Քաղաքականություն մշակողների ֆանտազիաները կանաչ տեխնոլոգիաների մասին

25.10.2024 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Բոկոնիի համալսարանի Եվրոպական քաղաքականության մշակման ինստիտուտի տնօրեն Դենիել Գրոսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Դենիել Գրոս

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Գնաճի նվազեցման ակտում ներառեց առատաձեռն «կանաչ» սուբսիդիաներ՝ նպատակ ունենալով ստեղծել «մաքուր էներգիայի տնտեսություն, որը կերտում են ամերիկյան նորարարները»: Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ազդեցիկ զեկույց է ներկայացրել Եվրահանձնաժողովին՝ պնդելով, որ եվրոպական տնտեսության ապագան կախված է երկակի մրցունակությունից եւ ածխաթթվային վառելանյութից հրաժարվելու ռազմավարությունից: Իսկ Չինաստանը մեծ ներդրումներ է կատարել, որպեսզի վերածի «երեք նոր» արդյունաբերությունները՝ արեւային ֆոտոգալվանային, լիթիում-իոնային մարտկոցները եւ էլեկտրական մեքենաները արտահանման շարժիչ ուժի:

Մանրամասները տարբեր են, բայց հիմնական գաղափարը նույնն է. բարձր տեխնոլոգիական կանաչ արդյունաբերությանն աջակցելը ոչ միայն կայուն, այլեւ բարգավաճ ապագայի բանալին է: Բայց որքանո՞վ է արժանահավատ այս տրամաբանությունը: Կարո՞ղ է արդյոք Միացյալ Նահանգների, Եվրամիության կամ Չինաստանի նման խոշոր տնտեսությունը կառուցվել կանաչ տեխնոլոգիաների հիմքի վրա:

Հավանաբար ոչ։ Սկսենք նրանցի, որ էներգիայի ոլորտը այս տնտեսությունների փոքր մասն է միայն, եւ արդյունաբերական ոլորտների մեծ մասում էներգիան կազմում է ընդհանուր ծախսերի ընդամենը 2-5%-ը: Իհարկե, այդ տեսակարար կշիռը շատ ավելի բարձր է (10%-ից ավել) որոշ էներգատար ոլորտներում, ինչպիսիք են ցեմենտի, երկաթի, պողպատի եւ շինանյութերի արտադրությունը: Սակայն այս ոլորտները դժվար թե էական ներդրում ունենան կանաչ տեխնոլոգիաների տնտեսության մեջ:

Ավելի կարեւոր է այն, որ կանաչ անցումը զգալիորեն պակաս նոր տեխնոլոգիա կպահանջի, քան սովորաբար ենթադրվում է: Տեսանելի ապագայում աշխարհին անհրաժեշտ զրոյական ածխածնային էներգիայի հիմնական մասը կապահովեն առկա տեխնոլոգիաները՝ արեւային մարտկոցները, հողմային տուրբիններն ու մարտկոցները: Արեւային մարտկոցները գոյություն ունեն գրեթե կես դար, թեեւ ամենավաղ տարբերակներն այնքան մեծ ու թանկ էին, որ օգտագործվում էին միայն արբանյակների համար: Հողմային տուրբինները գոյություն ունեն է՛լ ավելի երկար: Նույնիսկ լիթիում-իոնային մարտկոցները շուկայում են ավելի քան 30 տարի:

Այո, հետագա հետազոտությունների եւ զարգացման տեղ կա. կարող են հայտնաբերվել այդ ապրանքների արտադրության նոր ձեւեր: Սակայն այս տեխնոլոգիաների հետագա առաջընթացի ազդեցությունը սահմանափակ կլինի: Օրինակ, թեեւ հնարավոր է բարելավել մարտկոցային ցանցի «խելացի» կառավարումը, այդ թվում՝ արհեստական բանականություն կիրառելով, էլեկտրաէներգիայի եւ փոխանցման համակարգերում կորուստները մեծ մասամբ անխուսափելի են: Ի վերջո վերականգնվող էներգիայի արագ ներմուծումը կախված է ոչ թե առաջադեմ նորարարությունից, այլ հայտնի տեխնոլոգիաների ծախսերը նվազեցնելու ձանձրալի խնդրից:

Մեկ այլ պատճառ, թե ինչու դժվար կլինի կանաչ տեխնոլոգիաների հիմքի վրա ամուր տնտեսություն կառուցել, այն է, որ կարծրամարմին ապրանքները՝ արեւային մոդուլներն ու մարտկոցները, ամենահարմարն են զանգվածային արտադրության համար: Սա նշանակում է, որ դրանց համար անհրաժեշտ են մեծ նախնական ներդրումներ, իսկ երբ արտադրության ծավալները մեծանում են, թե՛ ծախսերը, թե՛ գները նվազում են: Անցյալ տարի չինական արեւային մոդուլների արտահանումը հզորության առումով 33%-ով ավելի էր, սակայն դրանց արժեքը իրականում փոքր-ինչ նվազեց, քանի որ միավորի գինը նվազեց մեկ երրորդով։ Նման բան, հավանաբար, տեղի կունենա մարտկոցների դեպքում:

Այլ կերպ ասած՝ երկիր, որը ձգտում է առաջատար լինել կանաչ տեխնոլոգիաների ոլորտում, կարող է ավելի մեծ գումարներ ծախսել՝ մեծացնելու իր կարողությունները, եւ արտադրել ապրանքներ, որոնց գինը շարունակում է իջնել: Չինաստանը՝ խնայողությունների իր մեծ ավելցուկով, կարող է իրեն թույլ տալ նման ներդրումներ, եւ ամբողջ աշխարհը կշահի, եթե կառուցվի արեւային մոդուլների երկու գործարաններ, երբ մեկն արդեն բավարար էր (հատկապես, եթե դրա այլընտրանքը ավելի շատ «ուրվական քաղաքներն» են), բայց ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն չեն կարող:

Նույնիսկ Չինաստանի դեպքում պարզ չէ, թե որքանով է աճող արտահանումը «երեք նոր» ճյուղերում վերածվել ՀՆԱ-ի աճի: Թեեւ այս ճյուղերը արտադրում են զգալիորեն ավելի բարձր տեխնոլոգիաներով ապրանքներ, քան արտահանման «երեք հին» շարժիչները (կենցաղային տեխնիկան, կահույքը եւ հագուստը), դրանք առայժմ հիմնականում վնասով են աշխատում: Իսկ երբ խոսքը էլեկտրական մեքենաների մասին է, մոդելն ու ապրանքանիշը, որոնցից ոչ մեկը կապ չունի կանաչ տեխնոլոգիայի հետ, շատ ավելի կարեւոր է, քան որակը, եւ այստեղ չինացի արտադրողները բնական առավելություն չունեն: Ամեն դեպքում, էլեկտրական մեքենաները հազիվ թե կարելի է համարել առանձին այն մարտկոցներից, որոնցից դրանք կախված են:

Վերականգնվող էներգիայի աղբյուրների շահույթի արագ աճի հիմնական խոչընդոտը համառ «փափուկ ծախսերն» են, օրինակ՝ թույլտվությունները, պլանավորումը եւ շուկայավարումը, որոնց ծախսերը սովորաբար շատ ավելի դանդաղ են նվազում, քան սարքավորման ծախսերը: Օրինակ, երբ խոսքը վերաբերում է արեւային էներգիայի տարածմանը, գնահատվում է, որ այդ ծախսերը առնվազն նույնքան կարեւոր են, որքան հենց մարտկոցների արժեքը:

Զրոյական արտանետման անցման ամենաթանկ տարրերից մեկը շենքերի մեկուսացումն է: ԵՄ-ում այս խնդիրը, որը պահանջում է միայն հայտնի նյութերի օգտագործում, հմուտ արհեստավորներ եւ արդյունավետ պլանավորում, հաճախ կազմում է ընդհանուր ներդրումների մեծ մասը: Այս ուղղությամբ ամենաարագ առաջընթացը կգրանցեն ավելի հմուտ շինարարական աշխատողներ, բնակարանաշինության եւ պլանավորման պակաս բարդ ընթացակարգեր ունեցող երկրները, այլ ոչ թե նրանք, որոնք արտադրում են ամենաբարձր տեխնոլոգիական սարքավորումը:

Էներգետիկ ոլորտի եւ, հետեւաբար, ամբողջ տնտեսության ածխաթթվային վառելանյութից ազատելու խնդիրը որքան հրատապ է, այնքան էլ ահռելի։ Բայց փոխարենը կենտրոնանալու կանաչ տեխնոլոգիաների «առաջատար» դառնալու վրա (ռազմավարություն, որը գուցե չհանգեցնի տնտեսական դինամիզմի) քաղաքականություն մշակողները պետք է ուշադրություն դարձնեն անհետաքրքիր գործողությունների վրա, որոնք իրականում կարագացնեն առաջընթացը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:



«Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 1248
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW