Այս տարի «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում կրթական մեծ ու ոլորտի համար բացառիկ արշավ է նախաձեռնել՝ ներդրում կատարելով բարձրագույն եւ որակյալ կրթության մեջ: Այս ամենն իրագործելու նպատակով «Նաիրի ինշուրանս»-ը երեք հուշագիր է ստորագրել բուհերի հետ: Երկու եռակողմ հուշագիր ստորագրվել է «Նաիրի ինշուրանս»-ի, Koreez կրթական շարժման, ԵՊՀ-ի ու ՀՊՏՀ-ի միջեւ եւ մեկ երկկողմ հուշագիր՝ «Նաիրի ինշուրանս»-ի եւ Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջեւ: Ապահովագրական ընկերությունն ընտրել է ֆինանսատնտեսագիտական ուղղվածության ֆակուլտետներ եւ որոշել այդ մասնագիտությունների գծով վարձավճարն ամբողջության փոխհատուցող կրթաթոշակ սահմանել այն ուսանողների համար, որոնք եռակողմ հուշագրերի պարագայում կլինեն Koreez-ի շրջանավարտ եւ բարձր միավորներով կընդունվեն նշված համալսարանների վճարովի համակարգ, երկկողմանիի՝ դեպքում ուղղակի բարձր միավորներով կընդունվեն վճարովի համակարգ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Կրթական այս նախաձեռնության ու համագործակցության մանրամասները ներկայացվել է լրագրողների հետ հանդիպմանը:Կրթական միջավայրը եւ գործատուների ակնկալիքըՄխիթար Ասլանյան, ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորՈւնենք փոփոխվող աշխարհ եւ աշխատաշուկայում փոփոխություններ, ինչի արդյունքում որոշ մասնագիտություններ դառնում են ավելի գրավիչ, իսկ որոշները կորցնում են իրենց գրավչությունը: Այս առումով համագործակցությունը մասնավոր հատվածի հետ անհրաժեշտ է, որպեսզի բուհը կարողանա արագ արձագանքել աշխատաշուկայի փոփոխություններին եւ իր ուսանողներին առաջարկել այն հմտությունները, կարողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու համար: Ինչ վերաբերում է մեր բուհին՝ կարող եմ ասել, որ այն բավականին ճկուն է եւ կարողանում է արձագանքել շուկայի փոփոխություններին:Միքայել Հովհաննիսյան, ԵՊՀ զարգացման եւ նորարարությունների գծով պրոռեկտորՆման նախաձեռնությունները շատ կարեւոր են կրթական միջավայրի, բուհի էկոհամակարգի բարելավման համար: Առհասարակ, վերջին տարիներին միտում է նկատվում, որ տարբեր գործատուներ կրթաթոշակների եւ այլ ծրագրերի միջոցով կարողանում են իրենց անհրաժեշտ որակի կրթական արդյունք եւ մասնագետներ ստանալ: Բնականաբար, այստեղ ամենատրամաբանական գործակցությունը գործատուների եւ ուսումնական հաստատությունների միջեւ է լինում: Սա երկու կողմի համար էլ կարեւոր է: Ասեմ ավելին՝ ԵՊՀ գործունեությունը նաեւ պրոակտիվ ջանքեր է իր մեջ պարունակում, որտեղ փորձում ենք ներգրավել տարբեր ոլորտի գործատուների մեր կրթական ծրագրերի մշակման գործընթացում, որպեսզի աշխարհի պահանջներին առավելագույնս համապատասխան լինեն մեր կրթական ծրագրերը ու այդ արդիականացման ընթացքը սինքրոնացված լինի գործատուների ակնկալիքների հետ: Մխիթար Ասլանյանը, Մանե Մարտիրոսյանը, Միքայել Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այն մասնագիտությունները, որոնք ակնկալվողից քիչ դիմորդներ են ունենում, ամենեւին պակաս պահանջարկ ունեցող չեն, պարզապես ավելի շատ ուշադրություն են պահանջում: Մենք խնդիր ունենք գործատուների աջակցությամբ եւ մասնակցությամբ հանրային իրազեկում կազմակերպել, վերաբրենդավորում կատարել եւ դիմորդներին, ուսանողներին ցույց տալ իրենց կարիերայի զարգացման հնարավորությունները: Ասյա Մովսիսյան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի զարգացման եւ համագործակցությունների գծով տնօրեն«Նաիրի ինշուրանս»-ի այս նախաձեռնությունը լիովին համապատասխանում է մեր քաղաքականությանը, որն իրականացնում ենք տարբեր կազմակերպությունների հետ՝ կրթաթոշակների ներգրավման շրջանակում: Մեզ մոտ դիմելության խնդիր չկա, քանի որ մեր բոլոր ֆակուլտետները հիմնականում բիզնես ուղղվածության են: Ունենք «Բանկային գործ եւ ապահովագրություն» ֆակուլտետ, որտեղ առաջին կուրսից հետո ուսանողների մեծ հոսք է լինում դեպի այլ ֆակուլտետներ: Որպես օրինակ նշեմ, որ այս պահին ֆակուլտետի չորրորդ կուրսում սովորում է 19 ուսանող, սակայն այս թիվն առաջին կուրսում 51 էր: Համալսարանը ջանքեր է կիրառում, որպեսզի ուսանողները հետաքրքրվեն ոլորտով: Ասյա Մովսիսյանը եւ Սուրեն Ալոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Բանկային գործի եւ ապահովագրության» հետ կապված մեկ ուրիշ խնդիր եւս ունենք: Այս ֆակուլտետը մեր համալսարանում համեմատաբար երիտասարդ է, 2018 թվականին տվել ենք առաջին շրջանավարտները, եւ 2018-24 թթ. ընկած ժամանակահատվածում 119 ուսանող ենք ունեցել, որոնցից միայն 9 հոգի է իր 6-ամսյա պարտադիր պրակտիկան անցկացրել ապահովագրական ընկերություններում: Վերջին տարիների թվերը ցույց են տալիս, որ ավարտելուց հետո ընդամենը մեկ-երկու ուսանող է՝ աշխատում է ապահովագրական ոլորտում: Այսինքն՝ այստեղ խնդիր կա եւ շատ ուրախ եմ, որ դրանով մտահոգ ընկերություններ ունենք: «Նաիրի ինշուրանս»-ի արշավըՄանե Մարտիրոսյան, «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենՄեր արշավի ամենամեծ նպատակն ապահովագրության ոլորտի գրավչությունը, ոլորտում կայանալու, զարգանալու, կարիերայի աճի հնարավորությունները ներկայացնելն է, նաեւ՝ մեր ներդրումը կրթության մեջ, որպեսզի կարողանանք ոլորտը համալրել որակյալ աշխատուժով, որի կարիքը հիմա ունենք: Իրականում ոլորտի գրավչությունը նվազել է, եւ մենք տարեցտարի շատ ավելի դժվար ենք կարողանում առկա թափուր հաստիքները համալրել համապատասխան նեղ մասնագիտություն ունեցող կադրերով, որոնք ապահովագրության ոլորտում բացառիկ են, օրինակ՝ ակտուարները: Մանե Մարտիրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Բազմիցս ենք զրուցել ՀՀ կենտրոնական բանկի հետ եւ հասկացել, որ ուղղակի պետք է նախաձեռնություն: Դրանից ելնելով էլ նախորդ տարվա պլանավորման մեջ մեր խորհուրդը որոշեց, որ իր ներդրումը պետք է ունենա այս գործում, եւ կրթաթոշակների ֆինանսավորման ծրագիր նախաձեռնեց: Բայց սա ընդամենը մեր մեծ ծրագրի սկիզբն է, քանի որ բուհերի ղեկավարների հետ ամեն հանդիպումից հետո հասկանում ենք, որ անելիքներ շատ կան, որտեղ ոչ միայն կրթական ծրագրերի ֆինանսավորման հարցն է, այլեւ դրա հետագան: Ուսանողը, որը հետագայում կընտրի «Նաիրի ինշուրանս»-ում իր արտադրական պրակտիկան անցնելու եւ հետագայում աշխատանքային հարաբերություն կառուցելու ճանապարհը, հնարավորություն կունենա հստակ պատկերացում կազմել իր գործատուի մասին, տեսնել մասնավորի գրավչությունը եւ հետագա զարգացման ինչ հնարավորություններ կարող է ունենալ:Երկու գլխավոր առաքելությունՍուրեն Ալոյան, dasaran.am կայքի հիմնադիր, Koreez կրթական շարժման հեղինակ, կրթության փորձագետՀամախմբելով մեր ուժերը «Նաիրի ինշուրանս»-ի եւ կրթության ոլորտում այլ ջատագովների հետ՝ երկու գլխավոր առաքելություն ենք մեր առջեւ դրել՝ մեծարել ուսուցչի ինստիտուտը եւ աշակերտների մեջ խթանել, սերմանել իրական սերը կրթության հանդեպ, որպեսզի նրանք հասկանան, որ կրթությունն է օգնելու իրենց ապագան ձեւավորելու, հաջողակ լինելու հարցում: Սրա համար անհրաժեշտ են իրական կերպարներ, որոնց միջոցով կարելի է ցույց տալ երեխային, որ կրթության, հետեւողական աշխատանքի, ինքնակրթության միջոցով կարելի է հասնել իրական հաջողության: Այստեղ էլ մենք համախմբել ենք մեր ուժերը «Նաիրի ինշուրանս»-ի հետ: Սուրեն Ալոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Կրթական գործընթացում երեխայի գլխավոր խնդիրը ոչ թե ուրիշներից, այլ ամեն օր ինքն իրենից լավը լինելն է: Այսինքն, ամեն օր պրոգրես ունենալն է, իսկ եթե դա լինում է, ապա տարվա վերջում աշակերտը, իր ուսուցիչը, տնօրենը ներկայացվում են, այսպես ասած, կրթական «օսկարի»: Այս տարի մենք երեխաներին հնարավորություն տվեցինք, որ հետեւողական լավ սովորելու եւ հետագա ուսումը շարունակելու համար մեր երկու գործընկեր բուհերից մեկն ընտրելու դեպքում, 11-րդ դասարանից սկսած, մեր ռազմավարական գործընկեր «Նաիրի ինշուրանս»-ը կհոգա իրենց ուսման չորս տարվա ողջ վճարը: Կհետեւենք նաեւ արդեն ընտրված ուսանողների միջին որակական գնահատականին (ՄՈԳ) եւ վերջում աշխատանքի առաջարկ կանենք, որպեսզի ապահովենք նրանց դպրոցից աշխատանք ողջ շղթայով: «Նաիրի Ինշուրանս»-ից խոստանում են՝ սա դեռ ծրագրի սկիզբն է, ընկերությունը կրթական ոլորտում շուտով նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով հանդես կգա։Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 2409