Չինաստանի տնտեսական խթանման փաթեթի գլոբալ հետեւանքները

07.10.2024 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Ասիական զարգացման բանկի նախկին գլխավոր տնտեսագետ, Կոլումբիայի բիզնես դպրոցի եւ Կոլումբիայի համալսարանի միջազգային եւ հանրային կապերի դպրոցի ֆինանսների եւ տնտեսագիտության պրոֆեսոր Շանգ-Ջին Վեյի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Շանգ-Ջին Վեյ

Չինաստանի նոր տնտեսական խթանման փաթեթը պատահական ժամանակ չէ հայտարարվել: Ի հայտ գալով Ժողովրդական Հանրապետության 75-ամյակին ընդառաջ՝ այն լավ ընդունվեց բաժնետիրական ներդրողների կողմից եւ հանգեցրեց երկրի հիմնական ֆոնդային ինդեքսների ավելի քան 15%-ով աճին:
Նոր փաթեթը հիշեցնում է CN¥4 տրիլիոն (568 մլրդ դոլար) փաթեթը, որը Չինաստանը ներդրեց 2008-ի վերջին՝ իր տնտեսությունը 2008-10 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից պաշտպանելու համար: Նախկին փաթեթի շնորհիվ Չինաստանը դարձավ միակ խոշոր տնտեսությունը, որը լուրջ տնտեսական անկում չապրեց, իսկ 2010-ին այն նույնիսկ հասցրեց Չինաստանի ՀՆԱ-ի իրական աճը 10%-ի:

Այս անգամ Չինաստանի խթանման փաթեթի գլոբալ ազդեցությունը կախված կլինի մի քանի հիմնական գործոններից, այդ թվում՝ դրա չափից եւ ընդգրկումից, ներքին աճը հաջողությամբ բարելավելուց եւ այլ երկրների հետ Չինաստանի տնտեսական կապերի հզորությունից:

Ներկայիս խթանման փաթեթը ունի երեք հիմնական բաղադրիչներ: Նախ, այն մեծացնում է իրացվելիությունը՝ նվազեցնելով բազային տոկոսադրույքները 20 բազիսային կետով, հիփոթեքային տոկոսադրույքները՝ 50 բազիսային կետով եւ առեւտրային բանկերի պարտադիր պահուստավորման գործակիցը՝ 50 բազիսային կետով: Երկրորդը՝ այն նպատակ ունի աշխուժացնել անշարժ գույքի ոլորտը՝ նվազեցնելով նոր բնակարանների գնման նվազագույն կանխավճարը: Սա լրացվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լրացուցիչ միջոցառումներով՝ ուղղված բարձրացնելու բնակարանների գնման պահանջարկը: Երրորդ, շուտով կիրառվող նոր հարկաբյուջետային միջոցների համաձայն ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունները եւ փոքր երեխաներ ունեցող ընտանիքները կանխիկ դրամական փոխանցումներ կստանան:

Չինաստանում վերջերս գրանցված բաժնետոմսերի գների կտրուկ աճը միգուցե խոստանում է ավելի բարձր գնաճ, ինչը կբարձրացնի անվանական շահույթը, ինչպես նաեւ կորպորատիվ եւ ամբողջ տնտեսության ավելի ամուր հիմքերի ակնկալիքները: Երկու բաղադրիչներն ունեն տարբեր ազդեցություն Չինաստանի տնտեսության եւ աշխարհի համար:



Այս պահին Չինաստանի տնտեսությունը կարող է շահել մի փոքր գնաճից: 2023-ի սեպտեմբերին ես պնդում էի, որ Չինաստանը պետք է իրականացնի լայնածավալ խթանման փաթեթ՝ պարտքի գնանկման պարույրի վտանգից խուսափելու համար: Այսինքն՝ ներկայիս խթանը պետք է մեկ տարի շուտ իրականացվեր: Բայց լավ է ուշ, քան երբեք:

Դատելով ֆինանսական շուկայի արձագանքներից՝ խթանման փաթեթը մեղմացրել է մտահոգությունը, որ կառավարությունը պատրաստակամ եւ ունակ է տնտեսական աճը խթանելու համար համարձակ քայլեր ձեռնարկել: Ֆոնդային շուկայի ներդրողները այժմ ավելի վստահ են, որ Չինաստանը կարող է շրջել իր տնտեսությունը եւ հասնել ավելի մեծ աճի այս տարվա վերջին եռամսյակում եւ մինչեւ 2025 թվականը:

Թե՛ Չինաստանը, թե՛ աշխարհը պետք է սպասեն ու տեսնեն՝ արդյոք այս լավատեսությունը կվերածվի սպառողների վստահության աճի, մասնավոր ընկերությունների ու պետական ընկերությունների իրական ներդրումների եւ առաջիկա ամիսներին եւ տարիներին օտարերկրյա ուղղակի ներդրումների վերականգնմանը: Համաշխարհային տնտեսության վրա դրական ազդեցությունը նույնպես ավելի մեծ կլինի, եթե պայմանավորված լինի Չինաստանի հզոր տնտեսական հիմքերով, այլ ոչ պարզապես ավելի բարձր անվանական գներով:

Զարգացած տնտեսություններից Ավստրալիան եւ Հարավային Կորեան ամենաշատը կշահեն Չինաստանի տնտեսական վերականգնումից, հատկապես, եթե այն ներառում է անշարժ գույքի ոլորտում նույնիսկ մասնակի վերականգնում, ինչը կբարձրացնի ավստրալիական երկաթի հանքաքարի եւ այլ հումքի պահանջարկը: Հարավային Կորեան, որտեղ գտնվում են Չինաստանի տարածաշրջանային եւ գլոբալ արժեշղթաների հիմնական մատակարարները, հավանաբար արդյունաբերական արտահանման ավելի մեծ պահանջարկ կզգա:



Եթե չինական տնային տնտեսությունները պատրաստ լինեն ավելի շատ ծախսելու, ապա այն երկրները, որոնք արտադրում են շքեղ ապրանքներ կամ գրավում են չինացի զբոսաշրջիկներին, օրինակ՝ Ֆրանսիան եւ Իտալիան, զգալի օգուտ կքաղեն առաջիկա ամիսներին, ներառյալ հաջորդ չինական Ամանորին՝ հունվարի վերջին: Ի հակադրություն դրա՝ ԱՄՆ-ն այս անգամ ավելի համեստ ձեռքբերումներ կունենա՝ կապված Չինաստանի նկատմամբ վերջին տարիներին սահմանած առեւտրային բազմաթիվ սահմանափակումների եւ տեխնոլոգիաների արտահանման արգելքների հետ:

Ճապոնիան Չինաստանի 2008-ի խթանման փաթեթի խոշոր շահառուն էր, քանի որ բազում ճապոնական (ինչպես եւ հարավկորեական) ընկերություններ չինական ընկերությունների հիմնական մատակարարներն էին: Ճապոնիան նաեւ չինացի զբոսաշրջիկների սիրելի վայրերից է: Թեեւ Չինաստանի խթանման փաթեթի հայտարարությունը տեսանելի ոգեւորություն չառաջացրեց Տոկիոյի ֆոնդային շուկայում, լրատվամիջոցների հայտնում են տալիս, որ ակնկալվող շահույթը թերեւս ստվերել են Ճապոնիայի նոր վարչապետ Իշիբա Շիգերուի տնտեսական քաղաքականության հետ կապված մտահոգությունները:



Զարգացող աշխարհում Հարավարեւելյան Ասիայի երկրները, ինչպիսիք են Թաիլանդն ու Մալայզիան, եւ խոշոր արտադրողները, ինչպիսիք են Չիլին եւ Արգենտինան, կարող են օգուտ քաղել ապրանքների եւ արդյունաբերական միջոցների նկատմամբ չինական պահանջարկի աճից:

Խթանման փաթեթը առաջին կարեւոր քայլն է Չինաստանի աճի վերականգնման համար: Այնուամենայնիվ, երկարաժամկետ աճի ներուժը խրախուսելու համար Չինաստանը պետք է նաեւ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնի, դրանց թվում՝ բիզնես միջավայրի հետագա բարելավումներ բոլոր ընկերությունների, հատկապես ոչ պետական եւ օտարերկրյա ընկերությունների համար: Նման բարեփոխումները կխրախուսեն ձեռներեցներին ավելի շատ ներդրումներ եւ նորարարություններ անել, իսկ տնային տնտեսություններին կխրախուսեն ավելի շատ ծախսել: Չինաստանի ավելի ուժեղ տնտեսական աճը ոչ միայն կբարելավի իր քաղաքացիների կյանքը, այլեւ դրական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի վրա:
 
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:



«Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 1368
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW