաշտպանության, որը սովորաբար տրամադրվում է պարտք ունեցող ձեռնարկություններին եւ անհատներին՝ ըստ ազգային սնանկության մասին օրենքների: Մասնավոր պարտատերերը, որոնք ռիսկային, բարձր տոկոսներով վարկեր են տրամադրում աղքատ երկրներին, անհաջողության դեպքում պետք է կրեն ծախսերի արդար բաժինը:

Միջազգային անվստահության խորացման դարաշրջանում այս սկզբունքները հաստատելու համար պայքար է լինելու: Բայց առանց դրա զարգացման բոլոր հիմնական նպատակները վտանգված կմնան եւ կարժանանան նույն ճակատագրին, ինչ «միլիարդներից մինչեւ տրիլիոններ» խոստումը:
 
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:

«Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 963
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW