«Բավականին գործ կա անելու». «Էնթերփրայզ Արմենիա»-ն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն

31.10.2024 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հոկտեմբերի 28-ին «Էնթերփրայզ Արմենիա»-ի («Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամ) ներկայացուցիչներն այցելել են PMI Science գիտահետազոտական կենտրոն, ծանոթացել աշխատանքային հիմնական ուղղություններին, լաբորատորիաների գործունեությանը:

Գիտահետազոտական կենտրոնի եւ հիմնադրամի ներկայացուցիչները խոսել են Հայաստանում վերազգային ընկերությունների դերի, ներդրումներ ներգրավելու եւ այդ ուղղությամբ բարենպաստ միջավայր ստեղծելու մասին:

Բարենպաստ միջավայր՝ օտարերկրյա կապիտալով ընկերությունների համար

Լեւոն Օհանեսյան, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն

«Էնթերփրայզ Արմենիա»-ի առաքելությունն է օտարերկրյա եւ տեղացի ներդրողների համար ապահովել գործարարությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր՝ Հայաստանը դիրքավորելով որպես գրավիչ ներդրումային ուղղություն: Մեր նպատակն է, որ այդ ընկերությունները մեր երկրում իրենց ավելի հանգիստ զգան, զգան, որ կառավարությունը, պետությունն իրենց կողքին է եւ ամեն կերպ աջակցելու է իրենց գործունեությունն այստեղ:



Մեզ համար շատ կարեւոր է, որ միջազգային բրենդները ներկայացված լինեն Հայաստանում, ինչն իր հետեւից բերելու է բավականին մուլտիպլիկատիվ ազդեցություն՝ կայուն տնտեսական աճ եւ զարգացում:

ՀՀ-ում առկա օտարերկրյա կապիտալով ընկերությունների հետ համագործակցության հիմնական երեք ուղղություն կա: Ներդրումների խթանում, որի շրջանակում տրամադրվում է ուղղորդում, տեղեկատվության եւ խորհրդատվություն բիզնեսի ստեղծման փուլում: Հետներդրումային սպասարկում, երբ տրամադրվում է անհատական խորհրդատվություն պետական աջակցության ծրագրերին դիմելու, հարկային արտոնությունների, լիցենզիաներ, սերտիֆիկատներ, քաղաքաշինական եւ այլ թույլտվություններ ստանալու վերաբերյալ, ինչպես նաեւ բյուրոկրատիայի հնարավորինս մեղմում, համայնքային, պետական եւ միջազգային կառույցների հետ կապի ապահովում եւ աշխատանքների համակարգում: Մյուս ուղղությունը շահերի պաշտպանություն, երբ հանդես ենք գալիս որպես կամուրջ գործարար համայնքի եւ կառավարության միջեւ:



Մենք առաջարկում ենք «Մեկ պատուհանի» ծառայություն, որն ավելին է, քան պարզապես խորհրդատվությունը: Այն գործարարը, ընկերությունը, որը նպատակ ունի ներդրում անելու Հայաստանում, իր գաղափարով գալիս է մեզ մոտ եւ գծում ենք ճանապարհային քարտեզը, թե պետության հետ աշխատանքի ընթացքում որ դռնից հետո որը պետք է ծեծի, որ իր աշխատանքը սահուն գնա, չհանդիպի ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների: Օտարերկրյա ներդրումների ներգրավման ժամանակ նաեւ օգտագործում ենք արտերկրում համանման կառույցների հետ համագործակցությունը:



«Էնթերփրայզ Արմենիա»-ն նաեւ այցելում է Հայաստանում օտարերկրյա կապիտալով ընկերություններ, փորձում հասկանալ իրենց խնդիրները, կարիքները, դրանք լուծել մաքսիմալ արագ, որպեսզի այդ ընկերություններն իրենց առավել լավ զգան այստեղ: Ինչ վերաբերում է PMI Science գիտահետազոտական կենտրոնին, ապա այստեղ մեր համագործակցությունը կլինի հետներդրումային սպասարկման ծառայության շրջանակում:

Կապող օղակների կարիք կա

Գուրգեն Մարդոյան, PMI Science Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար

Շատ լավ է, որ «Էնթերփրայզ Արմենիա»-ի նման կառույց կա, որը զբաղվում է վերազգային կորպորացիաների համար Հայաստանում լավ պայմանների ստեղծմամբ կամ դրան ուղղված աշխատանքով: Վերազգային  կազմակերպությունները, ինչպիսին է օրինակ Philip Morris International-ը, որպեսզի կարողանան ներդնում անել Հայաստանում, կապող օղակների կարիք ունեն պետության, մասնավոր սեգմենտի եւ համայնքի հետ:

Օրինակ, մեր գիտահետազոտական կենտրոնը, երբ ուզում է շատ արագ որեւէ կոմպլեքս լաբորատոր չափիչ սարքավորում ներկրել Հայաստան, որ այն կարողանա օգտագործել ինչ-որ նախագծի իրականացման համար, բավականին խնդիրների առջեւ է կանգնում: Սրանց լուծումը Հայաստանն ավելի գրավիչ կդարձնեի աշխատանքային նոր ուղղություններ այստեղ տեղափոխելու համար:



PMI-ի նման վերազգային կազմակերպությունները շատ պրագմատիկ են նայում, թե որտեղ է ավելի ձեռնտու իրենց կենտրոնն ունենալ: Հայաստանի դեպքում գիտական, ինժեներական ներուժը գնահատում են, բայց այլ հարցերի եւս ուշադրություն են դարձնում, այստեղ էլ մեզ գործընկերներ են պետք, որոնցից մեկը հենց «Էնթերփրայզ Արմենիա»-ն է:

PMI Science գիտահետազոտական կենտրոնը անընդհատ փորձում է ավելի շատ ուղղություններ բերել Հայաստան, բայց երբեմն հանդիպում է խոչընդոտների, որոնց շրջանակում կարիք է լինում որոշ աջակցություն կա՛մ պետության, կա՛մ տարբեր ինստիտուտների կողմից: Մեզ հաջողվել է շատ երկար աշխատանքից հետո PMI-ի Մաթեմատիկայով եւ արհեստական բանականությամբ կենտրոնը բերել Հայաստան: Նմանատիպ շատ աշխատանքներ կարելի է անել եւ առանց «Էնթերփրայզ Արմենիա»-ի նման կազմակերպությունների, այսպես ասած «դեսպանների», շատ դժվար կլինի անել: Այս համագործակցության շրջանակում միասին անելու բավականին գործ կա:

Լեւոն Օհանեսյան. «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն

Այսպիսի համագործակցությունների շրջանակում շատ հաճախ ենք հանդիպումներ ունենում մեր գործընկերների հետ, փորձում ենք խնդիրների լուծմանը մասնակից դառնալ եւ դրանց պրոցեսներն արագացնել, ընկերությունների իրենց ձայնը լսելի դարձնել կառավարությանը, գործընկեր նախարարություններին, անհրաժեշտության դեպքում նաեւ կազմակերպել հանդիպումներ:

Լեւոն Օհանեսյանը


PMI-ի հետ համագործակցությունը շատ կարեւոր է մեզ համար, նաեւ շատ ուրախալի է, որ ի դեմս PMI-ի՝ ՀՀ-ն ունի այն ներուժը, գաղափարը, որն օգտագործվում է ամբողջ աշխարհում: Մենք, միանշանակ, օժանդակելու ենք այսպիսի կազմակերպությունների զարգացմանը մեր երկրում, որն էլ իր հերթին կնպաստի մեր երկրի զարգացմանը:

Վերազգային ընկերությունների դերը Հայաստանում

Գուրգեն Մարդոյան, PMI Science Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար

Ինեժեներության եւ տեխնոլոգիաների ոլորտում վերազգային կազմակերպությունները տվյալ երկրում գործունեություն են իրականացնում բազմաթիվ տեխնոլոգիական ճյուղերի օգտագործմամբ եւ պրոդուկտների մշակմամբ: Հայաստանում այդպիսի վերազգային կազմակերպության ներկայությունը խթանում է այս տեսակի գիտելիքի, այս տեսակի մասնագետների աճին, նաեւ տեսանելիություն է տալիս մյուս վերազգային կազմակերպություններին, որ կարողանան նրանք եւս մեր երկրում ներկայացված լինեն:

Գուրգեն Մարդոյանը


Հայաստանի ներուժն իրականում շատ քիչ է օգտագործված: Այսինքն՝ մեր երկիրը շատ ավելին ունի վերազգային կազմակերպություններին, եւ ընդհանրապես, տեխնոլոգիական ոլորտում տալու, քան այսօր առկա է: Սա նաեւ վերաբերում է PMI Science-ին: PMI-ը վերջին 6 տարվա ընթացքում մոտ 35 մլն դոլարի ներդրում է արել Հայաստանում եւ մոտ 8 մլն-ից ավելի ներդրում՝ գիտական, ինժեներական եւ ՏՏ նախագծերի վրա, որոնք անմիջապես օգտագործվել են կազմակերպության կողմից: Սա բավականին տպավորիչ թիվ է, բայց ավելին կարելի է անել:

PMI-ը ոչ միայն էլեկտրոնիկայի կամ ծրագրավորման ոլորտի կազմակերպություն է, այլեւ աշխատում է գիտական թեմաների լայն շրջանակնի ուղղությամբ՝ կենսաբանությունից մինչեւ տվյալագիտություն: Այս բոլոր ոլորտներում կան  արդիական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Մեր գրասենյակի գործն է այդ խնդիրները բերել Հայաստան: Դրանցից որոշները մեր ներուժով այս պահին  կարողանում ենք մեր գրասենյակում լուծել, բայց առանց գործընկերների՝ ՏՏ, գիտական եւ ինժեներական կազմակերպությունների ներգրավման, գրեթե անհնար կլինի նմանատիպ կազմակերպության համար որոշակի արդիական խնդիրներ լուծել: Այդ պատճառով վերազգային ընկերությունների գտնվելը Հայաստանում ոչ միայն փոքր շրջանակի աշխատակիցների է նպաստում, որոնք աշխատում են այդ ընկերությունում, այլեւ ստեղծում է էկոհամակարգ՝ գիտական հիմնարկներից մտքեր, մշակումներ բերելու, ՏՏ եւ ինժեներական համայնքի հետ աշխատելու, որպեսզի կարողանանք Հայաստանի ամբողջ պոտենցիալն օգտագործել:



PMI Science Գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում հիմնադրվել է 2018թ.-ին։ Այն «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» վերազգային կորպորացիայի կողմից ամբողջ աշխարհում հիմնված խոշոր գիտահետազոտական կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի, Չինաստանի ու Իտալիայի կենտրոնների հետ միասին։  Կենտրոնի գիտնականներն աշխատում են հետևյալ առաջնային ուղղություններով՝ ինովացիաների կառավարում, էքսպերիմենտալ ինժեներիա եւ մաթեմատիկայի գերազանցության կենտրոն:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 2145
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW