Ապահովագրության ոլորտի առաջնորդներին ներկայացվել են AI կիրառման հնարավորությունները

03.10.2024 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հայաստանի ապահովագրական շուկան կարիք ունի ժամանակակից զարգացումներին համահունչ քայլելու: Այս նպատակից ելնելով` ոլորտի հայաստանյան առաջնորդների համար «Մատենա» միջազգային դպրոցը Հայաստանի ապահովագրողների միության հետ համատեղ միջոցառում էր կազմակերպել՝ ներկայացնելու ավտոմատացման ժամանակակից տեխնոլոգիաները եւ նորարարությունները ապահովագրության ոլորտում:

«Ավտոմատացման նորագույն կիրառումները ապահովագրության եւ ֆինանսների բնագավառներում» խորագրով միջոցառման հյուրն արհեստական բանականության (AI) հիմքով ապահովագրական գործընթացների ավտոմատացման համաշխարհային առաջատար omni:us ընկերության հիմնադիր Մարտին Միկոն էր, ով պանելային քննարկումների ընթացքում միջոցառման մասնակիցների համար կիսվել է իր կազմակերպության փորձառությամբ:



«Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Հայրապետյանի խոսքով Մարտին Միկոյին Հայաստան հրավիրելը եղել է կազմակերպությունների ղեկավարների, տնօրենների համար անցկացրած կրթական մոդուլների շրջանակում:

«Գերմանիայի լավագույն դպրոցներից մեկի՝ ESMT Berlin-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում, որը կոչվում է «Ռազմավարական առաջնորդությունը թվային դարաշրջանում» մենք տարբեր կրթական մոդուլներ ենք անցկացնում Երեւանում, Դիլիջանում եւ Բեռլինում: Այդ ծրագիրը նախատեսված է ղեկավարների համար, որին մասնակցում են տարբեր կազմակերպությունների տնօրեններ, հիմնադիրներ եւ այլն: Եվ քանի որ ծրագիրը վերաբերում է թվային դարաշրջանում բիզնեսում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին, մենք բացի դասախոսական ժամերից՝ նաեւ կոնկրետ գործնական այցեր ենք կատարում առաջատար կազմակերպություններ, այդ թվում՝ Գերմանիա, որպեսզի ուսումնասիրենք հենց ծրագրի թեմայի վերաբերյալ տվյալ կազմակերպությունների փորձը: Վերջին հոսքի խմբի այցը omni:us կազմակերպություն էր, որի հիմնադիրը՝ Մարտին Միկոն էր: omni:us-ը Բեռլինում գործող ընկերություն է, որը արհեստական բանականության հիմքով ապահովագրական գործընթացների ավտոմատացման համաշխարհային առաջատարներից է»,- Banks.am-ի հետ զրույցում պատմել է «Մատենա»-ի տնօրենը:



Նրա խոսքով՝ ծրագրի ընթացքում omni:us ընկերություն այցելած խմբի մեջ են եղել Հայաստանի ապահովագրողների միության խորհրդի նախագահ Արմինե Մելքոնյանն ու գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը, որոնք նաեւ հայաստանյան առաջատար ապահովագրական ընկերությունների ղեկավարներ են։ «Նրանց շատ հետաքրքրեց հատկապես այս կազմակերպության փորձը եւ հասկացանք, որ Մարտին Միկոյի հիմնադրած եւ ղեկավարած կազմակերպության փորձը կարող է շատ մեծ նպաստ ունենալ Հայաստանի ապահովագրության եւ ֆինանսական ոլորտի ավտոմատացման գործում: Հենց այդ նպատակով էլ մեր դպրոցում կազմակերպեցինք Մարտին Միկոյի մասնակցությամբ այս միջոցառում-քննարկումը, որին ներկա են ապահովագրության ոլորտի բոլոր կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ՀՀ Կենտրոնական բանկից եւ ֆինանսական այլ ոլորտներից»:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ այս հանդիպումը լավագույն ապացույցներից եւ օրինակներից մեկն է, թե ինչպես կարող է բարձրակարգ կրթությունն իրական, էական ազդեցություն ունենալ տնտեսության մեջ փոփոխությունների գործում:



«Հայաստանի լավագույն եւ առաջատար բիզնես դպրոցի հետ համագործակցության արդյունքում ենք այստեղ: Ինձ համար շատ հետաքրքիր է տեսնել փորձառությունը Հայաստանում եւ միասին քննարկել, թե ինչպես կարող է ԱԲ-ն իր օգուտը բերել նմանատիպ կազմակերպությունների առաջնորդության բարելավման եւ ավելի բարձր մակարդակի ծառայություն ապահովելու մասով»,- ասել է omni:us ընկերության հիմնադիր Մարտին Միկոն:

Թե ինչպես կարելի է արհեստական բանականության հիմքով ավտոմատացնել ապահովագրական ընկերությունների աշխատանքը՝ Մարտին Միկոն ներկայացրել է օրինակով. «Ողջ աշխարհում, եթե որեւէ պատահար է տեղի ունենում, օրինակ, ավտովթար, դուք, բնականաբար, տեղեկացնում ենք ձեր ապահովագրական ընկերությանը, սպասում եք, որ ստուգի՝ վճարումներ արել եք, թե ոչ, դրանից հետո որոշակի ընթացակարգ եք անցնում, հետո նոր վճարում են ձեզ: Պատկերացրեք այս իրավիճակն արդեն ԱԲ հիմքով աշխատող կազմակերպությունների պարագայում, երբ ամեն ինչ իրականում կատարվում է ավտոմատացված տարբերակով եւ ԱԲ-ն օգնում է այս ամենը գերարագ տեմպով իրականացնել: Կարիք չի լինում երկար սպասել եւ այդ ընթացակարգերն անցնել: Այդ ամենն արվում է ավտոմատացված տարբերակով՝ հիմնվելով ԱԲ վրա»:



Մարտին Միկոյի կարծիքով՝ ԱԲ-ն, տեխնոլոգիաները չեն սահմանելու ընկերությունների տեսլականը, այլ պետք է լինի օգնական, օգնող գործիք՝ դրան հասնելու համար:

«Հայաստանի ապահովագրության ոլորտում, իհարկե, ավտոմատված գործընթաց իրականացվել է: Ներկայումս էլ ապահովագրական ընկերություններն ունեն ծրագրեր, որոնցով գործընթացների մեծ մասն ավտոմատացվում է: Ապահովագրական ընկերությունները նաեւ ունեն հավելվածներ, որոնց միջոցով կարողանում են մատուցել ծառայություններ, արդեն թվայնացված, ավտոմատացված, հաճախորդին ավելի հարմար, մատչելի տարբերակով, բայց զարգացման տեղ միշտ կա»,- ասել է Հայաստանի ապահովագրողների միության խորհրդի նախագահ Արմինե Մելքոնյանը:

Նա նշել է, որ ԱԲ-ի կիրառումն ամբողջությամբ ներդրված չէ այսօր ապահովագրական ընկերությունների գործընթացներում, մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ դրա կիրառմամբ հնարավոր է, օրինակ, վնասների գնահատման կամ հարցումների կարգավորման գործընթացը 50-60%-ով ավտոմատացնել. «Այստեղ, իհարկե, միջազգային փորձի կիրառումն ավելի հեշտ է, ավելի քիչ սխալներով, ժամանակի կորուստը քչացնելով: Այս հանդիպումը հնարավորություն կտա կիսվել, փոխանակվել տեղեկատվությամբ, ինչպես նաեւ՝ հետագա համագործակցություն ունենալ»:



Հայաստանի ապահովագրողների միության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն էլ նշել է, որ բարձրագույն ղեկավարության եւ թոփ-մենեջմենթի համար նախատեսված ուսուցման նմանատիպ ծրագրերը շատ կարեւոր են. «Մենք՝ առաջնորդներս հենց այնպես չենք բերում եւ ներդնում ինովացիան մեր ընկերություններում: Նորարարությունները գործընթացներ են, մարդիկ են, որոնք պետք է կրեն դրանք, հասկանան, որպեսզի կարողանան նաեւ արդյունք տալ»:

Արփի Ջիլավյան
Դիտում՝ 2262
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW