Սկսնակ իրավաբանից՝ միջազգային կառավարիչ. Լուսինե Հովումյանի կարիերային վերելքը

29.10.2024 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Կրթությամբ իրավաբան Լուսինե Հովումյանն իր կարիերայի առաջին քայլերն անելիս չէր կարող պատկերացնել, որ տարիներ անց կլինի աշխարհի ավելի քան 130 շուկաներում իր ապրանքանիշերը վաճառող JTI (Japan Tobacco International) ընկերության ղեկավարների շարքում:

Կորպորատիվ հարցերի եւ հաղորդակցության գծով ավագ փոխնախագահի պաշտոնը Լուսինեն զբաղեցնում է 2021 թվականի սեպտեմբերից:

Banks.am-ի հետ զրույցում նա պատմել է հաջողության իր բանաձեւի մասին եւ բացահայտել անդրազգային թիմերն արդյունավետ ղեկավարելու գաղտնիքը:

Իրավաբանից՝ թոփ կառավարիչ

Լուսինեն ծնվել է Մոսկվայում, գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո շարունակել է ուսումը Մանչեսթերի համալսարանում՝ ձեռք բերելով մագիստրոսի կոչում բիզնես իրավունքի մասնագիտությամբ:

Սկզբնական շրջանում Լուսինեն աշխատել է ամերիկյան իրավաբանական ընկերության մոսկովյան գրասենյակում: Այնուհետեւ որոշել է ընդլայնել իր փորձն ու աշխատել նաեւ որպես կորպորատիվ իրավաբան: 2001 թվականին աշխատանքի է անցել բրիտանական Gallaher Group ծխախոտային ընկերության իրավաբանական բաժնում:

2007 թվականին Japan Tobacco-ն ձեռք է բերել Gallaher Group ընկերությունը, ինչից հետո Լուսինեն ստանձնել է JTI-ի ռուսաստանյան մասնաճյուղի իրավաբանական հարցերով փոխնախագահի պաշտոնը:

Լուսինե Հովումյանը

 
«Ես միշտ ասում եմ, որ բախտս բերեց, սակայն, իհարկե, այդ պաշտոնում միայն բախտի գործոնով հազիվ թե հնարավոր լիներ հայտնվել»,- ժպիտով ասում է Լուսինեն:

«Ինձ համար հաջողության գրավականը մի կողմից աշխատասիրությունն է, մյուս կողմից՝ նվիրվածությունն ընկերությանն ու աշխատանքին, երբ այն կատարում ես հաճույքով ու դրանում լիարժեք խորասուզված»,- հավելում է նա:

Չսահմանափակվել անմիջական գործառույթներով

Տարիների ընթացքում Լուսինեն տարաբնույթ գործառույթներ է ստանձնել: Նրա կարծիքով՝ երբեք պետք չէ սահմանափակվել զուտ այն աշխատանքով, որն ուղղակիորեն բխում է ստանձնած պաշտոնի պարտականություններից:
«Եթե կա ավելին անելու եւ դրա շնորհիվ նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն, ես միշտ պատրաստ եմ դրան: Ի վերջո, քո գործադրած ջանքերն անպայման վերադառնալու են քեզ»,- շեշտում է Լուսինեն:

JTI Russia-ում մի քանի տարի աշխատանքից հետո կարիերային առաջխաղացումը Լուսինեին բերել է Ժնեւ, որտեղ տեղակայված է JTI-ի գլխամասային գրասենյակը: Այստեղ նա սկսել է ղեկավարել արեւելաեվրոպական տարածաշրջանում կորպորատիվ հարաբերությունների եւ հաղորդակցության բաժինը:

«Այս տարածաշրջանը միավորում է 27 երկիր՝ ներառյալ Հայաստանը: Այդ ժամանակից ի վեր, սկսեցի ավելի հաճախ Հայաստան այցելել ոչ միայն արձակուրդներիս, այլ արդեն նաեւ աշխատանքի բերումով»,- ասում է Լուսինեն:

Լուսինե Հովումյանը


Իրավաբանությունից հետո նոր ոլորտ տեղափոխվելը Լուսինեի համար միանգամայն նոր շրջափուլ էր: Նա ընդգծում է, որ իրավաբանական կրթությունը եւ երկար տարիների իրավաբանական աշխատանքային փորձը շատ են օգնել բոլոր մարտահրավերները հաղթահարելու գործում: Այդ պաշտոնում նա մնաց ավելի քան չորս տարի, որից հետո շարունակեց իր կարիերային ճանապարհորդությունը դեպի արեւելք:

Երկու տարի տեւած ամառը

2019 թվականին Լուսինե Հովումյանը նշանակվել է JTI Սինգապուրի մասնաճյուղի գլխավոր կառավարչի պաշտոնում՝ հայտնվելով լիովին նոր միջավայրում:

«Ամենադժվարը կլիմային հարմարվելն էր: Սինգապուրում մշտապես ամառ է՝ շոգ է եւ բարձր խոնավություն: Երբեմն նաեւ մտքերդ են իրար խառնվում, երբ ուզում ես ինչ-որ բանի մասին խոսելիս ասել՝ անցյալ ձմեռ, կամ անցյալ ամառ, բայց չես կարող, որովհետեւ ամառը մշտապես է»,- ժպիտով հիշում է Լուսինեն:

Սինգապուրում Լուսինեի թիմը բազմազգ էր՝ կային ինչպես տեղացիներ, այնպես էլ աշխատակիցներ Ուկրաինայից, Կորեայից, Լեհաստանից եւ մի շարք այլ երկրներից:

«Հրաշալի թիմ ունեի այնտեղ: Միասին կարողացանք բավականին բարդ մարտահրավերներ հաղթահարել»,- հիշում է նա: Այս պաշտոնում Լուսինեն աշխատել է երկուսուկես տարի:

Թիմերի հետ արդյունավետ աշխատանքի գաղտնիքը

Սինգապուրից հետո Լուսինեն ակնկալում էր, որ թիմ կղեկավարի մեկ այլ երկրում, սակայն ընկերությունը նրա համար այլ ծրագրեր ուներ:

2021 թվականի սեպտեմբերից Լուսինեն դարձել է JTI-ի կորպորատիվ հարաբերությունների եւ հաղորդակցության գծով ավագ փոխնախագահ եւ ընկերության գործադիր կոմիտեի անդամ:  

Այս պաշտոնում Լուսինեի գործառույթները կարելի է բաժանել մի քանի հիմնական ուղղությունների: Առաջին հերթին, նա պատասխանատու է կառավարությունների հետ հաղորդակցության համար: Իր թիմը կառավարություններին է ներկայացնում ծխախոտային ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ ընկերության տեսլականը, օգնում իրականացնել գրագետ ակցիզային քաղաքականություն, որը թույլ կտա նվազեցնել աշխարհում ծխախոտի ապօրինի շրջանառությունը:



Բացի նշվածից, Լուսինեն իրականացնում է ինչպես ընկերության արտաքին հաղորդակցությունը, այնպես էլ ներքին: Հարցին՝ արդյոք դժվար չէ՞ համախմբել այդքան մեծ թվով մարդկանց, որոնք տարբեր մշակույթների կրողներ են, Լուսինեն պատասխանում է.

«Իսկապես շատ տարբեր մարդիկ են՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներ զանազան աշխարհայացքներով, նաեւ միանգամայն տարբեր կյանքի պայմաններ ունեցող: Բայց որքան էլ պարադոքսալ է հնչում, այս բոլոր տարբերությունների հետ մեկտեղ մարդիկ իրականում շատ նման են: Իսկ JTI-ում մեզ միավորում են ընդհանուր արժեքները եւ փոխադարձ հարգանքը: Եթե կա մշակութային իրազեկվածություն եւ դիմացինի մշակութային առանձնահատկությունների նկատմամբ հարգանք, երբեւէ հաղորդակցության որեւէ խնդիր չի առաջանում»,- ասում է Լուսինեն:

Աջակցություն համայնքներին

Լուսինեի գործառույթների շարքում է նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերի իրականացումը, որի շրջանակում ընկերությունը մեծ ներդրումներ է իրականացնում մի կողմից մարդկանց կյանքը բարելավող, մյուս կողմից՝ մշակույթի պահպանությանն ու զարգացմանը նպաստող ծրագրերում:

«Եթե աշխարհի որեւէ կետում որեւէ աղետ է տեղի ունենում, մեր միջոցներն առաջնահերթ այդ աղետի հետեւանքների մեղմանն ենք ուղում: Մեր ներդրումները համայնքներում ներառում են աջակցություն տարբեր խոցելի խմբերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, սոցիալապես անապահով մարդկանց եւ այլն», - պատմում է Լուսինեն։

Ներկայում JTI-ն իրականացնում է ավելի քան 500 ծրագիր շուրջ 70 երկրում: Այս նախաձեռնությունները նպատակ ունեն ստեղծել ներառական եւ կայուն համայնքներ եւ մշակվում են շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ սերտ համագործակցությամբ՝ JT Group-ի քաղաքականությանը համահունչ: Յուրաքանչյուր ծրագիր պետք է նկատի առնի այն համայնքների եզակի կարիքները, որտեղ գործում է JTI-ը:

Ընկերության ջանքերն ուղղված են երեք հիմնական ուղղություններին՝ անհավասարության նվազեցում, տարբեր աղետների նկատմամբ համայնքների դիմակայունության բարձրացում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն: Նման ծրագրերի վառ օրինակներից է Global WASH (ջուր, սանիտարիա եւ հիգիենա) նախաձեռնությունը, որը նպատակ ունի մինչեւ 2025 թվականի վերջը մեկ միլիոն մարդու ապահովել մաքուր ջրով, սանիտարական եւ հիգիենայի համապատասխան պայմաններով:

«Հայաստանում մենք արդեն ավելի քան տասը տարի աջակցում ենք «Հայկական Կարիտաս» բարեգործական հիմնադրամին՝ օգնելով տարեցներին եւ սոցիալապես անապահով խմբերին, հատկապես Գյումրիում, որը դեռեւս լիովին չի վերականգնվել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։ Մշակութային ոլորտում հպարտ ենք մեկ տասնամյակից ավել աջակցելու Մատենադարանին եւ Սերգեյ Փարաջանովի թանգարանին՝ նպաստելով դրանց զարգացմանը, հրատարակություններին եւ հավաքածուների համալրմանը։ Մենք նաեւ ֆինանսավորում ենք ձեռագրերի վերականգնման, լուսավորման սարքավորումների եւ կլիմայական պայմանների պահպանման համար անհրաժեշտ նյութերի գնումը։ Մենք մեծապես հպարտ ենք այդ համագործակցությամբ, քանի որ այս հաստատությունները առանձնահատուկ դեր են խաղում Հայաստանի մշակութային կյանքում»,- ասում է Լուսինեն։

Հաջողության մի մասնիկը լինելու ուրախությունը

JTI ընկերության արտադրանքը ներկայացված է ավելի քան 130 երկրում, որտեղ աշխատում են ավելի քան 46 հազար աշխատակիցներ՝ 128 ազգերի ներկայացուցիչներ:

Չնայած միջազգային կարիերային՝ Լուսինեն մշտապես զգում է իր հայկական ինքնությունն ու կապը Հայաստանի հետ: Դրան նպաստել է ընտանիքում հայկական արժեհամակարգով դաստիարակությունը:

Լուսինե Հովումյանը

 
«Մոսկվայի տանը շատ հաճախ էինք Հայաստանից հյուրեր ունենում, մայրս միշտ հայկական ավանդական ուտեստներ էր պատրաստում: Հիշում եմ, որ ամեն անգամ երբ ծնողներս ինձ մանկապարտեզից տուն էին բերում, ճանապարհին միշտ հարցնում էի՝ իսկ այսօր ո՞վ է մեզ հյուր եկել, եւ շատ տխրում էի, եթե պարզվում էր, որ այդ օրը հյուրեր չունենք»,- հիշում է Լուսինեն:

Կարիերային վերելքի հետ մեկտեղ ընդլայնվող գործառույթներն ու պատասխանատվությունը թեեւ ավելի շատ ջանք ու ժամանակ են պահանջում, փորձն օգնում է Լուսինեին կարողանալ ճիշտ կառավարել իր օրը՝ գտնելով լավագույն հավասարակշռությունը անձնական կյանքի եւ աշխատանքի միջեւ:

«Տարբեր մարդկանց հետ հանդիպումները մշտապես հարստացնում են մեր կյանքը: Նման շփումները աշխատանքի իմ ամենասիրելի մասերից են: Երբ հետհայաց նայում եմ ընկերության անցած 25-ամյա ճանապարհին, որից 23 տարին ես եւս ընկերության հետ անցել եմ այդ զարգացումը, ուրախություն եմ զգում նման հաջողությունում իմ ներդրում ունենալու համար: Եվ դա ամենամեծ մոտիվացիան է առաջ շարժվելու համար»,- ամփոփում է Լուսինեն:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 8123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW