Skill Event Marketing ընկերությունը ճանաչվել է աշխարհի առաջատարներից մեկն իրադարձային մարքեթինգի ոլորտում՝ տեղ զբաղեցնելով 2024թ. հեղինակավոր Eventex Top 100 Agencies & Events Organizers վարկանիշում: Բացի այդ, ընկերությունն Eventex Awards-ում ստացել է երկու ոսկե մրցանակ՝ The Best Fair եւ People's Choice Event, իսկ Skill Event Marketing-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցն առաջադրվել է իվենթային ոլորտի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը կոչմանը (The Most Influential People in the Events Industry)։Banks.am-ի հետ զրույցում նա պատմել է ընկերության անցած ճանապարհի, միջազգային շուկայում գրանցած հաջողությունների եւ աշխատանքի սկզբունքների մասին: «Բարդ ժամանակաշրջանը ստիպեց ավելի լայն մտածել» Skill Event Marketing ընկերությունը հիմնադրվեց 2017թ.-ին: Մեր աշխատանքի սկիզբն ու ընկերության կայացումը համընկավ բավականին բարդ ժամանակաշրջանի հետ. Հայաստանում իշխանության փոփոխություն, կորոնավիրուսի համավարակ, պատերազմ, հետպատերազմական տարիներ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման ցնցումների դեպքում առաջին հերթին արգելվում են կամ սահմանափակվում զանգվածային միջոցառումները, իսկ մեր գործունեության բուն նպատակը հենց դա է՝ մեկ տեղում հավաքել եւ համախմբել մարդկանց: Միեւնույն ժամանակ, այս բարդություններն ազդակ դարձան եւ ստիպեցին, որ ավելի լայն մտածենք՝ գործունեության համար դիտարկելով ոչ միայն հայաստանյան, այլեւ՝ միջազգային շուկան: Սկսեցինք միջազգային միջոցառումների առցանց կազմակերպումից: Այդ ընթացքում սրընթաց աճում էին մեր հմտությունները, քանի որ արտերկրի շուկան բոլորովին այլ չափանիշներ ու պահանջներ ունի: Այնպես որ, երբ 2022թ.-ին Հայաստանում վերադարձանք քիչ թե շատ բնականոն գործունեությանը, նախորդ տարիներից բավականին մեծ ու օգտակար փորձ էինք կուտակել: Սերգեյ Ուսնունցը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երբ կազմակերպում էինք կամ մասնակցում միջազգային միջոցառումների, համոզվում էինք՝ փորձով ու հմտություններով այնքան էլ չենք տարբերվում համաշխարհային շուկայի մյուս խաղացողներից, այնպես որ, մի օր ինքներս մեզ հարց տվեցինք՝ իսկ ինչո՞ւ չմրցել նրանց հետ (ժպտում է – հեղ.): 2023թ.-ին Skill Event Marketing-ը կազմակերպեց առաջին Career City Fest-ը, որը գործատուների բրենդավորմանն ուղղված եզակի միջոցառում է: Դրա անցկացումից հետո հայտ ներկայացրեցինք ոլորտի ամենահեղինակավոր Eventex Awards-ին: Իրականում շատ այլ մրցանակներ կան, բայց ընտրեցինք հենց Eventex-ը, քանի որ մաքսիմալիստներ ենք: Արդյունքում ստացանք միանգամից երկու մրցանակ՝ The Best Fair եւ People's Choice Event:Առաջինի դեպքում գնահատողը մասնագիտական ժյուրին էր, երկրորդի՝ մարդիկ: Այս մրցույթի մասշտաբներն ավելի լավ պատկերացնելու համար նշեմ, որ դրան առաջադրված էր 1207 միջոցառում 67 երկրից: Դրանց թվում այնպիսի նշանակալի իրադարձություններ էին, ինչպես, օրինակ, որեւէ մեքենայի համաշխարհային շնորհանդեսը կամ խոշոր սպորտային իրադարձության բացման արարողությունն ու այլ հսկայական բյուջե ունեցող միջոցառումներ: Բացի այդ, այս նվաճումից հետո ինձ առաջադրեցին իրադարձությունների կազմակերպման ոլորտի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշին: Ընկերությունում հիմա հաճախ կատակում են՝ «մենք մեր մրցանակն արդեն ստացանք, իսկ դու դեռ պետք է ստանաս» (ժպտում է – հեղ.): Բայց պետք է ասեմ՝ առաջադրումն արդեն իսկ մեծ գնահատական է ինձ համար: Ստեղծարար մոտեցումը, թիմը, համաշխարհային թրենդներըԳործելով Հայաստանում՝ մենք, բնականաբար, սահմանափակ ֆինանսական կամ մարդկային ռեսուրսներ ունենք եւ համաշխարհային ընկերությունների հետ մրցակցելու համար մի շարք գործոններ են պետք: Առաջինը ստեղծարար մոտեցումն է: Մենք կարող ենք հետաքրքիր եւ օգտակար լինել, այդ թվում՝ ամբողջ աշխարհին, միայն ոչ ստանդարտ, յուրահատուկ լուծումների շնորհիվ: Սերգեյ Ուսնունցը Լուսանկարը՝ անձնական արխիվից Մյուս «հաղթաթուղթը» թիմն է: Իվենթ-մարքեթինգի դեպքում մարդիկ պետք է ապրեն իրենց մասնագիտությամբ: Կան մի շարք հետազոտություններ, ըստ որոնց՝ միջոցառումների կազմակերպչի մասնագիտությունն աշխարհի Top-5 ամենասթրեսային մասնագիտությունների ցանկում է: Առավել պարզ լինելու համար՝ ցանկի մյուս մասնագետներն, օրինակ, ականազերծողներն են կամ ռազմական օդաչուները: Ստացվում է՝ եթե իսկապես չես «վառվում» այս գործով, ավելի խելամիտ կլինի այլ՝ ավելի հանգիստ եւ լավ վարձատրվող աշխատանք փնտրել: Թիմն այս գործում նույնքան կարեւոր է, որքան ստեղծարար մոտեցումը: Ավելի ճիշտ կլինի ասել, որ դրանք լրացնում են իրար: Հաջողության հասնելու երրորդ կարեւոր գործոնը համաշխարհային միտումներին հետեւելն է, քանի որ իվենթ-ոլորտը շատ արագ է փոխվում: Համավարակը «փակեց» ամբողջ աշխարհը, տարատեսակ կոնֆլիկտները եւս փոխում են իրադրությունը: Բացի այդ, մարդիկ դառնում են առավել պահանջկոտ: Միայն շատ յուրահատուկ միջոցառում կազմակերպելու դեպքում նրանք կընտրեն քեզ, քանի որ ամեն երեկոյի համար կարող են մինչեւ 10 միջոցառման տարբերակ գտնել: Գրավիչ լինելու համար պետք է շատ լավ հասկանալ մարդկանց հոգեբանությունը: Այս առումով կարեւորում ենք հետադարձ կապը, անցկացնում ենք հարցումներ: Մեր յուրաքանչյուր միջոցառումից հետո հավաքագրվում է մեծ քանակի տեղեկատվություն ու դրա հիման վրա կատարվում են վերլուծություններ: Սերգեյ Ուսնունցը զրուցում է Յանա Շախրամանյանի հետ Եվ վերջին գործոնը, որով Skill Event Marketing-ը տարբերվում է շուկայի մյուս խաղացողներից, մեր էությունն է: Մենք իվենթ-մարքեթինգային ընկերություն ենք: Կան շատ ընկերություններ, որոնք զբաղվում են միայն միջոցառումների կազմակերպմամբ կամ միայն մարքեթինգով: Մեր դեպքում աշխատանքի 80%-ը կատարվում է մինչեւ բուն միջոցառումը, քանի որ ցանկանում ենք լիովին ճանաչել պատվիրատուին, հասկանալ նրա խնդիրն ու միայն համոզվելուց հետո, որ այդ խնդրի լուծումն այս կամ այն միջոցառման կազմակերպումն է, անել դա: Այսինքն, բուն միջոցառումը մեր աշխատանքի 20%-ն է միայն: Career City Fest. թույլ տալ, որ ընկերությունները ներկայացնեն իրենց2023թ.-ին առաջին Career City Fest-ի անցկացնումն արկածախնդրություն էր, բայց մտածեցինք՝ ինչո՞ւ չփորձել: Մինչ այս կային շատ ցուցահանդեսներ, որոնցում ընկերությունները ներկայացնում էին իրենց պրոդուկտը, իսկ ինչո՞ւ չի կարող լինել միջոցառում, որի ընթացքում ընկերությունները կներկայացնեն հենց իրենց՝ անկախ չափից կամ գործունեության ոլորտից: Career City Fest-ի հիմնական նպատակներից էր թույլ տալ, որ յուրաքանչյուր ընկերություն ներկայացնի ինքն իրեն՝ որպես լավագույն գործատու, պատմի թիմի, ընկերության մշակույթի եւ պրոդուկտի մասին: Սա անելու համար մենք ստեղծեցինք ու մշակեցինք գործիքներ: Հիշում եմ՝ երբ առաջին անգամ մարդկանց ներկայացնում էի Career City Fest-ի գաղափարը, շատերն այն ընկալում էին որպես դասական աշխատանքի տոնավաճառ՝ Job Fair: Իրականում աշխատանքի տոնավաճառի մոդելը մեր միջոցառման, երևի, միայն 8%-ն է: Career City Fest-ը միավորում է բազմաթիվ հարթակներ ու ձեւաչափեր: Դրա ընթացքում անցկացվում են սեմինարներ, աշխատաժողովներ, մասնագիտական ու ոլորտային քննարկումներ, հարցազրույցներ մեդիայի ներկայացուցիչների հետ, ինտերակտիվ միջոցառումներ, գեյմիֆիկացիայի միջոցով տարատեսակ ներկայացումներ, ինստալյացիաներ եւ այլն: Հետաքրքիր է, որ առաջին անգամ 2023թ.-ին Career City Fest-ին մասնակցած ընկերությունները եկել էին դասական աշխատանքի տոնավաճառի կոնցեպտի պատկերացմամբ: 2024թ.-ին արդեն նրանք բոլորովին այլ մոտեցում էին ցուցաբերել ու այլ կերպ պատրաստվել: Սերգեյ Ուսնունցը Լուսանկարը՝ անձնական արխիվից Այս միջոցառման «մարգարիտը», ինչպես այն կոչում ենք թիմակիցներով, EVP (employer value proposition) շոուն է: Յուրաքանչյուր պոտենցիալ աշխատակցի ընկերությունները տալիս են խոստում կամ, այսպես ասած, բացատրում՝ ինչու տվյալ մարդը պետք է ընտրի հենց իրենց: Իհարկե, տարբեր ընկերություններում EVP-ն տարբեր է, կարող է լինել շատ փոքրիկ դրական կողմ կամ բավականին լուրջ մշակված փաթեթ, բայց անկախ ամենից՝ ցանկացած ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավարի երազանքն է, որ իրենց EVP-ն հայտնի ու հասանելի լինի հնարավորինս շատ մարդկանց: Մենք տալիս ենք հենց այդ հնարավորությունը EVP շոուով: Սա ձեւաչափ է, երբ ընկերությունը տարատեսակ ստեղծարար միջոցներով՝ երգով, պարով, դերասանական ներկայացմամբ, լուսային լուծումներով կամ ցանկացած այլ ձեւով ներկայացնում է իրեն ու իր EVP-ն: Կարող եմ ասել՝ այս երկու տարվա Career City Fest-երի ընթացքում այնքան ազդեցիկ ու դինամիկ EVP-շոուներ են եղել, որ ինքս էլ շատ կազմակերպություններ ինձ համար նորովի եմ բացահայտել: Կարեւոր է, որ ինչպես եւ բոլոր միջոցառումներից, այնպես էլ Career City Fest-ից հետո, հավաքագրում եւ վերլուծում ենք տեղեկատվությունն ու այն տրամադրում մասնակից բոլոր ընկերություններին: «Միջազգային առաջատար խոսնակների համար կարեւոր է կազմակերպիչների վստահելիությունը»Այս տարիների ընթացքում Skill Event Marketing-ը համագործակցել է բազմաթիվ համաշխարհային հայտնի խոսնակների հետ: Հասկանալի է, որ նրանք բոլորն ունեն որոշակի հոնորար, եւ բանակցությունները սկսվում են հենց այս կետի քննարկումներից: Միեւնույն ժամանակ, հնարավոր չէ պարզապես վճարել մարդուն ու վստահ լինել, որ կմասնակցի քո միջոցառմանը: Այս դասի խոսնակների մեծ մասն անպայման պահանջում է երաշխիքներ՝ միջոցառման կազմակերպիչների վստահելիության, միջոցառման պահանջվածության եւ այլնի վերաբերյալ, քանի որ սա ուղղակի ազդեցություն կարող է ունենալ նրանց հեղինակության վրա: Պատկերացրեք՝ որեւէ համաշխարհային թոփ-խոսնակ ելույթ ունենա այս կամ այն միջոցառմանն, իսկ նրան լսելու գա ընդամենը 10 մարդ: Խոսնակների մեծ մասն անպայման պահանջում է կազմակերպիչ ընկերության հետ աշխատած նախորդ միջազգային խոսնակների կարծիքները: Այնպես որ, այս դրական կարծիքների շղթան շատ կարեւոր է: Անհրաժեշտ որակն ու կազմակերպչական մակարդակն ապահովելու համար մենք նախապես հետազոտում ենք նախորդ միջոցառումները, որոնց մասնակցել են տվյալ խոսնակներն ու ամեն ինչ անում ենք, որպեսզի ոչ միայն չզիջենք, այլեւ՝ գերազանցենք դրանք: Պետք է կարողանանք «ներկրել» մտքեր Գործունեության սկզբից առ այսօր Skill Event Marketing ընկերությունը կազմակերպել է ավելի քան 500 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ: Այս միջոցառումներից յուրաքանչյուրը մենք կարեւորում ենք ու հիշում, բայց կան եւ այնպիսինները, որոնց հատուկ ենք առանձնացնում: Օրինակ՝ ինձ շատ են դուր գալիս մեր «outsource» աշխատանքները, երբ մեզ պատվիրում են կազմակերպել այս կամ այն միջոցառումը: Սերգեյ Ուսնունցը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս ձեւաչափով Հայաստանում իրականացրել ենք Learning Tech-ը, AI Conf-ը, Silicon Mountains-ը, Tech Week Armenia-ն, Engineering Week Armenia-ն, Reinvent by Renderforest-ը: Մեր առաջին պատվիրատուներից մեկը հենց տեխնոլոգիական ոլորտն էր, ինչը հնարավորություն տվեց ընկերությանը ոտքի կանգնել: Հենց այս ոլորտն առաջինը գիտակցեց իվենթ-մարքեթինգի կարեւորությունն ու համաշխարհային թրենդների կիրառումը: Մյուս սիրելի ուղղությունը մեր բրենդային ակտիվացումներն են, օրինակ՝ Telcell-ի, «Նաիրի Ինշուրանսի» եւ շատ այլ ընկերությունների համար: Ցավոք, մարքեթինգի այս գործիքը դեռ նոր է Հայաստանի համար, սակայն ամեն ինչ կանենք դրա զարգացման եւ տարածման համար: Իհարկե, շատ եմ կարեւորում նաեւ կազմակերպված կրթական միջոցառումները. բազմաթիվ սեմինարներ, աշխատաժողովներ, մասնագիտական քննարկումներ՝ աշխարհում ճանաչված խոսնակների մասնակցությամբ: Եթե ցանկանում ենք ունենալ արտահանման ենթակա պրոդուկտ, այդ թվում՝ ինտելեկտուալ, չենք կարող փակված լինել: Պետք է նայենք մեր շուրջը, սովորենք նորը ու նախ կարողանանք ներկրել, այդ թվում՝ մտքեր: Միջազգային խոսնակների ներգրավումն այս առումով շատ կարեւոր ու արդյունավետ մոտեցում է, ինչպես առանձին ընկերությունների, այնպես էլ՝ ոլորտների ու երկրի դեպքում: Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի Tweet Դիտում՝ 2125