Ներկայացնում ենք Քորնելի համալսարանի Դայսոն դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր Էսվար Փրասադի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Էսվար ՓրասադՄի քանի փոթորկալից տարիներից հետո համաշխարհային տնտեսությունը կարծես վերջապես վերականգնման ռեժիմում է: Սակայն գնաճի անկման եւ ընդհանուր տնտեսական աճի խաղաղ մակերեսի տակ թաքնված են լուրջ անհամապատասխանություններ, թուլություններ եւ լարվածություն, որոնք արտացոլում է մասնավոր հատվածի վստահության թուլացումը:Բրուքինգսի եւ Ֆայնենշլ Թայմզի կողմից հրապարակված Համաշխարհային տնտեսական վերականգնման հետագծման ինդեքսների (TIGER) վերջին տվյալները ցույց են տալիս, որ թեեւ համաշխարհային աճը թափ է առնում, այն դեռեւոս թույլ է, մասնատված եւ հիմնականում պայմանավորված է միայն մեկ տնտեսության՝ Միացյալ Նահանգների մշտապես ուժեղ ցուցանիշներով: Թեեւ մի քանի տնտեսություններ, հատկապես ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը, աշխատում են բարձր հզորությամբ, զարգացած տնտեսությունների մեծ մասը եւ զարգացող շուկաների բազում տնտեսություններ, այդ թվում՝ Չինաստանը, դանդաղել են աճող պարտքային բեռի եւ անփույթ քաղաքականության պատճառով:Համաշխարհային տնտեսության հեռանկարները անհասկանալի են, շատ երկրներում քաղաքական անորոշություն է տիրում, աշխարհաքաղաքական լարվածությունը բարձր է, այդ պատճառով բիզնեսի եւ սպառողների վստահության ցածր մակարդակը անակնկալ չէ: Սակայն նկատելի անհամապատասխանություն կա մասնավոր հատվածի թույլ վստահության, ֆինանսական պայմանների (որոնք բարելավվել են) եւ ֆոնդային շուկայի կատարողականի միջեւ (որը համեմատաբար ուժեղ է, նույնիսկ աճի վատ հեռանկարներ ունեցող որոշ երկրներում): Այս անհամապատասխանությունն ակնհայտ է նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղ «փափուկ վայրէջքը» արդեն կանխատեսելի է, քանի որ գնաճը աստիճանաբար նվազում է՝ գործազրկության անկման եւ ուժեղ ներքին պահանջարկի պայմաններում: Աշխատավարձի կայուն աճը, ինչպես նաեւ աճող ֆոնդային շուկան (որը խոստանում է զգալի կորպորատիվ եկամուտներ), վկայում են կայուն աճի մասին: ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը պատրաստ է շարունակելու տոկոսադրույքների աստիճանական կրճատումը։Այնուամենայնիվ, սպառողների վստահությունը վատթարացել է՝ արտացոլելով ընդհանուր դժգոհությունը ԱՄՆ-ի տնտեսության վիճակից. Այս տրամադրությունն առանցքային դեր կխաղա հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում: Հորիզոնում երեւում են նաեւ մեծ ռիսկեր, մասնավորապես Ամերիկայի աճող պետական պարտքը (որը կվատթարանա երկու թեկնածուների քաղաքական օրակարգերից), որը կսպառնա մակրոտնտեսական կայունությանը:Այլ զարգացած տնտեսություններ ավելի ծանր ժամանակներ են ապրում: Մինչ հարավային Եվրոպայի որոշ երկրներ, օրինակ՝ Իսպանիան եւ Հունաստանը, կարողացել են մի փոքր թափ հավաքել, եվրոգոտու հիմնական տնտեսությունները թուլանում են: Գերմանիան ճահճացել է էներգիայի բարձր ծախսերի, թույլ արդյունաբերական ենթակառուցվածքի, լճացած արտադրողականության եւ Չինաստանից արտահանման աճող մրցակցության պատճառով, իսկ Ֆրանսիան բախվում է ծանր հարկաբյուջետային խնդիրների, որոնք կարող են հանգեցնել հետագա տնտեսական եւ քաղաքական անկայունության: Թույլ աճի եւ գնաճի անկման պայմաններում Եվրոպական կենտրոնական բանկը այլ ընտրություն չուներ, քան շարունակել նվազեցնել տոկոսադրույքները, թեեւ ծառայությունների գնաճը եւ աշխատավարձի աճը շարունակում են մնալ կայուն բարձր:Միացյալ Թագավորությունն իր հերթին կարծես թե որոշակի տնտեսական ազդեցություն է ձեռք բերել (հատկապես դրամական թուլացման շնորհիվ), բայց բիզնես ներդրումները շարունակում են նվազել, արտադրողականության աճը մնում է թույլ, իսկ հարկաբյուջետային ռիսկերը մեծ են: Ինչ վերաբերում է Ճապոնիային, ապա նրա կենտրոնական բանկը խզել է կապերը իր գործընկերների հետ՝ բարձրացնելով տոկոսադրույքները, որպեսզի խթանի իենը եւ զսպի գնաճը, սակայն դա չի խթանի տնային տնտեսությունների սպառողականությանը:Նույնիսկ Չինաստանը, որը երկար ժամանակ համաշխարհային տնտեսության աճի հիմնական շարժիչն էր, դժվար ժամանակներ է ապրում: Անշուշտ, դրամավարկային եւ հարկաբյուջետային խթանման նոր փուլը, գույքի գների բարձրացմանը եւ առեւտրային բանկերի հաշվեկշիռների ամրապնդմանն ուղղված միջոցառումները խոստանում են զարկ տալ անշարժ գույքի եւ բաժնետոմսերի շուկաներին: Սակայն մինչ այժմ հայտարարված քայլերը, հավանաբար, անբավարար կլինեն՝ հաղթահարելու գնանկումային ճնշումը, որոնք բխում են թույլ ներքին պահանջարկից: Մասնավոր հատվածի վստահությունը վերջին տարիներին կտրուկ անկում է ապրել՝ հիմնականում կառավարության կողմից հստակ քաղաքականության բացակայության պատճառով, եւ դա խաթարել է տնային տնտեսությունների սպառումը եւ բիզնեսի ներդրումները: Տնտեսությունը հունի մեջ գցելու համար Չինաստանը պետք է ներդնի հարկաբյուջետային քաղաքականության նոր նպատակային միջոցառումներ, ներառյալ աջակցություն տնային տնտեսությունների եկամուտներին, հարկերի կրճատում եւ կենտրոնական կառավարության ու տեղական իշխանությունների միջեւ հարկաբյուջետային հարաբերությունների վերակազմավորում: Միեւնույն ժամանակ կառավարությունը պետք է ավելի խորը կառուցվածքային բարեփոխումներ իրականացնի, որոնք ուղղված են արտադրողականության աճի եւ բիզնեսի վստահության վերականգնմանը, ինչը հեշտ գործ չէ:Հնդկաստանը դարձել է համաշխարհային տնտեսության լուսավոր կետը: Ենթակառուցվածքային ներդրումների եւ բարձր ավելացված արժեքով արտադրական եւ ծառայությունների ոլորտների արագ ընդլայնման շնորհիվ տնտեսական աճը այստեղ կայուն է եղել: Սպառողական ծախսերի ավելացումը եւ առողջ բանկային հաշվեկշիռները դիմադրել են դեռեւս բարձր գնաճին եւ գյուղատնտեսության ոլորտի թույլ ցուցանիշներին, իսկ դրամավարկային եւ հարկաբյուջետային խելամիտ քաղաքականությունը խթանել է ֆինանսական շուկաները:Ավելին, Հնդկաստանը շահելու է երկու համաշխարհային միտումներից. գլոբալ տոկոսադրույքների անկումը կարող է խթանել կապիտալի հոսքը երկիր, իսկ խոշոր տնտեսությունների ձգտումը՝ մատակարարման շղթաները հեռացնել Չինաստանից, կարող է հանգեցնել ավելի մեծ ներդրումների եւ արտահանմանը։ Հարեւան Ինդոնեզիան նույնպես կայուն արդյունք է ցույց տալիս, մասամբ շնորհիվ ճիշտ քաղաքականության, որը գրավում է օտարերկրյա ներդրողներին:Լատինական Ամերիկայում Բրազիլիան եւ Մեքսիկան առողջ աճ գրանցելու ճանապարհին են, սակայն շատ այլ երկրներ պայքարում են բյուջեի մեծ դեֆիցիտի, անկայուն պարտքի բեռի, փոխարժեքի անկայունության եւ արտահանման առաջատար շուկայի՝ Չինաստանի պահանջարկի անկման դեմ: Միեւնույն ժամանակ, չնայած Ռուսաստանի տնտեսությունը եւ ֆինանսական շուկաները բավականին հաջող դիմակայում են արեւմտյան պատժամիջոցներին, Ուկրաինայի դեմ պատերազմը կնվազեցնի երկրի երկարաժամկետ աճի ներուժը:Համաշխարհային տնտեսության հարաբերական անդորրը հնարավորություն է տալիս աշխարհի քաղաքականություն մշակողներին հաղթահարել աճի հիմնական խոչընդոտները: Սա նշանակում է վերահսկողության տակ առնել պետական ֆինանսները, խթանել տնային տնտեսությունների եւ բիզնեսի վստահությունը եւ մշակել հստակ քաղաքականություն՝ նպաստելու արտադրողականության աճին: Հույժ կարեւոր են աշխատանքի, արտադրանքի եւ ֆինանսական շուկաների գործունեության բարելավմանն ուղղված կոնկրետ քայլերը:Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: «Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 1843