Ներկայացնում ենք Քոլեջ դե Ֆրանսի, INSEAD-ի եւ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Ֆիլիպ Աղիոնի, Բրյուսելի Ազատ համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Մաթիաս Դյուաթրիփոնթի եւ տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, Թուլուզի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Ժան Տիրոլի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Ֆիլիպ Աղիոն, Մաթիաս Դյուաթրիփոնթ, Ժան ՏիրոլԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո երեք տասնամյակների ընթացքում Արեւմտյան Եվրոպան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով հասավ Միացյալ Նահանգներին: Սակայն 1990-ականների կեսերից այս միտումը փոխվեց, եւ ԱՄՆ-ի տնտեսական աճը կրկնակի արագ է, քան Եվրոպայինը:Ի՞նչպես դա պատահեց: Բացատրությունը պարզ է. «Փառահեղ երեսունամյակին» (30 տարի մինչեւ 1975 թվականը) Արեւմտյան Եվրոպայի քաղաքականությունը նախապատվություն էր տալիս նմանակման եւ կուտակման վրա հիմնված աճի մոդելին: Այս երկրները բռնոցի էին խաղում, եւ գործընթացին նպաստում էր հանածո վառելիքի անսահմանափակ հասանելիությունը (մինչեւ 1973-1974 թվականների առաջին նավթային ցնցումը), ԱՄՆ Մարշալի պլանը, որն օգնեց արեւմտյան եվրոպացիներին վերականգնել իրենց կապիտալը, եւ կրթական համակարգերը, որոնք նպաստում էին ԱՄՆ-ից նոր տեխնոլոգիաներ կլանելուն:Բայց գալիս է մի պահ, երբ նմանակման եւ կուտակման աճի ներուժն իրեն սպառում է: Երբ բավականաչափ մոտենում ես տեխնոլոգիական սահմանին, աճի հիմնական շարժիչ է դառնում նորարարությունը: Այդպես էր, անշուշտ, ԱՄՆ-ում, որտեղ տեղեկատվական-տեխնոլոգիական հեղափոխությունը, իսկ այժմ արհեստական բանականության հեղափոխությունը բավականին տպավորիչ զարգացում ապրեց: Այնուամենայնիվ, Եվրոպայում քաղաքականություն մշակողները չկարողացան ստեղծել ինստիտուտներ ու քաղաքականություն, որոնք խթանում են բեկումնային նորարարություն:Արդյունքում հետազոտության եւ զարգացման ոլորտում Եվրոպայի մասնավոր հատվածի ներդրումները կազմում են ԱՄՆ-ի ներդրումների միայն կեսը: Սա հիմնականում պայմանավորված է «բաղադրության էֆեկտով»: Եվրոպայի գիտահետազոտական ոլորտը միջին տեխնոլոգիաների տիրույթում է, որը կլանում է մասնավոր գիտահետազոտական ոլորտի ավելի քան 50%-ը, իսկ ավտոմոբիլային արդյունաբերությունը կազմում է դրա մոտ մեկ երրորդը, թեեւ այն քիչ բեկումնային նորարարություն է բերում: Ի հակադրություն դրան՝ ԱՄՆ-ում մասնավոր գիտահետազոտական հատվածի 85%-ը ավելի գիտահետազոտական եւ (ի դեպ) ավելի եկամտաբեր ոլորտներում է, ինչպիսիք են կենսատեխնոլոգիաները, ծրագրային ապահովումը, սարքաշարը եւ արհեստական բանականությունը:Եվրոպայում մասնավոր գիտահետազոտական ոլորտը տուժում է ԵՄ մասնատվածությունից: Քսանյոթ անդամ երկրներն ունեն քսանյոթ տարբեր աշխատանքային օրենսդրություն, գնումների կանոններ (շատ քիչ պետական գնումներ են կենտրոնացված ԵՄ մակարդակում, ի տարբերություն ԱՄՆ դաշնային գնումների), արժեթղթերի կարգավորիչ մեխանիզմներ, էլեկտրաէներգիայի եւ դեղագործության կարգավորող մեխանիզմներ եւ այլն:Ավելին, եվրոպական ստարտափները տուժում են իրական կապիտալի միասնական շուկայի բացակայությունից: Եվրոպան Nasdaq-ի հետ համեմատելի ոչինչ չունի, չունի Ամերիկայի վենչուրային կապիտալիստների մեծ ցանց՝ նորարարական նախագծեր ֆինանսավորելու համար եւ, բացառությամբ մի քանի պետությունների (Շվեդիա, Դանիա եւ Նիդեռլանդներ) նրա ինստիտուցիոնալ ներդրողները (կենսաթոշակային հիմնադրամներ եւ փոխադարձ հիմնադրամներ) պակաս հակված են արմատական նորարարության հետ կապված ռիսկերի դիմել: Թեեւ Եվրոպայում տնային տնտեսությունների խնայողությունները մեծ են, դրանք հիմնականում ուղղվում են ցածր ռիսկային նախագծերին կամ պետական արժեթղթերին: Լուսանկարը՝ Masato Tamakake Եվրոպական հանրային հատվածի աջակցությունը նորարարությանը նույնպես հեռու է ցանկալիից: ԱՄՆ-ում գիտական հետազոտությունների հանրային ֆինանսավորումը կենտրոնացված է դաշնային մակարդակում, մինչդեռ ԵՄ-ում պետական ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է անդամ-պետությունների մակարդակով: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն կարգավորող հսկա է, բայց բյուջետային գաճաճ (ընդհանուր բյուջեն ՀՆԱ-ի մոտ 1%-ն է): Հաշվի առնելով այսօրվա մարտահրավերների մասշտաբները, որոնք պահանջում են ողջ տնտեսության անցումը «կանաչ»-ի եւ թվայինի, սա ահռելի թերություն է:Ինչ վերաբերում է պետական հաստատություններին, Եվրոպան չունի ոչինչ, որը նման է Ամերիկայի առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալություններին (ԱՀՆԳ): Որոշումների կայացումը եւ նախագծերի կառավարումը պատվիրակելով առաջատար գիտնականներին՝ ԱՀՆԳ-ները օգնել են ԱՄՆ կառավարությանը խթանել ռազմավարական ոլորտներում բեկումնային նորարարությունը: Այս ռազմավարության հայտնի հաջողություններից են GPS-ը, ինտերնետը (ստացված Arpanet-ից), Քովիդ-19-ի դեմ իՌՆԹ պատվաստանյութերը։իՌՆԹ պատվաստանյութերը «մրցակցային արդյունաբերական քաղաքականության» վառ օրինակ են: Երբ ի հայտ եկավ Քովիդ-19-ը, Կենսաբժշկական առաջադեմ հետազոտությունների եւ զարգացման մարմինը կենտրոնացրեց իր ֆինանսավորումը երեք տեխնոլոգիաների վրա՝ յուրաքանչյուր տեխնոլոգիային հատկացնելով երկու նախագիծ (մեկը Ամերիկայում, մեկը Եվրոպայում): Վեցն էլ ռեկորդային ժամանակում հաստատվեցին ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի անվտանգության վարչության եւ Եվրոպական դեղորայքի վարչության կողմից: Հետաքրքիր է, որ երկու հիմնական հաղթողները՝ ամերիկյան Moderna-ն եւ գերմանական BioNTech-ը, փոքր բիոտեխնոլոգիական ընկերություններ էին, եւ միայն մեկն էր պատվաստանյութերի համաշխարհային նախահամաճարակային առաջատար ընկերություն (Sanofi-GSK համագործակցությունը): Լուսանկարը՝ REUTERS Այս օրինակը հաջողակ եվրոպական արդյունաբերական քաղաքականության ձեւանմուշ է: ԱՄՆ մոդելը գիտական որոշումների կայացումը պատվիրակում է առաջատար գիտնականներին, չի հավակնում, թե գիտի՝ որ տեխնոլոգիաները կաշխատեն, եւ ոչ մի առավելություն չի տալիս արդեն գործող ընկերություններին: Սա խոստումնալից միջոց է եվրոպական նորարարական էկոհամակարգի բազմաթիվ լուրջ թերությունների դեմ, որոնք ընդգծել է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագին ԵՄ մրցունակության վերաբերյալ իր վերջին զեկույցում:Դրագին առաջարկում է հսկայական պետական եւ մասնավոր ներդրումներ կատարել հիմնարար հետազոտությունների եւ բեկումնային տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաեւ բարեփոխել ԵՄ կառավարումը. պարզեցնել որոշումների կայացումը, թուլացնել կարգավորիչ սահմանափակումները եւ գիտնականներին ու ձեռնարկատերերին հանձնել ղեկը:Եվրոպան շտապ պետք է պայմաններ ստեղծի խոստումնալից նորարարների ի հայտ գալու համար։ Եթե տնտեսական դոկտրինում փոփոխություն չլինի (ըստ որի կանոնակարգը գերիշխում է ներդրումներին), Եվրոպան կկանգնի անուղղելի անկման վտանգի առջեւ: Դրագիի զեկույցը ցույց է տալիս ելքը տնտեսական մահվան այս պարույրից: Բայց նախ պետք է լիովին ըմբռնել կառավարման վերաբերյալ ուղերձը:Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: «Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 901