Ալին Մասրելյանի հիշողության մեջ շատ վառ է այն շրջանը, երբ իրենց ընտանիքը 1998 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքից Երեւան տեղափոխվեց: Ալինի համար շատ դժվար էր Երեւանի շուկաներում գտնել իր սիրելի համեմունքները եւ, միեւնույն ժամանակ, զարմանալի, թե ինչպես են մյուս մայրերը կարողանում կերակուր պատրաստել առանց այն անուշաբույր համեմունքների, որոնք իրենք օգտագործում էին Սիրիայում: «Շուկայում հնարավորությունը տեսնելով՝ մենք որոշեցինք համեմունքներն ինքներս արտադրել»,- ասում է Ալինը, որն ամուսնու՝ Գեւորգ Սարյանի հետ հիմնադրել է «Հալեպ 1999» համեմունքների բրենդը: 25 տարի առաջ Սարյանների ընտանիքի Երեւան բերած վառ համերը շուտով կհասնեն նաեւ Եվրոպական շուկաներ EU4Digital-ի էլեկտրոնային առեւտրի արագացմանն ուղղված նախաձեռնության շնորհիվ (EU4Digital eCommerce Accelerator Initiative): Այս պիլոտային ծառայությունը Հայաստանի եւ ծրագրում ընդգրկված մյուս երկրների փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) հնարավորություն է տալիս վաճառելու իրենց արտադրանքը ԵՄ շուկայում, ինչպես նաեւ ձգտում է խթանել միջսահմանային առեւտուրը եւ հիմք դնել դրա հետագա ընդլայնման համար:Banks.am-ը զրուցել է EU4Digital-ի այս նախաձեռնության ներկայացուցիչների եւ մասնակից ՓՄՁ-ների հետ՝ պիլոտային ծրագրի եւ դրա առավելությունների մասին ավելին իմանալու համար:Միասին հաղթահարելով փորձություններըՀայաստանյան ձեռնարկատերերի համար բավականին բարդ է վաճառք իրականացնել եվրոպական շուկայում, քանի որ կան չափորոշիչների զգալի տարբերություններ, ինչպես նաեւ օրենսդրական եւ լոգիստիկ բարդություններ: Այս մարտահրավերներին արձագանքելու համար EU4Digital-ի էլեկտրոնային առեւտրի արագացմանն ուղղված նախաձեռնությունը մեկնարկել է «Ազգային տաղավարի օգտահաշիվ» (National Pavilion Account) պիլոտային ծրագիրը: Վերջինիս շրջանակում ստեղծվում են ազգային օգտահաշիվներ «Amazon EU» առցանց առեւտրի հարթակում, որոնք հնարավորություն են տալիս մասնակից երկրների ՓՄՁ-ներին օգտագործել այս ազգային օգտահաշիվներն առանց լրացուցիչ գրանցման, թղթաբանության կամ հարթակի կողմից առաջադրվող այլ պահանջների: Զիգինտաս Սոնգալիան, Արտակ Սարյանը եւ Մայքլ Էրիքսոնը Լուսանկարը՝ Մեդիամաքս ««Ազգային տաղավարի օգտահաշիվ» պիլոտային ծրագիրը նորարարական նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել Արեւելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի ձեռնարկություններին եվրոպական շուկա մուտք գործելու մարտահրավերների հաղթահարման հարցում: Կան արտաքինից չերեւացող բազմաթիվ գործընթացներ, կարգավորումներ եւ մարտահրավերներ: Փոքր ձեռնարկությունների համար, որոնք ունեն բարձրորակ արտադրանք, բայց արտադրանքի սահմանափակ ծավալներ, այս հարցերով զբաղվելը շատ թանկ կարող է արժենալ եւ պահանջել լայնածավալ փորձաքննություններ: Մեր նպատակն է լրացնել այդ բացը՝ ուղղորդելով եւ կիրառելով փորձագետների գիտելիքը էլեկտրոնային առեւտրի ոլորտում»,- բացատրում է EY-ի ավագ խորհրդատու Մայքլ Էրիքսոնը, որն աշխատում է EU Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի արագացման ծրագրում: Մայքլ Էրիքսոնը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս ծրագրի համար որպես ազգային տաղավարի օգտահաշվի սեփականատեր ընտրվել է Buy Armenian-ը, որն արդեն իսկ հաջողությամբ գործող էլեկտրոնային առեւտրի հայաստանյան հարթակ է: Ծրագրի շրջանակում Buy Armenian-ը ղեկավարում է ազգային օգտահաշիվը «Amazon EU» հարթակում՝ իրականացնելով ապրանքների տեղադրումը, գործարքներն ու հաճախորդներին աջակցությունը: Մասնակից ՓՄՁ-ների արտադրանքը վաճառվում է նույն ազգային օգտահաշվի միջոցով: Թե´ օգտահաշվի սեփականատերը, թե´ արտադրանքի սեփականատերերը ԵՄ-ի էլեկտրոնային առեւտրի ոլորտում գործելիս ուղղորդվում են մասնագետների կողմից: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ծրագրի շրջանակում մենք վերապատրաստումներ ենք իրականացնում՝ համոզվելու համար, որ բացի կարճաժամկետ հեռանկարում պիլոտային ծրագրի հաջողության գրանցումից, ներգրավված ՓՄՁ-ները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքն ու հմտությունը՝ պահպանելու այս հաջողությունն ապագայում: Ավելի հեռահար նպատակն է խթանել միջսահմանային առեւտուրը Արեւելյան գործընկերության երկրների եւ ԵՄ-ի միջեւ»,- հավելել է Էրիքսոնը: Հայկական գորգանախշ ասեղնագործ բարձերը՝ եվրոպական շուկայում«Ազգային տաղավարի օգտահաշիվ» պիլոտային ծրագիրն առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է 2023 թվականի մայիսին: Ազգային օգտահաշվի կառավարչի կարգավիճակում Buy Armenian հարթակն ընտրելուց հետո մեկնարկել է մասնակից 5 ՓՄՁ-ների ընտրության փուլը: Ամիսներ տեւած փորձագիտական ուղղորդումից եւ համագործակցությունից հետո հայ արտադրողներն արդեն պատրաստ են առաջ շարժվել: Լուսանկարը՝ Մեդիամաքս Մասնակից ձեռնարկատերերից Ծովինար Միսկարյանը շատ է ոգեւորված եվրոպացի հաճախորդներին իր «Miskaryan Heritage» բրենդը ներկայացնելու առիթով: Նա արտադրում է հայկական գորգանախշ ասեղնագործ բարձեր, սփռոցներ, պայուսակներ եւ հուշանվերներ: 5 տարի առաջ բրենդի հիմնադրումից հետո Ծովինարին հաջողվել է ճանաչում ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում: «Հայաստանը հարուստ մշակույթ ունի եւ այդ մշակույթի կարեւոր մաս են կազմում հայկական գորգերն ու կարպետներն իրենց առանձնահատուկ նախշերով: Քանի որ գորգերը հիմնականում թանգարաններում են ներկայացվում, այդ արվեստն ու գեղեցկությունը հասանելի է միայն թանգարանների այցելուներին: Ես որոշեցի այդ արվեստը բերել մարդկանց տներ՝ ասեղնագործելով գորգերի նախշերը բարձերեսների վրա»,- պատմում է Ծովինար Միսկարյանը: Ծովինար Միսկարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Չնայած նա քանիցս ցուցահանդեսների է մասնակցել եվրոպական երկրներում եւ ստացել դրական արձագանք, արտահանումը միայնակ կազմակերպելը նրա համար կարող էր շատ բարդ լինել:«Մենք 8-9 ամիս շարունակ աշխատել ենք մասնագետների հետ՝ քայլ առ քայլ առաջ գնալով: Այնքան բան կար, որ մենք չգիտեինք միջազգային առեւտրի, մեծ շուկաների եւ ԵՄ-ի խիստ կանոնակարգերի մասին: Շնորհիվ ծրագրի թիմի՝ մենք սովորեցինք եւ զարգացրինք բրենդը եւ այժմ պատրաստ ենք վաճառքի»,- ասում է Ծովինարը: Նա 12 ասեղնագործ բարձի տեսակ է ընտրել ԵՄ-ի Amazon հարթակում նախնական վաճառքի համար եւ լիահույս է, որ հետագայում կկարողանա ընդլայնել ներկայացվող տեսականին: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայաստանի համը Եվրոպայում «Հալեպ 1999» համեմունքներովՊիլոտային ծրագրին մասնակից ձեռնարկությունների շարքում է նաեւ «Շառոյան-Սարյան» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է «Հալեպ1999» համեմունքների բրենդը: Ընկերության հիմնադիր ընտանիքի որդին՝ Արտակ Սարյանը, որը ներկայումս նաեւ ընկերության փոխտնօրենն է, բացահայտում է Հայաստանում իրենց հաջողության գաղտնիքը:«Մենք աշխատում ենք մի շարք ֆերմերների հետ Հայաստանով մեկ, նրանց սովորեցնում ենք այն «know-how»-ն, որն անհրաժեշտ է մեր ուզած հումքի պատրաստման համար: Մեզ համար սկզբունքային է, որ արտադրանքում օգտագործվի միայն տեղական հումք, եւ մենք հպարտորեն կարող են ասել, որ մեր արտադրանքն իրապես ներկայացնում է Հայաստանի համը՝ հողը, ջուրը եւ հայ մարդու քրտնաջան աշխատանքը»,- ասում է նա: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ընկերությունը ժամանակի ընթացքում ընդլայնել է տեսականին եւ այժմ համեմունքներից բացի արտադրում է նաեւ քաղցրավենիք, ընդեղեն, նպարեղեն եւ այլն: Հայաստանում բիզնեսը հաջողությամբ զարգացնելուց հետո Սարյանների ընտանիքը սկսել է մտածել նաեւ արտահանման մասին: Թեեւ մինչ օրս փոքր քանակի վաճառքներ ունեցել են արտերկրում, դրանք հիմնականում փորձնական բնույթ են կրել: «Եթե միայնակ փորձեի հասնել այն արդյունքին, որը ծրագրի շնորհիվ մենք ունեցանք մի քանի ամիսների ընթացքում, ինձնից կարող էր տարիներ պահանջվել: Քանի որ սննդի ոլորտը շատ զգայուն է, մենք որոշեցինք սկսել նրանից, ինչը մենք ամենալավն ենք անում՝ համեմունքների արտադրություն, որում մասնագիտացած ենք արդեն 25 տարի»,- պարզաբանում է Արտակ Սարյանը: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հալեպ 1999»-ի 5 տեսակի համեմունքներ, ներառյալ «Զաթար»-ը եւ «Բահար 7»-ը, շուտով հասանելի կդառնան ԵՄ-ի Amazon հարթակում՝ Հայաստանի իսկական համը հասցնելով եվրոպական խոհանոցներ: Բարձերից ու համեմունքներից բացի EU Amazon-ում կներկայացվեն նաեւ հայկական մեղր (Honey AM), թեյեր (Antaram) եւ շարֆեր (Hasis): Նախատեսվում է, որ դրանք հասանելի կլինեն արդեն գալիք տարվա սկզբին: Լուսանկարը՝ Մեդիամաքս Կառուցելով բրենդեր, որոնք պատմում են Հայաստանի մասինՊիլոտային ծրագիրը կենտրոնացած է ԵՄ-ի 6 հիմնական երկրների վրա, որոնք ունեն Amazon հարթակ՝ Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա եւ Չեխիա: Այս երկրները ծառայելու են որպես մեկնարկային շուկաներ, սակայն արտադրանքը հնարավոր կլինի գնել ամբողջ Եվրոպայից, օրինակ «Amazon.de» կամ «Amazon.it» հարթակների միջոցով: Շուկաների կոնկրետ թիրախավորումը կախված է կոնկրետ արտադրանքից եւ ընկերությունից: Հետագայում, նախաձեռնությունը կդիտարկի եւ կգնահատի պիլոտային ծրագրի հաջողությունը՝ առաջարկներ ներկայացնելով «Ազգային տաղավարի օգտահաշվի»՝ ԵՄ այլ երկրներ ընդարձակման համար: Սարյանների ընտանիքը Մայքլ Էրիքսոնի եւ Զիգինտաս Սոնգալիայի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Առցանց առեւտրի հարթակներում վաճառքն այդքան էլ պարզ գործ չէ: Բազում փոքր գործոններ կան, որոնք կարող են օգնել ապրանքին առանձնանալ եւ դառնալ ավելի տեսանելի: Դա է պատճառը, որ EU4Digital-ը հիմնվում է կոմերցիայի ոլորտի փորձագիտական ուժեղ ցանցի վրա, որի շնորհիվ այս ապրանքները դառնում են մրցունակ»,- ասում է Մայքլ Էրիքսոնը: EY-ի խորհրդատու եւ EU4Digital-ի էլեկտրոնային առեւտրի արագացման նախաձեռնության փորձագետ Զիգինտաս Սոնգալիան ընդգծում է ԵՄ առեւտրի ոլորտում թափանցիկության կարեւորությունը: Զիգինտաս Սոնգալիան Լուսանկարը՝ Մեդիամաքս «Թափանցիկությունն առանցքային է: Սպառողները ցանկանում են իմանալ, թե կոնկրետ ինչ են իրենք ստանում, դա կարող է վերաբերել արտադրանքին, օգտագործված հումքին: Ի վերջո, այս ամենը հաճախորդակենտրոն լինելու մասին է: Եթե դու ստեղծում ես արտադրանք, որն օգտակար է, բարձորակ եւ հաճախորդակենտրոն, այն բնականորեն կհամապատասխանի ԵՄ չափանիշներին»,- բացատրում է Սոնգալիան:Ազդեցիկ բրենդի կառուցումը եւս նշանակալի է: Սոնգալիայի խոսքով՝ հայկական մեղրը, թեյը, համեմունքները եւ դիզայներական բարձերեսներն ու նման այլ արտադրանքներ յուրօրինակ են եւ եվրոպացի սպառողներին գրավելու մեծ պոտենցիալ ունեն, եթե դրանց պատմությունը ճիշտ ներկայացվի: Լուսանկարը՝ Մեդիամաքս EU4Digital ծրագիրը նաեւ ունի այլ նախաձեռնություններ, որոնք աջակցում են էլեկտրոնային առեւտրի զարգացմանը: Դրանցից է, օրինակ, «Էլ. կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» անվճար առցանց դասընթացը Հայաստանի քաղաքացիների եւ ՓՄՁ-ների համար, որն առաջարկվում է հայերենով: Հիմնվելով սեփական փորձի վրա՝ Արտակ Սարյանը խրախուսում է այլ արտադրողներին չվախենալ լոգիստիկ մարտահրավերներից եւ մասնակցել նման ծրագրերի՝ ձեռք բերելով առանցքային հմտություններ: «Բոլոր պատնեշները հազթահարելի են: Եկեք փորձենք մեր արտադրանքով պատմել աշխարհին Հայաստանի մասին»,- ամփոփել է նա: Գայանե ԵնոքյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի։ Tweet Դիտում՝ 1030